Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի տնտեսության համար. Արամ Սաֆարյան

0
300

2022-ին մենք գործ ունենք աննախադեպ ռեկորդային տնտեսական աճի ցուցանիշի հետ: Այս մասին այսօր ՛՛Հայաստանի տնտեսությունը՝ 2022-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում՛՛ խորագրով ասուլիսի ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

՛՛Հայաստանի տնտեսական աճն ամրապնդվում է ՀՆԱ-ի ցուցանիշով. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝  այս տարի մեր ՀՆԱ-ն աճել է 8.5 տոկոսով, բայց մենք արձանագրում ենք, որ այն աճը, որն արձանագրված է հիմնականում շինարարության, առևտրաշրջանառության մեջ, ոչ միայն բավարարվածություն է բերում, այլև պարադոքսներ և անորոշություններ՛՛,-հավելեց նա:

Ըստ Սաֆարյանի՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ առևտրատնտեսական հարաբերությունների ու տնտեսության զարգացման հետ աճել է նաև աղքատությունը. ՛՛Տարվա վերջում ունենալու ենք ծայրահեղ աղքատության որոշ կրճատում, բայց ՀԲ-ն ահազանգում է, որ մենք երկնիշ տնտեսական աճի հետ ունենալու ենք նաև աղքատության երկնիշ աճ, որը տարվա վերջում կարող է հասնել ընդհուպ 48 տոկոսի: Սա մեր ամենամեծ ահազանգն է ՀՀ իշխանություններին, որ լարելով ջանքերը՝ փորձեն մեղմել այս շատ վատ ցուցանիշի ահագնացող արդյունքները՛՛:

Տնտեսագետի խոսքով՝ ԵԱՏՄ տարածքն ամենանպաստավորն է Հայաստանի պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների ավելացման համար: ՛՛Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի համար ԵԱՏՄ տարածքի դերը գնալով մեծացել է: Եթե նախապանդեմիկ շրջանում այդ տարածքը մեր արտահանման և ներկրման ծավալի 27 տոկոսն էր, այս տարվա ցուցանիշը մոտ 30 տոկոս է,  ճիշտ աշխատանքի դեպքում մեր երկիրը կարող է գերազանցել այդ ցուցանիշը՛՛,-ասաց նա:

Սաֆարյանը հավելեց նաև, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, համեմատած անցյալ տարվա հետ,  թե՛ արտահանման, թե՛ ներկրման ծավալներն աճել են, և այստեղ Ռուսաստանը շարունակում է մնալ մեր երկրի խոշորագույն տնտեսակա գործընկերը, ներդրողը և պատրաստի արտադրանքի շուկան:

՛՛Վերջին շրջանում հակառուսական քարոզչությունն ակտիվացել է, հայ-ռուսական բարեկամության հակառակորդները փորձում են սևացնել եվրասիական ինտեգրման գործընթացին մեր մասնակցությունը՝ կեղծելով, իբրև ՀՀ-ին տարիներ առաջ հրելով գցեցին ծուղակը. դա այդպես չէ, մենք պնդում ենք՝ եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի տնտեսության համար, այս համագործակցության վեկտորը շարունակելու է մնալ կարևորագույնը նաև մեր քաղաքական և անվտանգային կապերի համար՛՛,-նշեց քաղաքական վերլուծաբանը:

Ամփոփելով խոսքը՝ Սաֆարյանն ասաց. ՛՛Եվրասիական փորաձագիտական ակումբի անդամները համաձայն են այն դիտարկումների հետ, որ եթե ֆորս մաժորներ չպատահեն, ապա տարվա վերջում ունենալու ենք տնտեսական ակտիվության յոթ տոկոսանոց աճ, ունենալու ենք ավելի բարձր ՀՆԱ-ի աճ, քան 2021-ին: Մենք ՀՀ կառավարությանը հորդորում ենք ջանքեր գործադրել՝ գտնելու էֆեկտիվ լուծումներ՝ Հայաստանում անընդհատ մեծացող աղքատության վիճակը թեթևացնելու ուղղությամբ, այլապես տարվա վերջում կանգնելու ենք լուրջ խնդիրների առջև՛՛:

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here