Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի համար․ Արամ Սաֆարյան

0
317

2022-ին մենք գործ ունենք աննախադեպ տնտեսական աճի հետ։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական ակտվիության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում ավելացել է 10.5 %-ով, ինչը շատ մեծ թիվ է։

«Սա մեզ համար անսպասելի ցուցանիշ էր, քանի որ միջազգային տնտեսական կառույցները ցածր ցուցանիշ էին կանխատեսում ՀՀ համար, բայց մեր կառավարությունը տարվա սկզբից ասաց, որ հնարավոր է ապահովել մոտ 7%-անոց աճ, և կարծես, մոտ ենք այդ թվին»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ Սաֆարյանի, Հայաստանի տնտեսական աճն ամրապնդվում է նաև ՀՆԱ աճի ցուցանիշով։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր ՀՆԱ-ն աճել է 8.5%-ով»,- նկատեց վերլուծաբանը։ Սակայն, Արամ Սաֆարյանի դիտարկմամբ, անորոշություններն ու պարադոքսներն այս ամենում շատ-շատ են.

«Արդյունաբերություն, շինարարություն, առևտրաշրջանառություն և արտաքին առևտրական տնտեսական գործունեություն․ այստեղ մենք արձանագրում ենք, որ ԵԱՏՄ տնտեսական շուկան ամենանպաստավորն է Հայաստանի պատրաստի արտադրանքի արտահահման համար։ Ընդ որում, վերջին երեք տարիներին, Հայաստանի համար ԵԱՏՄ տարածքի դերը մեծացել է։ Եթե նախապանդեմիկ շրջանում ԵԱՏՄ տարածք մեր արտահանումների և ներկրումների ծավալը կազմում էր 25%, ապա այժմ այդ ցուցանիշը 30% է»,- ներկայացրեց Արամ Սաֆարյանը։ Ավելին, ըստ նրա, ճիշտ դիրքավորման արդյունքում հնարավոր կլինի ավելի մեծ ծավալների հասցնել ԵԱՏՄ երկրների հետ տնտեսական գործակցությունը։

«Մենք գործ ունենք մի սպեցիֆիկ վիճակի հետ, երբ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու տնտեսության զարգացումը ծնել են զուգահեռ ընթացող գործընթացներ։ Դրանցից մեկն աղքատությունն է։ Բայց, կարծում եմ, որ տարեվերջին ունենալու ենք աղքատության շեմի կրճատում։ Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկն, օրինակ, կանխատեսում է, որ մենք տարեվերջին ունենալու ենք աղքատության երկնիշ աճ՝ հասնելով ընդհուպ 48%-ի»,- մանրամասնեց Արամ Սաֆարյանը։

Փորձագետը շեշտեց, որ պետք է ամեն բան անել աղքատության մակարդակը մեղմելու համար։ Նա վստահեցրեց, որ մեզ համար լավագույն գործընկեր է շարունակում մնալ ՌԴ-ն․ «Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի համար»,- հավելեց Սաֆարյանը։

Mediahub.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here