Միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հիմնական նպատակներից մեկը պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների միջեւ կապերի ամրապնդումը։ Այս մասին Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով Եվրասիական փորձագիտական ակումբի հրապարակային դասախոսությունների շարքի շրջանակներում հայտարարել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած ինտեգրացիոն միավոր կայանում է բացարձակապես մարդկային հարաբերությունների միջոցով, եւ այս հարցում Եվրասիական տնտեսական միությունը բացառություն չէ։ Մարդիկ պետք է իրենց ամենօրյա կյանքում զգան եվրասիական տնտեսական ինտեգրացիայի դրական կողմերը։ Միայն այդ դեպքում ինտեգրացիան կարելի է համարել լիարժեք կայացած։
«Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունի հայկական Սփյուռքը, որը մեծ թվով ներկայացված է նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներում, առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունում։ Այս այսպես կոչված «4 ազատությունները» հնարավորություն են տալու կամ կարող են տալ հայկական Սփյուռքի՝ տվյալ մարզից սերող ներկայացուցիչներին իրենց ծննդավայրում ստեղծել արդյունաբերական ձեռնարկություններ եւ իրենց ֆինանսական միջոցները, հաստոցները անարգել տեղափոխել այդ նպատակին ծառայեցնելու համար։ Առհասարակ Սփյուռքի գործոնը միշտ էլ ոչ արդյունավետ է օգտագործվել պետության կողմից եւ կենտրոնական եւ մարզային մակարդակներում։ Բացի այդ Սփյուռքի ներկայացուցիչները պետք է կապող օղակ հանդիսանան իրենց ծննդավայրի եւ իրենց բնակության մարզի միջեւ՝ համատեղ ձեռնարկություններ հիմնելու, տուրիստական համատեղ փաթեթներ մշակելու, ցուցահանդես-էքսպոներ կազմակերպելու, ինչպես նաեւ իրենց ծննդավայրում արտադրվող ապրանքների իրացումն ապահովելու հարցում»,-ասել է նա։
Մարզային իշխանությունները, վստահ է Բալասանյանը, նույնպես իրենց հերթին լայնածավալ աշխատանք պետք է տանեն կոնկրետ ներդրումային ծրագրեր կազմելու, մարզերում առկա աշխատող եւ չաշխատող արդյունաբերական ձեռնարկությունները գույքագրելու, պոտենցիալ ներդրողների համար այսպես կոչված «Մեկ պատուհանի» սկզբունք ապահովելու եւ դրանով մարզն ավելի գրավիչ դարձնելու համար։ Դրա համար ԵԱՏՄ շրջանակներում բոլոր հնարավորությունները ստեղծված են եւ միայն նպատակային աշխատանք է պահանջվում այդ ամենը համակարգելու համար։ Ճիշտ է, որոշ դեպքերում Սփյուռքի ներկայացուցիչները աշխատանք տանում են, միջտարածաշրջանային եւ միջհամայնքային համագործակցության մասին կնքվում են պայմանագրեր, լինում են փոխայցեր, սակայն, ցավոք սրտի, այդ պայմանագրերի մեծ մասը ուղղակի մնում է թղթի վրա՝ դառնալով ժամկետանց։
«Միջտարածաշրջանային համագործակցության հաջորդ մակարդակը համագործակցությունն է կրթության ոլորտում եւ այդ գործում իրենց ուրույն տեղը պետք է ունենան մարզային բուհերը կամ մայրաքաղաքային բուհերի տեղի մասնաճյուղերը։ Ուսանողական փոխայցեր, ամառային կամ ձմեռային դպրոցներ, համատեղ կրթական ծրագրերի, այդ թվում նաեւ մագիստրոսական ծրագրերի ներդրում, որն անկասկած կարող է նպաստել ոչ միայն մարզի հեղինակության բարձրացմանը, այլեւ տուրիստական այցերի ընդլայնմանը։ Սա հնարավորություն կտա նաեւ մարզի ուսանողներին անվճար սովորել ԵԱՏՄ անդամ պետությունների պետական բուհերում, կատարելագործվել եւ վերադառնալով՝ նպաստել սեփական ծննդավայրի զարգացմանը»,-նշել է փորձագետը։
