Վեց տարվա ընթացքում պրոռուսական դիրքորոշումը նվազել է 5.0%-ով. Սամվել Մանուկյան

0
358

2011-2017 թթ. ընթացքում համա­հայ­կական «Կյանքի որակը Հա­յաստանում» սոցիոլոգիական հետազոտությունների ընթացքում հարց է տրվել. «Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք հետևյալ դրույթի հետ. գերա­դա­սելի է, որ Հայաստանը իր հարաբերությունները զարգացնի ավելի շուտ Ռուսաս­տանի, քան Եվրոպայի հետ:» 2011 թ.-ին դրույթի հետ համաձայնել է հարցվածների 74.3%-ը, իսկ 2017 թ. հունվարին՝ 69.3%-ը։ Վեց տարվա ընթացքում պրոռուսական դիրքորոշումը նվազել է 5.0%-ով։ Այս տվյալներն այսօր «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. Իրողություններ եւ արդի մարտահրավերներ» համաժողով- «ուղեղային գրոհի»-ի ժամանակ հրապարակեց սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը:

«Հայտնի է, որ պրոեվրոպական դիրքորոշման մակարդակը համեմատաբար ավելի բարձր է երիտասարդների շրջանում և Երևանում։ Մասնավորապես, Երևանում՝ գյու­ղերի համեմատ՝ 17%-ով, 18-29 տարեկանների շրջանում՝ 60 և ավելի տարեկանների համեմատ՝ 14%-ով։ Սակայն, նվազ հայտնի է, այն, որ վերջին հինգ տարիների ընթացքում պրոեվրո­պա­կան դիրքորոշումների մակարդակն աճել է համարյա բոլոր սոցիալ-ժողովրդագրա­կան խմբերում։ Ինչը նշանակում է, որ նվազումը կրել է համակարգային բնույթ։ Ամենանշանակալի աճը տեղի է ունեցել մարզային քաղաքներում, որ­տեղ առավել ինտենսիվ են գործում միջազգային կազմակերպությունների աջա­կցու­թյուն ստացող հասարակական կազմակերպությունները, և 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ ովքեր առավել ինտենսիվ են հեռուստացույց դիտում»,-մանրամասնեց սոցիոլոգը`հավելելով, որ պրոեվրոպական դիրքորոշումներ ունեցող հասարակական շերտը բնութագրվում է համեմատաբար ավելի բարձր սոցիալական ակտիվությամբ և կազմակերպվածու­թյամբ. «Եթե հասարակական կազմակերպությունների անդամների շրջա­նում պրոեվրոպական դիրքորոշումները 5%-ով են ավելի բարձր, քան հասարա­կա­կան կազմակերպություններին չանդամակցած անձանց շրջանում, ապա քա­ղա­քացիական շարժումների մասնա­կից­ների շրջանում՝ պրո­եվրոպական դիրքորոշումն ավելի բարձր է 20%-ով, այսինքն՝ չորս անգամ ավելի։ 2017 թ.-ին հասարակական կազմակերպությունների անդամ էր Հա­յաստանի չափահաս բնակչության 3.5%-ը, իսկ մասնակցել էր որևէ քաղաքացիական շարժման՝ 10.5%-ը կամ՝ շուրջ 220,000 մարդ»։

