Տնտեսագետ․ երկրում պետական կառավարման համակարգը մնում է թանկ եւ ոչ արդյունավետ

0
363

Երկրում պետական կառավարման համակարգը մնում է թանկ եւ ոչ արդյունավետ, իսկ Հայաստանից արտահանման աճը կապված է արտաքին գործոնների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը։ Նրա խոսքով՝ դա կապված է տնտեսության կառուցվածքի տեսանկյունից լուրջ խնդիրների հետ։

«Օրինակ, պատգամավորների աշխատավարձի բարձրացումը չի ազդում նրանց աշխատանքի արդյունավետության վրա։ Պետք է չափորոշիչներ սահմանել, թե ինչպես պետք է վճարվեն պետական ապարատում պարգեւավճարները։ Կառավարության ծրագրում պետք է նշված լինեն նպատակները, մեխանիզմները, մեթոդներն ու միջոցները, իսկ դա մենք չենք տեսնում»,-նշեց նա։

2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իր վերլուծության մեջ փորձագետը գրանցել է առեւտրաշրջանառության աճ․ 6 ամսում՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, Հայաստանից արտահանումն աճել է 23,34%-ով (ԵՏՄ երկրներ՝ 35,6%-ով)։

«Պղնձի գների աճի ֆոնին Հայաստանից գունավոր մետաղների հանքաքարի արտահանումն աճել է 47,2%-ով։ 2020 թվականին 6 ամսում այն կազմել է 30,3%, այժմ այդ ցուցանիշը կամզում է 36,2%։ 2021 թվականի առաջին 6 ամսում կրճատվել է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի արտահանումը՝ 13,5%-ով, ծխախոտի արտահանումը՝ 11,1%, իսկ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային արտադրանքի արտահանումն աճել է 15,7%-ով։ Արդեն երկրորդ տարին կրճատվում է թեթեւ արդյունաբերության արտահանումը։ Այս տարվա առաջին 6 ամսում արտահանումն աճել է 7,9%-ով։ Առեւտրային սալդոն ունի դրական դինամիկա, արտահանման եւ ներմուծման միջեւ տարբերությունը կրճատվում է։ Այժմ ներմուծումը 1,59 անգամ շատ է արտահանումից։ ԵՏՄ երկրներից ներմուծումն աճել է 8,6%-ով՝  778-844 մլն դոլար։ Ռուսաստանից արտահանումն աճել է 8,9%-ով։ Վառելիքի ներմուծումն այս տարվա առաջին կիսամյակում աճել է  12%-ով։ Հայաստանում տրանսֆերտներն ունեն կրճատման դինամիկա։ 2020-ին ՀՆԱ նկատմամբ տրանսֆերտների հարաբերակցությունը կազմել է 10,5%, 2019-ին՝ 11,2%։ Գագաթնակետին հասել է 2013-ին՝ 19,7%։ Զբոսաշրջությունը վերականգնողական աճ է գրանցում․ 2021-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 153 000 զբոսաշրջիկ, ինչը կազմում է 2019-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշի ընդամենը 38%-ը։ Կանխատեսվում է, որ 2-3 տարում զբոսաշրջությունը կվերադառնա 2019-ի մակարդակին»,-ասվում է վերլուծության մեջ։

Թավադյանը նկատեց, որ  տնտեսությունում ներդրումների աճի համար բավարար չեն «ներդրեք, խնդրում եմ» տեսակի կոչերը, դրա համար պետք է ներդրումների համար խթանող հարկային քաղաքականություն։

«Բացի այդ, անթույլատրելի է հաղորդակցությունների հարցերի քաղաքական լուծման փորձը։ Մեզ համար առաջնային պետք է լինեն Հյուսիս-Հարավ միջանցքի եւ մինչեւ Աբխազիա երկաթուղու ակտիվ գործունեության հարցերը»,-եզրակափեց փորձագետը։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here