Սպասումներ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարուց

0
390

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Ապրիլի վերջին Հայաստանը բարձր մակարդակով ընդունեց ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստը վարչապետների մակարդակով: Հյուրընկալության հայկական բոլոր օրենքներով կազմակերպած այս ընդունելությունը բարձրացրեց մեր երկրի եւ նրա իշխանության հեղինակությունը եւ վերջ տվեց այն ասեկոսեներին, թե նոր Հայաստանում այս ինտեգրացիոն գործընթացով առանձնապես ոգեւորված չեն: Հայաստանում ներքաղաքական համերաշխություն կա այն հարցով, որ եվրասիական տնտեսական ինտեգրումը մեր տնտեսության առողջացմանն ու զարգացմանը նպաստող ամենակարեւոր գործոններից մեկն է, որովհետեւ այստեղ է թաքնված առայժմ չբացահայտված ամենամեծ ներուժը:

Հոկտեմբերի 1-ին Հայաստանը սպասում է ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին: Այժմ քննարկվում են տարբեր միջոցառումների ծրագրեր, որոնք կլրացնեին եւ նոր հնչեղություն կտային ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Հայաստանը մինչեւ դեկտեմբերի վերջ նախագահում է ԵԱՏՄ ղեկավար մարմիններում: Կազմակերպչական պատճառներով մի փոքր ուշ սկսված նախապատրաստական աշխատանքը ԵԱՏՄ նախագահողի դերում այժմ աշխույժ եռուզեռի շրջան է ապրում եւ առիթ է տալիս հասարակական-քաղաքական դաշտի եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին խորհելու այն լրացուցիչ օգուտների մասին, որ կարող է ունենալ մեր երկիրը եվրասիական ինտեգրման գործընթացին ավելի ակտիվ, ավելի կառուցողական մասնակցության դեպքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերոհիշյալ նիստում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունելու եվրասիական ինտեգրմանն առընչվող տարբեր միջոցառումներ եւ տրամադրելու հարթակ համագործակցության եւ փոխգործակցության համար: Սա նույնպես շատ կարեւոր հայտարարություն է, քանի որ վկայում է Հայաստանի առարկայացած պատրաստակամության մասին պատշաճ ներդրում ունենալու ինտեգրման զարգացման գործում:

Լրացուցիչ հնարավորություններ եվրասիական տնտեսական զարգացման համար

Վարչապետ Ն.Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական զարգացումը կապում է երեք ուղղությունների հետ. բարձր տեխնոլոգիաների ոլորտ, ժամանակակից արդյունաբերություն եւ զբոսաշրջություն: Նրա վերջին ասուլիսի ժամանակ հնչեցին զարմանալի հարցեր, թե ե՞րբ են բացվելու նոր գործարաններ բազմաքանակ աշխատատեղերով: Ափսոսալ կարելի է, որ մեր տնտեսական լրագրության ասպարեզի աշխատողները չգիտեն, որ աշխարհում այժմ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն է, որի առանձնահատկությունը արհեստական ինտելեկտի վրա հիմնված նոր սերնդի գործարաններն են, որոնց աշխատանքն ապահովում են բարձր կրթություն եւ խորը գիտելիքներ ունեցող փոքրաթիվ մասնագետները: Անցնում են հազարավոր բանվորներ ունեցող մեծ գործարանների ժամանակները: Ուրեմն նոր տնտեսության առանձնահատկություններից մեկն այն է, որ պետք է գտնել հնարավորություն տնտեսական կյանքի ամենատարբեր ոլորտներում մարդկանց աշխատելու, ինքնաարտահայտվելու եւ, ինչու չէ, արարելու համար: Սա է ժամանակակից պետության կարեւոր գործառույթներից մեկը:

