«Առանց հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն կոնկրետ ծրագրի անհնար է ապահովել տնտեսության իրական զարգացումը». Աշոտ Թավադյան (տեսանյութ)

0
357

«Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ ապրանքների և ծառայությունների արտահանում 50% հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։ 2017թ. արտահանումն առաջին անգամ գերազանցեց $2 մլրդ, կազմելով` 2.2 մլրդ դոլար: 2017թ. ընթացքում ունենք 25% արտահանման էական աճ: 2018թ. առաջին եռամսյակում արտահանումը կազմել է $596 մլն, որը 34.3%-ով ավելին է, քան 2017թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշը: Արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է 47.6%: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճեց մոտ 50%, ինչը կարևորագույն գործոն է ՀՀ տնտեսության մրցունակության աճի ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: Առաջնահերթ խնդիր է նաև արտահանման հետագա բազմատեսականացումը։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ արտահանումը $5 մլրդ-ի հասցնելու համար»,- այսօր, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. Իրողություններ եւ արդի մարտահրավերներ» համաժողով- «ուղեղային գրոհի»-ի ժամանակ իր ելույթում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Ըստ բանախոսի, հիմնականում ԵԱՏՄ շուկաներում 2017թ.-ին աճեց քիմիական և դեղագործական արդյունաբերության (71.4%), փայտամշակման արտադրության (50.5%), տեքստիլի և տեքստիլ արտադրության (35%) և սննդի պատրաստի արտադրանքի (27%) արտահանումը: 2017թ. արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 44.6%, որը ԵԱՏՄ առանցքային գործընկերն է. «Նկատվում է արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի, զգալի աճ։ Դեպի Ռուսաստան արտահանման աճն ընթանում է առաջանցիկ տեմպերով։ Արտահանման աճի մեջ առանցքային դեր ունի դրա կառուցվածքը։ Ավելացված արժեքի բարձր տոկոս ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական հեռանկարը կապվում է Ռուսաստանի հետ։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ հնարավորությունները միության այլ երկրներ արտահանման զգալի աճ ապահովելու համար։ Հայաստանը Եվրամիություն արտահանում է հիմնականում հումք»։

Աշոտ Թավադյանը կարծում է, որ Հայաստանի մրցունակության մակարդակի բարձրացմանը նպաստել են ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը մաքսատուրքերի վերացման մասին, բոլոր ընթացակարգերի պարզեցումը՝ արտահանման արտոնագրերի ձևակերպումից և ստացումից մինչև մաքսային ձևակերպում: Նաեւ` ռուսական ռուբլու կայունացումը. 2016-17թթ. ռուբլին ամրացել է 22.5%-ով, համապատասխանաբար նույնքան էլ բարձրացել է Ռուսաստան արտահանողների հասույթը արտարժույթով: Գազի գների իջեցումը. «Հայաստանը գազ ստանում է 1000մ3-ը $150-ով։ Ընդ որում, գազի գինը տարածաշրջանում կազմում է $180-190։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը տարեկան սպառում է մոտավորապես 2 մլրդ մ3 գազ (2017թ. 1.996 մլրդ մ3, աճ 7%), էֆեկտը կազմում է $70 մլն։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրելիս գազի գինը կազմում էր մոտ $400 1000մ3-ի դիմաց, իսկ Հայաստանի համար գինը $270-ից իջեցվեց մինչև $189»։

Տնտեսագետի փաստմամբ, ավելացել է նաև դեպի ԵՄ կատարվող արտահանումը, ինչը կապված է գունավոր մետաղների գների էական աճի հետ. «Գունավոր մետաղների հանքաքարի, ալյումինի թերթերի, ֆերոձուլվածքի արտահանումը կազմում է դեպի ԵՄ արտահանման բացարձակ մասը։ Պղնձի գինը 2016-17թթ. բարձրացել է՝ $4400-ից հասնելով 7000-ի՝ մեկ տոննայի դիմաց։ Մետալուրգիական հանքի արդյունահանումը 2017թ.-ին աճել է 13.2%, պղնձի խտանյութի արտահանումը աճել է 32%: Ըստ ԵՄ փորձագետների GSP+ համակարգի տված գնահատականով՝ Հայաստանը 2016թ. $8.7 մլն է խնայել։ Իսկ ԵԱՏՄ արտահանման պարագայում, առաջին հերթին հաշվի առնելով էներգառեսուրսների արտոնյալ գները, արտահանողները խնայել են մոտ $70 մլն»։

Այս ամենով հանդերձ, ներդրումների առումով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը ԵԱՏՄ երկրներում: Ուղակի ներդրումները Ռուսաստանից կազմում են Հայաստանի տնտեսությունում բոլոր ներդրումների մոտ 40%-ը: Սակայն, Աշոտ Թավադյանը ԵԱՏՄ-ից նաեւ պահանջներ ունի. «Առանց հակամենաշնորհային և հակակոռուպցիոն կոնկրետ ծրագրի նույնպես անհնար է ապահովել տնտեսության իրական զարգացումը և լիարժեք օգտագործել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների հնարավորությունները»:

Այլ մանրամասները`տեսանյութում



Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here