Ինչպիսի՞ն է իրավիճակը տարածաշրջանում ու Հայաստանի տեղն ու դերը նոր իրողություններում. Փորձագիտական քննարկում

0
332

Ինչպիսի՞ն է իրավիճակը մեր տարածաշրջանում և ինչ սպասել, հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները: Այս հարցերի շուրջ իրենց կարծիքն են արտահայտել հայաստանյան փորձագետները «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ կազմակերպած՝ «Ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում և հնարավոր զարգացման սցենարները» կլոր սեղան-քննարկման ժամանակ:

ՀԿ տարածած հաղորդագրության համաձայն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի խոսքով, այսօր ամենամտահոգիչը հայ-ադրբեջանական բանակցություններն են, որոնք ընթանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Նա մի քանի հարց է առաջ քաշում՝ ո՞րն է լինելու Արցախի ապագան, ինչպե՞ս է ապահովվելու հայության անվտանգությունն ու ինչպե՞ս է լուծվելու ՀՀ-Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ու ի՞նչ է դա տալու ՀՀ անվտանգության առումով:

«Իմ խորին համոզմամբ, բովանդակային հակասությունը Արևմուտքի և ՌԴ միջև չկա, կա տեղի համար պայքար՝ Հարավային Կովկասում ներկայության մեծացման կռիվ է: Տաս տարուց ավելի է գծված են այն ուղենիշները, որի տրամաբանությամբ էլ տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Հայաստանը պետք է կարողանա համատեղել, չփնտրել ներքին հակասություններ ու չխաղալ դրանց վրա, այլ որպես թափանցիկ ու վստահելի գործընկեր ընկալելի լինել: Մեր ժողովուրդն իրավունք ունի ավելի մանրամասն իմանալու այն բանակցությունների մասին, որոնք վարվում են Պուտինի և Միշելի գլխավորությամբ Մոսկվայում ու Բրյուսելում»,- ասել է նա:

Քաղաքական վերլուծաբանը կարևորել է  Հայաստանի մասնակցությունը Վլադիվոստոկում անցկացված տնտեսական համաժողովին:

«Փաշինյանն այնտեղ շեշտեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կրում են ռազմավարական դաշնակցային բնույթ, ինչը չափազանց կարևոր էր վերջին շրջանում հայաստանյան տիրույթում այս հարցի շուրջ մանիպուլյացիաների ու զանազան շահարկումները լռեցնելու տեսանկյունից: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է՝ Հայաստանը պետք է զարգացնի տնտեսական, քաղաքական հարաբերությունները ՌԴ հետ»,- հավելեցլ է Սաֆարյանը:

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էլ իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Նրա խոսքով, միջազգային հարաբերությունները ամեն րոպե փոխվում են և կարևոր է, որ ՀՀ դիվանագիտությունը կարողանա հստակեցնել այն կարմիր գծերը, որոնք ոչ մի պարագայում չի հատելու և չի զիջելու։

«Հայաստանը պետք է լինի ընկալելի ու վստահելի գործընկեր բոլորի համար՝ կարմիր գծերի պարտադիր շեշտադրումով։ Դա, առաջին հերթին, հայության ֆիզիկական անվտանգության խնդիրն է ու Արցախի վերջնական կարգավիճակի հարցը: Բացի այս,  անհրաժեշտ է հասնել ԼՂԻՄ սահմանների վերականգնմանը ռուս խաղաղապահների ու ՌԴ միջոցով:»,- ասել է նա:

ԸՍտ աղբյուրի, անդրադառնալով բանակցային գործընթացի, ըստ էության, տապալմանը, նա նշել է. «Այն սկզբունքները, որոնք 2003-ից դրվել էին բանակցային գործընթացի հիմքում, դրանցից երկուսը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքը, իրար հակասում էին, այդ իսկ պատճառով բանակցությունները մտան փակուղի: Այս հարցը պետք է լիներ ՀՀ իշխանությունների կողմից տարվող բանակցությունների հիմքում, բայց այդպես չեղավ և Ադրբեջանը շատ լավ դրանից օգտվեց»։

