«Մեր ազգային գաղափարախոսությունն ու արժանապատվությունը կանգնած են լուրջ վտանգի առաջ». Հ. Բաբուխանյան

0
287

Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա ժողովի շրջանակում տեղի ունեցավ «ԵԱՏՄ երեք տարին. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, հայտնի քաղաքագետներ, փորձագետներ ու վերլուծաբաններ:

Իր ողջույնի խոսքում Եվրասիական փորձագիտական ակումբի նորընտիր անդամ, ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նախ շնորհակալություն հայտնեց հրավերի եւ այսպիսի լուրջ փորձագիտական շրջանակի առաջ ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելու համար, ապա խոսեց Եվրասիական միությունում Հայաստանի անդամակցության կարեւորության մասին, ինչը հնարավորություն է տալիս երկրի կայուն զարգացման:

«ՍԱ ՀԵՆՑ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԻ»

«Եվրասիականությունն այսօր դարձել է գաղափարախոսություն, որը թույլ է տալիս զարգանալ որպես ազգային պետություններ եւ որպես ազգային հասարակություններ: Եվ այս առումով պետք է հասկանանք, որ պայքարը ագրեսիվ, նեոլիբերալիստական շարժումների դեմ, որոնք, ցավոք, տեսնում ենք եւ Հայաստանում, սա հենց պայքար է հանուն գաղափարի», — ասաց Հ. Բաբուխանյանը եւ ընդգծեց, որ գաղափարախոսությունն այն է, որը տալիս է ազգին, հանրությանը, պետությանը դիմակայել յուրաքանչյուր մարտահրավերի եւ դժվարությունների:

ԱԺ պատգամավորի գնահատմամբ՝ Եվրասիական միությունը նախեւառաջ արժեքային համակարգ է, որտեղ մեր ավանդական, հազարամյակների արժեքային համակարգը սինթեզված է մեր հանրության զարգացման նոր ուղղություններով. «Եվրասիական արժեքային համակարգը թույլ է տալիս մեզ տեսնել մեր ապագան, մինչդեռ գլոբալիստական ինչ-որ տենդենցներ պարտադրելով՝ փորձում են մեզ շեղել այդ ապագայից»:

Ասվածը մանրամասնելով՝ Հ. Բաբուխանյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներն ունեն  ընդհանուր պատմություն, որն այսօր փորձ է արվում սեւացնել՝ պարզունակ քայլերով. «Մեր ազգային գաղափարախոսությունն ու արժանապատվությունը կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ: Այդ թվում՝ փորձ է արվում նսեմացնել Խորհրդային միության դերակատարությունը մեր երկրների համար, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային, հատկապես՝ Հայրենական պատերազմը, եւ մենք պետք է կարողանանք միասին զսպել դրանք»:

«ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻՆ ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ Է՝ ԵՐԿՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

ՍԻՄ կուսակցության նախագահը նաեւ հիշեցրեց, որ հաջորդ տարին մեր երկրի համար հատկանշական է՝ երկու պատմական իրադարձություններով՝ 100-ամյակն է  Հայաստանի Հանրապետության վերականգնման եւ 190-րդ տարին՝ Թուրքմենչայի պայմանագրի, որով Հայաստանը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ. «Եվ հենց այս երկու սիմվոլիկ տարեթվերի մեջ է մեր մեր ժողովրդի, մեր պետության հետագա զարգացման գրավականը: Մենք այս երկուսի համադրման մեջ պետք է տեսնենք մեր ապագան, այլ ոչ թե հակադրենք այս երկու սիմվոլիկ տարեթվերը»:

Հ. Բաբուխանյանը շեշտեց, որ ԵԱՏՄ-ն միության անդամ երկրների համար ուղի է իրենց սուվերենության պահպանման: Միեւնույն ժամանակ, հավելեց, որ այսօր Հայաստանի, ԵԱՏՄ անդամ մեր մյուս գործընկերների դեմ գնում է ծանր, տոտալիտար պատերազմ բազմաթիվ ուղղություններով, մասնավորապես՝  տեղեկատվական դաշտում՝ մասնակցությամբ որոշակի ուժերի եւ ԶԼՄ-ների. «Դրանք Ռուսաստանում արդեն հայտարարվել են, որպես արտասահմանյան ագենտներ, եւ մենք հասկանում ենք, որ այդպիսի ԶԼՄ-ները ֆինանսավորվում են կոնկրետ արեւմտյան կառույցների, այս դեպքում նաեւ թուրքական ենթակառույցների կողմից, որոնց նպատակն է խաթարել մեր ազգային սուվերենությունը»:

