«Մեր շահն ու օգուտը պետք է փնտրենք Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ տնտեսական ինտեգրման շրջանակներում». Արամ Սաֆարյան

0
377

Եվրասիական փորձագիտական ակումբը հրատարակել է գրքույկ` հայերեն և ռուսերեն լեզուներով՝ վերնագրված «Խորհրդային Հայաստանի դերը հայ ժողովրդի պատմական ապագայում»:

«Եվրասիական փորձագիտական ակումբում» կարծում են, որ Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում ունեցել է կարևոր և յուրահատուկ տեղ: 70-ամյա զարգացման ընթացքում Հայաստանի երկրորդ հանրապետությունը կարողացել է դուրս գալ մոխրից, հառնել իբրև փյունիկ, տանջված, ֆիզիկական ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովրդի համար բացելով հնարավորություն դեպի զարգացում»,- այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Հիշեցնենք, նոյեմբերի 29-ին լրանում է ՀԽՍՀ 100 ամյակը:

«Մենք կարծում ենք, որ հայկական ՀԽՍՀ-ն եղել է, ընդհանուր առմամբ, բարենպաստ շրջան հայ ժողովրդի համար՝ նրա արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, սոցիալական ոլորտը, գիտությունը, մշակույթը և կրթությունը զարգացնելու համար: Գիտության և մշակույթի ասպարեզներում ֆենոմեն է Հայաստանի այդ շրջանի զարգացումը: Երկրորդ, մենք կարծում ենք, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խելամիտ այլընտրանք չունի: Մենք պետք է լավ իմանանք մեր վերջին 200 տարիների պատմությունը և գիտակցենք, որ այնտեղ, որտեղ հայկական և ռուսական շահերը համընկել են, եղել է հաղթանակ և հաջողություն, հակառակ դեպքում՝ ոչ: Այստեղից եզրակացնում ենք, որ հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունները մեր օրերում նույնպես պետք է զարգացնել և անընդհատ կատարելագործել ու արդիականացնել»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Նրա գնահատմամբ, Հայաստանում արդյունաբերության, գյուղատնտեսության, ընդհանուր տնտեսության զարգացումը խորհրդային տարիներին արդյունք է եղել հայ հասարակության և խորհրդային պետության ռազմավարական շահերի համընկնման. «Գտնվել են տաղանդավոր հայեր, ովքեր այդ տարիներին հայ հասարակության շահերը հմտորեն զուգորդել են պետական շահի հետ և նպաստել են այն բանին, որ մեր երկրում զարգանա տնտեսությունը, գիտությունն ու կրթությունը: Այս ամենը ծառայել է սովետական գերտերության, ամբողջատիրության շահերին և դրանք սպասարկելով գրանցել են լուրջ հաջողություններ: Չորրորդ` Հայաստանի գիտությունը, կրթությունը, մշակույթն աննախադեպ զարգացման են հասել խորհրդային տարիներին: Մինչև այսօր աշխարհում մեր ցուցանիշներն ունեն բարվոք տեղեր շնորհիվ այն բանի, որ մենք 70 տարվա ընթացքում 700.000 մարդու անվճար միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ենք տվել, ինժեներների և գիտնականների համար ստեղծել հարյուր հազարավոր հիմնարկներ, ակադեմիաներ, որոնք մեծապես նպաստել են Հայաստանում ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը՝ Հայաստանը դարձնելով ժամանակակից զարգացած մարդկանց երկիր»:

Խորհրդային տարիներին ինտեգրացիայի, կոոպերացիայի և մյուս գործընթացների հաջող ընթացքը, Արամ Սաֆարյանի գնահատմամբ, փաստում են, որ մենք պետք է մեր շահն ու օգուտը փնտրենք Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրման շրջանակներում. «Մենք պետք է կարողանանք լավագույնս զուգորդել մեր տնտեսական շահերը, անվտանգության խնդիրներն այս ինտեգրացիոն գործընթացներին կառուցողական և հմուտ մասնակցություն բերելով: Մեր երկրում կան և միշտ եղել են բանիմաց գիտնականներ, ղեկավարներ, տնտեսության կազմակերպիչներ, որոնց պետք է գտնել և առաջ մղել գիտության, կրթության ու տնտեսության մեր արդիական նպատակների կատարմանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here