Արամ Սաֆարյան. 2017թ. առաջին հինգ ամիսներին ԵԱՏՄ երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին

0
354

«Եվրասիական փորձագիտական ակումբ»-ն ուսումնասիրություն է իրականացրել ԵԱՏՄ անդամակցության համատեքստում Հայաստանի տնտեսական վիճակը 2017թ. առաջին հինգ ամիսներին և եկել եզրակացության, որ ԵԱՏՄ երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նա հիշեցրեց օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունը, որ Ռուսաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր փուլ և կանխատեսվում է լավ տարի երկրի համար։ Բացի այդ, ըստ նրա, և Ռուսաստանի, և Բելառուսի, և Ղազախստանի, և Հայաստանի համար միջազգային վարկանիշային կազմակերպությունները վերանայել են ցուցանիշները՝ խոստանալով զարգացման աճի նոր ցուցանիշներ:

Ըստ այդ կանխատեսումների՝ 2017թ-ին Հայաստանը կարող է ունենալ 2,5-3%, ընդհուպ մինչև 3,4% տնտեսական աճ, ինչը Արամ Սաֆարյանի գնահատմամբ, բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ 2016թ-ին մեր երկրում գրանցվել է 0,2% տնտեսական աճ:

«Այդ բոլոր կանխատեսումները հուշում են, որ հնարավոր է տարին ավարտվի դրական ցուցանիշով՝ ելնելով առաջին հինգ ամիսների տվյալներից, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի համար բացվում է լուրջ հնարավորություն տնտեսության զարգացման համար: Նախորդ տարի ասում էինք, որ Հայաստանում տնտեսական զարգացման մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, եթե ՀՆԱ-ի աճը 6-7% կամ ավելի լինի, իսկ այս տարի արդեն որոշակի զգույշ լավատեսական կանխատեսում ենք անում այն մասին, որ ՀՀ-ի տնտեսությունը 2018 թ-ին և հաջորդ տարիներին զարգանալու է ավելի մեծ ցուցանիշներով , քան 2017թ-ին էր»,- նշեց Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ տնտեսական աճ ապահովող ամենից մեծ ցուցանիշը արտահանման ոլորտում է և այստեղ արդեն հինգ ամիսներին երկնիշ տնտեսական աճ է գրանցվել, մասնավորապես՝ պատրաստի արտադրանքի արտահանմամբ: «Միայն պատրաստի արտադրանքի արտահանումն ավելացնելու դեպքում մենք կարող ենք լուծել մեր երկրում և զբաղվածության, և սոցիալական խնդիրները»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ լավատեսորեն են տրամադրված այնպիսի ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչպիսիք են՝ վերամշակող արդյունաբերությունը, տեքստիլի, կոշկեղենի արտադրությունը, որոնք, ըստ Արամ Սաֆարյանի, տարիներ առաջ համարվում էին «անհույս, մեռած», իսկ վերջին երկու տարիներին ԵԱՏՄ-ի լույսի ներքո զարգացման հնարավորություն են ստացել:

Արամ Սաֆարյանը խոսեց նաև զբոսաշրջությունից՝ նշելով, որ այս ոլորտում ևս աճ է արձանագրվել: «Սա նույնպես հնարավորություն է տալիս լրջորեն խոսելու Հայաստանը զբոսաշրջային երկիր դարձնելու մասին: Միայն ՌԴ-ից Հայաստան կապույտ անձնագրերով առանց վիզայի մտնելու շնորհիվ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 25%-ով: Սա նշանակում է, որ մենք իրապես հնարավորություն ունենք Հայաստանը դարձնելու գրավիչ զբոսաշրջային կենտրոն»,- ասաց փորձագետը:

Արամ Սաֆարյանը միաժամանակ նշեց, որ կան ոլորտներ, որոնք Հայաստանում աճ չեն արձանագրում, մասնավորապես, գյուղատնտեսությունն ու շինարարությունը, բայց, ըստ նրա, հուսադրող են Հայաստանից Ռուսաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ գյուղատնտեսական մթերքներ արտահանելու հնարավորությունները:

Փորձագետի խոսքերով՝ ՌԴ-Արևմուտք առճակատումը չի ավարտելու, կանխատեսվում է, որ մինչև 2020 թ-ը էմբարգոյի քաղաքականությունը շարունակվելու է: Այս իրավիճակում, ըստ նրա, բարենպաստ կլիմակայական գոտիներ ունեցող երկրները՝ ունեն հնարավորություն էապես մեծացնելու իրենց մթերքների արտահանումը Ռուսաստան:

«Մեր ծավալները բավական համեստ են, բայց վերջին երկու տարիներին նաև արձանագրում ենք գյուղատնտեսական մթերքների և պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների աճ: Դա նշանակում է, որ մենք պետք է լրջորեն զբաղվենք այս ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև պետք է ավելացնել ներդրումների ծավալը: Քանի որ ընդհանուր սպասումների ֆոնը դրական է, այստեղ արդեն կարևոր են դառնում մանրուքները, թե ինչպես կաշխատեն հարկային, մաքսային մարմինները, պետական այլ կառույցները, վարկային ու բանկային կազմակերպությունները, ինչպես կբանակցեն քաղաքական գործիչները տնտեսվարողների հնարավորություններն ավելացնելու ուղղությամբ: Սրանից մեծապես կախված կլինի տարվա վերջին և մոտակա տարիների զարգացումը»,-ասաց Արամ Սաֆարյանը:

 

 

 

Panorama.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here