Հայաստանի տնտեսությունը 2017թ. ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության համատեքստում

0
413

ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

  

«Արմենպրես» Պետական լրատվական գործակալությունում

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների մամուլի ասուլիսին առնչված ընթացիկ տնտեսագիտական հետազոտություն

24 փետրվարի 2018 թ., Երևան, Հայաստան

 

Ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը։ Հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չի հանդիսանում։ Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ-արտահանում 30% հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։ 2017թ. արտահանումն առաջին անգամ գերազանցեց $2 մլրդ, կազմելով` 2.2 մլրդ դոլար: Փաստացի 2017թ. ընթացքում ունենք 25% արտահանման էական աճ: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճեց մոտ 50%, ինչը կարևորոգույն գործոն է ՀՀ մրցունակության աճի ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: Առաջնահերթ խնդիր է նաև արտահանման հետագա բազմատեսականացումը։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ արտահանումը $3 մլրդ-ի հասցնելու համար։

 

Աղյուսակ 1. ՀՀ արտահանման կառուցվածք

 

Արտահանում
2017 2016
տեղ հազ. դոլար % տեղ հազ. դոլար տեղ
Ընդամենը 2,242,869 100.0% 1,791,724 100.0%
Ռուսաստան 1 541,583 24.1% 1 374,471 20.9%
Բուլղարիա 2 286,204 12.8% 2 152,420 8.5%
Շվեյցարիա 3 269,370 12.0% 9 74,643 4.2%
Վրաստան 4 155,213 6.9% 3 146,938 8.2%
Գերմանիա 5 132,483 5.9% 5 138,950 7.8%
Չինաստան 6 123,753 5.5% 7 96,384 5.4%
Իրաք 7 120,932 5.4% 6 137,896 7.7%
ՄԱԷ 8 102,828 4.6% 10 63,842 3.6%
Նիդերլանդներ 9 90,755 4.0% 8 75,253 4.2%
Իրան 10 84,153 3.8% 12 50,836 2.8%

 

Հիմնականում դեպի ԵԱՏՄ շուկաներ 2017թ.-ին աճեց արտահանումը քիմիական և դեղագործական արդյունաբերության (71.4%), փայտամշակման արտադրության (50.5%), տեքստիլի և տեքստիլ արտադրության (35%) և սննդի պատրաստի արտադրանքի (27%):

Անհրաժեշտ է նշել, որ 2017թ. արտահանումը դեպի Ռուսատան աճել է 44.6%, որը ԵԱՏՄ-ում մեր առանցքային գործընկերն է: 2017թ. ՀՆԱ-ի աճը գերազանցեց 5%, նախնական հաշվարկներով կազմելով 5.4%, ինչն էապես բարձր է պլանավորված 3.2% աճից։ Նկատվում է արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճ։ Դեպի Ռուսաստան արտահանման աճն ընթանում է առաջանցիկ տեմպերով։ Արտահանման աճի մեջ առանցքային դեր ունի դրա կառուցվածքը։ Ավելացված արժեքի բարձր տոկոս ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական հեռանկարը կապվում է Ռուսաստանի հետ։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ հնարավորությունները դեպի միության այլ երկրներ նույնպես արտահանման զգալի աճ ապահովելու համար։

Հայաստանը Եվրամիություն արտահանում է հիմնականում հումք։

Երկրի մրցունակության մակարդակի բարձրացմանը նպաստել են.

— ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը մաքսատուրքերի վերացման մասին,

— բոլոր ընթացակարգերի պարզեցումը՝ արտահանման արտոնագրերի ձևակերպումից և ստացումից մինչև մաքսային ձևակերպում,

— ռուսական ռուբլու կայունացումը. 2016-17թթ. ռուբլին ամրացել է 22.5%-ով, համապատասխանաբար նույնքան էլ բարձրացել է Ռուսաստան արտահանողների հասույթը արտարժույթով,

— գազի գների իջեցումը։ Հայաստանը գազ ստանում է 1000մ3-ը $150-ով։ Ընդ որում, գազի գինը տարածաշրջանում կազմում է $180-190։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը տարեկան սպառում է մոտավորապես 2 մլրդ մ3 գազ (2017թ. 1.996 մլրդ մ3, աճ 7%), էֆեկտը կազմում է $70 մլն։ ԵԱՏՄ-ի մասին Պայմանագիրը ստորագրելիս գազի գինը կազմում էր մոտ $400 1000մ3-ի դիմաց, իսկ Հայաստանի համար գինը $270-ից իջեցվեց մինչև $189։

Դրական ազդեցություն է ունեցել նաև Հայաստանի կառավարության որոշումը՝ մեկ երրորդով իջեցնել գազի գինը ջերմոցային տնտեսությունների և վերամշակող արդյունաբերության համար։ Հաշվի առնելով այն, որ էներգառեսուրսները կազմում են արտադրանքի ինքնարժեքի մոտ 30%-ը, փաստորեն գյուղտնտարտադրանքի ինքնարժեքն իջեցվեց 10%-ով, ինչն, իհարկե, նույնպես բարձրացրեց այդ արտադրանքի մրցունակությունը։

