Ռուսաստանը սպասում է` չփաթաթելով Հայաստանի եւ Ադրբեջանի վզին իր պատրաստի որոշումները. Սիլաեւ

0
445

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո կայացած Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքների մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ՆԻԿՈԼԱՅ ՍԻԼԱԵՎԻ հետ:

– Ինչպե՞ս կգնահատեք բրյուսելյան հանդիպումը, եւ ընդհանրապես, Ձեր գնահատմամբ, ի՞նչ է սպասվում Արցախին:

– Յուրաքանչյուր խաղաղարարական ջանք լավ է, բայց եթե խոսքն իսկապես խաղաղարարական ջանքերի, այլ ոչ թե Ռուսաստանին ինչ-որ տեղից դուրս մղելու հերթական փորձն է: Այ սա արդյունավետ չի լինի հաստատ: Կարծում եմ` շուտով կիմանանք, թե ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, իհարկե, չեմ տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն այլընտրանք: Բայց, միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ հիմա այդ հարցին մոտենալը Լեռնային Ղարաբաղում անընդունելի է:

Ամեն դեպքում, Ռուսաստանը սպասում է, որ կողմերն ինչ-որ հարցում համաձայնության գան` չփաթաթելով նրանց վզին իր պատրաստի որոշումները: Թեպետ, իմ կարծիքով, առավել  արդյունավետ կլիներ սկսել  բանակցություններ այլ հարցերով, որոնց վերաբերյալ կողմերը կարող են գտնել ընդհանուր շահեր: Բայց սա եւս կողմերի քննարկելիքն է:

– Այդուհանդերձ, որտե՞ղ է Արցախի հարցի լուծման բանալին` Մոսկվայո՞ւմ, Բրյուսելո՞ւմ, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

– Մինսկի խմբում մեր ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերներն էլ չեն ցանկանում մեզ հետ աշխատել: Այդ խմբին նաեւ Բաքուն է շատ սկեպտիկ մոտենում: Այնպես որ, չեմ կարծում, թե այդ հարթակում ինչ-որ բան հնարավոր է անել: Ինչ վերաբերում է Բրյուսելին, էլի եմ ասում` եթե իր միջնորդական առաքելությունը Ռուսաստանին գործընթացից դուրս մղելու համար է, ապա այն հնարավոր չէ: Ավելին` Ռուսաստանը հիմա բազում ուղղություններով կապված է երկու կողմերի հետ էլ, հետեւապես այս առումով գործընթացի վրա ազդելու ՌԴ գործիքակազմն ավելի մեծ է, քան Բրյուսելինը:

ՀՐԱՆՏԸ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here