Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խելամիտ այլընտրանք չունի. Արամ Սաֆարյան

0
379
© SPUTNIK / ASATUR YESAYANTS

Եվրասիական փորձագիտական ակումբը կարծում է, որ Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում ունեցել է կարեւոր եւ յուրահատուկ տեղ: Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին ընդառաջ  «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ:

Անդրադառնալով Խորհրդային Հայաստանի դրական միտումներին` բանախոսը շեշտեց, որ 70-ամյա Խորհրդային տարիների ընթացքում երկրորդ հայկական հանրապետությունը, ինչպես այն անվանում ենք, կարողացել է իբրեւ փյունիկ` մոխրից վեր հառնել` արյունաքամ, տանջված, ֆիզիկական ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովրդի համար բացելով հնարավորություն դեպի զարգացում:

«Հայկական ԽՍՀ-ն եղել է, ընդհանուր առմամբ, բարենպաստ շրջան հայ ժողովրդի համար: Զարգացել է արդյունաբերությունը, գյուղանտեսությունը, սոցիալական ոլորտը, մշակույթը, գիտությունը եւ կրթությունը: Օրինակ, գիտության եւ կրթության ասպարեզում ֆենոմեն է հայկական այդ շրջանի զարգացումը», — ասաց քաղաքական վերլուծաբանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողի գնահատմամբ` հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խելամիտ այլընտրանք չունի. «Պետք է լավ իմանանք մեր վերջին 100 տարիների պատմությունը եւ հասկանանք, որ այնտեղ, որտեղ հայկական հասարակության շահերը համընկել են Ռուսաստանի շահերի հետ, այնտեղ միշտ եղել է հաղթանակը եւ հաջողությունը: Իսկ որտեղ մեր շահերը էական տարբերություն են ունեցել, պատմության ճակատագրերն այլ կերպ են վարվել մեր ժողովրդի հետ: Այստեղից եզրակացնում ենք, որ հայ-ռուսական բազմաբնույթ ու բազմակողմ հարաբերությունները մեր օրերում նույնպես, ըստ էության, խորությամբ պետք է զարգացնել, անընդհատ կատարելագործել եւ արդիականացնել»: 

Ա. Սաֆարյանի դիտարկմամբ` Հայաստանում արդյունաբերության, գյուղատնտեսության եւ ընդհանուր առմամբ` տնտեսության զարգացումը Խորհրդային տարիներին արդյունք է եղել հայ հասարակության եւ Խորհրդային պետության ստրատեգիական շահերի համընկման. «Գտնվել են տաղանդավոր հայեր, որոնք տասնամյակների ընթացքում հարմարեցրել, հաջողեցրել, հմտորեն զուգորդել են հայ հասարակության, հայկական հանրապետության շահերը` Խորհրդային կենտրոնի շահերի հետ եւ նպաստել են, որ մեր երկրում կարողանան զարգանալ ամբողջական տնտեսական ճյուղերը,  գիտությունն ու կրթությունը, որովհետեւ դրանք ծառայել են նաեւ Խորհրդային միության ամբողջատիրական գերտերության շահերին եւ այդ շահերը սպասարկելով` արձանագրել են տպավորիչ հաջողություններ»:

«Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահը շեշտեց, որ մինչեւ այսօր մարդկային զարգացման առումով աշխարհում ունենք վարկանիշային բարվոք տեղեր` շնորհիվ նրա, որ մենք 70 տարվա ընթացքում 700 հազար մարդու անվճար բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթություն ենք տվել Խորհրդային տարիներին. «Կարողացել ենք ստեղծել 100 հազարավոր ինժեներների եւ գիտնականների համար աշխատող գիտահետազոտական հիմնարկներ, ակադեմիական եւ ճյուղային հաստատություններ, որոնք մեծապես նպաստել են ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը Հայաստանում`  դարձնելով այն ժամանակակից զարգացած մարդկանց երկիր»:

Ա. Սաֆարյանը հատուկ ընդգծեց, որ Խորհրդային միության տարիներին ինտեգրացիայի եւ մյուս գործընթացների հաջող փորձը գալիս է մեզ ասելու, որ  պետք է մեր շահը եւ օգուտը փնտրենք Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման ասպարեզներում. «Պետք է կարողանանք լավագույնս զուգորդել մեր ազգային, պետական շահերը, մեր անկախ տնտեսության անվտանգության խնդիրներն այս ինտեգրացիոն գործընթացներին կառուցողական եւ հմուտ մասնակցություն բերելով: Կարծում եմ` մեր երկրում եղել են, կան եւ միշտ էլ լինելու են բանիմաց ղեկավարներ, լուրջ գիտնականներ, տնտեսության եւ հասարակության լուրջ կազմակերպիչներ, որոնց պետք է գտնել եւ առաջ մղել գիտության, կրթության եւ տնտեսության զարգացման մեր արդիական նպատակների համար:

Քաղաքական վերլուծաբանն անդրադարձավ նաեւ Խորհրդային Հայաստանի տարիներին տեղի ունեցած բացասական երեւույթներին. «Մենք չենք մոռացել այդ տարիների «Կարմիր տեռորը»` 1920-21 թթ.-ից մինչեւ Ալեքսանդր Միասնիկյանի գալը, 1930-50-ական թվականների քաղաքական բռնաճնչումները, որոնց զոհ գնացին հազարավոր մարդիկ, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու 129 հայ հոգեւորական:  Խորհրդային միության վերջին տասնամյակներում կային ինտելեկտուալ ճնշումներ: Սա իրականություն է, որի վրա աչք փակել չի կարելի եւ նույնպես մեր պատմության շատ կարեւոր մի հատվածն է, որը պետք է իմանալ` ապագայում նման զարգացումները որեւէ կերպ բացառելու նպատակով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here