Հեղափոխությունից հետո մարդիկ ավելի շատ վարկ են վերցրել եւ ավելի շատ ավանդ ներդրել. Արամ Սաֆարյան

0
335

Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը համամիտ է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ` այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները կարելի է բացառիկ համարել առնվազն երեք պատճառով. նախ, աննախադեպ է այն փաստը, որ թավշյա հեղափոխությունը չի հանգեցրել տնտեսական լուրջ ցնցումների: Երկրորդ, այն արագացրել է բազմաթիվ դրական զարգացումները, ավելացնելով վստահությունը ոչ միայն նոր կառավարության, այլ նաեւ բանկային համակարգի հանդեպ, ինչն արտացոլվում է ավանդների աճող քանակում: Եվ երրորդ, թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի կասեցրել Հայաստանի տնտեսության աճի եւ աստիճանական վերականգնման դրական միտումը, այլեւ մեծապես բարձրացրել է տնտեսական բարեփոխումների արդյունավետությունը: Այս մասին այսօր վերլուծաբանը հայտարարեց «Արմենպրեսի» մամուլի սրահում`ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի հերթական վերլուծությունը: Այն վերաբերվում է Հայաստանի տնտեսություն շարժերին` 2018-ի առաջին կիսամյակում`ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում:

Ըստ ակումբի հետազոտության կիսամյակային կտրվածքով գործարար ակտիվության ցուցանիշը մեր երկրում բարձրացել է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելանալով 8,9%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 3,7%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրության ընդհանուր ծավալը` 5,5%-ով: Ռեկորդային աճ է գրանցվել շինարարության ոլորտում` 13,5%: Ծառայությունների ոլորտում գրանցվել է 18,1% աճ, մասնավորապես առեւտրի ոլորտում` 9%: Աղքատության ընդհանուր մակարդակի նվազմանը զգալիորեն նպաստում է նաեւ եկամուտների աճը: Ակումբի անդամները կարեւոր են համարում այն, որ արտահանումը աճել է 20%-ով, իսկ ներմուծումը` 33,9%-ով:

«Հատկանշական է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2018 թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 21,7%-ով: Քննության առարկա կիսամյակի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,2%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 5,1 մլրդ. դոլար: 2017 թ. առաջին կիսամյակում նույն ցուցանիշը կազմում էր 4,5 մլրդ. դոլար: Նոր կառավարությունն, ըստ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի, գտնում է, որ բարձր տեխնոլոգիաների արտադրությունը միանգամայն իրատեսորեն կարող է դառնալ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը եւ այս ճյուղի զարգացման համար նախադրյալներ կան, ինչպես նաեւ` ներդրումային հետաքրքրություն: Մասնավորապես, «Ինժեներական քաղաքի» օրինակով երկրում ներկայացված է բարձր տեխնոլոգիաների արտադրությունը»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Ըստ բանախոսի, կառավարության նկատմամբ վստահությունը նույնպես արտացոլվում է ֆինանսական համակարգում: Երկրորդ եռամսյակի երեք ամիսների ընթացքում հայկական բանկերի վարկային պորտֆելը աճել է 99 մլրդ. դրամով: Դա նշանակում է, որ այդքան շատ վարկեր են ստացվել քաղաքացիների կողմից եւ ներդրվել գործարար ոլորտում: Հայաստանի բանկերում ավանդները աճել են մոտ 250 մլն. դոլարով եւ դրանք ֆիզիկական ու իրավաբանական անձանց ավանդներն են. «Սա վկայում է, որ աճել է վստահությունը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի նկատմամբ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Հետազոտության արդյունքներով, ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանից արտահանումը 28 տոկոս է, որից 27,5 տոկոսը դեպի ՌԴ: Արամ Սաֆարյանը նկատում է`այս թվերն ամրապնդում են երկու տարի առաջ ակումբի անդամների արած կանխատեսումը, որ ՌԴ-ն ավելի է բացելու իր շուկան Հայաստանի առջեւ: Նա ուշագրավ է համարում, որ 20 տոկոսով աճել է Հայաստանից պատրաստի արտադրանքի արտահանումը: «Հայաստանը կարիք ունի ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման: Պետությունը գյուղմթերք արտադրողներին ձեռք մեկնելու մասին պետք է մտածի»,- հայտարարեց բանախոսը: Թեեւ ՌԴ-ից Հայաստանում ուղղակի ներդրումներ չեն եղել, սա, Արամ Սաֆարյանի պնդմամբ, արդեն շատ լուրջ ներդրում է մեր տնտեսության համար: ՌԴ-ում տեղի ունեցող աննպաստ գործընթացները`արեւմտյան պատժամիջոցների խորացումը, Արամ Սաֆարյանի պնդմամբ միայն ուժեղացնում են ՌԴ-ն`ստիպելով մտածել սեփական արտադրության մասին. «Լիբերալների փոխարեն ՌԴ-ում ուժեղանում են պետականամետները եւ այս ամենը Հայաստանի համար տնտեսական զարգացման մեծ հնարավորություն է բացում: ՀՀ իշխանությունները պետք է մտածեն այդ ոլորտները խորացնելու մասին»:

Ակումբի անդամները գտնում են, որ ՌԴ-ՀՀ համագործակցության ոլորտ է ռազմաարդյունաբերությունը եւ դրա հարակից ճյուղերը`մեքենաշինություն եւ այլն: «Քանի որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է եւ միայն վերջին տարում արտահանումը ՌԴ 50 տոկոսով ավելացել է, երկու երկրների քաղաքական ղեկավարները, գործարարները անելիք ունեն ռազմաքաղաքական հարաբերությունները խորացնելու, քանի որ դա է պահանջում մեր տնտեսական շահը»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Անցյալ տարվա վերջում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները Հայաստանի համար կանխատեսում էին ՀՆԱ-ի աճ այս տարվա վերջում 3,5%-ի չափով: Մոտավորապես նույն կանխատեսումն էին անում Համաշխարհային բանկի աղբյուրները: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքում այդ ցուցանիշները վերանայվել են: Համաշխարհային բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ 4,1%-ով, իսկ Հայաստանի կառավարությունըՙ 4,5%-ի չափով:

«Մեր տնտեսագետները համոզված են, որ 2018 թ. բարենպաստ միտումների խորացման պայմաններում հնարավոր է ակնկալել ոչ միայն մինչեւ 6%, այլեւ նույնիսկ 7-8% ՀՆԱ աճ: Հիշեցնենք, որ այս աճի տեմպի պայմաններում տասը տարի նման տեմպ պահպանելու դեպքում մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանի ՀՆԱ-ն: Սա մի հեռանկար է, որի համար արժե անդուլ եւ համերաշխ աշխատել»,- եզրափակեց Արամ Սաֆարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here