ԵԱՏՄ-ում մեր նախագահության տարում մենք կարող էինք մի հրապարակային լուրջ քննարկում նախաձեռնել, թե ինչպե՞ս կարող էր օգնել պետությունը զարգացնելու միջին եւ փոքր ձեռնարկատիրությունը, ներգրավելու հազարավոր մարդկանց արտադրության եւ ծառայությունների ոլորտներ, որոնք կարող էին սպասարկել արդյունաբերական ավանդական հսկաներին եւ օրըստօրե զարգացող զբոսաշրջությանը: Մենք կամաց-կամաց սկսել ենք հասկանալ, որ նեոլիբերալ տնտեսակարգը չի լուծում մեր տնտեսական հիվանդությունները բուժելու բարդ հարցը: Մենք սկսել ենք հասկանալ, որ պետությունը պետք է կարողանա ավելի մեծ դերակատարություն ունենալ տնտեսական կարգավորումներում: Ինչքան էլ մեզ խանգարեն մեր գլոբալ պարտատերերը, մենք պետք է գտնենք աղքատությունը նվազեցնելու եւ զբաղված մարդկանց թիվը մեծացնելու օրիգինալ հնարավորություններ: Բայց դրա համար պետք է, որ մեր գիտական ներուժը ազնվորեն լծվի պետության կարիքներին ծառայելու գործին: Սա էլ նշանակում է, որ երկրի գիտակրթական համակարգը պետք է դադարի ինքն իր համար ապրելու եւ ինքն իրեն ինքնանպատակ վերարտադրելու գործից եւ պետության պահանջով գիտափորձագիտական ներուժը դնի հասարակական կարիքների սպասարկմանն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Նոր պահանջները պետք է ոչ թե վախեցնեն, այլ սթափեցնեն եւ ուրախացնեն մեր երկրի գիտնականներին ու փորձագետներին, պայմանով, որ պետությունը գտնի նրանց ներուժը օգտագործելու հնարավորություններ:

Վլադիմիր Պուտինը անցյալ տարի ասել էր, որ Ռուսաստանում 3 մլն.-ից ավել հայ է ապրում, իսկ Հայաստանումՙ 3մլն.-ից պակաս: Հայաստանի զարգացման համար սա մի ահռելի ներուժ է: Սրա լրջությունը հասկացել են ինձ հետ զրուցող շատ փորձագետներ, օրինակ Գերմանիայից, Իրանից եւ Չինաստանից: Ռուսաստանի հայերը քիչ բանով են տարբերվում ամերիկահայերից կամ իրանահայերից այն իմաստով, որ առանց պետական մեքենայի թույլտվության նրանք Հայաստանի հետ լուրջ գործեր չեն բռնի: Ն.Փաշինյան-Վ.Պուտին աշխատանքային սերտացող կապերը լուծում են Ռուսաստանի հայերին դեպի Հայաստանի տնտեսություն ուղղորդելու բարդ խնդրի մի մասը: Մյուս մասըՙ կոնկրետ ռուսահայ ձեռնարկատերերի հետ վստահության վրա հիմնված հարաբերություններ ստեղծելն է: Այս գործին պետք է լծել առանց բացառության բոլորին, ով ունակ է ինչ-որ բան անելու: Ամեն տարի հոկտեմբերին Երեւանում հրավիրվում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, որին մասնակցելու են գալիս Ռուսաստանի տասնյակ մարզերի բարձր պետական պաշտոնյաներ: Նախկինում Հայաստանում շատերի համար դա լոկ մի վառ միջոցառում էր, իսկ ինչ-որ իմաստովՙ նաեւ գլխացավանք: Համոզված եմ, որ դեմքով դեպի եվրասիական ինտեգրում շրջված մեր կառավարությունը կարող է իշխանական օղակների համար խնդիր ձեւակերպել գործնական ռելսերի վրա դնելու հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման հարցը:

