Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն արդի փուլում. իրողություններ, վտանգներ, հեռանկարներ

0
400

ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ

«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն,

 ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ,

տեխնիկական գիտությունների թեկնածու,

 Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

 

Զեկուցում «ՀայաստանՌուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ

7 հուլիսի 2018 թ., ք.Երևան, Հայաստան,

«Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների դահլիճ

 

ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի իրողությունները ձևավորող բազմաթիվ գործոններից առանձնացրել ենք հետևյալը:

«Ռուսաստանի ռազմական դաշնակիցները քիչ են». այսպես են սկսվում Վալդայան ակումբի 2017թ. թիվ 66 «Գրառումները»[1]։ «Պարտավորեցնող պայմանագրեր, երբ մեկ կողմի վրա հարձակումը հավասարվում է հարձակման բոլորի վրա, Ռուսաստանն ունի միայն Աբխազիայի և Հր. Օսիայի հետ», — ասվում է այստեղ: Եվ շարունակվում է. «Այլ պայմանագրերը, անգամ այն երկրների հետ, որոնք համարվում են Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցները, չունեն անվտանգության փոխադարձ երաշխիքների այսպիսի ավտոմատ մեխանիզմներ: Մասնավորապես, ՀԱՊԿ շրջանակում այս առումով պարտավորությունները զգալիորեն ավելի մեղմ են, քան ՆԱՏՕ-ի դեպքում: Եվ սա պարզորոշ երևում է համապատասխան դրույթների համեմատությունից»: Ու «Գրառումները» բերում են հետևյալ ցիտատները.

Հյուսիսատլանտյան դաշինք, Հոդված 5. «Կողմերը համաձայնում են, որ զինված հարձակումը Կողմերից մեկի կամ մի քանիսի վրա Եվրոպայում կամ Հս. Ամերիկայում կդիտարկվի որպես հարձակում ընդդեմ բոլորի…»[2]։

ՀԱՊԿ պայմանագիր, Հոդված 2. «Անդամ պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը սպառնալիքի գոյացման դեպքում անդամ պետություններն անհապաղ գործարկում են համատեղ խորհրդատվության մեխանիզմները՝ նպատակ ունենալով համադրել իրենց դիրքորոշումները օգնություն տրամադրելու համար, մշակում և ընդունում են միջոցներ վտանգը վերացնելու ուղղությամբ»[3]։

Ելնելով այսպիսի, ինչպես կտեսնենք՝ ընտրովի, հետևաբար և խեղաթյուրված համեմատությունից՝ եզրակացվում է, որ 1. դաշնակիցների հետ հարաբերություններում ՀԱՊԿ «պրագմատիկ» մոտեցումը համահունչ է պայմանագրի տառին և ոգուն (ինչը, ինչպես կտեսնենք, սխալ է փաստացի); 2. այն համապատասխանում է Ռուսաստանի ազգային շահերին (ինչը, կարծում ենք, սխալ է կոնցեպտուալ առումով):

Ակումբի կարծիքով, դաշինքների համակարգն առաջին հերթին պետք է ապահովի Ռուսաստանի ներկայությունը որպես ազդեցիկ ուժ իր համար կարևոր տարածաշրջաններում: Բայց, միևնույն ժամանակ, Ռուսաստանը պետք է խուսափի սեփական դաշնակիցների մանիպուլյացիաներին ենթարկվելուց: Օրինակ, պարզաբանում են «Գրառումները», «Հայաստանի հետ հարաբերությունները ՌԴ-ի համար կարևոր են Անդրկովկասում իր ներկայությունը պահպանելու և ամրապնդելու առումով: ՌԴ-ն Հայաստանին տրամադրում է և կշարունակի տրամադրել ռազմական օգնություն և կսատարի տնտեսական զարգացմանը: Բայց Ռուսաստանը կխուսափի այնպիսի իրավիճակներից, երբ իր հակառակ կոալիցիայում կհայտնվի Ադրբեջանը՝ մեկ կամ մի քանի հարևան պետությունների հետ միասին»: Պետք չէ միջուկային ֆիզիկոս լինել հասկանալու համար, որ ողջ խնդիրը այստեղ կայանում է նրանում, թե՛ ի՞նչ են հասկանում «Գրառումների» հեղինակները «դաշնակիցների մանիպուլյացիաների» տակ: Եվ ի՞նչ կլինի, եթե օրինակ Ադրբեջանը՝ «մեկ կամ մի քանի հարևան պետությունների հետ հայտնվի ՌԴ հակընդեմ կոալիցիայում»: Ոչ թե քմահաճուքի, կամ մանիպուլյացիաների արդյունքում, այլ աշխարհաքաղաքականության դաժան օրենքների տրամաբանությամբ:

Ինչևե, այսպիսինն են իրողությունները: Եվ ոչ միայն Վալդայան ակումբի «Գրառումների» էջերում, այլև ՌԴ իշխանական վերնախավի շատ ավելի լայն շրջանակների ընկալումներում:

ՎՏԱՆԳՆԵՐ

Հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքին սպառնացող վտանգների լայն բազմության մեջ գլխավոր վտանգը, կարծում ենք, հիմնարար փաստաթղթերի ահա այսպիսի ընտրական ընթերցումն է և այն հետևությունները, որոնց անհրաժեշտաբար հանգում են դրանց այսպիսի «պրագմատիկ» ընթերցմամբ: Պարզաբանենք սա հետևյալ համեմատական աղյուսակով.

