ՀՀ տնտեսության վիճակը ներշնչում է լավատեսություն, բայց կան բայցեր. Սաֆարյան

0
446

Անցած մեկ տարին, որի ընթացքում Հայաստանը էմբարգո էր կիրառել թուրքական ապրանքների նկատմամբ, բավական էր, որպեսզի հայ արտադրողը շունչ քաշեր: Հայ սպառողը հնարավորություն ստացավ սեփական արտադրանք գնել, այլ ոչ թե Թուրքիայի: Եվ սա դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վերակենդանացման վրա: Այս մասին “ՀՀ տնտեսությունը 2021 թվականին՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում” ուսումնասիրությանը նվիրված ասուլիսում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Սակայն, շարունակեց բանախոսը, երբ հունվարի 1-ից այդ էմբարգոն չերկարացվեց և, ըստ երևույթին, հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները վերականգնվելու են ՀՀ-Թուրքիա երկխոսության շրջանակներում, առաջիկա տարիներին մենք կհասկանանք, թե արդյոք այդ մեկ տարին բավական էր, որպեսզի հայ արտադրողները կարողանան զբաղվեն իրենց գործով ու լցնեն շուկան իրենց արտադրանքով՝ փոխարինելով թուրքականը:

Բացի այդ, անդրադառնալով տնտեսության վերակենդանացմանը և մեջբերելով տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանի և Աշոտ Թավադյանի ուսումնասիրությունները, Արամ Սաֆարյանը նշեց, որ այն ցույց է տալիս բացառիկ առողջացման նշաններ նաև ի շնորհիվ նրա, որ 2021 թվականին աստիճանաբար հանվեցին կորոնավիրուսի հետ պայմանավորված սահմանափակումները:

“2021 թվականի համար ունեն դրական միտումներ թե՛ արդյունաբերության, թե՛ ծառայությունների մատուցման, թե՛ արտահանման բնագավառներում: Սակայն խնդիր ունենք գյուղատնտեսության ոլորտում”,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ գյուղատնտեսության ոլորտի մասին ավելի մանրամասն առաջիկայում Եվրասիական փորձագիտական ակումբը հանդես կգա առանձին ու խորը ուսումնասիրությամբ:

Արամ Սաֆարյանը շեշտեց՝ Հայաստանի արտահանման 30 տոկոսը բաժին է հասնում ԵԱՏՄ-ին և դա մեծամասամբ հայ-ռուսական առևտրա-տնտեսական կապերի շնորհիվ: Երկրորդ տեղում ԵՄ երկրներն են՝ շուրջ 23 տոկոս ցուցանիշով, բայց այստեղ խոսքը հիմնականում լեռնաաարդյունաբերական արտադրանքի մասին է՝ հումքի: Իսկ հայկական պատրաստի արտադրանքի արտահանման շուկան շարունակում է մնալ ԵԱՏՄ-ն:

“Մեր երկիրը, որպես փոքր տնտեսություն ունեցող երկիր, տնտեսապես առողջացնելու համար հարկ է, որպեսզի մենք արտահանման ծավալները բաղդատենք ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի և այն գոնե 30 տոկոս կազմի, ինչը բնորոշ է առողջ տնտեսություններին”,- ընդգծեց բանախոսը:

Արամ Սաֆարյանն ընդգծեց՝ Հայաստանի տնտեսությունը բանիմաց կառավարման, կոմպետենտ աշխատանքի, բարեխիղճ քաղաքական և մասնագիտական մոտեցումների դեպքում կարող է 2022 և հաջորդ տարիներին աարձանագրել 6 և ավելի  տոկոս աճ, ինչը կբերի նրան, որ յոթ-ութ տարի անց Հայաստանը կունենա ՀՆԱ-ի երկու անգամ ավելի մեծ ցուցանիշ, քան այսօր է:

Անդրադառնալով անցած տարվա տրանսֆերտային ցուցանիշին, բանախոսը տեղեկացրեց, որ այն փոքր-ինչ պակասել է՝ 1 մլրդ դոլարից պակաս են եղել փոխանցումները, և առյուծի բաժինը ՌԴ-ինն է: Ցուցանիշի նվազումը պայմանավորված է նրանով, որ միգրացիան է աճել, աշխատանքային միգրանտների մեծ մասն էլ այլևս ապրում է ՌԴ-ում.

“Իսկ սա կարող է միջնաժամկետ ժամանակում մեր տնտեսության համար ստեղծել լուրջ խնդիրներ, որովհետև կարևոր և բանիմաց աշխատուժը հեռանում է Հայաստանից: Հարկ է, որ ՀՀ-ում մտածեն այնպիսի արտադրություններ ստեղծելու մասին, որոնք կարող են պատշաճ և պատվավոր աշխատավարձով մարդկանց պահեն երկրի ներսում: Օրինակ, տեքստիլ արդյունաբերությունը իրավմամբ կարող է դառնալ ՀՀ տնտեսության լոկոմոտիվը առաջիկա տարիներին : Այս իմաստով չափազանց կարևոր է, որպեսզի Թուրքիայի հետ ձևավորվելիք հարաբերություններում ամրագրվեն հստակ կաննոներ, որպեսզի արտահանման միտված հայկական արտադրությունը չտուժի”,- ասաց նա:

Ամփոփելով խոսքը, Սաֆարյանն ասաց, որ ՀՀ տնտեսության վիճակն ընդհանուր առմամբ ներշնչում է լավատեսություն: Սակայն.

“Եթե մենք ջանքեր չգործադրենք քաղաքական դաշտում համերաշխության և կառուցողական աշխատանքի մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ, եթե կոմպետենտ կառավարումը չդարձնենք մեր կառավարման համակարգի նորմա և չկարողանանք համախմբել մեր գիտափորձագիտական հանրությունը լուրջ խնդիրներ երկրի առջև դնելու և դրանք լուծելու նպատակով, էական փոփոխություն վիճակում չենք ունենալու, ինչը չի կարող չմտահոգել”,- հավելեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը:

Verelq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here