Մտորումներ Հայաստանի տնտեսության մասին

0
703

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով Հայաստանի տնտեսության կարևորագույն առաջնահերթություններն է ներկայացնում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Մոսկվայում հրապարակվել է իմ «Անորոշության գոտիները և էկոնոմիկայի տարբերակները» գիրքը, որում ներկայացվում է՝ ինչպես կանխատեսել և կարգավորել տնտեսական գործընթացներն անորոշության պայմաններում: Թեմաները արդիական են ու պահանջված:

Քանի որ այսօրվա տնտեսությունը դինամիկ զարգացող է և պահանջում է նոր գործիքներ այն գնահատելու համար, գրքում կան համապատասխան, բոլորովին նոր դրույթներ: Չնայած նրան, որ գիրքը գրվել է մինչ թավշյա հեղափոխությունը, այնտեղ շարադրված առաջնահերթ սկզբունքները վերաբերում են Հայաստանի պես փոքր տնտեսություն ունեցող երկրներին, որոնցում արտաքին ու ներքին փոփոխությունները կարող են էական ազդեցություն ունենալ: Հետևաբար, գիրքն առաջնահերթ վերաբերում է նաև Հայաստանին, այդ թվում՝ հետհեղափոխական: Առաջին կարևորագույն դրույթը, որը պարտադիր է, դա համակարգված մոտեցում ցուցաբերելն է տնտեսական վերլուծություններին ու գործընթացներին: Հատվածային վերլուծությունները, որ բնորոշ են հանրապետության վերջին կառավարություններին, ավելի հաճախ դրական արդյունքներ չեն տալիս:

Ահավասիկ. առաջարկվում է եկամտահարկն իջեցնելով մինչև 23%-ի, փուլային տարբերակով ժամանակի ընթացքում հասցնել 20%-ի: Սկզբունքորեն ճիշտ մոտեցում է: Հայտարարվում է, որ կբարձրանա մեր արտադրանքի մրցունակությունը, մյուս կողմից էլ՝ սրա մեջ կան որոշակի հակակոռուպցիոն դրույթներ: Իրականում, եթե ուզում ենք ամբողջական պատկեր ու հիմնավոր լուծում ունենալ, պետք է հստակեցվի, թե ինչ ծախսեր են դրա վրա կատարվում, ինչ աշխատավարձի մակարդակ մենք ունենք, ինչպիսին են մեր էներգակիրների գները, երկրում շահութաբերության մակարդակը, ինչպիսի ազդեցություն ունեն այստեղ մենաշնորհները: Եթե փոքրացնում ենք այս գործոններից ցանկացած մեկի դերը, մեծացնում, ասենք, արտահանվող ապրանքի ակցիզը, ապա դա բացասաբար կազդի մրցունակության վրա: Ընդհանրապես նման բոլոր դեպքերում պետք է ելնենք այն հանգամանքից, թե որտեղ, որ տարածաշրջանում ենք գտնվում: Հաշվի առնենք, թե ինչպես է ձևավորվում եկամտահարկը եվրասիական գործընկեր պետություններում, նաև հարևան Վրաստանում: Այդտեղ, օրինակ, եկամտահարկը 20% է, շահութահարկը՝ 15%: Այս առումով մենք զիջում ենք: Բայց շահում ենք նրանում, որ իրենց ապրանքները մաքսազերծվում են ԵԱՏՄ-ում, մերը՝ ոչ: Ղազախստանում եկամտահարկը շատ ավելի ցածր է՝ 10%, շահութահարկը՝ 15%: Այնտեղ սոցիալական վճարներ էլ կան՝ 11%, բայց, ընդհանուր առմամբ, այս գործոնով իրենք մեզնից առաջ են: Այդ ամենից ելնելով՝ համակարգային մոտեցում պետք է դրսևորվի, որպեսզի նշյալ և նմանատիպ հարցեր լուծելիս չվնասենք մեր արտադրանքների մրցունակությունը: Դրա համար հստակ մոտեցումներ են պետք: Խմիչքը և ծխախոտը ՀՀ-ում լուրջ մեծություններ են արտահանման տեսանկյունից: Տարեկան արտահանվում է շուրջ 250 մլն դոլարի ծխախոտ, որը կազմում է մեր արտահանման մոտ 11%-ը, և մինչև 500 մլն դոլարի սպիրտային խմիչքներ: Հետևաբար, այս հարցերում դրսևորվող փոքր սխալը կարող է լուրջ կորուստների բերել, հատկապես որ այստեղ կոռուպցիան էլ ազդեցություն ունի: Հաճախ կոռուպցիոն գործոնը կարող է մեր կարգի երկրում արտադրվածի ինքնարժեքը 5-10%-ով մեծացնել:

