Սոցիոլոգն անցկացրել է Հայաստանի խորհրդարանական ուժերի նախընտրական ծրագրերի հիմնադրույթների համեմատական վերլուծություն

0
349

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած երեք ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ծրագրային մոտեցումները արտաքին հարաբերություններին Արցախի հարցին տարածաշրջանային համագործակցությանը, տնտեսությանը վերաբերող շատ հարցերում համընկնում են, սակայն կան նաև էական տարբերություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» թեմայով և «ուղեղային գրոհի» ձևաչափով անցկացվող համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիոլոգ Սամվել Մանուկյանը՝ նշելով, որ Հայաստանի ներքին իրավիճակի հիմնական առանձնահատկությունը դրա անկայունությունն է:

«Ներկայումս արդեն չի վիճարկվում, որ Հայաստանը ունակ չէ ինքնուրույն՝ առանց որևէ գերտերության հովանավորության, ապահովել իր անվտանգությունը թուրք-ադրբեջանական վտանգից և, միաժամանակ ակնհայտ է, որ մոտակա տարիների ընթացքում Ռուսաստանը, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, և հետևաբար՝ արտաքին կողմնորոշման առաջին գերակայություն՝ այլընտրանք չունի։ Այս փաստն արտացոլված է  խորհրդարանական երեք ուժերի ծրագրերում», — նշեց փորձագետը՝ ավելացնելով, որ, այդուհանդերձ, ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ծրագրերում երկրների և միջազգային կազմակերպությունների միջև գերակայությունների բաշխման հարցում առկա են էական տարբերություններ:

Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագրի» համար արտաքին քաղաքական երկրորդ գերակայությունը Միացյալ Նահանգներն է, որին հետևում են Եվրամիությունը և եվրոպական երկրները:

«Կարճ ձևակերպմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրի» արտաքին կողմնորոշումն է Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այդ ռազմավարական մոտեցումը կերկարաձգի հայաստանյան ոչ միայն ներքին, այլև արտաքին անկայուն իրավիճակը՝ լրջորեն դժվարացնելով իշխանության նախընտրական ծրագրի իրականացվելիության մակարդակը։ Այդ պրոցեսը որոշ չափով կարող է կոմպենսացվել գործադիր իշխանությունում համապատասխան կադրային նշանակումներով», — ասում է սոցիոլոգ Սամվել Մանուկյանը:

«Հայաստան» դաշինքի արտաքին քաղաքականության երկրորդ և երրորդ գերակայությունները, ըստ զեկուցողի, Հայաստանի հարևաններն են՝ Վրաստանը և Իրանը։ Չորրորդը Չինաստանն է:

«Եթե կարճ ձևակերպենք՝ «Հայաստան» դաշինքի կողմնորոշումն է՝ մեր հարևանները և Չինաստանը», — բացատրում է մասնագետը:

Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի արտաքին քաղաքական երկրորդ գերակայության մեջ մտնում են Ռուսաստանի գլխավորած տարածաշրջանային կառույցները՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն։ Երրորդ և չորրորդ գերակայություններն են Վրաստանը և Իրանը։

Իսկ Արցախի հարցում երեք ուժերի մոտեցումները, փորձագետի խոսքով, համանման են և ներառում են՝ ՌԴ խաղաղապահների երկարատև ներկայություն, բանակցությունների վերսկսում Մինսկի խմբի շրջանակներում, Արցախի տարածքի դեօկուպացիա և Արցախի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացում։

ՔՊ-ի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ, ըստ նրա՝ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է դիտարկվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: Կուսակցությունը սահմանում է, որ Հայաստանի առաջնահերթություն է այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ՝ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձը։

«Հայաստան» դաշինքը նույնպես շեշտում է «ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի տարածքի վերականգնումը», սակայն դաշինքը «Արցախի տարածք» հասկացությունը չի կոնկրետացնում։

««Պատիվ ունեմ» դաշինքի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ Արցախում ՌԴ խաղաղապահները պետք է ստանան ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակ։ Բացի դրանից՝ «Արցախին պետք է վերադարձվեն Շուշիի, Հադրութի, Մարտակերտի,  Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքները, Շուշի և Հադրութ  քաղաքները», — նշեց սոցիոլոգ Սամվել Մանուկյանը՝ ավելացնելով, որ բոլոր երեք ուժերն էլ ընդունում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթը, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիները պետք է ապաշրջափակվեն։

Ինչ վերաբերում է տնտեսության ոլորտին՝ Սամվել Մանուկյանը առավել կարևոր է համարում անդրադառնալ հատկապես գործող իշխանության նախընտրական ծրագրին՝ ասելով, որ այն կառուցված է յուրաքանչյուր ոլորտում՝ «ինչ ենք արել և ինչ ենք անելու» ձևաչափով։ Մասնավորապես, «ինչ ենք արել» հատվածում առկա են բազմաթիվ թվային ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավումը։

«Կուսակցությունների նախընտրական ծրագրերի մնացած հատվածներն ունեն այդ նպատակի համար համարյա բոլոր կուսակցությունների կողմից արդեն մոտ երկու տասնամյակ որպես շաբլոն հանդիսացող կառուցվածքը։ Ներառված են պետական կառավարման, տնտեսական և սոցիալական բոլոր ոլորտները։ Հատուկ ուշադրություն է դարձվում պատերազմի հետևանքների վերացմանը, ժամանակակից բանակի կազմավորմանը, պետական կառավարման ապարատի վերակազմավորմանը և արդյունավետության բարձրացմանը, գործազրկությանը, աղքատությանը, սփյուռքի ներուժի համախմբմանը և այլն», — նշեց Սամվել Մանուկյանը:

Անդրադառնալով երկրի տնտեսական վիճակի՝ հետընտրական քաղաքական իրավիճակի վրա հնարավոր ազդեցությանը՝ սոցիոլոգն ընդգծեց, որ սպասվող կոնֆլիկտային քաղաքական զարգացումներում հանգուցային նշանակություն ունի ոչ այնքան արձանագրված հաջողությունները, որքան բնակչության սոցիալական վիճակն այսօր և մոտակա ժամանակահատվածում։

«Դրական զարգացումները նշանակալիորեն կբարձրացնեն իշխանության, իսկ բացասական զարգացումները՝ ընդդիմության հանրային հաղորդակցության արդյունավետությունը։ Դիտենք ներկայիս վիճակը և դրա հավանական միտումները», — կանխատեսեց մասնագետը:

«Հետընտրական Հայաստանիրողություններ և ակնկալիք» թեմայով «ուղեղային գրոհը» կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը:

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here