Ըստ տնտեսագետների՝ հայկական տնտեսությունը վնասներ է կրելու ՌԴ դեմ արևմտյան պատժամիջոցների հետևանքով

0
341

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետները լավատեսական կանխատեսումներ չեն անում Ուկրաինայում սկսված ռազմական գործողություններից հետո սրված Ռուսաստան-Արևմուտք տնտեսական ու քաղաքական դիմակայության հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրների, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից պետությունների մասով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ հարցը քննարկվել է «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ գործի դրված պատժամիջոցները կարող են որոշ չափով ազդել Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է:

«Ռուսաստանին բաժին է ընկնում ՀՀ արտահանման զգալի մասը, ուստի մեր երկիրը չի կարող անմասն մնալ այդ գործընթացներին: Պատերազմը արդեն իսկ սկսել է իր բացասական հետևանքները թողնել տնտեսության վրա», — իր զեկույցում նշեց տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորը:

Մանասերյանի խոսքով՝ նախ և առաջ ռուսական ռուբլին է արժեզրկվել դոլարի և եվրոյի նկատմամբ, իսկ դա խնդիրներ է առաջացնում հայկական ապրանքների արտահանման համար: Տնտեսագետը այս առումով կանխատեսում է, որ արևմտյան պատժամիջոցների հետևանքով վնասներ է կրելու ոչ միայն հայկական տնտեսությունը, այլև ֆինանսական սեկտորը:

«Ռուբլու արժեզրկումը նշանակում է, որ Ռուսաստանի բնակչության գնողունակությունը էապես նվազելու է, և բնականաբար, կկրճատվի նաև ապրանքների արտահանման ծավալը Հայաստանից ռուսական շուկա: Ուստի Հայաստանը պետք է փորձի նոր շուկաներ գտնել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման համար», — բացատրում է պրոֆեսոր Մանասերյանը:

Հիշեցնելով աշխարհում ամերիկյան դոլարի պահպանվող գերիշխանության և աշխարհի երկրների «դոլարիզացիայի» բարձր մակարդակի, ռուսական բանկային համակարգի նկատմամբ Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունների ձեռնարկած աննախադեպ գործողությունների մասին՝ տնտեսագետը հավելում է, որ ֆինանսական ոլորտի խնդիրներն, այդուհանդերձ, կարելի է լուծել:.

Այս համատեքստում Թաթուլ Մանասերյանը ողջունում է Ռուսաստանի ղեկավարության այն որոշումը, որ ապրիլի 1-ից Ռուսաստանը ռուբլով է հաշվարկելու գազի վաճառքը եվրոպական և այլ «ոչ բարեկամական» երկրներին, նաև շեշտում է, որ ԵԱՏՄ երկրների, այդ թվում Հայաստանի հետ ևս նավթագազային ռեսուրսների վաճառքը պետք է ազգային արժույթով իրականացվի, ոչ թե ամերիկյան դոլարով: Տնտեսագետը այդ առաջարկը Հայաստանի կառավարությանը ներկայացրել է դեռևս 2014 թվականին:

Նույն փորձագիտական ակումբի անդամներ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը և տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աղասի Թավադյանը իրենց հերթին առաջարկում են ԵԱՏՄ-ին հստակեցնել իր տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները և տնտեսության զարգացման նոր մոդել մշակել, որպեսզի ԵԱՏՄ երկրների տնտեսությունները լուրջ հարված չստանան Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Առաջարկվող քայլերի թվում են առաջին հերթին ԵԱՏՄ երկրների ստրատեգիական օբյեկտների փոխգործակցության և արդիականացման ճանապարհային քարտեզի մշակումը, պատրաստի արտադրանքի ծավալների ավելացումը, այլ գործընկերների, առաջին հերթին՝ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի և արաբական երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումը, գնաճի մակարդակի հստակ համակարգումը ԵԱՏՄ երկրներում և հատկապես էներգետիկ ռեսուրսների վաճառքը ռուբլով հաշվարկելու ծայրահեղ անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է տնտեսական պատերազմի գլոբալ ազդեցություններին՝ կլոր սեղանի բանախոսները կարծում են, որ Եվրոպան ավելի շատ է տուժելու, քան Միացյալ Նահանգները, և դա Եվրամիության քաղաքական որոշման հետևանքն է: Իսկ Միացյալ Նահանգների ամենահզոր խաղաթուղթը այս դիմակայության մեջ, ինչպես պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն է ասում, «համաշխարհային դոլարային տնտեսությունն է»:

Այդ տեսանկյունից տնտեսագետը Արևմուտք-Ռուսաստան դիմակայության ամենավտանգավոր ռիսկերից մեկը համարում է այն հեռանկարը, որ Արևմուտքը կարող է փորձել ներազդել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս գործընկերների ֆինանսական կապերի վրա՝ ինչպես ժամանակին փորձում էին խոչընդոտել Իրանի հետ այլ երկրների տնտեսական հարաբերություններին:

«Միջազգային իրադրության վատթարացման, Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության խորացման պարագայում չի կարելի բացառել դա», — կարծում է տնտեսագետը:

Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության խոշորագույն առևտրային գործընկերն է: Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 629 մլն 638,8 հազար դոլար, ինչը գերազանցում է 2020 թ. ցուցանիշը 20,9 տոկոսով: Ընդ որում, արտահանման ծավալները Հայաստանից Ռուսաստան աճել են 24,5 տոկոսով: Իսկ Ռուսաստանից Հայաստան արտահանման ծավալները աճել են 19,2 տոկոսով:

«ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանը կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, եվրասիական այլ գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ԵԱՏՄ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանցի և ռուսաստանցի հեղինակավոր փորձագետներ:

Արամ Սարգսյան

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here