ԵԱՏՄ-ին համակողմանի ինտեգրման կողմնակիցների թիվը կտրուկ կավելանա. Սաֆարյան

0
232

Հայաստանի տնտեսության վերջին տարիների ձեռքբերումները հաստատում են Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար մասնագետների կանխատեսումներն այն մասին, որ մեր երկիրը զգալի օգուտներ կստանա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացում ակտիվ և կառուցողական մասնակցություն ունենալուց: Այդ իմաստով արդարացել են նաև հայաստանյան հասարակության մեծամասնության սպասումները, որը վերջին տասը տարում պաշտպանում էր Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին և հետևողականորեն հանդես էր գալիս Ռուսաստանի` եվրասիական ինտեգրացիոն գործընթացի լոկոմոտիվի հետ մեր երկրի ակտիվ համագործակցության օգտին: Ճիշտ է, վերջին երկու տարում Ռուսաստանի հետ դաշինքի և ինտեգրման կողմնակիցների թիվը որոշ չափով ավելի նվազ է, քան հինգ կամ տասը տարի առաջ: Դա հետևանք է նրա, որ ինտեգրացիոն գործընթացը չի հավաքում այն հզոր և արագ պտույտը, որը կցանկանար տեսնել հայ հասարակության մեծ մասը: Սակայն մեր սոցիոլոգները համոզված ցույց են տալիս, որ ԵԱՏՄ շրջանակներում համապարփակ ինտեգրման կողմնակիցների թիվը նորից կարող է կտրուկ աճել, եթե Ռուսաստանը և նրա տնտեսական դաշնակիցները որոշեն առաջ մղել ինտեգրումը ավելի մեծ տեմպերով: Այս մասին  Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների՝ «Հայաստանը և եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով հրապարակային դասախոսությունների շարքի մեկնարկին նվիրված քննարկմանը հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, կարևոր է հասկանալ, որ գլոբալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության մթնոլորտում կրկին ակտուալ հասկացություն է դառնում «ետխորհրդային տարածքը»: Կյանքը ցույց է տալիս ընդհանուր տնտեսական տարածքի և, ինչը ոչ պակաս արժեքավոր է, ընդհանուր քաղաքակրթական տարածքի պաշտպանության և հետագա զարգացման կենսական անհրաժեշտությունը: ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության տարում անդամ-երկրների փորձագիտական հանրությունները հույս ունեն, որ կգործադրվեն առավելագույն ջանքեր նոր գաղափարների, նոր մոտեցումների, հնարավոր է ոչ ստանդարտ գաղափարների գեներացման ինտեգրման առաջընթաց զարգացմանն ու խորացմանը հզոր, նոր ազդակ հաղորդելու համար:

“Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը: Ռուսաստանին է բաժին հասնում մեր երկրի ամբողջ արտաքին տնտեսական շրջանառության 49% 2022թ. արդյունքներով: Ռուսաստանի հավաքական ներդրումային փաթեթը Հայաստանում կազմում է 2 մլր դոլար: Ռուսաստանը հանդիսանում է հայկական պատրաստի արտադրանքի սպառման խոշորագույն շուկան: Ռուսաստանի այդ դերի շնորհիվ հաջողությամբ շարունակվում է հայկական արտահանման ցանկի դիվերսիֆիկացիան: Մեր առաջատար տնտեսագետները պնդում են, որ այդ դիվերսիֆիկացիայի գործընթացը մոտակա տարիներին կրելու է շարունակական բնույթ և ամենաբարեբեր կերպով կազդի ամբողջությամբ վերցրած հայկական տնտեսության զարգացման վրա”,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով, հիբրիդային պատերազմները և կոշտ հակամարտությունը, որն ընթանում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև, դնում է նոր պայմաններ, Հայաստանի համար ստեղծում է նոր մարտահրավերներ և սպառնալիքներ: Շատ կարևոր է թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի տարբեր աշխարհաքաղաքական կախվածությունների կողմնակիցների միջև մարտադաշտի, այլ երկրում ծավալել մտքերի կառուցողական փոխանակություն և գաղափարների պայքար հայաստանյան հասարակությունն, ընդհանուր առմամբ, ուժեղացնելու նպատակով: Այդ իմաստով, նպատակահարմար է միավորել երկրի գիտափորձագիտական հանրության ջանքերը և ստեղծել կառուցողական երկխոսություն ինչպես հիմնական քաղաքական ուժերի, այնպես էլ գործարար համայնքի հետ Հայաստանի տնտեսության հաջող զարգացմանը նպաստելու նպատակով:

“Վերջին ամիսներին Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները հանգամանալից վերլուծություն են կատարում, ուսումնասիրելով աշխարհում տնտեսական գործընթացները: Հայտնի է, որ հեղինակավոր կանխատեսումներ կան այն մասին, որ 2023թ. կեսերին կարող է լինել նոր ռեցեսիա և աշխարհի տնտեսությունների մեծ մասը կարձանագրի տնտեսական զարգացման ծավալների անկում: Մեր երկրի համար կարևոր է այն հաստատագրումը, որ 2023թ. (համենայն դեպս առաջին կեսը) կարձանագրի տնտեսական զարգացման աճի շարունակություն: Ինչ վերաբերում է տարվա կանխատեսումներին, ապա Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված պնդում է, որ նույնիսկ առկա տնտեսական, քաղաքական և սոցիալական իրողություններում մերօրյա Հայաստանում կարելի է ակնկալել տնտեսական ակտիվության 5-6 տոկոսանոց աճ և ՀՆԱ-ի աճ այս տարվա արդյունքում: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը հետևի բիզնես-մթնոլորտի առողջացմանը երկրում և ամեն կերպ աջակցի այն մեծ, միջին և փոքր ներդրողներին, որոնք որոշել են աշխատել Հայաստանում: Մեր երկրում կառավարման մտածված կազմակերպման պարագայում կարելի է ստեղծել մի մթնոլորտ, որտեղ նույնիսկ ռուսաստանյան ներդրումների մեծամասնության վերադարձից, Ուկրայինայում հակամարտության ավարտից հետո կշարունակվեն տնտեսական աճի և տնտեսական առողջացման դրսևորված միտումները”,- նշեց նա:

Նա ասաց, որ Եվրասիական փորձագիտական ակումբը 2019թ. հաստատել է և այժմ կրկնում է երկրում այնպիսի քաղաքական և սոցիալական մթնոլորտի ստեղծման կարևորությունը, որը չի խանգարելու տնտեսության մեջ այն դրական միտումների շարունակական աճին, որոնք վերջերս տեղ ունեն: Հենց այդ պատճառով էլ արժե հիշեցնել, որ եթե ետհամավարակային առողջացման գործընթացները տնտեսության մեջ շարունակական բնույթ ստանան, ապա 5-7 տարի հետո մենք կունենանք որակապես նոր տնտեսական վիճակ մեր երկրում: Արդեն այժմ արժե լրջորեն մտածել երկրում սոցիալական վիճակը առողջացնելու մասին այն պարագայում, երբ 2023-2024թթ. տնտեսության տվյալ աճի տեմպերը իրականանան գլոբալ, ոչ միշտ բարենպաստ տնտեսական գործընթացների ֆոնին:

“Հայաստանի հասարակությունը իշխանություններից ակնկալում է այնպիսի արտաքին քաղաքականության իրականացում, որը Հայաստանը հեռու կպահի արտաքին ռիսկերից, հարվածներից և ճգնաժամերից: Զգույշ, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանի իմիջի ամրապնդմանը, իբրև հավատարիմ դաշնակից և ազնիվ, հուսալի գործընկեր: Ոչ թե տուժել գլոբալ հակամարտություններից, այլ փորձել նվազագույնի հասցնել արտաքին քաղաքական սպառնալիքներն ու մարտահրավերները, ստեղծել զարգացման համար ներքաղաքական պայմաններ”,- ընդգծեց նա:

Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը շարունակվում է աշխարհում գլոբալ փոփոխությունների պայմաններում: Այդ գործընթացը զուգակցվում է «մեկ գոտի – մեկ ուղի» չինական նախագծի հետ: Ռուսաստանը փնտրում է հնարավորություններ Իրանի, մեր մեծ տարածաշրջանի արաբական երկրների հետ նոր տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: Եվ դա նշանակում է, որ պետք է օգտվել ընձեռնվող նոր հնարավորություններից: Մյուս կողմից, նշեց Արամ Սաֆարյանը, Ռուսաստանի և եվրասիական ինտեգրման գծով նրա դաշնակիցների հետ ապրանքաշրջանառության հետագա զարգացման հեռանկարը թելադրում է կենսագործել նոր հնարավորություններ հայկական տնտեսության դիվերսիֆիկացման ասպարեզում, գտնել նոր ներուժային հնարավորություններ ԵԱՏՄ ուղղությամբ արտահանումը մեծացնելու համար:

Քանի դեռ շարունակվում է եվրասիական ինտեգրման երկրների հասարակությունների ներսում գլոբալ երկխոսությունը, իսկ արտաքին քաղաքական սպառնալիքները թելադրում են գտնել պաշտպանվելու միջոցներ, անհրաժեշտ է հայ հասարակության կառուցողական ներուժը ուղղորդել դեպի տնտեսական զարգացում և սոցիալ տնտեսական և կրթամշակութային վիճակի բարելավում:

“Մենք` Եվրասիական փորձագիտական ակումբի գիտնականներն ու փորձագետներս համոզված ենք, որ մեր քաղաքակրթական տարածքը ստեղծում է պայմաններ նման առաջանցիկ զարգացման համար: Մենք կոչ ենք անում չքանդել և վնաս չտալ այդ տարածքին, այլ մտածել նրա ամրապնդման շատ կարևոր գործընթացին կառուցողական մասնակցության մասին: Հայաստանի աշխարհագրական դիրքը, նրա պատմությունը, քաղաքակրթական հիմքերը թելադրում են հմտորեն համատեղել արտաքին քաղաքական վեկտորներն այնպես, որ պայմաններ ստեղծվեն հայկական ազգային բնավորության լավագույն գծերի դրսևորման համար”,- հավելեց Սաֆարյանը:

Verelq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here