ՀՀ անկախությունն այլընտրանք չունի, բայց ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքն օրախնդիր է. Կարեն Խաչատրյան

0
390

«Հարյուր տարի առաջ այս օրերին ճակատագրական իրադարձություններ էին տեղի ունենում մեր երկրում. Թուրքիան դավադրաբար ներխուժեց Հայաստանի հանրապետություն, սկսվեց թուրք-հայկական պատերազմը: Ցավոք սրտի, Հայաստանն այդ ժամանակաշրջանում մնացել էր առանց դաշնակիցների և կրեց ցավալի պարտություններ, որոնք նպաստեցին Հայաստանի առաջին Հանրապետության անկմանը»,-այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում ՀԽՍՀ 100-ամյակի առիթով կայացած մամուլի ասուլիսում պատմական անդրադարձ կատարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը:

Նրա գնահատմամբ, այդ ժամանակ միակ պետությունը, որն ի զորու էր սաստել և կանգնեցնել թուրքական մահաբեր հետագա ներխուժումը դեպի Արարատյան դաշտավայր՝ Խորհրդային Ռուսաստանն էր, որի հետ, ցավոք, Հայաստանի առաջին հանրապետությունը չուներ դաշնակցային հարաբերություններ. «Ի վերջո, Խորհրդային Ռուսաստանի կարմիր բանակին հաջողվեց իրենց իսկ բնութագրով, սեպով մխրճվել քեմալական բանակների և Ադրբեջանի միջև, որովհետև պատմական փաստերը և՛ թուրքական, և՛ խորհրդային աղբյուրներում՝ հայտնի բոլշևիկների նամակագրությունը փաստում ու վկայում է, որ քեմալական Թուրքիայի նպատակն էր վերացնել հայկական պետությունը և միանալ Ադրբեջանին: Կարմիր բանակը, մտնելով Հայաստանի տարածքներ, նպաստեց, որ Հայհեղկոմը 1920թ նոյեմբերի 29-ին հայտարարի Հայաստանում խորհրդային կարգեր հռչակելու մասին: Ալեքսանդր Մյասնիկյանը հանդես եկավ ճիշտ ժամանակին: Հենց նրա շնորհիվ ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը: Այս փաստը ծնունդ տվեց հետագայի ազգային ազատագրական զարթոնքին, որն ավարտվեց մեր հաղթանակով և Արցախի հանրապետության հռչակմամբ: Նշեմ կարևոր ցուցանիշներ, Հայաստանի բնակչությունն աճել էր մոտ 5 անգամ, կազմակերպվել էր հարյուր հազարավոր հայերի հայրենադարձություն, Ռուսաստանի հետ առկա էր զինակցություն»:

Այսօրվա իրադարձությունների համատեքստում էլ, բանախոսը նկատում է, որ մասնագետների կողմից քանիցս էր զգուշացվել իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին որոնք անտեսվել էին, դասեր այդպես էլ չքաղեցինք: Նա նկատում է, որ հարյուր տարի առաջ էլ անտեսվեց ՌԴ-ի դերակատարումը ինչի արդյունքը`տեսանք, այժմ էլ`զարգացումները գրեթե նույն տրամաբանության մեջ եղան: Պատմաբանը կարծում է, որ ՀՀ-ի անկախությունն այլընտրանք չունի: Ինչ վերաբերվում է զարգացումների ընթացքին, որը կհանգեցնի ՌԴ-ՀՀ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման անհրաժեշտությանը, պատմաբանի գնահատմամբ, հարյուր տարի առաջ տեղի ունեցածը հենց պատմական հաստատումն է նման դաշինքի ամրապնդման. «Այս առումով, պատմությունը կարծես կրկնվում է. Անտանտի պետությունները մեզ լքեցին: ՀՀ անվտանգությունն այլընտրանք չունի, բայց ՌԴ-ի եւ նրա դաշնակիցների հետ դաշնակցության խորացումը անչափ արդիական է`առաջին հերթին անվտանգային հարցերում»:

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here