 «Իդեոլոգներ» «Պրագմատիկներ»
1. Ռուսաստանի դաշնակիցները քիչ են: Հետևաբար, պետք է ամրապնդել կապերը եղածների հետ ու ջանալ ձեռք բերել նորերը: 1. Հակառակը, Ռուսաստանի այս «փայլուն մեկուսացվածությունն» օգնում է՝ մեր արտաքին քաղաքական շահերը հետապնդելիս գործել ազատ ձեռքերով, առանց կապանքների:
2. Ռուսաստանը պետք է գաղափարախոսական այլընտրանք առաջարկի «Արևմուտքին» (և/կամ «մահմեդական արմատականությանը»): 2. Գաղափարախոսության բացակայությունը և մեսիականությունից հրաժարումն է, որ թույլ են տալիս ՌԴ-ին պահպանել իր աշխարհաքաղաքական բաձր դիրքը՝ ծախսելով դրա համար ավելի քիչ ռեսուրսներ, քան ԽՍՀՄ-ը:
3. Ռուսաստանը պետք է ամրապնդի դիրքերն ազդեցության իր ավանդական տարածաշրջաններում՝ հետխորհրդային տարածքում և Բալկաններում: 3. Ռուսաստանը պետք է կայունացնի լիմիտրոֆ տարածքները միայն այն չափով, որն անհրաժեշտ է իր տարածքների անվտանգությունն ապահովելու համար, և թույլ չտա դաշնակիցներին իրեն ներքաշել իր համար ոչ անհրաժեշտ կոնֆլիկտների մեջ:

 

«Պրագմատիկների» այսպիսի մոտեցումը, կարծում ենք, արատավոր է: Նախ՝ նրա համար, որ հիմնվում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի աղավաղված և ընտրովի ընթերցման վրա: Իրոք, «Գրառումների» հեղինակները «մոռացել» են ցիտել ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը: Իսկ այն, աներկբա, ասում է.

ՀԱՊԿ պայմանագրի Հոդված 4. «…Եթե պայմանագրի մեկ մասնակից ենթարկվում է ագրեսիայի, ապա դա դիտարկվում է որպես ագրեսիա բոլոր մասնակից պետությունների հանդեպ: Ագրեսիայի ենթարկված պետության խնդրանքի դեպքում մնացյալ բոլոր պետությունները նրան տրամադրում են անհրաժեշտ օգնություն, ներառյալ՝ ռազմական…»[4]։

Այսինքն՝ ճիշտ այն, ինչ ասվում է ՆԱՏՕ պայմանագրի 5-րդ հոդվածում: Ավելին, նրանք մոռացել են ցիտել նաև «ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ» կոչվող փաստաթուղթը, որում հստակ սահմանված են դաշինքի հայեցակարգային հիմունքները. 1. անվտանգության միասնականության դրույթը, այսինքն՝ ՀԱՊԿ անդամ պետության հանդեպ ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա բոլորի հանդեպ; 2. մասնակիցների անվտանգության ապահովման գործում մասնակից պետությունների հավասար պատասխանատվությունը[5]:

Բայց այն արատավոր է նաև այն պատճառով, որ արհեստածին կերպով ջանում է Վ.Ցիմբուրսկու «կղզի-Ռուսաստան» հայեցակարգի որոշ տարրեր միավորել Դ.Ռամսֆելդի ցինիկ «Ոչ թե դաշինքն է որոշում նպատակը, այլ նպատակն է ձևավորում դաշինքը» բանաձևին: Հասկանալի է, մենք չէ, որ պետք է որոշենք, թե ինչպես պետք է Ռուսաստանը կառուցի իր դաշնակցային հարաբերությունները: Բայց պարտավոր ենք մատնանշել հետևյալը. ցինիզմը և պրագմատիզմը աշխարհաքաղաքականությունում առկա են դարեր ի վեր: Եվ այստեղ կան արդեն դրա հմուտ վարպետներ: Իսկ ինչպես ասում է հայկական ասույթը՝ «չարժե Սատանի մայլում քյանդրբազություն անել»։ Ոչ մի լավ բանի սա չի հանգեցնի:

Կրկնենք: Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքին սպառնացող գլխավոր վտանգը մենք համարում ենք ոչ թե բելառուսա-չինական «Պոլոնեզները», իսրայելական «Լորաները», ռուսական ТОС-երը, թուրքական «Կասիրգաները» կամ «SOM»-երը ադրբեջանական բանակում: Ոչ թե Նախիջևանում արբանյակների ղեկավարման պահեստային կենտրոնը կամ թուրքական ռազմական հրահանգիչներին: Ոչ էլ անգամ Կասպիցի սահմանազատման գործում Ռուսաստանի վերջերս արձանագրած նահանջը կամ Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման դանդաղումը: Այլ դաշնակիցների հետ հարաբերությունների հարցում այսպիսի «պրագմատիկ», իսկ իրականում՝ արատավոր մոտեցումը:

ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Հեռու ենք այն մտքից, որ ի վիճակի ենք հայեցակարգային առումով ազդել դաշնակցային հարաբերությունների ձևավորման վրա Մոսկվայում կամ, առավել ևս՝ Աստանայում ու Մինսկում: Կցանկանայինք միայն ընդգծել դաշնակցային հարաբերությունների այն տարրերը, որոնք, մեր կարծիքով, պահպանում են իրենց ողջ օգտակարությունն ու արդյունավետությունը թե՛ «պրագմատիկների» ad hoc մոտեցման, թե՛ «գաղափարախոսների» ավելի խորացված ընկալումների պարագայում: Հակիրճ դրանք կարելի է վերնագրել հետևյալ կերպ. «Ապահովել դաշնակից տերությունների տեխնոլոգիական և ենթակառուցվածքային կապակցվածությունը քաղաքական առնվազն 2 – 3 էլեկտորալ ցիկլերի հեռանկարում»:

Այս առումով արդեն իրականացված են մի շարք կարևոր քայլեր: Նկատի ունենք ՀՀ և ՌԴ միացյալ ռազմական խմբավորման ձևավորումը, ՀՕՊ, հուսով ենք՝ նաև ՀՀՊ, համատեղ հրամանատարության ստեղծումը, Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի գտնվելու ժամկետի երկարաձգումը մինչև 2044թ.: Սակայն այս ամենը, արդի աշխարհի հիբրիդային սպառնալիքների պայմաններում, մեր կարծիքով՝ բավարար չէ:

Բանն այն է, որ այս, կրկնենք՝ կարևոր, քայլերն ապահովում են միայն ենթակառուցվածքային կապակցվածություն, և միայն բուն ռազմական ոլորտում: Սակայն քիչ բան են տալիս, օրինակ՝ էներգատրանսպորտային կապակցվածության առումով կամ տեխնոլոգիական ու տնտեսական ամբողջական ոլորտներում: Առավել ևս՝ մեր երկրների հանրությունների և իշխանական վերնախավերի կողմից տարածաշրջանում և ողջ աշխարհում ներկայում ընթացող բուռն գործընթացների փոխլրացնող և փոխամրապնդող ընկալումների ձևավորման գործում:

Այս տեսանկյունից, կարծում ենք, առաջնահերթ են հետևյալ խնդիրները.

  1. 2026 թվականից սկսած և 50-70 տարի ժամանակային հորիզոնում ապահովել Հայաստանում ատոմային էներգետիկայի ողջ սեգմենտի առկայությունն ու զարգացումը
  2. Վերակենդանացնել և զարգացնել երկարաժամկետ և բարձրտեխնոլոգիական համագործակցությունն արբանյակային ունակությունների, լազերային տեխնիկայի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում
  3. Վճռականորեն իրագործել Հայաստանն ապաշրջափակող «Հյուսիս-Հարավ» էներգատրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը:

Դե, իսկ ամենակարևորը, մեր կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքը բուն քաղաքական, եթե կուզեք՝ աշխարհաքաղաքական բովանդակությամբ հագեցնելու խնդիրն է:

Չէ՞ որ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, ավարտված աշխարհաքաղաքական ծրագրեր չեն: Ինչպե՞ս մենք դրանք կավարտենք, և մե՞նք է, որ դրանք կավարտենք. ահա հարցեր, որոնք պահանջում են խորացված և հիմնավոր պատասխաններ: Խոսել մեր երկրների ռազմաքաղաքական դաշինքի հեռանկարների մասին արժե առաջին հերթին հենց այս պատասխանների համատեղ որոնման ծիրում:

22 հունիսի, 2018թ.

 

 

[1] Силаев, Н., Сушенцов, А., Союзники России и геополитический фронтир в Евразии. Валдайские записки, № 66, Апрель, 2017. Այս հարցի առնչությամբ տե՛ս Арутюнян Г.А., Марджанян А.А., Духовно-технологические ресурсы и вопросы союзничества в гибридных реалиях, «21-й ВЕК», 4 (45), 2017.

[2] http://www.nato.int/cps/ru/natohq/official_texts_17120.htm

[3] http://www.odkb-csto.org/documents/detail.php?ELEMENT_ID=126

[4] http://www.odkb-csto.org/documents/detail.php?ELEMENT_ID=126

[5] http://www.odkb-csto.org/documents/detail.php?ELEMENT_ID=130

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here