Խոսելով տուրիզմի մասին՝ Բալասանյանն անդրադարձել է եւս մեկ կարեւոր հարցի։ «ԵԱՏՄ ստեղծումից ի վեր ՀՀ որոշ առողջարաններ եւ հանգստյան տներ ընդգրկվել են ռուսական խոշոր կորպորացիաների տուրիստական փաթեթների մեջ եւ նրանք իրենց աշխատակիցներին ուղեգրեր տրամադրելիս առաջարկում են նաեւ բելառուսական ու հայկական որոշ հանգստյան տների ուղեգրեր։ Սա մեծ նշանակություն կարող է ունենալ մասնավորապես Տավուշի մարզի եւ հատկապես Իջեւան քաղաքի համար եւս, որն առայժմ դուրս է մնում խոշոր տուրիստական հոսքերից։ Սրանով պետք է զբաղվեն մարզային իշխանությունները՝ ստեղծելով պետություն-մասնավոր բիզնես-ԲՈՒՀ եռանկյունի։ Ի դեպ վերջինս մեծ դեր կարող է ունենալ հենց զբոսավար-մասնագետների պատրաստման գործում՝ ինքնաբերաբար ապահովելով նաեւ այդ ֆակուլտետում դասավանդող դասախոսների համար համապատասխան ծանրաբեռնվածություն։ Իսկ այդ հնարավորությունները Տավուշ աշխարհն անշուշտ ունի»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ եւս մեկ կարեւոր ուղղություն է անդրսահմանային համագործակցությունը։ Ճիշտ է, ՀՀ-ն չունի ընդհանուր սահման ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ, սակայն չի նշանակում, թե չի կարող օգտվել անդրսահմանային համագործակցության ընձեռած հնարավորություններից։ Մասնավորապես Տավուշի մարզը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի եւ սահմանակից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների մարզերի միջեւ։ Քանի որ հասկանալի պատճառներով ադրբեջանական սահմանակից շրջանների հետ բացակայում է որեւէ համագործակցություն, շեշտը պետք է դրվի սահմանակից վրացական շրջանների հետ համագործակցության վրա։ Այստեղ եւս մեծ աշխատանք ունեն կատարելու մարզային իշխանությունները։ Հնարավորություն կա Տավուշի մարզում ստեղծել հայ-վրացական համատեղ կապիտալով ձեռնարկություններ եւ «արտադրված է Հայաստանում» մակնշմամբ պատրաստի արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկա։ Հաշվի առնելով Մառնեուլիի շրջանի հիմնականում այգեգործական ուղղվածությունը, նման համատեղ արտադրություն կարելի է կազմակերպել սահմանակից Նոյեմբերյանի շրջանում՝ օգտագործելով Այրումի պահածոների գործարանի արտադրական հնարավորութունները։ Վստահ ենք, որ այս հարցը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն վրացական կողմի մոտ, այլեւ հնարավորություն կտա եւ տարածաշրջանում զարգացնել պտղաբուծությունը՝ հիմնելով նոր այգիներ, եւ ստեղծել նոր աշխատատեղեր Նոյեմբերյանի սահմանամերձ համայնքներում։
Բալասանյանն հավելել է, որ «Տարածաշրջանային հետազոտությունների եւ համագործակցության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի հանրապետության ազգաբնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների կեսից ավելին, դիցուկ 56%-ը դրական եւ ավելի շուտ դրական կարծիք ունի Եվրասիական ինտեգրացիայի մասին։ Իսկ հարցին, թե որ ուղղություններով պետք է լինի ԵԱՏՄ-ում ՀՀ հետագա ինտեգրացիան, հարցվածների 36%-ը պատասխանել է միջտարածաշրջանային համագործակցությունը։ Սա կարծում ենք եւս խոսում է այն մասին, որ միջտարածաշրջանային համագործակցության ուղղությունն ընդունելի է նաեւ ՀՀ քաղաքացիների համար։