Ալեքսանդր Իսկանդարյան. Բոլոր վեկտորները համադրելը այսօրվա քաղաքականությունն է

0
294

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հուլիսի 6-ին «Անի Պլազայում» կազմակերպել էր կլոր սեղան՝ «Հայաստանի Հանրապետություն՝ երկու տարի ԵԱՏՄ-ում, առաջին արդյունքներ» թեմայով: «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին, որ մասնակիցներից մեկն էր, հարցրի.

ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության երրորդ տարում կարծո՞ւմ եք, որ անդամակցելիս իր հայտարարած խնդիրները Հայաստանն ինչ-որ չափով լուծել է: 

-Որոշ խնդիրներ, որ Հայաստանն ուներ անվտանգության առումով, որ ձևականորեն ԵԱՏՄ-ի (այն ժամանակ Մաքսային միության) հետ կապ չունեին, բայց իրականության մեջ մեծ նշանակություն ունեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ձևաչափի առումով, լուծվում էին դեռ այն ժամանակ, երբ Հայատանը ԵԱՏՄ չէր մտել, դա գործընթաց էր, որի միջոցով Հայաստանն ապահովում էր անվտանգության որոշ ձևաչափեր:

Նկատի ունեք ՀԱՊԿ անդամակցությո՞ւնը: 

-ԵԱՏՄ-ն Հայաստանի համար բացի տնտեսական ձևաչափից, նաև ՌԴ-ի հետ քաղաքական հարաբերությունների ձևաչափ է: Իսկ քաղաքական հարաբերությունը Հայաստանի համար շատ կարևոր է անվտանգության համար, որ կարող էր այլ կերպ զարգանալ, եթե Հայաստանը չլիներ ԵԱՏՄ անդամ: Ես տնտեսագետ չեմ, բայց ինձ թվում է շատ կարևոր Հայաստանի տնտեսական գործակցությունը հենց Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Ղազախստանի, Ղրղզստանի ու Բելառուսի, իսկ Հայաստանի գործակցությունը Ռուսաստանի հետ որոշարկվում է բազում չափորոշիչներով ու նրբություններով, ոչ միայն ԵԱՏՄ-ով: Բոլոր դեպքերում ԵԱՏՄ-ն իրականություն է, որ մեր աչքի առաջ է կատարվում ու դրա հետ պետք է հաշվի նստել:

Նոյեմբերին Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրել, Ձեր կարծիքով՝ երկու միություններն ուղղահայացնե՞ր են լինելու, թե՞ զուգահեռ ճանապարհներ: 

-Անկախ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է միավորել, ոչ թե բաժանել, դառնալ համագործակցության դաշտ, ոչ թե մարտադաշտ, դա բոլորովին հեշտ չէ: Արևմուտքում Հայաստանին կասկածում են, որ չափազանց ռուսամետ է, Ռուսաստանում՝ որ չափազանց արևմտամետ է, Իրանում, որ չափազանց ամերիկամետ է, ԱՄՆ-ում, որ չափազանց իրանամետ է, կոնսենսուսային գոյության այդ փորձը, բոլոր վեկտորները համադրելը այսօրվա քաղաքականությունն է:

Վտանգ չկա՞, որ դա ի վերջո Հայաստանը մարտադաշտ է դարձնելու:

-Վտանգ միշտ կա, բայց Հայաստանը դրանից խուսափում է: Կան երկրներ, որ հակառակն են անում և այդտեղից են ստանում իրենց շահաբաժինը: Հայաստանի քաղաքականությունն այլ է, ես լուրջ հույսեր ունեմ, որ դա ստացվելու է և զարգացման հնարավորություն է տալու:

 

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ 

 

 

Irates.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here