Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները հասարակական կարծիքի հայելիում: Այս հարցի շուրջ իր վերլուծությունը Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով հրապարակային դասախոսությունների շարքի շրջանակում ներկայացրեց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:
Նա նախ հիշեցրեց, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն խորը քաղաքակրթական արմատներ: Հայ ժողովուրդը միշտ հատուկ վստահությամբ և բարեկամական զգացմունքներով է վերաբերվել Ռուսաստանին և ռուսներին։ Այսօր աշխարհում ամենամեծ հայկական սփյուռքը բնակվում է Ռուսաստանում՝ 2,5 միլիոն մարդ, որն իր չափերով համեմատելի է Հայաստանի՝ 2,9 միլիոն բնակչության հետ։ Ռուսաստանը մեր ամենամեծ տնտեսական գործընկերն է էներգետիկ և անվտանգության առումով, նա միակ հուսալի ռազմավարական դաշնակիցն է։ Հայ-ռուսական ավանդական հարաբերությունները մշակութային, պատմական և հումանիտար առումներով իրենց հավասարը չունեն։
Ըստ Պողոսյանի, Հայաստանում կատարված հասարակական կարծիքի բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները հստակ պատկերացում են տալիս Ռուսաստանի նկատմամբ մեր բնակչության վերաբերմունքի մասին։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը (տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ մոտ 75-80%) հետևողականորեն Ռուսաստանին վերաբերվել է որպես ամենամոտ և վստահելի գործընկերոջ։
“Ռուսաստանի հետ հարաբերությունները տասնամյակներ շարունակ Հայաստանի հանրային գիտակցության մեջ կայուն և անփոփոխ գնահատվել են շատ բարձր մակարդակով։ Բնակչության միանգամայն դրական վերաբերմունքը դրսևորվել է տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների, տղամարդկանց և կանանց, քաղաքային և գյուղական բնակչության շրջանում։ Օրինակ՝ 2014 թվականի ուսումնասիրության ժամանակ այն հարցին, թե Հայաստանի համար ում հետ է ավելի կարևոր հարաբերություններ կառուցել ԵԱՏՄ-ի՞, թե՞ ԵՄ-ի հետ, հարցվածների 51,6%-ը պատասխանել է ԵԱՏՄ-ի և միայն 19,5%-ը՝ ԵՄ-ի հետ։ Իսկ Հայաստանի մուտքին ԵԱՏՄ 2015 թվականին հավանություն է տվել մեր քաղաքացիների 65,6 տոկոսը։ Ո՞ր երկրների հետ ճիշտ կլինի, որ Հայաստանը միավորվի և բարեկամ լինի”,- ասաց նա:
Սակայն Ռուսաստանի և Արևմուտքի ժամանակի ընթացքում հարաբերությունների վատթարացումը, այնուհետև առճակատումը խնդրահարույց դարձրեց ինտեգրացիոն երկու աշխարհաքաղաքական կենտրոնների միջև նման մանևրումները։ Սրան զուգահեռ Արեւմուտքում ծավալվեց հակառուսական բնույթի լայնածավալ տեղեկատվական պատերազմ։ Այս համատարած հակառուսական արշավն արդեն ներթափանցում է հետխորհրդային տարածք,մասնավորապես, Հայաստան։
“Հայաստանում սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում վերջին ժամանակներում ակնհայտորեն աճել է հակառուսական դիսկուրսը։ Հետևելով համաշխարհային միտումներին՝ Հայաստանում նույնպես հայտնվեցին հրապարակումներ՝ ուղղված հակառուսական տրամադրությունների տարածմանը։ Հակառուսական հայտարարություններն ու մեղադրանքները սկսեցին ավելի հաճախ նետվել հանրային խոսույթի մեջ։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև սերտ գործընկերությունը չի վրիպում հայության նախանձախնդիր և կասկածելի ուշադրությունից և օգտագործվում է մեր հակառակորդների կողմից հայ-ռուսական հարաբերություններում հակամարտությունը խորացնելու նպատակով։ Մեր բնակչության մեջ հակառուսական տրամադրությունների աճի վտանգը մեծանում է: Դրանով է բացատրվում Ռուսաստանի նկատմամբ վստահության զգալի անկումը։ Ընդհանուր առմամբ, նկատելիորեն նվազել է առաջին տեղում Ռուսաստանը նշողների մասնաբաժինը այն երկրների շարքում, որոնց հետ Հայաստանը պետք է բարեկամական հարաբերություններ պահպանի։ Այս նվազումը համատեղվում է վստահության աճով՝ հարևան Իրանի (32,7%), Ֆրանսիայի (25,2%) և ԱՄՆ-ի (23,0%) նկատմամբ։
Նշենք, որ Ռուսաստանում ամենամյա անցկացվող «Բարեկամության վարկանիշի» մոնիտորինգը նույնպես ցույց է տվել ռուս-հայկական հարաբերություններում որոշակի սառեցում։ Հայաստանի բարեկամական դիրքը 2021 թվականին զբաղեցրած երրորդ տեղի համեմատ՝ 2022 թվականին իջել է հինգերորդ տեղը (Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Ղազախստանից հետո):
Մինչդեռ բոլորի համար վաղուց պարզ էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Թուրքիան է, այլ ոչ թե եվրոպական որևէ երկիր։ Աշխարհաքաղաքական ռազմավարության տեսանկյունից Հարավային Կովկասի երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) կարող են լինել կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի ազդեցության դաշտում։ Եվ, հետևաբար, ռուսական վեկտորի մերժումն ինքնաբերաբար նշանակում է անցում թուրքական ազդեցության տակ։
Մի խոսքով, ակտիվ աշխատանք է տարվում հայության հասարակական գիտակցության վերաձևավորման ուղղությամբ։ Շատ առումներով դա արհեստական է, քանի որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը ավանդաբար դրական է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Հարկ է նշել, որ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն այս երևույթների նկատմամբ միանշանակ չէ, սակայն սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հակառուսական խոսույթի, արևմտամետ ուղղվածության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նմանատիպ գործողություններին հանդեպ օպերատիվ հակազդեցություն չի նկատվում։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ Եվրոպայի և Արևմուտքի հետ լավ հարաբերությունների պահպանումն ու խորացումը պարտադիր չէ, որ արվի Ռուսաստանի՝ որպես մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ ավանդական բարեկամական հարաբերությունների վատթարացման հաշվին։ Շատ երկրներին հմուտ դիվանագիտության շնորհիվ հաջողվում է դրական կապեր պահպանել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Սա հենց այն է, ինչ անում են, օրինակ, տարածաշրջանի մեր հարեւանները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Հարց է առաջանում, թե ինչու՞ Հայաստանին չի հաջողվում նույնն իրականցնել”,- հավելեց Պողոսյանը։