«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅԴ ԳԱՂԱՓԱՐԸ ԼԻՈՎԻՆ ՏԱՊԱԼՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ»

Առիթից օգտվելով՝ Ազգային ժողովի պատգամավորը շնորհակալություն հայտնեց այն ԶԼՄ-ներին, որոնք կատարում են օբյեկտիվ աշխատանք. «Շնորհակալություն, կարելի է ասել, նաեւ նրանց ոչ նորաձեւ դիրքորոշման համար, որը նրանք պաշտպանում են մեզ հետ միասին՝ հանուն մեր ազգային արժանապատվության եւ սուվերենության»:

Ապա Հ. Բաբուխանյանն անդրադարձավ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման հարցին եւ բերեց Սորոսի հիմնադրամի օրինակը, որը բառացիորեն փորձում է ներխուժել մեր հասարական զարգացման բոլոր ոլորտները, այդ թվում՝ բանակ, մեր ազգային արժեքներ եւ ԼՂ հիմնախնդիր: Ավելին՝ այդ ամենը տեղափոխվեց նաեւ Ազգային ժողով. «Եղան փորձեր «Ելք» խմբակցության կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությամբ հանդես գալ եւ հասկանալի է, որ այդ ամենի հետեւում արտաքին աղբյուրներ էին կանգնած: Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ գաղափարը լիովին տապալվեց խորհրդարանում: Պրակտիկորեն բացի հենց նախաձեռնության հեղինակներից, ոչ մի ձայն չգնաց այդ ոչ արդյունավետ ծրագրին, եւ նրանք երկու անգամ էլ ստացան խորհրդարանական 105 ձայներից ընդամենը 5-6 ձայն»:

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ԸՆԴԳԾԵԼ, ՈՐ ԱՅԴ ԵՐԿՈՒ ԵՎԵՐԸ ՆՈՒՅՆԸ ՉԵՆ»

ԱԺ պատգամավորը նաեւ ասաց, որ եղել են փորձեր՝ հակադրելու Հայաստանի որոշումը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելու հարցում, մինչդեռ մեր երկրի որդեգրած արտաքին քաղաքականությունը հստակ նշվել է ՀՀ նախագահի կողմից. «Մեր որդեգրած եւ-եւի քաղաքականությունը, որն,  ի դեպ, հենց Արեւմուտքի կողմից ժամանակին ոչ ճիշտ էր ընկալվում եւ ասում էին, թե հնարավոր չէ, վերջին մի քանի ամիսների պատմությունը ցույց տվեց, որ հնարավոր է: Բայց ուզում են ընդգծել, որ այդ երկու եւ-երը նույնը չեն. կա Եվրասիական միություն, ՀԱՊԿ, որը մեր ընդհանուր տնտեսական, անվտանգության համակարգն է, որտեղ ունենք ռազմավարական դաշնակիցներ եւ դրանից բացի ունենք գործընկերներ, որոնցից մեկը Եվրամիությունն է ու կարծում եմ՝ սրանով պետք չէ սահմանափակվել, կա նաեւ Իրանը, Չինաստանը եւ այլ երկրներ, որոնց մենք հարգում ենք եւ կաշխատենք նրանց հետ՝ չհակադրելով մեկը մյուսին»:

Եզրափակելով խոսքը՝ Հ. Բաբուխանյանը հավելեց, որ գալիք տարում անկախ  քաղաքական ցնցումներից եւ տնտեսական մարտահրավերներից, ցանկանում է ԵԱՏՄ անդամ բոլոր երկների ժողովուրդներին, մեր երկրին եւ Եվրասիական փորձագիտական ակումբին հաջողություններ ու նոր ձեռքբերումներ. «Բոլորս, երբ կհավաքվենք հաջորդ տարի արդեն 5-րդ ամենամյա այս ժողովին, մաղթում եմ, որ խոսենք մեր նոր ձեռքբերումների եւ հաջողությունների մասին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

 

Iravunk.com

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here