Ինչպիսի՞ն կլինի Հարավային Կովկասը 2030 թվականին

0
41

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

 

Վերջին շրջանում մեր հավաքական անհանգստությունը անվտանգության բացահայտ դեֆիցիտի կապակցությամբ հանգեցրել է քննարկումների, որոնց նպատակն է հասարակության լայն շերտերին հասցնել անվտանգ, ինքնիշխան պետության գոյության համար վարվող քաղաքականությունը, դրա առավելությունները, ակնառու թերությունները եւ, վերջապես, ձեւավորել ապագայի քիչ թե շատ ընդունելի տեսլական:

Այս մղումներն են թելադրել գրելու հերթական վերլուծականս, որտեղ ինձ թույլ եմ տալիս քննարկել ինչպես մեզանում, այնպես էլ Վրաստանում եւ Ադրբեջանում առկա որոշ մոտեցումներ:

Վրաստանը պատրաստվում է 2030 թվականին

Վրացական քաղաքական վերնախավերը հույս ունեն, որ 2030թ. վերջապես կքննարկվի Եվրոպական Միությանը Վրաստանի անդամակցության հարցը: Այստեղ ասում են, որ Եվրոմիությունն ունի անդամության 8 թեկնածու եւ դրանցից մի քանիսին կարող է ընդունել իր կազմ արդեն 2030թ.: Վրացիների համար այս լավատեսական սցենարին արեւմտամետ հասարակական-քաղաքական դաշտը պատրաստվում է բծախնդրորեն: Տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն, Վրաստանի բնակչության 80-90% հավատում է, որ Վրաստանը կարող է դառնալ Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի անդամ: Այս ձգտումն են թելադրում քաղաքական կյանքի բոլոր աշխույժ գործընթացները: «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականությունը արժանի է մեծ հարգանքի, որովհետեւ չշեղվելով վրացական հասարակության վերոհիշյալ սպասումներից, շատ լավ հասկանում է, որ դեռ տարիներ կան մինչեւ այդ հավանական քննարկումը, եւ այդ տարիները դեռ պետք է լցվեն տնտեսական զարգացումով, քաղաքական կայունության ամրապնդմամբ եւ զգայուն տարածաշրջանային քաղաքականությամբ: Վրաստանը զգույշ, բայց հետեւողական քայլեր է անում Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը զարգացնելու ուղղությամբ: Այստեղ հնարավոր են համարում տնտեսական հարաբերությունների զարգացումը նույնիսկ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ցավոտ հարցերը ժամանակավորապես մի կողմ թողնելու միջոցով:

Վրացական ընդդիմությունը մեծամասամբ բաղկացած է էլ ավելի արեւմտամետ, Մ. Սահակաշվիլու կողմնակիցներից, բայց բարձրաձայն խոսել են սկսել նաեւ այլ ընդդիմադիրներ, որոնք կարծում են, որ ճիշտ կլիներ, օրինակ, Վրաստանի մասնակցությունը «3+3» ձեւաչափում: Ամեն դեպքում, Վրաստանում մի կոնսենսուս է ձեւավորվում, որտեղ վրացակենտրոն Հարավային Կովկասի ստեղծման համար պետք է կոնկրետ քայլեր անել:

Սա է պատճառը, որ մեր Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար գիտնականները հնարավոր են համարում նոր ձեւավորվող իրողությունների պայմաններում խնդրել ինչպես ռուս, այնպես էլ վրացի գործընկերներին վրացական եւ ռուսական խոսույթներում պահել աբխազական երկաթուղով Կովկասը Ռուսաստանին միացնող նոր տրանսպորտային միջանցքի հարցը: Այս գաղափարը պաշտպանվում է նաեւ իրանցիների կողմից, որոնք նոր համագործակցության եւ նոր դաշինքների պայմաններում կուզենային գործարկել Թեհրան-Երեւան-Թբիլիսի-Մոսկվա երկաթուղին, մասնավորապես, ուղեւորների համար: Վրաստանում դեմ չեն սերտորեն համահգործակցել Հայաստանի հետ, ինչը հնարավորություն է տվել հայ վերլուծաբաններին երկկողմ հարաբերություններում խոսելու բարեկամությունից ռազմավարական գործընկերության անցնելու մասին: Համենայն դեպս, Հայաստանի այսօրվա իշխանությունը կուզենար ճիշտ գնահատել այն ներուժը, որն ունի Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումը Արեւմուտքի հետ համագործակցությունն ու վստահելի փոխգործակցությունը առաջ մղելու համար:

Ադրբեջանի տեսլականը ադրբեջանակենտրոն Հարավային Կովկասի մասին

Ադրբեջանում համոզված են, որ ժամանակն աշխատում է իրենց երկրի օգտին: Ադրբեջանն իրեն տեսնում է որպես տարածաշրջանային առաջատար, որտեղ կարողանալու է թելադրել տարածաշրջանային համագործակցության պայմանները: Ադրբեջանում քաղաքական խնդիր է Թուրքիայի հետ լիակատար ինտեգրումը Հարավային Կովկասում առաջատար դիրք ապահովելու եւ դա պահպանելու նպատակով:

