ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի հայկակա՞ն, թե՞ բելառուսական տարբերակով

0
324

Թե ով կլինի ՀԱՊԿ գլխա վոր նոր քարտուղարը, այդպես էլ նախորդ տարի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համաձայնության չեկան: Ի վերջո, ինչպե՞ս կլուծվի այս հարցը եւ արդյոք կհաջողվի անդամ երկրների ղեկավարներին խուսափել նոր ինտրիգներից, «Իրավունքը» հետաքրքրվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաμերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻՑ:

 – Սցենարները, որոնք առաջ էին մղում Ղազախստանի նախագահ Նազարբաեւի եւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից, այն էր, որ մինչեւ Նոր տարի անպայման պետք է նշանակվեր ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար, որը պետք է լիներ Բելառուսի ներկայացուցիչը: Հսկայական ուժ եւ էներգիա էր ծախսվել դրա համար, որ այն տեղի ունենար: Բայց մենք տեսնում ենք, որ այդպես չեղավ: Փաստորեն, բելառուսական ծրագիրը չիրականացավ: Իսկ հայկական կողմի այն տեսակետը, թե կանոնադրությամբ ՀԱՊԿ անդամ երկրներից ամեն մեկի ներկայացուցիչը պետք է գլխավոր քարտուղարի պաշտոնում լինի երեք տարի, ուստի` կապ չունի, թե այդ երեք տարվա ընթացքում երկու, թե երեք հոգի, իրար փոխելով, կպաշտոնավարեն որպես իրենց ներկայացուցիչ, իհարկե, համապատասխանում է կանոնադրությանը: Եվ եթե չլիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ միջադեպը, կարծում եմ` խնդիր չէր առաջանա: Եթե նա, կանոնադրության համաձայն հետ կանչվեր, ապա այդ ժամանակ այս ամենն ավելի հեշտ կլուծվեր: Հիմա իրավիճակը փակուղային է, մոտակա ամիսներին կտեսնենք, թե այն ինչպես կընթանա: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ թե՛ Բելառուսի եւ թե՛ Ղազախստանի նախագահները ակտիվություն չեն դրսեւորում այս ուղղությամբ եւ չեն անում բարձր հայտարարություններ այդ թեմայով, կարելի է եզրակացնել, որ բոլորը դադար են վերցրել: Հիմա կուլիսներում կորոշվի, թե ինչ անել հետո: Տարբերակները երեքն են. առաջին` բելառուսական տարբերակը, որի համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դրան համաձայնի, ինչը դժվար թե, լինի: Երկրորդ` հայկական տարբերակը, որի համար անհրաժեշտ է, որ մյուս բոլորը համաձայնեն Հայաստանի հետ: Այստեղ կարեւոր է, որ Հայաստանը կանոնադրության հետ է կապում հույսը, թե ինչպես պետք է կատարվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունը` պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, որովհետեւ այս դեպքում դեռ կես կամ մեկ տարի կարող է Հայաստանը ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունը: Երրորդ տարբերակն այն է, որ շարունակի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարել գործող պաշտոնակատարը` մինչեւ Հայաստանի ժամկետն ավարտվի: Թե որ տարբերակով կգնան, դժվար է ասել, որովհետեւ այստեղ շատ հարցեր կան: Հուսով եմ` հայկական տարբերակը կլինի ամենաօպտիմալն ու ամենահիմնավորվածը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here