Բանախոսի համոզմամբ, Հայաստանը բացի Ռուսաստանից, պետք է հարաբերությունները զարգացնի ու խորացնի հարևան Իրանի հետ։

«Իրանի հետ բանակցությունները պետք է ակտիվացվեն՝  հաշվի առնելով նաև Իրան-ՌԴ հարաբերությունների խորացումն ու նոր շեշտադրումները: Օրինակ, որպես հակակշիռ թուրք-ադրբեջանական համագործակցությանը ռազմատեխնիկական ոլորտում, ՀՀ-ն պետք է համագործակցությունը խորացնի Իրանի հետ»,- հավելել  է նա:

«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի կարծիքով, ԱՄՆ-ն նպատակ ունի  ՌԴ սահմանների մոտ պատերազմ հրահրելը, որի համար դիտարկվում է նաև Հարավային Կովկասը։

Ըստ բանախոսի՝ ԱՄՆ նպատակն է պատռել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, մինչդեռ  Մոսկվան դրանով ժամանակ է ձգում, որպեսզի տարածաշրջանում մեծ պատերազմ չլինի, իսկ  Արևմուտքը ուզում է, որ գործընթացը արագացվի:

«Իրանն ու Ռուսաստանը դեմ են պատերազմին, իսկ խաղաղության պայմանագրի կնքմամբ կհայտարարվի, որ ՀՀ-ն այլևս խնդիր չունի Ադրբեջանի հետ ու այդ դեպքում կստացվի, որ եթե ամեն ինչ լավ է, ապա ՌԴ-ի կարիք այլևս չկա: Նույնն էլ Թուրքիայի պարագայում՝ եթե ամեն ինչ լավ է, ապա ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի կարիք չի լինի: Սա է ԱՄՆ գլխավոր նպատակը, սա է Բրյուսելի նպատակը, որն արագացնում է խաղաղության պայմանագրի կնքումը»,-շեշտել է Այվազյանը:

«Օրբելի» կենտրոնի փորձագետ, վրացագետ Ջոնի Մելիքյանն էլ նկատել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման երկու հարթակներն էլ՝ և՛ Մոսկվան, և՛ Բրյուսելը նույն հարցերի շուրջ են խոսում: Հարցն այն է՝ ի՞նչ ենք ստանում այս արդյունքում:

Ըստ նրա, կան կարծիքներ, որ տարբեր գործընթացներում ներառվելով Հայաստանը ևս փորձում է ժամանակ շահել:

«Խաղաղության պայմանագիր ստորագրելը մեծ ռիսկ է պարունակում: Երբ Հայաստանը Արցախից առանձին նման փաստաթուղթ է ստորագրում, ապա ստացվում է, որ ՀՀ-ն ընդունում է Բաքվի տարիներ շարունակ շահարկվող այն թեզը, թե Արցախի հարցն ընդամենը տարածքի խնդիր էր Հայաստանի հետ»,- շեշտել է Մելիքյանը:

Փորձագետը հարց է հնչեցնում՝ եթե Ադրբեջանի հետ ապաշրջափակումը ապահովում ենք, դելիմիտացիան ապահովում ենք, տնտեսական հարաբերությունները, տեսականորեն, ձևավորվում, ապա ի՞նչն է մնում, միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատո՞ւմը:

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ այսօր կարևոր է հասկանալ ու ընկալել, թե ինչպիսի ընթացք են ստանում միջազգային հարաբերությունները, ինչպես նաև այն, որ աշխարհն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին, օրինակ, դեռ մեկ տարի առաջ էր:

«Կարևոր հարց է, թե ինչպիսի դեր կունենա Հայաստանը տարածաշրջանում և աշխարհում։ Սա է գլխավորը: Կան շատ հարցեր, որոնք մտահոգիչ են, որոնք մտորելու տեղիք են տալիս, և փորձագիտական շրջանակները ևս ունեն իրենց անելիքն այս գործընթացում: Մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել մեր երկրին այս վճռական պահին»,-հավելել է նա:

Քննարկմանը մասնակցել են հայաստանյան բուհերի շուրջ հինգ տասնյակ ուսանողներ:

Panorama.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here