Բանախոսն անդրադարձավ նաեւ քաղաքացիական լոյալության, քաղաքացիական շար­ժում­ների, կոռուպցիայի նկատմամբ դիրքորոշումների, պրոռուսական դիրքորո­շում­ների և Հայաստանում թավշյա հեղափոխության միջև կապերին: Ըստ այդմ, Հայաստանում սկսած 1992 թ.-ից, բացի 1998-1999 թվականները, իշխանությունների նկատմամբ հասարակու­թյան լոյալությունը եղել է շատ ցածր։ 2017 թ. հունվարին Հայաստանում իշխա­նու­թյունների նկատմամբ ոչ լոյալ բնակչության թվա­քա­նակը, այսինքն` նրանց, ովքեր համարում են, որ Հայաստանն ընթանում է սխալ ուղղությամբ, կազմել է Հա­յաստանի չափահաս բնակչության 69%-ը։ Լոյալ էր, այսինքն` համարում էր, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ՝ ընդամենը 18%-ը։ Իսկ 13%-ը դժվա­րացել էր պատաս­խա­նել։ Սակայն, այդ 69% ոչ լոյալ բնակչությունից ընդամենը 16%-ն էր համարում, որ Հայաստանը պետք է առաջին հերթին իր հարաբերությունները զար­գացնի Եվրոպայի հետ, իսկ 48%ը, այս­ինքն՝ 3 անգամ ավելին, համարում էր, որ Հա­յաս­տանն առաջին հերթին հարաբե­րու­թյունները պետք է զարգացնի Ռուսաստանի հետ։ «2017 թ.-ին Հայաստանում 18-45 տարեկանների փաստացի քանակը՝ հեղինակային գնահատմամբ, կազմել է շուրջ 827,000 մարդ, որոնցից շուրջ 540,000-ն ունեցել է պրոռուսական, իսկ շուրջ 220,000-ը՝ պրոեվրոպական դիրքորոշում։ Ընդ որում, իշխանություններին ոչ լոյալ 18-45 տարեկան բնակչության կազմում, քաղաքացիական անհնազանդության փորձ ունե­ցողները կազմել են շուրջ 161,000, որոնցից 80,000-ը պրոռուսական, իսկ 67,000-ը՝ պրոեվրոպական դիրքորոշմամբ։ Տարիքային ավելի փոքր միջակայքերում այդ հարա­բե­րակցությունն ուներ նույնպիսի բնույթ։ 18-24 տարեկանների շրջանում պրոռուսական դիրք­որո­շում ուներ 22,000, իսկ պրոեվրոպական՝ 18,000 մարդ; 25-29 տարեկանների շրջա­նում՝ պրոռուսական՝ 24,000, պրոեվրոպական՝ 23,000 մարդ; 30-45 տարեկանների շրջա­նում՝ պրոռուսական 33,000, պրոեվրոպական՝ 26,000 մարդ։ Բացի դրանից, քաղաքացիական անհնազանդության տարբեր ձևերն ընդունելի հա­մա­րող 18-45 տարեկան անձանց շրջանում, պրոռուսական դիրքորոշմամբ անձինք կրկնակի շատ էին։ Օրինակ, 18-45 տա­րեկան ոչ լոյալ պրոռուսական կողմնորոշմամբ անձանց շրջանում ուժային կա­ռույց­ներին դիմադրելը ընդունելի էին համարում շուրջ 430,000 մարդ, իսկ նույն, սա­կայն պրոեվրոպական դիրքորոշմամբ շերտում՝ շուրջ 205,000։

Նկարագրված կառուցվածքը ցույց է տալիս, որ 2018 թ. ապրիլի թավշյա հեղափո­խու­թյան ընթացքում, Հայաստանի պրոռուսական և պրոեվրոպական կողմնորոշման հար­­ցի ակտուալացումը ոչ միայն ներքին կոնֆլիկտ կառաջացներ մասնակիցների շրջա­նում, այլև կարող էր գաղափարապես մասնատել շարժումը երկու անհավասար հատվածի և, համապատասխան պայմանների դեպքում, առաջացնել անկանխա­տե­սելի կոնֆլիկտային սցենարներ»,- ասում է Սամվել Մանուկյանը։

Իսկ կոռուպցիայի խնդրի ակտուալացումն, ըստ նրա, ուներ հասարակական դժգոհությանը կոնկրետ բովանդակություն տալու, այն կոնսոլիդացնելու, էներգետիզացնելու հզոր պո­տեն­ցիալ, սակայն չուներ շարժմանը ներքին կոնֆլիկտ հաղորդելու պոտենցիալ. «Այսպես, 18-45 տա­րե­կան ոչ լոյալ բնակչության 48%-ը կամ շուրջ 565,000 մարդ, անհանդուրժող էր կո­ռուպ­­ցիայի նկատմամբ՝ նրանք համարում էին, որ. «Կաշառակերությունը չարիք է և այն պետք է վերացնել»։ Նույն շերտում շուրջ 100,000 մարդ կոռուպցիային վերա­բեր­վում էր որպես գործիք՝ նպատակներին հասնելու համար, երբ չկան այլ մեթոդներ, իսկ շուրջ 157,000 մարդ համարում էր, որ մեր հասարակությու­նում կոռուպ­ցիան նորմա է։ այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ այս երկու խմբում կարող էր առա­ջանալ շար­ժում՝ «Հանուն կոռուպցիայի պաշտպանության»։ Այսպիսով, ակնհայտ է, որ կոռուպցիայի նկատմամբ դիրքորոշումները և աշխար­հա­քա­­ղաքական կողմնորոշումները հակադիր կերպով էին ստրուկտուրավորում հասա­րա­կական դժգոհությունը»։

Ըստ սոցիոլոգի, այս հետազոտությունները փաստում են, որ Հայաստանի հասա­րա­­կությունում պրո­ռու­սական կողմնորոշումը դեռևս շատ երկար ժամանակ հասարակական և քաղաքական պրոցեսների վրա կունենա բա­ցա­հայտ և լատենտ հզոր ազդեցություն. «Անզգուշությունն այս հարցում հղի է հզոր ցնցումներով»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here