«Վտանգ կա, որ Հայաստանը կգնա ոչ թե վրացական ճանապարհով, այլ Մերձբալթյան երկրների ճանապարհով»․ Վալենտինա Կոմլևա

0
44

«Ես Հայաստանը հաճախ համեմատում եմ Վրաստանի հետ, եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ վրացական հասարակությունը՝ չնայած Արեւմուտքից տարվող հսկայական աշխատանքին, այս տարիների ընթացքում չշեղվեց ռուսական գծից, չգնաց Մերձբալթյան երկրների ճանապարհով, ընդհակառակը, մտածում է ռուս-վրացական հարաբերությունների վերաիմաստավորման մասին։ Վտանգ կա, որ Հայաստանը կգնա ոչ թե վրացական ճանապարհով, այլ Մերձբալթյան երկրների ճանապարհով»,- այսօր «Ռուսաստանի հանդեպ հետխորհրդային երկրների բարեկամության վարկանիշ-2023․ Հայաստանի հաղորդակցային ռեժիմը» թեմայով առցանց կլոր սեղանի ժամանակ, կարծիք հայտնեց ՌԴ հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ​​ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վալենտինա Կոմլևան։

Ըստ բանախոսի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը մտահոգում է ոչ միայն տարածաշրջանային խաղացողներին․ այդ իրավիճակին շատ այլ երկրներ էլ են հետեւում։ Մեր երկրում ստեղծված իրավիճակը նրա բնութագրմամբ բարդ է։  Հայաստանը, վերլուծաբանի բնութագրմամբ, դարձել է յուրօրինակ դիտարկման առարկա փորձագետների համար՝ հետազոտելու՝ ինչպե՞ս, ի՞նչ տեխնոլոգիաների օգնությամբ արագ փոխել հասարակության աշխարհայացքը։ Իր դիտարկմամբ՝ տեխնոլոգիաները, որոնք ժամանակին կիրառվել են Բալթյան երկրներում և Ուկրաինայում, այսօր կիրառվում են Հայաստանում։

Անդրադառնալով մոնիտորինգի արդյունքներին, ըստ որոնց Հայաստանն այս տարի զիջել է իր դիրքերը՝ Ռուսաստանի նկատմամբ հետխորհրդային երկրների «բարյացակամության» վարկանիշում՝ զբաղեցնելով 10-րդ տեղը, Վալենտինա Կոմլևան ասաց․ «Մենք մեզ համար լուրջ հետեւություններ ենք արել»։

Փորձագետի դիտարկումներով՝ աշխարհում մեծ տրանսֆորմացիա է ընթանում, և Հայաստանը դրա դասական օրինակն է․ «Տնտեսական գործոնը շարունակում է էական դեր խաղալ երկրների միջև բարեկամական հարաբերությունների պահպանման գործում։ Հայաստանը, ցավոք, բռնել է մի ուղի, որը տատանվող վարչակարգից երկիրը տեղափոխել է անբարյացակամության հարթություն, ու դա հատկապես մեծացել է քաղաքական մակարդակում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ հայ հասարակությունը ոչ բոլոր քաղաքական որոշումներն է պաշտպանում, մենք տեսնում ենք՝ լուրջ պառակտում վերնախավի և հասարակության միջև»։

Բանախոսը նաեւ համոզված է, որ առաջիկայում ականատես կլինենք այնպիսի իրավիճակների, որ ՀՀ-ում աշխատող արևմտյան փորձագետները կգիտակցեն հասարակության եւ իշխող ուժի պառակտումը, անհամաձայնությունը, ինչի արդյունքում կակտիվանան տեխնոլոգիաներ, որոնց նպատակը կլինի հասարակության աշխարհայացքի վերափոխումը, մասնավորաբար, ՌԴ-ի նկատմամբ մոտեցումների տրանսֆորմացիան․ «Եվ շատ ցավալի կլինի, եթե Հայաստանն այս ճանապարհով գնա»։

Բանախոսը նույնպես հայ-ռուսական հարաբերությունների վերաիմաստավորման եւ վերաարժեւորման, միմյանց հետ հարաբերվելու արժեքների եւ սկզբունքների հստակեցման խնդիր է տեսնում․ «Հայաստանի ժողովուրդը պետք է արտահայտի իր դիրքորոշումը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here