«Պետք է թույլ չտալ, որ որոշ շրջանակներ ապատեղեկատվություն տարածեն». Մ. Հակոբյան (Տեսանյութ)

0
293

Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա ժողովի շրջանակում տեղի ունեցավ «ԵԱՏՄ երեք տարին. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, հայտնի քաղաքագետներ, փորձագետներ ու վերլուծաբաններ:

Իր ողջույնի խոսքում՝ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ նախ նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել այս միջոցառմանը, ապա շնորհակալություն հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա եւ զարգացում» հկ նախագահ Արամ Սաֆարյանին՝  այս հանդիպումը կազմակերպելու համար:

«Մենք ապրում եք այնպիսի աշխարհում, որտեղ տեղեկատվական հոսքերն անընդհատ ավելանում են եւ որպեսզի բացատրենք երեւույթներն ու քաղաքական գործընթացներն, անհրաժեշտ է գործել վճռորոշ եւ շատ ակտիվ», — ասաց Մ. Հակոբյանն ու ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական ինտեգրացոն նախագիծը չէր կարող չհանգեցնել հակագործունեության, քանի որ մրցակցությունն աշխարհում շատ մեծ է եւ, բնականաբար, ոչ մեկին դուր չի գալիս նոր, ակտիվ եւ ուժեղ խաղացողների ի հայտ գալը. «Այդտեղից էլ գալիս է այն հակագործունեությունը, որի գլխավոր դրսեւորումներից են տեղեկատվական պատերազմները: Հայաստանում բավական է նայել Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ համացանցում եղած տեղեկատվական հոսքերը եւ հասկանալի կդառնա, որ նպատակաուղղված քարոզչություն է գնում՝ ընդդեմ Եվրասիական տնտեսական միության: Իհարկե, այդ շրջանակները մեծ հաջողություններ չունեն, բայց պետք է ուշադիր լինել»:

ԱԺ պատգամավորը շեշտեց, որ մեր երկրում հարգում են խոսքի ազատությունը եւ չկա գրաքննություն, ուստի՝ միակ ճանապարհը դիմակայելու վերոնշյալին, մրցակցությունն է. «Պետք է արդյունավետ աշխատել եւ թույլ չտալ որոշ շրջանակների ապատեղեկատվություն տարածել: Այս համատեքստում ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել պարոն Սաֆարյանին՝ ակտիվ հասարակական եւ փորձագիտական աշխատանք կատարելու եւ իրականություն դարձնելու այս կարեւոր նախագիծը՝ Եվրասիական փորձագիտական ակումբը»:

Մ. Հակոբյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին այս փորձագիտական ակումբը կարողացավ հիմնավորված բացատրել տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղական իրավիճակը՝ Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացի համատեքստում, ինչն այսօր շատ կարեւոր է: Բանախոսը նաեւ հիշեցրեց, որ փաստերի խեղաթյուրումն անգամ հասել էր նրան, որ Բրյուսելում Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած փաստաթղթից հետո՝  հասարակական, քաղաքական, տեղեկատվական դաշտում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե իբր Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը  եւ ուզում է հրաժարվել ԵԱՏՄ-ից. «Ընդ որում՝ այս տեղեկատվությունը սկսեց շրջանառվել ոչ միայն Հայաստանում, այլեւ հետխորհրդային տեղեկատվական դաշտում: Եվ, ցավոք, սա դեռ կշարունակվի, ուստի՝ այս առումով եւս շատ կարեւոր է Եվրասիական փորձագիտական ակումբի հետագա ակտիվությունը: Բացի այդ, կարեւորում եմ այս ակումբի տված այն նոր գաղափարները, որոնք դրվեցին տնտեսական, քաղաքական որոշումներ կայացնող ղեկավարների սեղանին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհի գլխավոր խնդիրներից մեկը հենց նոր գաղափարների բացակայությունն է, եւ այս առումով ուզում եմ հատուկ ընդգծել Եվրասիական փորձագիտական ակումբի ունեցած պոտենցիալը», — եզրափակելով խոսքն՝ ասաց Մ. Հակոբյանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here