Իրենց դերն ունեցան նաև Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները, որոնք ընդլայնեցին ԵԱՏՄ երկրներից դեպի Ռուսաստան արտահանման հնարավորությունները։

Ավելացել է նաև դեպի ԵՄ կատարվող արտահանումը, ինչը նախ և առաջ կապված է գունավոր մետաղների գների էական աճի հետ։ Գունավոր մետաղների հանքաքարի, ալյումինի թերթերի, ֆերոձուլվածքի արտահանումը կազմում է դեպի ԵՄ արտահանման բացարձակ մեծությունը։ Պղնձի գինը 2016-17թթ. բարձրացել է՝ $4400-ից հասնելով 7000-ի՝ մեկ տոննայի դիմաց։ Մետալուրգիական հանքի արդյունահանումը 2017թ.-ին աճել է 13.2%, պղնձի խտանյութի արտահանումը աճել է 32%: Ըստ ԵՄ փորձագետների GSP+ համակարգի տված գնահատականով՝ Հայաստանը 2016թ. $8.7 մլն է խնայել։ Իսկ ԵԱՏՄ արտահանման պարագայում, հաշվի առնելով էներգառեսուրսների արտոնյալ գները, արտահանողները խնայել են մոտ $60 մլն։

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընդդիմախոսները նշում են, որ Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կրճատվել է 8%-ով։ Իսկ պետական պարտքն ավելացել է 10%-ով։ Նախ՝ միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն, 2015-16թթ. գրանցվել է Հայաստանի ՀՆԱ աճ, իսկ 2017թ. արդեն արձանագրվել է ՀՆԱ-ի էական աճ։ Երկրորդ՝ ՀՆԱ հաշվարկը դոլարի հանդեպ ազգային արժույթի փոխարժեքի փոփոխությանը համապատասխան, քննադատության չի դիմանում։ Դոլարի հանդեպ վրացական լարիի փոխարժեքն, օրինակ, 2017թ. աշնանը նվազել է՝ 2.5 լարիից հասնելով 2.7 լարիի, այսինքն՝ 7.5%-ով։ Փաստորեն, Վրաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ նվազել էր 7.5%-ով։ ՀՆԱ հաշվարկը՝ կապված դոլարի փոխարժեքի փոփոխության հետ, կոռեկտ չէ և այս կամ այն ինտեգրացիոն համաձայնագրի կնքման հետևանք չի հանդիսանում։ Նշենք նաև, որ այն ժամանակ, երբ ԵՄ ՀՆԱ-ն 2008-09թթ. կրճատվել էր 4%-ով, Լատվիայում գրանցվել էր ՀՆԱ 22.4% անկում, իսկ Լիտվայում՝ 18%։ ՀՆԱ կրճատման գծով Լատվիան աշխարհում առաջինն էր 2009թ.։ Միակողմանի և սուբյեկտիվ է այս պարագայում ՀՆԱ անկումը կապել ինտեգրացիոն գործընթացների հետ։ Դա, առաջին հերթին, երկրի տնտեսության զգայուն լինելն է արտաքին բացասական գործոնների հանդեպ, այսպես կոչված թույլ տնտեսական հոմեոսթազը։

Իսկ Հայաստանում ՀՆԱ աճի տեմպի իջեցումը 2015թ., առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ 2015թ. պղնձի մեկ տոննայի գինը $5190-ից իջավ՝ կազմելով $4400։ Գինն ընկավ 25%-ով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ կրճատվեց՝ 56 ռուբլուց հասնելով 77-ի։ Նվազումը կազմեց 28%։

Սրանք են տնտեսության աճի տեմպի կրճատման հիմնական պատճառները 2015թ., այլ ոչ թե ինտեգրացիոն գործընթացները։ Իհարկե, եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, ապա գազի գնի 30% աճը, մաքսատուրքերը, սանիտարահիգիենիկ սահմանափակումները, դրամական փոխանցումների կրճատումն ավելի կվատթարացնեին իրավիճակը։ Ինչ վերաբերում է արտաքին պարտքի աճին, ապա, նախ՝ այն օրենսդրորեն սահմանված սահմաններում է, երկրորդ՝ մենք Ռուսաստանից ստացել ենք խիստ նպատակային վարկեր։ Երկու արտոնյալ վարկ՝ $300 մլն-ի չափով, որոնք անմիջականորեն ուղղվել են մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Այս վարկերի արդյունավետությունն անվիճելի է։ Հայաստանը Ռուսաստանից նաև $270 մլն և $30 մլն նպատակային վարկ է ստացել՝ որպես դրամաշնորհ, որոնք անհրաժեշտ են ատոմակայանը արդիականացնելու և շահագործման ժամկետը երկարացնելու համար։

