ՀԱՊԿ-ի գնացքը գնաց, ժամանակն է մտածել ԵԱՏՄ-ում ակտիվ աշխատելու մասին, մենք պատրաստ ենք օգտակար լինել. Արամ Սաֆարյան (տեսանյութ)

0
322

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հյուրն է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքագետ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Հայտնի փորձագետի հետ մեր զրույցը ընթացավ Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության շուրջ:

2018-ին Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, ՀՀ նոր իշխանությունը, կարծես թե, առանց ափսոսանքի, զիջեց այն. ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը մեզ համար երկրորդական, երրորդականն, նույնիսկ հիսուներորդական հարց է: Ի դեպ, 20 տարի անց միայն Հայաստանը կունենա հնարավորություն այդ պաշտոնում սեփական ներկայացուցիչն ունենալու…

Մեզ հետ զրույցում Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը նախ շեշտեց Հայաստանի համար ՀԱՊԿ անդամ լինելու կարևորությունը, իսկ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ ներկայացուցիչ ունենալը՝ համարեց հպարտություն:

«ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը գիտակցաբար գնաց Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու և անվտանգային նույն համակարգում հայտնվելու ճանապարհով: Եվ այդ համակարգն այսօր մեզ համար ապահովում է, առաջին հերթին, անվտանգ երկինք. ներառելով միջուկային հովանոցի տակ, մեր դաշնակիցը դրանով անվտանգ դարձրեց Հայաստանի օդային տարածքը, որպեսզի Հայաստանի վրա չլինի հարձակում՝ միջուկային զենքի կիրառմամբ: Երկրորդը, Հայաստանում հակահրթիռային համակարգերի տեղադրումն է: Երրորդը, հայ-ռուսական միասնական զորամիավարումների առկայությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս էլ ավելի ամրապնդել մեր ցամաքային անվտանգությունը»:

Դառնալով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու հարցին, Արամ Սաֆարյանը նկատեց. «Կարծում եմ, որ դա անփորձության հետևանք էր: Եթե մեր ղեկավարների կամ նրանց խորհուրդ տվողների մոտ քաղաքական փորձը շատ լիներ, ապա նրանք նախ կմտածեին փոխարինողի մասին, ու դրանից հետո միայն հետ կկանչեին Խաչատուրովին»:

Սաֆարյանի համոզմամբ նախ հարկավոր էր բանակցություններ վարել ռուս, ապա մյուս գործընկերների հետ, վստահության վրա հիմնված բանակցություններից հետո առաջ քաշել Հայաստանի հաջորդ ներկայացուցչի թեկնածությունը:

«Ես գիտեմ, որ կար առնվազն մեկ թեկնածություն, և նա շատ արժանավոր մարդ է, խոսքս գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի մասին է, նա լուրջ զինվորական է ու իսկական մտավորական, ես հպարտ եմ, որ ճանաչում եմ նրան: Եվ ուրեմն, կարելի էր Վաղարշակ Հարությունյանին ներկայացնել այդ պաշտոնում, որից հետո նոր մտածել Խաչատուրովին հետ կանչելու մասին: Մինչդեռ ՀՀ նոր կառավարությունը չգնաց այդ ճանապարհով»:

Ափսոսանք հայտնեց, որ մենք այլևս կորցրել ենք ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, և գնացքն արդեն գնացել է, Սաֆարյանը կարևորեց այս փուլում Հայաստանի անելիքը, նկատելով՝ այժմ մեր ռազմաքաղաքական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի հանդեպ ճիշտ կեցվածք որդեգրելու ժամանակն է, իսկ դա պետք է արտահայտվի այսպես. «Առանց ձևականությունների, առանց դերասանության, առանց սեթևեթանքի՝ մտերիմ բարեկամին հարիր կեցվածք պետք է ընդունել»:

Ապա հավելում է. «Մենք պետք է ունենանք այնքան քաղաքական փորձ, խելք ու հմտություն, որ մեր ոտքը դեմ չառնի քարին ու չստեղծվեն նման իրավիճակներ: Իսկ դրա համար այսուհետ, մենք պետք է մեր դաշնակիցներին, ի դեմս Ռուսաստանի, ցույց տանք ՀԱՊԿ-ում աշխատելու մեր մաքուր մտադրությունն ու շահագրգռվածությունը»

Արամ Սաֆարյանը վստահ է, որ քաղաքական սխալները կսրբագրվեն, բայց դրա համար նաև շատ կարևոր է, որ իշխանական վերնախավը համագործակիցի փորձագիտական շրջանակների հետ, որպիսիք Հայաստանում քիչ չեն:

«Եթե մեր երկրում քաղաքական մշակույթի մաս դառնա քաղաքական որոշումներ կայացնելուց առաջ փորձագիտական հանրության հետ խորհրդակցելը՝ ձեր ոտքը քարին չի առնի», —իշխանություններին հուշում է քաղաքագետը: Հիշեցրեց, որ այդ փորձառությունն ունեն ամերիկացիները, ֆրանսիացիները, գերմանացիները, նույնիսկ ռուսներեն են սկսել խորհրդակցել իրենց քաղաքագետների հետ, ինչը նախկիներում չի եղել իրենց քաղաքական մշակույթում: «Եվ այսօր արդեն քաղաքագետները, տնտեսագետները, անվտանգության ու պաշտպանության փորձագետները դարձել են քաղաքական որոշումների կայացման պարտադիր բաղադրիչ: Մեր երկում էլ կան լուրջ, պատրաստված մասնագետներ, գնացեք, խոսեք այդ մարդկանց հետ ու նոր միայն կայացրեք կարևոր որոշումներ»:

Մի քանի տարի է, ինչ ակտիվորեն գործում է Եվրասիական փորձագիտական ակումբը, այն փորձագիտական հաջողված հարթակ է, որ ստեղծվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և Մոսկվայի ԵԱՏՄ ինստիտուտի հետ համատեղ: Կառույցում հավաքվել են 40-ից ավելի տարբեր մասնագետներ՝ տնտեսագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ, պատմաբաններ, լրագրողներ և այլ մասնագիտությունների տեր փորձագետներ, որոնք արդյունավետ հետազոտություններ են իրականացնում Եվրասիական ինտեգրման ասպարեզում՝ ապահովելով ՀՀ արժանի տեղն ու դերն այդ կառույցում: Արամ Սաֆարյանը, որպես Եվրասիական փորաձագիտական ակումբի համակարգող, նկատեց, թե իրենց փորձառությամբ պատրաստ են օգտակար լինել ՀՀ նոր կառավարությանը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա հայտնի է, որ 2019-ին այդ կառույցի նախագահությունն անցնելու է Հայաստանին: Սակայն այսօր Հայաստանում մի կողմից հնչում են հայտարարություններ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, շեշտվում է այն հանգամանքը, թե գործ ունենք չաշխատող կառույցի հետ, մյուս կողմից կա համոզմունք, որ հարկավոր է նախաձեռնողական, գործնական քայլեր՝ այդ կառույցի ներուժն ի նպաստ Հայաստանի ծառայեցնելու համար:

Այս առնչությամբ, Արամ Սաֆարյանը նշեց. «Ասում են, որ նախորդ կառավարության ժամանակ մեր նախարարությունները՝ ԵԱՏՄ ղեկավար մարմնից եկող զանազան նամակների, զանազան խնդրանքների, քննարկումների հարցում, եղել են պասիվ: Նախորդ կառավարության ժամանակ Հայաստանն այլ ճանապարհով է գնացել՝ մտածել են այսպես՝ ախպեր, մեզ հետ գործ չունեք, ի~նչ ուզում եք արեք, եթե հատուկ բան չկա՝ չխառնվենք: Մինչդեռ ես տեսել եմ, թե ղազախներն ու բելառուսները որքան ուշադիր ու բծախնդիր են վերաբերվում ԵԱՏՄ-ին իրենց անդամակցությանը, և ինչպիսի լարվածության տակ են պահում ԵԱՏՄ հանձնաժողովի ամբողջ աշխատակազմին»:

Սա նշանակում է, որ 2019-ին Հայաստանը ԵԱՏՄ-ում մեծ գործ ունի անելու, պետք է ամբողջությամբ փոխվի կառավարության աշխատաոճը, անհրաժեշտ են նոր մոտեցումներ: Ակնկալվում է, որ հետհեղափոխական Հայաստանում կա ԵԱՏՄ-ում ակտիվ աշխատելու մեծ ցանկություն: Այս մասին իր խոսքում շեշտեց նաև Արամ Սաֆարյանը:

«Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել այս կառուցում աշխուժացնել աշխատանքները, ավելի լուրջ վերաբերվել կառույցի հետ համագործակցությանը»:

Ըստ Սաֆարյանի, անհրաժեշտ է, որպեսզի 2019-ին Հայաստանի կառավարությունը մեկ հզոր միջոցառում անցկացնի. «Եթե մենք կարողանանք տարվա ընթացքում մեկ հատ այնպիսի հզոր միջոցառում կազմակերպել, որին կմասնակցեն առավելագույն թվով տեղեկացված, որոշումների կայացման հարցում դեր ունեցող մարդիկ, այդ դեպքում մենք երկար ժամանակվա համար կապահովենք այնպիսի կապեր, որոնք արդյունավետորեն կաշխատեն: Մենք պետք է 2019-ին ավելացնենք մեր բարեկամների թիվն աշխարհում, ինչը ներդրումների աճ ապահովող ճանապարհ է: Մենք պատրաստ ենք օգնելու մեր կառավարությանը, եթե մեզ դիմեն, պատրաստ ենք ավելի ուժեղ հնչեցնելու Հայաստանի ձայնը ԵԱՏՄ-ում մեր նախագահության տարում, մենք մեր ներուժով դրան կմասնակցենք»:

Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

haydzayn.com  

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here