Արամ Սաֆարյանն ընդգծում է ԵԱՏՄ-ում միասնական էներգետիկ շուկայի ձևավորման կարևորությունը

0
447

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի կարծիքով ԵԱՏՄ-ում վառելիքային էներգետիկ ռեսուրսների միասնական շուկայի ձևավորումը կնպաստի միության զարգացման տեմպերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը նման կարծիք հայտնեց Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Ըստ ԵԱՏՄ համաձայնագրի՝ մինչև 2025 թվականը միությունում պետք է գործի վառելիքային էներգետիկ ռեսուրսների միասնական շուկա, ինչը նշանակալիորեն կնպաստեն միության զարգացման տեմպերին»,- նշեց Սաֆարյանը:

Արամ Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց  ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և մյուս պատվիրակներին, որոնք Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի պայմաններում ժամանեցին Հայաստան և հոկտեմբերի 9-ին Երևանում մասնակցեցին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: «Երևանյան հանդիպման արդյունքում հստակեցվել են քննարկումների ուղղությունները առաջիկա երկու ամսվա ընթացքում, քանի որ դեկտեմբերի 4-ին, Մոսկվայում տեղի է ունենալու ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդների հավաքը: Նույն օրը, Եվրասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ, կկայանա նաև առաջին Եվրասիական կոնգրեսը»,- մանրամասնեց Սաֆարյանը:

Բանախոսը կարևորեց նաև էլեկտրոնային շրջանառությանը վերաբերվող հարցերը, քանի որ կորոնավիրուսի համավարակը և դրանով պայմանավորված սահմանափակումները ցույց տվեցին, որ էլեկտրոնային առևտրաշրջանառությունը միանգամայն նոր իմաստ է ձեռք բերում:

Նա հավելեց, որ Հայաստանն առաջնային տեղ է տալիս եվրասիական ինտեգրացիային, մասնակցությանը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին:

Լիլիթ Դեմուրյան

Armenpress.am 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here