Հարկ է ընդգծել, որ ԵԱՏՄ-ի մասին Պայմանագրի 4-րդ հոդվածում՝ «Միության հիմնական նպատակները», նշված է. միության հիմնական նպատակն է ոչ միայն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորումը, այլև ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացումը, կոոպերացումը և մրցունակության բարձրացումը։ Փաստորեն, Պայմանագրում նշվում է տնտեսության զարգացմանը նպաստելու անհրաժեշտությունը սույն՝ զգալիորեն ավելի արդյունավետ սցենարով։

Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում ՀՀ-ում կատարվող ներդրումների ծավալով։ Հարկ է ընդունել, որ այդ թվում պատժամիջոցների և էներգառեսուրսների գների տատանումների պատճառով ՀՀ տնտեսությունում ներդրումների աճի տեմպի զգալի մեծացում առայժմ տեղի չի ունեցել։

 

Աղյուսակ 2. Ներդրումները ՀՀ տնտեսությունում (մլն. ԱՄՆ դոլար).

Համախառն հոսքեր
Ընդամենը Այդ թվում` ուղղակի ներդրումներ %
Ընդամենը ուղղակի ներդրումներ
Ընդամենը 13,079 7,378 100.0% 100.0%
1 Ռուսաստան 4,754 3,433 36.4% 46.5%
2 գերմանիա 1,348 381 10.3% 5.2%
3 Ֆրանսիա 1,052 946 8.0% 12.8%
4 Կիպրոս 912 168 7.0% 2.3%
5 Արգենտինա 623 328 4.8% 4.5%
6 Կանադա 602 125 4.6% 1.7%
7 Լիբանան 496 198 3.8% 2.7%
8 ՄԱԷ 438 255 3.4% 3.5%
9 Մեծ Բրիտանիա 422 193 3.2% 2.6%
10 Հունաստան 409 257 3.1% 3.5%

 

2017թ-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1,172 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21%-ով ավելի է: Զբոսաշրջության էական աճը պայմանավորված է ոչ միայն ԵԱՏՄ անդամակցությամբ, որը նպաստել է մարդկանց ազատ տեղաշարժին, այլ նաև պայմանավորված է ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրելու Ռուսաստանի զբոսաշրջիկներին այցելել Հայաստան ներքին անձնագրերով:

Տրանսֆերտները դեպի Հայաստան 2016թ. կազմել են 1,382 մլն դոլար, իսկ 2017թ. նախնական տվյալներով կազմել են 1,489 մլրդ դոլար: Գրանցվել է մոտ 7% աճ. Հիմնականում տրանսֆերտները Հայաստան ստացվում են Ռուսաստանից` 63%:  ԱՄՆ-ից ստացվել են տրանսֆերտների 14%, Ուկրաինացից  5.5%:

Անհրաժեշտ է ճշգրտել և համաձայնեցնել ԵԱՏՄ երկրների տնտեսական քաղաքականության գերակայությունները, հստակ սահմանել նրա նպատակները, ձևավորել տնտեսության զարգացման նոր մոդել, կանխատեսել ակնկալվող արդյունքները։ Չափազանց կարևոր է տնտեսական քաղաքականության (հատկապես դրամավարկային և հարկաբյուջետային) արձագանքը տնտեսական անվտանգության խախտման ֆիքսվող ազդակներին՝ ՀՆԱ անկում, առևտրային հաշվեկշռի պակասուրդի ավելացում, գնաճ։ Արտաքին բացասական ազդեցություններին դիմակայելու ունակությունը կարևոր նշանակություն ունի ներդրումների ներգրավման համար։

Հարկավոր է օգտագործել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով ընձեռված բոլոր հնարավորությունները՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար։ Կան ԵԱՏՄ երկրների համագործակցության հեռանկարներ պաշտպանության ոլորտում, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի և սարքաշինության ոլորտներում, շինանյութերի արտադրությունում և պղնձաձուլարանների կառուցման, քիմիական արդյունաբերության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության, դեղամիջոցների արտադրության և տուրիզմի զարգացման մեջ ներդրումների ներգրավման համար։

Հրատապ խնդիր է, նկատի ունենալով ՌԴ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքը և ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 4-րդ հոդվածը, ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին, ռազմավարական օբյեկտների կոոպերացման և արդիականացման ճանապարհային քարտեզի մշակումը։

Հրատապ խնդիրներ են նաև ԵԱՏՄ երկրների ստանձնած պայմանագրային պարտավորությունների հստակ կատարումը, մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացումը, առաջին հերթին՝ համաձայնեցումը գնաճի և ազգային արժույթների փոխարժեքի հարցում և անցումը ազգային արժույթով փոխհաշվարկների։ Չափազանց կարևոր են նաև կոռուպցիային դիմակայելու ծրագրերի մշակումը և դրանց հստակ իրականացումը։ Հարկ է լուծել մաքսային խնդիրները և էներգառեսուրսների գների ազատականացման և կոորդինացման հետ կապված հարցերը ԵԱՏՄ-ում։ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայուն և փոխկապակցված աճի համար այս խնդիրների լուծումը առաջնահերթ է։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here