Ասում են, որ եվրասիական կառույցներում Ղազախստանի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ եվրասիական ինտեգրումը միայն տնտեսական է: Եվ թույլ չեն տալիս բազմակողմ մակարդակով քննարկելու քաղաքական, հումանիտար-մշակութային ինտեգրման հեռանկարները: Պետք է նկատի ունենալ այս իրողությունը եւ մտածել ինտեգրացիոն հարաբերությունները զարգացնելու մասին նրանց հետ, ովքեր դա կցանկանային: Օրինակՙ Ռուսաստանի հետ: Մինչեւ վերջերս Հայաստանը շատ տպավորիչ արդյունքներ է արձանագրել արտահանման, արտադրության, շինարարության եւ ծառայությունների ոլորտներում, ինչով իր վրա է հրավիրել անգամ Արեւմուտքի վերլուծական կառույցների հետաքրքրությունը: Պարզ է նաեւ, որ ռուսական շուկայի կարիքների բավարարմանն ուղղված մեր արդյունաբերության ու պատրաստի արտադրանքի աճն անվերջ նման մեծ տեմպերով չի զարգանալու: Միջազգային կանխատեսող կառույցներն ասում են, որ 2019-2020թթ. սկսած այդ աճի տեմպերը կարող են ավելի համեստ լինել: Բայց մենքՙ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս պնդել ենք եւ պնդում ենք, որ նույնիսկ այդ դատողության ճշմարտացիության պարագայում Հայաստանի թեթեւ եւ վերամշակող արդյունաբերության աճի համար դեռ էական հնարավորություններ կան եւ մյուս կողմիցՙ մենք ունենք երկու-երեք տարի մեր արդյունաբերական ռեսուրսը այնպես մեծացնելու համար, որ արեւմտյան արգելամիջոցների շարունակականության պայմաններում դեպի Արեւելք դեմքով շրջված Ռուսաստանը սիրահոժար ընդունի այդ թվում հայկական որակյալ սննդամթերքը, դրանով ազատվելով այս ոլորտի նախկինում ծանրացած կախվածությունից:

Եվրասիական միասնական շուկան Հայաստանի համար զարգացման մի նոր հնարավորություն է բացում: Գաղտնիք չէ, որ Չինաստանը Հայաստանին վերաբերում է իբրեւ եվրասիական տնտեսական օրգանիզմի մի օղակի: Կարծում ենք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը նոր դուռ է բացում դեպի Չինաստան ուղղված հայկական արտահանման համար: Չինական ներկայությունը Հայաստանում վերջին տարիներին կամաց-կամաց, քայլ առ քայլ զարգացել է եւ այժմ բոլոր հնարավորությունները կան չինական շուկաներում մեր էկոլոգիապես մաքուր սննդամթերքը առաջ մղելու համար: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ չինացիներն ավելի լավ ճանաչեն Հայաստանը, այդ թվում զբոսաշրջության ծավալների էական աճի միջոցով:

Երկու խոսք զբոսաշրջության մասին: Ավելի ճիշտ այս ոլորտի վիճակագրության: Այն դանդաղում է եւ չի հասնում գիտափորձագիտական դաշտի կամ պետության հետաքրքրությունների աճի ետեւից: Վրացիները մեզնից երկու-երեք անգամ շատ զբոսաշրջիկ են ընդունում, սակայն նրանց վիճակագրությունը ոլորտի զանազան ուղղությունների վերաբերյալ որակապես ավելի լավն է, քան մերը: Զբոսաշրջության մասին վիճակագրական տեղեկությունների հավաքման եւ մշակման գործը պետք է որակապես բարելավել: Սա մեր օրերի հրամայականներից է: Չի կարելի թույլ տալ, որ երկրի տնտեսական զարգացման նոր դեմք հանդիսացող այս ոլորտը մատնվի պարզ ինքնակարգավորման:

Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տնտեսական միջանցքը

Իրողությունն այն է, որ մենք, հանուն մեր տնտեսական զարգացման, կա՛մ ըստ ամենայնի զարգացնում ենք Հյուսիս-Հարավ միջանցքը, նոր թափ հաղորդելով Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությանը, կա՛մ համեմատած մեր մրցակիցների հետ ավելի ետ ենք ընկնում եւ դադարում հետաքրքրություն ներկայացնող ինքնիշխան պետություն լինելուց: Այս միջանցքի զարգացմանը այլընտրանք ուղղակի չկա: Վերջերս առիթ եմ ունեցել իրանցի գործարարների հետ մի քննարկում ունենալու: Նրանք հարցնում էին, թե ինչո՞ւ Հայաստանը արագընթաց քայլեր չի իրականացնում Իրանի հետ ազատ տնտեսական գոտում համագործակցությունը առաջ մղելու համար: Ինչի՞ ենք սպասում Հայաստանում: ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կնքվել է երեք տարով եւ դա դիտվել է բավարար ժամկետ, որպեսզի Իրանում կողմնորոշվեն, թե արժե՞ արդյոք շատ տեւական ժամկետի համար ազատ առեւտրի ռեժիմ սահմանել ԵԱՏՄ-ի երկրների հետ: Մյուս կողմից, մեր ԵԱՏՄ գործընկերները հետաքրքրությամբ հետեւում են, թե ինչպե՞ս է Հայաստանը գործնականում կենսագործելու Իրանի հետ տնտեսական համագործակցությունը հայտնի պայմաններում զարգացնելու հարցը: Այս թեմայով արժե հատուկ քննարկումներ կազմակերպել կոմպետենտ, շահագրգիռ մակարդակով, որովհետեւ պետք է հասկանալ վերջապես, թե ամերիկյան նոր արգելամիջոցները տեղ թողնո՞ւմ են նման զարգացման համար: Եթե նույնիսկ հայկական վերնախավում կան ուժեր, որոնք պետության ղեկավարին «հուշում են» հեռու մնալ ԱՄՆ զայրույթը շարժելուց եւ չշտապել Իրանի հետ նոր համագործակցություն սկսելու հարցում, ապա ակնհայտ է, որ մենք պետք է անընդհատ փնտրենք հնարավորություններ ստեղծված պայմաններում այս գործն անելու համար: Հետաքրքրությունը, որը կա Հայաստան-ԵԱՏՄ-Իրան համագործակցության նկատմամբ, անվերջ չէ: Ադրբեջանը, որը ԵԱՏՄ անդամ չէ, բայց Բելառուսի եւ Ղազախստանի հետ ունի շատ ավելի խորը ու փոխշահավետ հարաբերություններ, քան Հայաստանը, սպառնում է իրենով լրացնել Հյուսիս-Հարավ միջանցքը: Ճիշտ կլիներ, որ Հայաստանում ռուս գործընկերների հետ միասին մենք մի հրապարակային քննարում սկսենք ԵԱՏՄ-Իրան համագործակցության չօգտագործված ներուժը բացահայտելու նպատակով: Ինքնուրույն հարց է նաեւ հարեւան Վրաստանը այս առանցքի մեջ ակտիվ օղակ դարձնելը եւ դրանով մեր ռազմավարական հետաքրքրությունների ոլորտում պահելը:

Ինչպես տեսնում եք, այս վերլուծականը շարադրելիս, կամա թե ակամա անդրադառնում ենք հրապարակային քննարկումների թեմային: Պետության կարիքների բավարարմանն ուղղված ինտելեկտուալ փնտրտուքը պետք է վերջապես տեղի ունենա: Բավական է խոսել այն մասին, թե Հայաստանի ամենամեծ հարստությունը մարդն է իր ակտիվ կենսակերպով, բնատուր աշխատասիրությամբ եւ արագ կողմնորոշվելու կարողությամբ: Հայաստանի ինտելեկտուալ ներուժը շարունակում է մնալ չօգտագործված: Այնինչ նոր իշխանությունը, որն ունի համաժողովրդական վստահության դեռեւս չսպառված քվե եւ դրանով գործելու ու կողմնորոշվելու մեծ ազատություն, պետք է մտածի երկրի զարգացմանը հնարավորինս մեծ թվով գիտակ ու պատրաստված մարդկանց ներգրավելու մասին: Մեր պետական մեքենան դանդաղ է գործում, դանդաղ է արձագանքում օրեցօր փոխվող աշխարհի պահանջներին: Սա անհանգստացնում է մեր պետականության ապագայով մտահոգված մտավորական շրջանակներին: Դա եւս մեկ հնարավորություն է հրավիրելու Հայաստանի իշխանությանը միասին աշխատելու հանուն տնտեսական զարգացման եւ հասարակական բարեկեցության աճի:

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here