Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ չկանչվեց Մեծ Բրիտանիայի դեսպանը եւ ՌԴ-ից Հայաստանին ուղղված ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը․ Գրիգոր Բալասանյան

0
37

«Մարդկանց մտահոգում են ոչ միայն տնտեսական խնդիրները, այլ նաեւ անվտանգային խնդիրները, որոնք առաջին պլան են մղվում։ Իսկ այն, որ Հայաստանի իշխանությունները փորձում են փոխել քաղաքական ուղղությունը, բացատրվում է անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- այսօր կայացած՝ «Ռուսաստանի հանդեպ հետխորհրդային երկրների բարեկամության վարկանիշ-2023․ Հայաստանի հաղորդակցային ռեժիմը» թեմայով առցանց կլոր սեղանի ժամանակ տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ​​ղեկավար, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը՝ փաստելով, որ այժմ Հայաստանում ընթանում է հասարակության և հանրային գիտակցության վերաֆորմատավորում։

Վկայակոչելով ամերիկյան հետազոտությունները` Գեւորգ Պողոսյանը նկատեց, որ եթե նախկինում ՌԴ-ն հայ հասարակության կողմից  ընկալվում էր անվտանգային հարցով թիվ մեկ գործընկեր, ապա այսօր ՌԴ-ն չորրորդ տեղում է՝ Ֆրանսիայից, Իրանից և ԱՄՆ-ից հետո, թեև այս երկրները Հայաստանի հետ չունեն անվտանգության ապահովման պայմանավորվածություններ, եւ այդ ուղղությամբ իրական քայլեր էլ սպասել նրանցից չարժե։ Ամեն դեպքում, այս ամենն, ըստ սոցիոլոգի, լրջորեն մտածելու տեղիք է տալիս։

«Մենք, այսպես ասած, միեւնույն անցյալից ենք, միասին երկար ճանապարհ ենք անցել, եղբայրական երկրներ ենք, Ռուսաստանի Դաշնությունն ունի ամենամեծ հայկական սփյուռքը, բայց հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն են ունենում լրատվամիջոցները, հատկապես, եթե դրանք ուղղորդվում են իշխանական շրջանակների կողմից»,- ասաց Գեւորգ Պողոսյանը։

Միջազգային հարցերով փորձագետ Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ էլ, արեւմտյան որոշակի կենտրոններ հատկապես եռանդով են աշխատում ՀԱՊԿ երկրներում՝ ազդելով Ռուսաստանի հետ տվյալ երկրի հարաբերությունների վրա՝ օգտագործելով ներքին խնդիրները։ Ու այդ առումով, Հայաստանն էլ բացառություն չէ․ «Ամենակարևոր ուղղությունը, որ օգտագործում են այս կենտրոնները՝ հայ հասարակությանը փորձում են համոզել, որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում ապահովել մեր անվտանգությունը»։

Փորձագետն, ի դեպ, զարմացած է, որ ՌԴ-ում պատշաճ ուշադրության չարժանացավ եւ արձագանք չգտավ  Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի այն հայտարարությունը, որ իր երկիրը կաջակցի Հայաստանին, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և կպաշտպանի մեզ՝ Ռուսաստանի սպառնալիքներից․ «Օրինակ, ինչո՞ւ այդ հարցով ՌԴ ԱԳՆ-ն չի կանչել Մեծ Բրիտանիայի դեսպանին եւ, մասնավորապես, ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը»։

ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը բնական է համարում, որ 2020 թվականի արցախյան պատերազմից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Հարավային Կովկասում ՌԴ ազդեցությունը պետք է մեծանար, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ նաեւ մարտահրավերներն էին ավելանալու, ինչի մասին քանիցս են խոսել։ Նրա գնահատմամբ, այն իրողությունը, որ ուկրաինական զարգացումներով պայմանավորված ՌԴ-ի համար Թուրքիան արժեւորվելու է, հայաստանյան քաղաքական դաշտում այդպես էլ չկապիտալիզացվեց։ Այսօր, հայ հասարակությունում առկա թերահավատությունը ՌԴ-ի նկատմամբ եւ իբրեւ հետեւանք՝ առկա խնդիրները, Ալեքսանդր Սաֆարյանը այդ սխալ մոտեցման արդյունք է համարում։

«Միջազգային մարդասիրական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանի կարծիքով էլ, Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունները այդ երկրներում իշխող քաղաքական վերնախավերի պայմաններում, կշարունակեն խորանալ․ «Պետք չէ միամիտ լինել և մտածել, որ այն քաղաքականությունը, որ կա Հայաստանում, Ռուսաստանի գործողությունների արդյունք է։ Այո, մեր երկրների միջև կան խնդիրներ, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ հարցերը կարող են լուծվել բոլորովին այլ հարթություններում։ Բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում, հանգեցնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական վատթարացման։ Սա, ցավոք, կշարունակվի»։

Հարաբերությունների կարգավորման ճանապարհներից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ հայ հասարակությունը պետք է ընդունի՝ մեր փոխարեն Ռուսաստանը չի լուծելու մեր խնդիրները։ Նաեւ՝ հայ-ռուսական հարաբերությունները չի կարելի դիտարկել տասը տարի առաջվա կտրվածքով․ «Մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները, հասկանանք, թե որո՞նք են Ռուսաստանի շահերը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, ու դրանից հետո միայն անկեղծ երկխոսության մեջ մտնենք Ռուսաստանի հետ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here