Եվրասիական հանձնաժողովի պաշտոնյան խոսել է ԵԱՏՄ երկրների ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին

0
394

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսական և քաղաքական վերջին զարգացումների, զինված հակամարտությունների հետևանքով ստեղծված իրավիճակում ԵԱՏՄ երկրների ջանքերի համախմբումը այն քիչ իրական գործոններից մեկն է, որը կարող է ապահովել անդամ պետությունների զարգացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանի շրջանակում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման վարչության պետ Գոհար Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ 2022 թ. սկզբի դրությամբ Եվրասիական տնտեսական միության կառույցների կողմից ստեղծվել էին տնտեսական պայմաններ, սահմանվել էին առաջնահերթությունները, սակայն տեղի ունեցող համաշխարհային տնտեսական և քաղաքական իրադարձությունները, զինված հակամարտությունները, բնականաբար, իրենց ազդեցությունն են ունենում միության գործունեության վրա:

«Ստեղծված պայմաններում ռեգիոնալ ինտեգրացիոն միավորման շրջանակներում ջանքերի համախմբումը մարտահրավերներին դիմագրավելու համար դառնում է շատ քիչ իրական գործոններից մեկը, որն ի զորու է ապահովելու ԵԱՏՄ անդամ պետությունների զարգացումը», — շեշտեց պաշտոնյան:

Բարսեղյանը նաև շեշտեց՝ ընթացիկ իրողությունները հաստատեցին ներքին շուկայի զարգացման և այսպես կոչված՝ «импортозамещение»-ի, այսինքն՝ ներմուծվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու, հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու, ենթակառուցվածքների և արդյունաբերական համագործակցության, սննդի անվտանգության ապահովման, ինչպես նաև արտադրության կայուն և անխափան աշխատանքի կարևորությունն ու մեծ նշանակությունը:

«Նշված ուղղությունները ժամանակին համաձայնեցվել են անդամ պետությունների  կողմից և ընդգրկվել են միության ինտեգրացիոն օրակարգի մեջ, այդ թվում՝ ռազմավարության ընդունման միջոցով», — հավելեց Գոհար Բարսեղյանը:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը այսօր՝ ապրիլի 6-ին, կազմակերպել էին «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, եվրասիական այլ գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ԵԱՏՄ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանցի և ռուսաստանցի հեղինակավոր փորձագետներ:

 

Արամ Սարգսյան.

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here