Գործոնները պետք է համակարգված լուծել և հաշվի առնել ու հստակ գնահատել ամեն գործոնի փոխկապվածությունը: Մինչդեռ, ինչպես նախկինում, այսօր էլ մեզանում տրվող լուծումները հատվածային են: Օրինակ՝ եկամտահարկի իջեցնելն ըստ հատվածի, կարծես, ճիշտ լուծում է, բայց, քանի որ համակարգված մոտեցում չի դրսևորվում, այստեղ կարող են խնդիրներ առաջանալ, էներգակիրների գների աճի կամ ծխախոտի արտահանման նվազման կամ բոլորովին այլ տեսքով: Գնագոյացման տեսանկյունից անհրաժեշտ է վերլուծել ամեն մի գործոն և հետո համակարգել՝ հաշվի առնելով փոխազդեցությունը: Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ արտադրանքի մրցունակությունը բարձրանում է, և հնարավոր կլինի գնահատել՝ սոցիալական հարցերը լուծվո՞ւմ են, թե՞ ոչ: Այդ դեպքում, եթե նվազագույն աշխատավարձը չհարկվի, ապա սոցիալական դժգոհությունը կնվազի: Բայց եթե այդ ամենը համակարգված չի արվում, ապա խնդիրները մնում են ու բարդանում:

Երկրորդ գործոնը տնտեսական ցուցանիշների միջակայքային վերլուծությունն է: Կետային կանխատեսումները հաճախ դրական արդյունք չեն տալիս: Լավագույն և վատագույն բարձր հավանականությամբ սցենարների պարագայում անպայման պետք է հաշվարկվի, թե վատագույն տարբերակի դեպքում անվտանգության ինչ բարձիկ կարելի է կիրառել, լավագույնի դեպքում՝ լրացուցիչ ինչ խնդիրներ կարելի է լուծել:

Մենք սահմանել ենք տնտեսության զգայունության շեմ հասկացողությունը, որը կարևորագույն ցուցանիշ է: Հնարավոր է տնտեսական այս կամ այն ցուցանիշի աճ ապահովել, բայց եթե չենք հատում որոշակի շեմ, ապա սոցիալական դժգոհությունը չի նվազում: Եթե թոշակը բարձրանում է, բայց չի հասնում սպառողական զամբյուղի բավարարման մակարդակին, այդ դեպքում սոցիալական լարվածությունը չի մեղմվում:

Հաջորդը առանցքային մակրոտնտեսական խնդիրն է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Ո՞ր ցուցանիշներն են մեր մոտ նպատակային: Դրանք մի քանիսն են, որ փոխկապակցված են ու առաջնահերթ: Դա ՀՆԱ-ի աճն է, որն իր, մեջ գնահատման տեսանկյունից, որոշակի սուբյեկտիվիզմ ունի: Երկրորդը արտահանման աճն է, որն օբյեկտիվ ցուցանիշ է: Փոքր տնտեսություն ունեցող երկրներում սա որոշիչ խնդիր է: Պետք է նշել արտահանման հնարավոր միջակայքերը, ինչը չափազանց կարևոր է: Այս ցուցանիշը հստակ է, սուբյեկտիվ վերաբերմունքի չի ենթարկվում, քանզի արտահանման ցուցանիշները ենթարկվում են երկկողմանի գրանցման՝ ինչպես արտահանող, այնպես էլ ներկրող երկրում:

Հաջորդ կարևորագույն ցուցանիշը զբաղվածությունն է: Հայաստանում գործազրկությունը կազմում է 20%: Եթե հույսներս դնենք միայն ՏՏ ոլորտի կամ գյուղատնտեսության վրա, ապա խնդիրը չի լուծվի: Զբաղվածության խնդրի սկզբունքային լուծումը արդյունաբերության զարգացումն է: Իհարկե, հաշվի առնելով, թե սարքավորումները, տեխնոլոգիաները ինչ արագությամբ են փոփոխվում: Օրինակ՝ դեղագործության կամ քիմիական արդյունաբերության ոլորտներում դրանք այնքան արագ չեն փոխվում, որքան ՏՏ ոլորտում, ինչը հնարավորություն է տալիս սարքավորումների արդիականացման վրա չանել մեծ ծախսեր: Այս ոլորտների ներուժի գնահատման դեպքում միայն հնարավոր կլինի զբաղվածության խնդրին ճիշտ լուծում տալ:

Կարևոր ցուցանիշ է նաև պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին, որ չպետք է գերազանցի 50%-ը: ԵՄ-ում այդ սահմանը 60%-ն է:

ԵԱՏՄ պայմանագրում, որը վավերացրել ենք՝ նշված է 50%: Բայց մենք շրջանցել ենք այդ կետը, և մեր գործընկերներն այս մասով չեն առարկում: Զարգացած երկրում այս ցուցանիշը կարող է լինել 60%, քանի որ ներքին պարտքի տոկոսը մեծ է, բայց մեր կարգի երկրներում, որտեղ ներքին պարտքը բավականին փոքր է, այն նպատակահարմար է, որ չգերազանցի 50%:

Առանցքային դեր ունի նաև գնաճը, որը հաստատվում է պետական բյուջեով` 2.5-5.5%: Տվյալ պայմանը հաճախ չի կատարվում, ու ԱԺ-ն, որպես կանոն, չի արձագանքում: Փաստացի, օրենքի պահանջը չի կատարվում: Եթե գրանցվում է ցածր գնաճ և դա ապահովվում է բարձր տոկոսադրույքներով և երբեմն միջազգային պահուստների նվազմամբ, ապա այդ կարգի գնաճը նույնպես վտանգավոր է: Այդ դեպքում առաջանում է փխրուն կայունություն: Մենք դա տեսել ենք 2009-ին, երբ «կայուն իրավիճակում» ունեցանք 14%-անոց անկում: Բազմիցս եմ անդրադարձել այս խնդրին: Տարիներ ի վեր գրանցվել է տնտեսական աճին չնպաստող ցածր գնաճ, ինչպես նաև անհասկանալիորեն «կայուն» փոխարժեք, որը փաստացի խրախուսում է ներմուծողներին: Այստեղ կարող է գործել մեր կողմից սահմանված «սեղմված զսպանակը»: Տվյալ թվացյալ կայունությունը կարող է լինել փխրուն, օրինակ՝ 2004-2008թ. փոխարժեքը ամրացվեց՝ 580-ից հասցվեց գրեթե 300 դրամ 1 դոլարի համար: Զգուշացնում էինք, որ 400-ից անցնելու դեպքում որոշ արտադրություններ փակվելու են: Այդպես էլ եղավ:

Ծաղկող ադամանդագործությունը միանգամից տապալվեց: Անոմալ իրավիճակ ունեցանք նաև գնաճի հետ 2016-ին, երբ ունեինք զրոյական աճ, դեֆլացիա, բայց վերաֆինանսավորման տոկոսադրույքը չհիմնավորված բարձր էր: Հիմնադրամը կայունորեն ամրանում է: Եթե դա լիներ զարգացած երկրներում, ասենք՝ Ճապոնիայում, ապա կառավարության և ԿԲ-ի համար լուրջ ահազանգ կլիներ: Դա նշանակում է, որ արտահանվող ապրանքը մոտ 3%-ով թանկանում է, իսկ ներմուծվողը՝ նույնքան էժանանում: Հիմա ո՞րն է մեր նպատակը. խթանել արտահանումը և ներդրումները, թե՞ ակտիվացնել ներմուծումը:

Եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքը հանած՝ գնաճը գերազանցում է երկու տոկոսը, ապա դա, որպես կանոն, չի խրախուսում տնտեսության զարգացումը: Որովհետև բարձր իրական տոկոսադրույքները չեն նպաստում երկրի զարգացմանը: Ինչքան ուզում ենք արտաքին ներդրողներ հրավիրել, եթե ներքին ներդրողները զգուշանում են, դա նկատում են նաև արտաքին ներդրողները, և վերջինս, իհարկե, անդրադառնում է արտաքին ներդրումների վրա: Ազգային արժույթի փոխարժեքի ներքին սահմանը պետք է լինի այնքան, որ հումքի, սարքավորումների ներմուծմանը չվնասի: Ազգային արժույթի փոխարժեքի վերին սահմանն էլ չպետք է վտանգի արտահանումը: Այս միջակայքային գնահատականները, դժբախտաբար, մեզանում չեն արվում, ինչի արդյունքում էլ կայունությունը երբեմն դառնում է փխրուն:

Կենտրոնական բանկի մասին օրենքը փոփոխության կարիք ունի: Որպես հետևանք՝ ԿԲ-ն իր խնդիրների առանցքը փաստացի հասցնում է նվազագույնի: Փաստացի ապահովում է միայն նվազագույն գնաճ, նույնիսկ չկատարելով «Պետական բյուջեի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջը: Իհարկե, ԿԲ-ն անկախ է, բայց դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները սերտ փոխկապակցված են ու գտնվում են մի համակարգի մեջ: ԿԲ-ն անկախ է, բայց հաշվետու: «ԿԲ մասին» օրենքի 16-րդ հոդվածում նշվում է, որ ԿԲ-ն ինքն է ընտրում իր աուդիտորին: Իսկ, օրինակ, Վրաստանում դա անում է ԱԺ-ն: Բացի դրանից՝ իրենց վարչական ծախսերը վերահսկում է Վերահսկիչ պալատը:

Հայաստանում այդ դրույթը, մեր առաջարկությամբ, մտավ օրենքի մեջ, սակայն ընթացքում հանվեց օրենքից:

Հաշվետվողականության տեսանկյունից ԿԲ օրենքը պետք է ճշգրտվի: Հաշվի առնելով, որ նրանք անկախ են, բայց հաշվետու և որևէ դեպքում չպետք է գործեն որպես շահույթ հետապնդող կազմակերպություն: Եթե դա չարվի, ապա տնտեսական աճի տեսանկյունից մենք պարբերաբար կունենանք խնդիրներ գնաճի և փոխարժեքի և ԿԲ վարչական ծախսերի առումով: Չնայած այն բանին, որ գրված է ընդհանուր ֆինանսական կայունություն ապահովման պահանջը, բայց այդ կայունությունը՝ առանց տնտեսական աճի, առանց արտահանման ու զբաղվածության աճի, ֆինասական կայունություն չէ:

Տնտեսության իրական զարգացման համար անհարժեշտ է ունենալ դրա իրական պատկերը, սրան վերաբերող առանցքային ցուցանիշները:

Առանցքային ցուցանիշները հետևյալն են. առաջին՝ արտահանումը հարաբերած ՀՆԱ-ին, որը հաջորդական քայլերով պետք է գերազանցի 50%-ը: Առևտրային հաշվեկշռի պակասորդը պետք է էականորեն նվազի: Զբաղվածությունը պետք է գերազանցի 90%-ը: Այդ ցուցանիշների դեպքում միայն հնարավոր է ունենալ տնտեսության էական զարգացում:

1in.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here