Հայաստանը փնտրում է նոր իրողություններին հարիր անվտանգության երաշխիքներ

0
167

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Վերջին շաբաթները հագեցած են Հարավային Կովկասի անվտանգության ակնհայտորեն առաջացած վակուումային վիճակին համարժեք աշխույժ քննարկումներով, որոնք ստիպում են համակարգված ու հավասարակշռված հայացք գցել դրանց: Ստորեւ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մեր վերլուծականը եւ երաշխավորություններ նոր իրողություններին հարիր քաղաքական քայլերի անհրաժեշտության մասին:

Ո՞վ կլրացնի անվտանգության ակնհայտ դեֆիցիտը

Հայաստանում քննարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորությունը: Իշխանական թեւի քաղաքական գործիչներն ասում են, որ ՀԱՊԿ-ը 2020թ. 44-օրյա պատերազմից հետո չի կատարում Հայաստանին օգնելու իր պարտավորությունները: Մակերեսին ընկած դատողություններ կան այն մասին, որ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Բելառուսը եւ Ղազախստանը Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի սերտ եւ խորը հարաբերություններ, քան Հայաստանի, եւ այդ պատճառով չեն ուզում շեղվել, լավագույն դեպքում՝ չեզոք միջնորդ լինելու իրենց կարգավիճակից: Տեղեկություններ կան այն մասին, որ քաղաքական եւ հասարակական շրջանակներում փորձագետների մասնակցությամբ ակտիվ քննարկումներ են գնում Հայաստանի բլոկներից դուրս, չեզոք կարգավիճակի հնարավորության մասին: Այդ փնտրտուքը լարվածություն է առաջացնում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մյուս անդամների՝ մի կողմից, եւ Հայաստանի միջեւ՝ մյուս կողմից:

Փնտրելով ուժային կենտրոնների աջակցությունը իր անվտանգության երաշխիքներն ամրապնդելու համար, Հայաստանը սպառազինություն է գնում Ֆրանսիայից եւ Հնդկաստանից: Եվրոպական (ֆրանսիական եւ գերմանական) դիտորդները Հայաստանի սահմանամերձ շրջաններում տեսչական հսկողություն են իրականացնում: Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակը զայրանում է, թե եվրոպացի դիտորդները լրտեսում են Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին:

Նպատակ չունենալով այս հոդվածում քննարկել անվտանգության նոր հնչողություն ունեցող երաշխիքների փնտրտուքի մանրամասները, բերենք եւս մի քանի կարճ դատողություններ այդ մասին: Մի քանի օր առաջ ամերիկյան ամենահայտնի եւ ամենախոշոր ու ամենածանրակշիռ վերլուծական կենտրոնի՝ «ՌԷՆԴ» կորպորացիայի մի հետազոտության մեջ պարզ ասվում է, որ ԱՄՆ-ն չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր, որովհետեւ ռազմավարական բնույթի հետաքրքրություններ չունի Հարավային Կովկասում: ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում հետաքրքրված է միայն ադրբեջանական նավթը դեպի Արեւմուտք անխափան դուրս բերելու խնդրով: ՌԷՆԴ-ի փորձագետները անկեղծորեն ասում են նաեւ, որ Ֆրանսիայից եւ Հնդկաստանից զենք գնելու ու ֆրանսիական ռազմական օգնություն տրամադրելու փորձերը շատ անբավարար են Հայաստանի անվտանգության կարիքները հոգալու համար: Այս պայմաններում ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս Հայաստանին չշտապել փոխելու իրենց անվտանգության առկա երաշխիքները: Սա նշանակում է, որ ամերիկացիները ուզում են ազնիվ եւ անկեղծ լինել Հայաստանի հարցում, ինչը չի կարող չգնահատվել:

Մեր հարեւան Իրանը Հայաստանի Հարավի անվտանգությունը եւ մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հստակ դիրքորոշում ունի: Բայց Իրանում դժգոհ են, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ-երկրների աջակցությունն է փնտրում իր անվտանգային խնդիրները լուծելու համար: Պետք է նկատի ունենալ, որ Իրանը (ճիշտ է՝ միայն սիտուատիվ) գործընկերային հարաբերություններ է խորացնում Ռուսաստանի հետ բոլոր բնագավառներում: Այս պայմաններում ռուս-իրանական շահերը սկսել են ներդաշնակվել տարածաշրջանի հարցում:

Եվ վերջապես՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Թուրքիան ակհայտորեն ուժեղանում է եւ ունի ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի լիակատար սատարումը Հարավային Կովկասի անվտանգության հարցերում շատ ավելի մեծ ու վճռական դեր խաղալու գործում: Կաշկանդված լինելով Ուկրաինական ճգնաժամով՝ Ռուսաստանը չի ցանկանում խորացնել տարաձայնությունները Թուրքիայի հետ կամ խանգարել նրան լիակատար ինտեգրվելու Ադրբեջանի հետ: Ռուս փորձագետ-արեւելագետները սկսել են բարձրաձայնել այն մասին, որ Ռուսաստանը եւս թյուրքական աշխարհի երկիր է, որովհետեւ այնտեղ 20 միլիոն թյուրքական ընտանիքի ժողովուրդներ են ապրում: Այս պայմաններում քննարկվում է, օրինակ, Ռուսաստանի մասնակցությունը ԹՅՈՒՐՔՍՕՅ-ին անդամագրվելու հնարավորությունը: Այսպիսով, տարածաշրջանով հետաքրքրված երեք տարածաշրջանային խոշոր խաղացողների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետաքրքրությունները սկսել են ներդաշնակվել:

Հայաստանում աշխույժ քննարկվող թեմա էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի Անթալիայում ունեցած ելույթը, որտեղ նա ասում էր, որ Թուրքիան է Հարավային Կովկասի անվտանգության երաշխավորը եւ առաջարկում էր նրա օգնությամբ դուրս հանել ռուսներին տարածաշրջանից, ներառյալ Հայաստանից: Հայ ստրատեգների համար պետք է ակնհայտ լինի, որ Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու գործում Արեւմուտքը սատարում է Թուրքիային եւ այդ գործը Թուրքիան փորձում է անել լուռ ճնշմամբ, առանց երկար-բարակ խոսակցությունների եւ Ադրբեջանի օգնությամբ: Բայց մեր ստրատեգներին պետք է պարզ լինի նաեւ, որ Ռուսաստանը չի անելու այդ բարձրաձայն խոստովանությունը, որովհետեւ ամեն գնով ուզում է պահպանել լավ հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Ռուսաստանում գիտեն նաեւ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը զբաղված են Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ հարաբերությունները խորացնելու գործողություններով, բայց ոչ թե առճակատում են փնտրում նաեւ այդ հարցում, այլ ընդհակառակը, ցանկանում են առաջարկել բազմաբնույթ համագործակցություն եւ ռեսուրսների համատեղում հանուն ներդաշնակ համագործակցության:

Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարը ստեղծված իրողությունների դաշտում

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարն իր ասուլիսներից մեկում պահանջում էր, որ Հայաստանը կողմնորոշվի՝ ՀԱՊԿ-ի հե՞տ է, թե՝ ոչ: Նա ասում էր, որ ՀԱՊԿ-ում չկա հարաբերությունները սառեցնելու կարգավիճակ (ինչպես հայտարարում էր Հայաստանի ղեկավարը): Ռուսաստանցի պաշտոնյան պարզություն էր ուզում այն հարցում, թե ինչպես է Հայաստանն իրեն տեսնում ԵԱՏՄ-ի անդամ, բայց ոչ ՀԱՊԿ-ի: Վերջին ամիսներին Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ մեր երկիրը, միանշանակ, շահ եւ օգուտներ ունի ԵԱՏՄ-ին անդամակցությունից: Ավելին, վերջին երեք տարվա զարմացնող տնտեսական աճի ցուցանիշները մեծ մասով հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցության հետեւանք են: Այս պայմաններում ԵԱՏՄ-ին անդամակցությունը սկսում է դառնալ շատ կարեւոր, եթե չասենք՝ վճռական գործոն հայ-ռուսական հարաբերությունները, ամբողջությամբ վերցրած, զարգացնելու համար:

Գաղտնիք չէ նաեւ, որ հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները վատթարացման միտում ունեն: Խորանում է անվստահությունը հայկական քաղաքական վերնախավի եւ ռուսական պետական մեքենայի միջեւ: Այդ վատթարացումը առայժմ չի դիպչում տնտեսական համագործակցության ոլորտին, որովհետեւ այնտեղից մեծ օգուտը երկուստեք է: Ռուս փորձագետներից այժմ կարելի է լսել դատողություններ այն մասին, որ Հայաստանը ստեղծված իրավիճակում կանգնած էր ընտրության առջեւ. գնալ Վրաստանի ճանապարհով (որտեղ մտածում են հարաբերությունները ինչ-որ կերպ բարելավելու թույլ, բայց առկա հնարավորությունների մասին) եւ Բալթյան երկրների միջեւ (որտեղ վճռեցին գնալ Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու եւ թշնամության ճանապարհով): Ըստ ռուս փորձագետների, Հայաստանն առայժմ նախապատվություն է տալիս այդ երկրորդ՝ Բալթյան տարբերակին: Սա չի կարող չմտահոգել նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանում ապրող 2,5 միլիոն հայերը, փաստորեն, դուրս են մնում երկկողմ հարաբերությունների լավացման համար կամուրջ լինելու իրենց բնական վիճակից:

Մի քանի օր առաջ Երեւանում էր չինացի քաղաքագետների պատկառելի պատվիրակություն, որի անդամները ներկայացնում են Չինական հասարակական գիտությունների ակադեմիան: Այդ պատվիրակությունը Չինաստանին սազական կոռեկտությամբ եւ զգուշավորությամբ քննարկումներ է անցկացնում հայ համալսարանական քաղաքագետ-գիտնականների ու փորձագետների հետ: Այս հոդվածում այդ մասին գրում ենք, որովհետեւ կենցաղային մակարդակով անվտանգության երաշխավորներ փնտրող մեր համաքաղաքացիները սկսել են հայացք նետել նաեւ դեպի Հնդկաստան ու Չինաստան: Նրանց համար որպես  տեղեկություն հայտնում ենք, որ Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատվում են իբրեւ ռազմավարական գործընկերային: Ռուս-չինական առեւտրաշրջանառությունը գերազանցում է 350 մլրդ. դոլարը: Այս ֆոնի վրա ուղղակի լուրջ չէ սպասել, որ Չինաստանը հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ Ռուսաստանի հաշվին կամ նրա փոխարեն: Անկեղծորեն հույս ունենք, որ անվտանգության երաշխիք փնտրող մեր կրթված (կամ ոչ այնքան) քաղաքագետների այս մտավարժանքները խոսքերից այն կողմ չեն անցնի եւ չեն դառնա գործնական քաղաքականության հիմք:

Պատասխանելով հասունացած՝ «ի՞նչ անել» հարցին, ուզում եմ կրկնել վերջին միջազգային համաժողովներից մեկում ռուս փորձագետների արած եզրակացությունները: Նրանք ասում են, որ պետք է փակել հայ եւ ռուս քաղաքական գործիչներին ու դիվանագետներին մի տեղ այնքան ժամանակ, մինչեւ նրանք չվերականգնեն հարաբերությունների բարյացակամ ու վստահելի վիճակը: Մենք մեր կողմից ուզում ենք վճռական դիրքորոշում արտահայտել այն մասին, որ, միանգամայն, հասունացած է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական երկխոսության, այսպես ասած՝ վերալիցքավորումը: Այս վերլուծականում եւ նման աշխատանքներում պարունակված փորձագիտական եզրակացությունները պետք է դարձնել հիմք այս զրոյական վիճակից երկխոսությունը բարձրացնելու համար: Երկուստեք ընդունելի պետք է դարձնել Հարավային Կովկասում նոր քաղաքական իրողությունների առկայությունը եւ մտածել հայ-ռուսական նոր հարաբերությունների համալիր կառուցման ուղղությամբ: Մեզ հարկավոր է այնպիսի հարաբերությունների մթնոլորտ, որը չթուլացնի հայ-ռուսական հարաբերությունների խորությունը, բայց տեղ թողնի այլ ուղղությունների համար: Հայաստանի հասարակությունը պետք է տեղեկացված լինի այս ճանապարհով չգնալու դեպքում առկա դժվարությունների ու բարդացումների մասին: Եվ այդ դեպքում, ակնհայտորեն, մեր քաղաքական վերնախավի խնդիրն է դառնում չանել կտրուկ շարժումներ, չվնասել մեր փխրուն անվտանգության համակարգին:

Դանդաղ քայլերը կարող են լինել նաեւ շատ արագ խոսելու կամ տաք-տաք քննարկելու արդյունքում: Չվախենանք առողջ քննարկումներից: Վերջապես, մերօրյա հասարակությունն է որոշելու, թե ինչպիսի Հայաստանում ենք ապրելու: Հետեւաբար, քաղաքական վերնախավը կարող է վերականգնել ժողովրդի մեծ մասի վստահությունը միայն այն ժամանակ, երբ անկեղծ եւ ուղիղ կասի նրան, թե ինչպես, ինչու եւ ուր է շարժվում Հայաստանը:

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here