Դեռ 90-ական թթ. Արեւմուտքը Թուրքիային ճանապարհ է տվել ամրապնդելու իր դիրքերը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում արեւմտյան շահերն առաջ մղելու նպատակով: Այսօր արեւմտյան, ռուսական, չինական եւ այլ ծրագրերի համադրման արդյունքում ստեղծվում է մի վիճակ, երբ բոլորին հարմար է, որ Հարավային Կովկասով անցնեն Արեւմուտք-Արեւելք եւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները:

Կրկին հարկ ենք համարում անդրադառնալ «Արեւմուտք-Արեւելք» ռազմավարական առանցքին, որի գործնական արտահայտությունն է նույնանուն տրանսպորտային միջանցքը: Անցյալ դարի առաջին կեսին Թուրքիայում շատ տարածված էր համաթուրքականության, կամ, ինչպես ասում են՝ Մեծ Թուրանի տեսլականը: Դա նախկին Օսմանյան կայսրության ծրագիրն էր՝ ռուսական տարածքների վրա ստեղծել մեծ կայսրություն Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու մուսուլման ժողովուրդների ներգրավումով:

Խորհրդային Միության փլուզման արդյունքում Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները անկախություն են ստացել եւ զարգացման տպավորիչ հաջողությունների են հասել անցած 30 տարում: Նրանք, այսօր, իհարկե, չեն համաձայնի մտնել Թուրքիայի կազմի մեջ: Այդպիսի հարց այսօր չի էլ դրվում: Մեր ժամանակների առանձնահատկությունն այն է, որ թյուրքական պետությունների ինտեգրումը զուգակցվելու է բոլոր մասնակիցների ազգային պետականության ու ինքնիշխանության ամրապնդմամբ: Այժմ արտակարգ արդիական են դարձել քաղաքագիտական եւ տնտեսագիտական վերլուծությունները, որոնք ճշգրտորեն կուրվագծեին, թե ինչ գլխավոր ուղղություններով է զարգանալու թյուրքական պետությունների միջեւ այդ ինտեգրացիոն գործընթացը:

Աշխարհը փոխվում է: Փոխվում են նաեւ քաղաքական ու տնտեսական մոտեցումները: Մեր հավաքական կեցվածքից առայժմ չի երեւում, որ մենք ի վիճակի ենք գեներացնելու թարմ գաղափարներ փորձանքը մեզնից հեռու տանելու համար: Այնինչ կարելի էր մտածել, որ հայ քաղաքական եւ տնտեսական միտքն այսքան շատ գիտնականների ու փորձագետների առկայությամբ պետք է որ կարողանար համարժեք մոտեցումներ մշակել այսօրվա տարածաշրջանային իրողություններին: Եթե մեզանում կարծում են, որ դրսից ինչ-որ մեկը պատվիրելու է նման մշակումներ իրենց, ապա չարաչար սխալվում են: Սա հայերիս, եւ միայն հայերիս խնդիրն է՝ կանխատեսելի ու անվտանգ պետականություն, Հայաստանին եւ Վրաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ են կենսունակ գաղափարներ ներդաշնակորեն տեղավորվելու համար, թյուրքական ինտեգրման դաշտի մեջ, պահպանելու իրենց ինքնիշխանությունը եւ ամրապնդելու անվտանգությունը: Մեր քաղաքական դաշտի հռետորաբանությունից դեռ չի երեւում, որ նման մոտեցումներ մշակվում են:

Հայաստանն ընտրության առջեւ

Եթե 2030թ. Վրաստանն ընդունեն Եվրոպական Միության կազմ, ԵՄ-ն կմտնի Հարավային Կովկաս: Ինչպես ժամանակին պատահեց Եվրոպայի Խորհրդին անդամության հարցում, Վրաստանի անդամակցությունը այդ միջազգային իրավական կառույցին խթանեց իրավական բարեփոխումներ Հայաստանում եւ Ադրբեջանում: Հարց. իսկ եթե 2030թ. Վրաստանին չընդունե՞ն: Իսկ եթե այդ հարցը հետաձգվի կրկին անորոշ ժամանակո՞վ: Կամ նոր զարգացող համաշխարհային ու տարածաշրջանային գործընթացները բարդացնե՞ն այդ անդամակցությունը: Հայաստանի արեւմտամետ գործիչներն ասում են, որ եվրոպական ինտեգրման տեմպերն արագացնելու մասին խոսակցությունները վարում են նրանք, ովքեր փորձում են խոչընդոտել այդ գործընթացները (մարդկանց հիասթափեցնելու նպատակով): Բայց քարոզչությունից մի կողմ գնալով հասկանու՞մ ենք մենք արդյոք, որ աշխարհում ծավալվող գործընթացները իսկապես ահագնացրել են մեծ սպառնալիքնեը եւ անգամներ փոքրացրել Հայաստանի անվտանգության երաշխիքները:

Այո, մենք համաձայն ենք, որ Ռուսաստանի, առանձին վերցրած, ազդեցությունը Հարավային Կովկասումն մի շարք պատճառներով փոքրացել է: Մենք հասկանում ենք, որ այսօր տարածաշրջանում ակնհայտորեն մեծանում է Թուրքիայի ներկայությունը: Մենք հստակ պատկերացնում ենք, որ տարածաշրջանային գործընթացների գլխավոր պատասխանատուներն են Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը միասին եւ դրա համար էլ շատ կենսունակ է «3+3» խորհրդատվական հարթակը: Բայց եթե նույնիսկ կա ընդհանուր պատկերացում վերը ասվածի մասին, առայժմ չի երեւում, որ տարածաշրջանային գործընթացներում ներդաշնակորեն տեղավորվելն է մեր իշխանության գլխավոր խնդիրը: Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ գլխավոր նպատակ է համարում ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության հետ համագործակցության ամրապնդումը, դա անվանելով ցանկություն լիարժեքորեն մաս կազմելու եվրոպական ազգերի ընտանիքին: Եվ սա այն ժամանակ, երբ Վրաստանը, որ այդ ճանապարհով արդեն լի ու լի անցել է, ավելի արդիական ու ժամանակակից խնդիրներ է իր առջեւ դնում: Ինչու՞ պետք է Հայաստան-Վրաստան ապագա ռազմավարական գործընկերությունը ուղղված լինի Ռուսաստանի դեմ, կամ լինի նրա հաշվին: Ինպե՞ս է դա հնարավոր:

Արցախյան երկրորդ պատերազմը եւ արցախցիների բռնի տեղահանությունը փոխեցին բնակչության ստվար մասի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վատացան: Հայաստանը զիջեց իր տեղերը Ռուսաստանի բարեկամ երկրների վարկանիշային ցանկում եւ այժմ գտնվում է եզրափակիչ 10-րդ տեղում, որից հետո գալիս է կա՛մ հարաբերականորեն բարեկամ/ հարաբերականորեն ոչ բարեկամ Վրաստանը, նրանից հետո էլ Ռուսաստանի ոչ բարեկամ համարվող Մոլդովան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Ուկրաինան: Հնարավո՞ր է արդյոք կասեցնել այդ անկումը եւ թույլ չտալ հարաբերությունների հետագա վատթարացում:

Որոշ դեղատոմսեր ավելի անվտանգ Հայաստանի համար

Մինչեւ 2030թ. դեռ վեց տարի կա: Տողերիս հեղինակը կարծում է, որ կարելի է կրկին սկսել աշխատել մեռյալ կետից հայ-ռուսական հարաբերությունները դեպի ավելի կենսական դարձնելու համար: Անհրաժեշտ է վերալիցքավորել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրը: Հայ-ռուսական հարաբերություններին ռեստարտ է պետք: Եթե մենք ունենք դժվարություններ նորից սկսելու հարաբերությունների կարգավորումը նոր իրողությունների շրջանակում եւ նոր մոտեցումներով, մենք պետք է մտածենք, թե ով կարող է մեզ օգնել: Լավ իմանալով ժամանակակից Ռուսաստանը եւ ժամանակակից Ղազախստանը, թույլ եմ տալի ինձ մի կանխատեսում անել առ այն, որ Ղազախստանի նախագահ Տոկաեւը (որ շատ գոհ էր իր վերջին այցից Հայաստան) կարող էր մի վստահելի միջնորդություն կատարել հայ-ռուսական բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը հայտնվել են մի վիճակում, որտեղ ակնհայտորեն թարմ մոտեցումներ եւ նոր գաղափարներ են անհրաժեշտ: Հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակը վճռական փաստարկ է երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները առաջ մղելու օգտին:
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը բոլոր մակարդակներում մշտական կապի մեջ են եւ շատ լավ են պատկերացնում իրենց համագործակցության եւ փոխգործակցության իրական հնարավորությունները: Հայաստանին հարկավոր է ներդաշնակորեն ներգրավվել տարածաշրջանային գործընթացներում: Երեկվա թշնամիները կարող են եւ վաղվա գործընկերներ լինել: Իրար հետ շփվել, առեւտուր անել եւ փոխազդեցություններ ունենալ: Բայց այսքանը հասկանալով, ինչո՞ւ է հարկավոր երեկվա բարեկամներին այսօր թշնամի դաձնել: Ո՞րն է դրա տրամաբանությունը:

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here