ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան,
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող,
ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն
Ապրիլի 1-3 մասնակցեցի Մոսկովյան VIII-րդ միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին: Այդ համաժողովին մասնակցում էր 1688 մարդ: Հրավիրված էին բանախոսներ եւ զեկուցողներ աշխարհի 15 երկրներից՝ Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Եգիպտոսից, Իրանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, ինչպես նաեւ Գերմանիայից, Իտալիայից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից, Բրազիլիայից: Հայաստանից հրավիրված էր միայն տողերիս հեղինակը: Այս նշանակալից տնտեսագիտական հասարակական-քաղաքական եւ մշակութային-քաղաքակրթական միջազգային հարթակն իրենից ներկայացնում էր չորս պլենար նիստ, 14 բաժանմունքների աշխատանք, ինչպես նաեւ ակտիվ բանավեճեր եւ քննարկումներ կուլուարներում: Ստորեւ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ տպավորություններն ու որոշ քննարկումների արդյունքներ հայ հասարակությանը հետաքրքրող թեմաների վերաբերյալ:
Նոր աշխարհակարգին հարիր նոր մտածողություն Ռուսաստանում
Մինչեւ վերջերս Ռուսաստանի տնտեսագիտական եւ աշխարհաքաղաքական քննարկումների գլխավոր հարթակը նշանավոր Գայդարի ֆորումն էր, որտեղ իշխում էր գլոբալիզմի եւ լիբերալիզմի ոգին: Այդտեղ էին գնում Ռուսաստանի քաղաքական իշխանության ներկայացուցիչները նոր գաղափաներ ստանալու, դրանցով լիցքավորվելու եւ սեփական դիրքորոշումներն արտահայտելու համար: Հիմա ժամանակները փոխվել են: Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր գայդարյան ֆորումի շատ զեկուցողներ եւ փորձագետներ հեռացել են Ռուսաստանից, արտասահմանից քննադատում են Ռուսաստանի դիրքորոշումներն ու այլեւս հետաքրքիր չեն ռուսական էսթաբլիշմենթի համար:
Մոսկովյան միջազգային ֆորումը, որը գոյություն ունի արդեն տասը տարուց ավել, սովորաբար եղել է ռուս հայրենասերների, պահպանողականների, ինչպես նաեւ ձախ հայացքներ դավանող ինտելեկտուալների հավաքատեղի: Այս ֆորումի նախագահն է ռուս արդյունաբերող, հասարակական ու քաղաքական գործիչ, բարեգործ, մեծ ինտելեկտուալ Կոնստանտին Բաբկինը: Տեղին է ասել, որ այս կարգի գործիչ մենք հայաստանյան իրականության մեջ չունենք: Նրան հաջողվել է անցած տարիների ընթացքում հյուր դարձնել Ռուսաստանի ճակատագրով շատ մտահոգ բազմաթիվ նշանավոր մտավորականների, հոգեւորականների, կոմունիստ եւ «Արդար Ռուսաստանից» քաղաքական գործիչների: Այստեղ են նաեւ ժամանակակից գիտությունների ամենաառաջադեմ ներկայացուցիչներ, որոնց ելույթները նվիրված էին տեսանելի հեռանկարում ամենատարբեր բնագավառներում Ռուսաստանի ապագային:
Ֆորումում հավաքված ինտելեկուալների եւ ակտիվիստների ելույթներում այսօրվա Ռուսաստանի վիճակն էր իր ոչ միայն նվաճումներով ու հաջողություններով, այլեւ մեծ խնդիրներով, լուրջ անհանգստության պատճառներով եւ տարբեր բնագավառներում ընթացիկ իրավիճակի խոր վերլուծություններով: Տեղին է նաեւ ասել, որ գայդարյան ֆորումի փակվելուց հետո այս մոսկովյան ֆորումը հավակնում է դառնալ Ռուսաստանի ինտելեկտուալների խոշորագույն հավաքատեղի, որին սկսելու է շատ ավելի ուշադիր եւ բծախնդիր հետեւել ռուասաստանյան քաղաքական իշխանությունը: Թույլ ենք տալիս մեզ կանխատեսել, որ հաջորդ, IX-րդ տնտեսական ֆորումի հյուրն են լինելու նաեւ Ռուսաստանի քաղաքական վերնախավի առաջին դեմքերը:
Այս միջոցառմանը մասնակցող բազմաթիվ լրագրողների (իրականում ներկա չէին գլխավոր ռուսական հեռուստաալիքները, բայց գլխավոր տեղեկատվական հովանավորը ՌԲԿ ալիքն էր) հետաքրքրում էր, թե ինչ լուծումներ են առաջարկում հրավիրված զեկուցողները Ռուսաստանի արագանցիկ զարգացումն ապահովելու համար: Հարկ է նշել, որ շատ քննարկվող թեմաներից մեկը Ռուսաստանի տնտեսական զարգացումն է եւ ցանկությունը 2030թ.-ին դառնալ աշխարհի 4-րդ տնտեսությունը՝ Ճապոնիայից եւ Գերմանիայից առաջ (համախառն ներքին արդյունքի ցուցանիշով):
Շատ մտահոգիչ թեմաներից էին օրինակ ռուս բնակչության թվի նվազեցումը եւ այլ ազգությունների թվի աճը, որը հանգեցնում է ապաբնակեցման: Միգրացիայի խնդիրները սկսում են հուզել քաղաքական շրջանակներին, որովհետեւ սպառնում են փոխել ժամանակակից Ռուսաստանի դեմքը: Եվրասիական տնտեսական ինտեգրումը իր գոյության տասը տարում բերում է ինչպես պատկառելի հաջողություններ, այնպես էլ նոր խնդիրներ: Ռուսաստանյան ժամանակակից հասարակության մեջ աղոտ եւ անորոշ է ԵԱՏՄ-ում ծավալվող ինտեգրացիոն գործընթացի ապագան եւ դրա մասին պատկերացումները հասարակ քաղաքացիների շրջանում: Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհակարգը ոչ միայն փոխվում է, այլեւ արդեն փոխվել է: Ռուսաստանի տարածքը գերիշխող դիրք ունի ժամանակակից Եվրասիայում, որտեղ տնտեսական զարգացման կենտրոնը տեղափախվում է Արեւմուտքից Արեւելք: Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի եւ այլ երկրների պատկառելի ներկայացուցիչներ չեն վախենում խոսել աշխարհում գլոբալ կենտրոնի թուլացման եւ բազմակենտրոն աշխարհի ձեւավորման մասին: Արտասահմանյան կարեւոր զեկուցողների ներկայությունը ֆորմալ առումով պետության կողմից չհովանավորվող այս միջազգային ֆորումի բեմերում խոսում էր այն մասին, որ մեծ է հետաքրքրությունը Ռուսաստանի հետ արտոնյալ պայմաններում տնտեսական համագործակցություն ծավալելու եւ դրանից շատ շոշափելի ու բացատրելի օգուտներ ունենալու նպատակով:
Ելույթների տրամադրությունից եւ միջանցքներում մտքերի փոխանակությունից պարզ է դառնում, որ շատ դժվար է կանխատեսել, թե երբ կավարտվի Ուկրաինական ճգնաժամը: Բայց նույնիսկ Արեւմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման պայմաններում զեկուցողների շրջանում նշանավոր գերմանացի եւ իտալացի ունենալու հանգամանքը խոսում էր Ռուսաստանի աճող հնարավորությունների հանդեպ նրանց ունեցած անթաքույց հետաքրքրության մասին:
Եվ վերջապես: Մեզ հարկավոր է ուշադրությամբ հետեւել հասարակական բուռն քննարկումների արդյունքում ակնհայտորեն փոխվող Ռուսաստանի իրավիճակին: Այստեղ պատրաստվում են խորացնել բարձր տեխնոլոգիաների տիրապետումը Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի եւ էլի մի քանի երկրների հետ համագործակցության արդյունքում: Մենք Հայաստանում պարտավոր ենք իմանալ, որ մեր հարեւան Իրանը 2023թ. տվյալներով մտել է աշխարհի տեխնոլոգիապես ամենազարգացած տասը երկրների շարքը: Այստեղ չեն թաքցնում, որ ակնկալում են էական օգուտներ Ռուսաստանի հետ ոչ միայն տնտեսական, այլեւ գիտական ու քաղաքակրթական ոլորտներում համագործակցությունը մեծացնելուց:
Ռուսաստանի բարձր տեխնոլոգիաների ամենանշանավոր գիտնականները որոշել էին լայնորեն ներկայանալ այս համաժողովում եւ ներկաներին մանրամասնորեն բացատրել արհեստական ինտելեկտի զարգացման պայմաններում սպասելիքները տեխնոլոգիաներից եւ սպասելիքները ապագա մարդուց (թե ո՛ր ոլորտներում է մարդը լինելու անգերազանցելի եւ անփոխարինելի): Ընդհանուր առմամբ ֆորումը առաջ էր տանում Եվրասիական Մեծ գործընկերության թեզը, որն ինչպես հայտնի է, սկսել է ակտիվորեն շրջանառվել Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի, Չինաստանի նախագահ Ս.Ցզինպինի եւ Հնդկաստանի վարչապետ Ն.Մոդիի կողմից: Այս հարթակներում մոտակա տարիներին իշխելու է Մեծ Եվրասիայում տնտեսական առաջանցիկ զարգացման պայմաններում միջքաղաքակրթական երկխոսությունը խթանելու տեսլականը:
Տրանսպորտային լոգիստիկ միջանցքների խնդիրը Եվրասիայում եւ Հարավային Կովկասը
Տողերիս հեղինակը հնարավորություն ունեեցավ զեկուցելու այս ոլորտում ՀարավայինԿովկասի տեսանելի հեռանկարի մասին: Հասկանալի է, որ Հայաստանի վարչապետի կողմից ձեւակերպված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը արդյունք է մեր տարածաշրջանում արդեն իսկ ծավալվող աննախադեպ գործընթացների: Տարածաշրջանի խոշոր տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի կողմից պաշտպանվող տրանսպորտային բոլոր ուղիների վերաբացման ծրագիրը պարզորեն ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական բանակցությունները հարաբերությունների կարգավորման եւ միմյանց ճանաչման ուղղությամբ տեսանելի հեռանկարում կավարտվեն: Դրանից հետո շատ արագ տրամաբանական ավարտին կհասցվեն հայ-թուրքական բանակցությունները: Վերին Լարսի անցակետը (որը միացնում է Վրաստանն ու Ռուսաստանը) իր հզորությամբ գերազանցում է նույնիսկ խոշոր նավահանգիստների աշխատանքին: Շատ ինտենսիվ են աշխատում ոչ միայն Իրան-Ադրբեջան-Ռուսաստան տրանսպորտային անցումները, այլեւ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եւ նավահանգիստներ-Վրաստան-Ռուսաստան անցումները: Հարեւան Վրաստանը խոչընդոտներ չի դնում այս աննախադեպ ապրանքային ծավալների տեղափոխության հարցում: Հետաքրքրական է, որ Նորվեգիայից մինչեւ Սեւ ծով ռազմական թատերաբեմ հիշեցնող սահմանների փակման պայմաններում Հյուսիս-Հարավ միջանցքը գործում է ոչ միայն Իրանը Ռուսաստանին կապող բեռնափոխադրումների համար, այլ նաեւ մեզանով են անցնում աշխարհի տարբեր մասերից Թուրքիայով Ռուսաստան տեղափոխվող բեռները: 2023թ. տվյալները ցույց են տվել, որ աննախադեպ աճում են վերաարտահանման ծավալները ԵԱՏՄ անդամ Հայաստանի տարածքով եւ Հայաստանը աննախադեպ օգուտներ ունի այս գործընթացից: Քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի Ուկրաինական ճգնաժամը եւ երբ կսկսվեն Արեւմուտք-Ռուսաստան բանակցությունները հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ, վստահոտրեն կարելի է ասել, որ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ նորանոր օգուտներ է ստանալու այս համագործակցությունից: Բայց ավելի կարեւոր է այն, որ Հարավային Կովկասի տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունների եւ տեսանելի հեռանկարում դրանց տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակության վերաբերյալ ի՛նչ են մտածում աշխարհի մյուս մասերի ինտելեկտուալները:
Իրանցի զեկուցողը համոզված էր, որ Հարավային Կովկասի տրանպորտային նշանակությունը մոտակա տարիներին անկասելիորեն աճելու է: Իտալացի մասնակիցը համոզված ասում էր, որ անկախ այն բանից, թե Եվրոպան ինչպես է վերաբերվում ժամանակակից Ռուսաստանին, անվիճելի է, որ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի դերը տեսանելի հեռանկարում միայն աճելու է: Ընդ որում աճելու է այնպես, որ գրավելու է ոչ միայն Եվրասիայի երկրների, այլեւ օվկիանոսներով առեւտուր անող աշխարհի մնացած մասերի բիզնեսի համար:
Վրացի բանախոսը մեկ այլ բաժանմունքում վերլուծում էր Հարավային Կովկասի երկրների անվտանգության եւ կայունության փաստարկները եւ մի յուրօրինակ վարկանիշ սահմանելով ըստ անվտանգության ամրության, դասակարգում էր մեր երեք երկրները: Նրա համոզմամբ, ամենաբարձր անվտանգության երաշխիքն ունի Թուրքիայի հետ ինտեգրվող Ադրբեջանը: Երկրորդ տեղում Վրաստանն է, եւ միայն երրորդ տեղում մեր Հայաստանը, որն անվտանգային առումով խոցելի ու հարցեր առաջացնող տեղ ունի:
Ընդհանրապես, մի քանի բաժանմունքներում հարցերի քննարկումներից կարելի էր եզրակացնել, որ տարբեր երկրներ ներկայացնող ինտելեկտուալները հասկանում են, որ աշխարհն արդեն գնացել է ռեգիոնալացման ճանապարհով, եւ անվտանգ են այն երկրները, որոնք ներդաշնակ կերպով տեղավորված են տարածաշրջանային համագործակցության մեջ: Իմ բազմաթիվ զրուցակիցներ համաձայնել են այն գաղափարին, որ «3+3» խորհրդատվական հարթակը Հարավային Կովկասի համար կարող է լրացուցիչ երաշխիքներ տրամադրել ձեւաչափի մասնակիցներին, այդ թվում Հայաստանին:
Մի առանձին թեմա է այն, թե ինչպես է Հայաստանը փորձելու ամրապնդել իր անվտանգության երաշխիքները եւ նվազեցնել իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ սպառնալիքները: Սրա մասին հայ հասարակությունում վեճերի պակաս չկա: Բայց խիստ պակաս կա այն հարցում, թե ինչ որակի եւ ինչ մասնագիտական պատրաստվածության արդյունք են այդ քննարկումները եւ Հայաստանի «քաղաքական վերեւներին» առաջ մղելու համար առաջարկվող որոշումները:
Եվ վերջում: Ֆորումում զարմանք առաջացրեց իմ հրապարակային առաջարկը բազմազգ գիտական կոլետիվ ստեղծել Հարավային Կովկասով անցնող Արեւմուտք-Արեւելք եւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների տնտեսագիտական արդյունավետությունը ժամանակակից մաթեմատիկա-տնտեսագիտական մեթոդներով հաշվարկելու նպատակով: Եվրասիական տնտնեսական հանձնաժողովի անդամ-նախարար Ա.Կոժոշեւը անմիջապես արձագանքեց, ասելով, որ գաղափարը կփոխանցի ԵՏՀ-ի կոլեգիային եւ կփորձեն նրա հովանու տակ նման կոլեկտիվ ձեւավորել: Չորրորդ բաժանմունքում, որտեղ ես ելույթ էի ունենում, իրանցի զեկուցողը եւս հայտնեց պատրաստակամություն իր երկրի ներակայացուցչին նման կոլեկտիվ գործուղելու համար:
Եվ վեջապես, Մոսկովյան ֆորումի կազմկոմիտեում ասացին, որ 2024, 2025թթ. լրջորեն կմտածեն մի լրացուցիչ քննարկում-համաժողով անցկացնելու վերաբերյալ, որը կլրացնի գիտելիքի այդ զարմանալի բացը եւ կուղղորդի խոշոր բիզնեսին օգտվելու Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի առաջարկած զարգացող տրանսպորտային հնարավորութուններից: