«ԵՏՄ-Ի ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆ Է` ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԱՄ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»

0
361

Վերջերս Հայաստանում էին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ժամանած ականավոր պրոֆեսորներ, քաղաքագետներ եւ վերլուծաբաններ, որոնք «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերներ» թեմայով կոնֆերանսի ժամանակ խոսեցին եվրասիական ինտեգրման խնդրին վերաբերող հետագա համատեղ հետազոտությունների ու արդյունավետ համագործակցության մասին: Նրանց թվում էր նաեւ ԵՏՄ անդամ երկրից` Բելառուսի Հանրապետությունից ժամանած փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Բելառուսի պետական համալսարանի պրոֆեսոր, ճանաչված քաղաքագետ ԼԵՎ ԿՐԻՇՏԱՊՈՎԻՉԸ, ում հետ բացառիկ զրույց ունեցավ «Իրավունքը»: «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ» -Պարոն Կրիշտապովիչ, Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ: Ըստ Ձեզ, որո՞նք են այն առաջնահերթ առավելությունները, որ կունենա Հայաստանի Հանրապետությունը` անդամակցելով այս միությանը: — Առաջինը, որ պետք է շատ լավ հասկանալ, որ Հայաստանն այլեւս միայնակ չէ, այլ Եվրասիական տնտեսական միության կազմում է: Հետեւաբար, այն հետայսու երաշխավորված է իր դաշնակից երկրների կողմից: Այսինքն` ամենակարեւորը, որ Հայաստանը կշահի ԵՏՄ-ից, իր սահմանների անվտանգության ամրապնդումն է, որտեղ այլ կարծիք չի կարող լինել: Ինչ վերաբերում է տնտեսական առավելություններին, այստեղ պետք է ճիշտ դիտարկում անել: Հասկանալի է, որ հայ աշխատուժը, որը կա Ռուսաստանում, ԵՏՄ-ի շրջանակներում կստանա որոշակի առավելություններ, բայց դրանով բոլոր տնտեսական խնդիրները չեն լուծվում: Հայաստանում տնտեսական առումով իրավիճակը ապաինստիտուցիոնալացված է: — Այս ուղղությամբ ի՞նչ է նախատեսում ԵՏՄ-ն Հայաստանի համար: — Հիմա ժամանակն է անցնելու ինստիտուցիոնալացման, այսինքն` պետք է հենց այստեղ ստեղծել արտադրություններ, ինչու ոչ, նաեւ միացյալ արտադրություններ` գործընկեր պետությունների հետ, եւ դրա համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել: Հենց այս քայլերի շնորհիվ Հայաստանում տնտեսությունը կզարգանա ու կդրվի բոլորովին այլ մակարդակի վրա: Ինչպես ասում են` երկիրը կթեւակոխի նոր ինստիտուցիոնալացման փուլ, ու Հայաստանում տնտեսական իրավիճակը կդրվի կայուն հիմքերի վրա: Սա պետք է լինի այս միության արդյունքը: Եվրասիական տնտեսական միության առաջադրանքն է` օգնել, աջակցել Հայաստանին` վերականգնել կամ վերակենդանացնել հայկական տնտեսությունը: «ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԵՐ ՈՒՆԵՆԱԼ ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ» — Արդեն որպես ԵՏՄ անդամ երկրների ժողովուրդներ` հայ-բելառուսական հարաբերություններում ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում: — Կարծում եմ` շատ նորմալ, քանի որ Հայաստանն արդեն մեր դաշնակիցն է: Հետեւաբար գտնում եմ, որ Բելառուսը կարող է դրական, կառուցողական դեր ունենալ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ` հօգուտ Հայաստանի: — Ինչպե՞ս եք դա պատկերացնում: — Այն տեսանկյունից, որ Բելառուսը կարող է մատնացույց անել, որ Ադրբեջանը նույնպես պետք է զսպի իրեն եւ ընտրի հակամարտության խաղաղ լուծման ճանապարհը: Այսինքն` այստեղ պետք չէ լարվածություն ստեղծել, ու պետք է վերջ դրվի անդադար կրակոցներին: Այս բոլորն անխոս մեր ղեկավարների ուշադրության կենտրոնում են լինելու, որովհետեւ մեր գլխավոր նպատակներից է Հայաստանի անվտանգության ապահովումն ու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծումը: «ԵՏՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՅՍ ՄԻՋԱԴԵՊԸ» -Մինչդեռ խնդրի խաղաղ լուծման փոխարեն, շարունակվում են Ադրբեջանի հերթական սադրանքները հայ-ադրբեջանական սահմանում, եւ դրա վառ ապացույցն էլ այն է, որ բոլորովին վերջերս շփման գծում խոցվեց ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ուղղաթիռը: — Այդ միջադեպը վտանգավոր էր եւ սարսափելի: Դրա պատճառը հենց այն է, որ հետխորհրդային շրջանից հետո սկսվել էր մասնատման գործընթաց: Իսկ այսօր Եվրասիական տնտեսական միությունը վերջակետ է դնում մասնատմանը ու սկսում պատմական միավորման ինտեգրացիոն գործընթաց: Այդ տեսանկյունից սա կլինի խթան, որ նման միջադեպեր երբեք չկրկնվեն: — Միգուցե, նման միջադեպերը ձեռնտո՞ւ են արեւմտյան որոշ ուժերի, որոնք դեռեւս Հայաստանում անհույս փորձեր են անում` մայդան իրականացնելու համար: — Իհարկե, կարելի է խոսել հնարավոր սադրանքի մասին, քանի որ ՀՀ խորհրդարանում շատ շուտով կքննարկվի Եվրասիական տնտեսական միության անդամակցման վավերացման հարցը: Հետեւաբար, ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացի հակառակորդներն ամեն կերպ կարող էին օգտագործել այս միջադեպը` ՀՀ անդամակցման գործընթացի դեմ, որպեսզի Հայաստանը մի պահ խորհի, եւ միգուցե կանգ առնի ԵՏՄ ուղուց: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=21739:2012-04-04-19-36-17&catid=48:handipum&Itemid=114 [ http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=21739:2012-04-04-19-36-17&catid=48:handipum&Itemid=114 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here