Վերլուծական հանրության դերը Հարավային Կովկասում նոր քաղաքական իրողությունների ճշգրիտ գնահատման գործում

0
747

Սեպտեմբերի 8-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ հայ-ռուսական առաջին մեդիա-ֆորումը, որին մասնակցելու հնարավորություն ընձեռնվեց նաեւ ինձ: Երկրորդ պլենար նստաշրջանում իմ ելույթից հետո մի քանի գործընկերներ խորհուրդ տվեցին տպագրել դրա հիմնական դրույթները, որպեսզի հնարավոր լինի մի մասնագիտական քննարկում ու բանավեճ ծավալելու: Ստորեւ ձեր ուշադրությանն եմ նարկայացնում իմ մոտեցումներն ու դիրքորոշումները, հույս ունենալով, որ դրանք իսկապես շահագրգիռ եւ որակյալ քննարկման հիմք կդառնան:

Նոր աշխարհաքաղաքական իրողություններ Հարավային Կովկասում

Առաջին հանգամանքը, որ հարկ եմ համարում նշել, Թուրքիայի աննախադեպ առաջխաացումն է Հարավային Կովկասում: Ո՛չ 1649թ. հետո, երբ սահման գծվեց Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Պարսկաստանի միջեւ, ո՛չ 1829թ. հետո, երբ սահման գծվեց Օսմանյան կայսրության եւ Ռուսական կայսրության միջեւ, եւ ո՛չ էլ 1921թ. հետո, երբ սահման գծվեց Թուրքիայի Հանրապետության եւ նախկին ԽՍՀՄ միջեւ, Թուրքիան հնարավորություն չի ունեցել ընդլայնվելու դեպի Հարավային Կովկաս, չնայած այդ ընդլայնումը միշտ էլ ամրացած է եղել պանթուրանական գաղափարակիրների գլուխներում:

1991թ. հետո Թուրքիան բարելավել է իր հարաբերությունները թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Վրաստանի հետ, եւ շատ կարեւոր տնտեսական ու քաղաքական դերակատարություն է ստացել երկու երկրներում էլ: Եվրամիության անդամ դառնալու հարցում մերժում ստանալով՝ Թուրքիան ապահովել է հավաքական Արեւմուտքի բարեհաճ համաձայնությունը դեպի Արեւելք տարածվելու հարցում: Պետք է հասկանալ, որ ետխորհրդային իրողություններում Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրները աննախադեպ հնարավորություն են ստացել խաղաղ պայմաններում, առանց պատերազմների, առանց միջազգային իրավունքի նորմերի խախտումների ամրապնդելու եւ խորացնելու միմյանց միջեւ համագործակցությունը, նպաստելով Մեծ Թուրանի դարավոր տեսլականի կենսագործմանը: Թուրքիայի այս նոր դերը հասկացել են Ռուսաստանում, որտեղ Ուկրայինական ճգնաժամը ստիպում է հարավային եւ արեւելյան հարեւանների հետ զգույշ, նուրբ եւ ճկուն քաղաքականություն վարել: Ռուսաստանը ձգտում է ամեն կերպ սերտ հարաբերություններ հաստատել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ եւ այդպիսով ներդաշնակեցնել իր դերն ու շահերը Հարավային Կովկասում:

Այս նոր իրավիճակն է, որը երեւի ստիպել է մեր քաղաքական գործիչներին հրապարակային հայտարարություններ անել Ռուսաստանի Հարավային Կովկասից հեռանալու մասին: Ինչպես հայտարարում են իրենք՝ ռուսական պաշտոնական աղբյուրները, այդ գնահատականը ճիշտ չէ, որովհետեւ Ռուսաստանը Հարավային Կովկասից ոչ մի տեղ հեռանալու մտադրություն չունի: Ռուսական ռազմավարությունը մեր տարածաշրջանում հանգում է նրան, որ ամրապնդի դիրքերը, որտեղ դրանք ունի եւ օգտագործի իր ազդեցությունը խաղաղ ու կանխատեսելի մթնոլորտ ստեղծելու համար, որտեղ ինքը կկարողանա պահպանել իր ազդեցությունը:

Ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության առաջնորդները բացիեբաց սպառնում էին արեւմտահայ քաղաքական գործիչներին, թե հայերը կանգնել են իրենց ճանապարհին դեպի Թուրան եւ խանգարում են իրենց: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այդ սպառնալիքը կենսագործվեց իբրեւ Հայոց ցեղասպանություն, եւ Արեւմտյան Հայաստանը ամբողջովին հայաթափվեց:

Հիմա, թուրքական եւ ադրբեջանական ցանկության պարագայում ամբողջովին ինտեգրվելու, Արեւելյան Հայաստանը՝ Հայաստանի Հանրապետությունը, նորից հայտնվել է այդ աքցանի մեջ: Նախկին կլիշեները, որոնցով առաջնորդվել են հայերը Անտանտի, Խորհրդային Միության եւ ետխորհրդային առաջին տարիների պայմաններում, այս պարագայում անօգտագործելի են եւ նույնիսկ վտանգավոր: Հայաստանը պետք է ճկունություն եւ իմաստություն ունենա իր գոյությունը, տարածքային ամբողջականությունը եւ նույնիսկ զարգանալու հնարավորությունը պահպանելու համար, ոտքի տակ չընկնելով:

Իրանը մեր բարեկամն է եւ բնական դաշնակիցը: Եթե Ռուսաստանը չի ուզում փչացնել հարաբերությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, Իրանը առավել եւս դա բացահայտ անել չի կարող: Իրանին Ռուսաստանի ու Թուրքիայի հետ միավորում է մի բան. Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները լուծել տարածաշրջանի ներսում, առանց հավաքական Արեւմուտքին եւ աշխարհի մյուս ուժային բեւեռներին ներգավելու: Սրա համար է ստեղծվել «3+3» ձեւաչափը, եւ չնայած Վրաստանը առայժմ դրան մասնակցել չի ուզում, այն, փաստորեն, որպես խորհրդատվական հարթակ արդեն գործում է:

Եվ վերջապես՝ ԱՄՆ եւ Եվրոպական Միության դերը մեր տարածաշրջանում: Ադրբեջանական նավթը եւ վրացական հաղորդակցական ենթակառուցվածքները պատճառ են դարձել, որ Հարավային Կովկասը էական շահերի ու հետաքրքրության գոտի դառնա ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար: Այդ շահերը պաշտպանելու համար նրանք Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում էական ծախսեր են անում եւ անընդհատ մեծացնում հետաքրքրող խնդիրների շրջանակը, ավելի ու ավելի համառ առաջ մղելով դրանք: Ուկրայինական ճգնաժամի ծավալման այս օրերին նրանց գլխավոր խնդիրը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է: Եթե դա հաջողվի, ապա Հայաստանի համար անկանխատեսելի հետեւանքներ կարող են առաջանալ: Դրա համար էլ հարկ է ուսումնասիրել եւ փորձել ճշգրիտ գանահատել այն սցենարները, որոնք կարող են կենսագործվել մեր տարածաշրջանում թափ հավաքող հիբրիդային պատերազմների հետեւանքով:

Ի՞նչ կարող են անել վերլուծաբանները հօգուտ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության

Ստորեւ ցանկանում եմ ուրվագծել հարցադրումների այն շրջանակը, որն իր կենսականորեն անհրաժեշտ պատասխաններին է սպասում: Մեր վերլուծաբանների հանրությունը 44-օրյա պատերազմից հետո կարող էր իրեն նեղություն տալ եւ քաղաքական վերնախավերի ու հասարակական ակտիվ շրջանակների ավելի պատրաստված եւ առարկայորեն հիմնավորված դիրքորոշումների համար նյութ ստեղծել:

Առաջին. ի՞նչ կարժենա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի պարագայում: Հայտնի է, որ խիստ մոտավոր հաշվումներով հայ-թուրքական առեւտուրը 2022թ. կազմել է 400մլն. դոլար: Թուրքական ներկրումը Հայաստան արդյոք կարո՞ղ է էլ ավելի մեծանալ եւ մինչ ո՞ւր: Թուրքիա-Ռուսաստան ցամաքային առեւտրի պայմաններում մեր ճանապարհները ի՞նչ ծավալի բեռներ են ընդունելու: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը դառնալ էական միջանցք թուրք-ռուսական ցամաքային առեւտրի համար: Թուրքիան ունի՞ արդյոք հնարավորություն եւ հետաքրքրություն Հայաստանում տնտեսական էքսպանսիա իրականացնելու համար: Կարո՞ղ է արդյոք ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի մասնակցության հետագա աշխուժացումը չեզոքացնել այդ էքսպանսիայի թափը:
Երկրորդ. եթե գործարկվեն Հայաստանը Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները եւ աննախադեպ հնարավորություն ստեղծվի Հյուսիս-Հարավ ռազմավարական առանցքը ուժեղացնելու համար, կարո՞ղ է արդյոք մեծանալ Իրանի դերը Հայաստանում եւ Վրաստանում (ունի՞ արդյոք այդ ներուժը Իրանը արեւմտյան արգելամիջոցների պայմաններում): Ի՞նչն է խանգարում (բացի հայտնի արգելամիջոցներից) Հայաստանին եւ Իրանին որակապես մեծացնել տնտեսական համագործակցության ծավալները: Եթե Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրական գոտու մասին երկարամյա համաձայնագիր ստորագրի, ի՞նչ նոր բոնուսներ կստանա Հայաստանը: Կարո՞ղ է արդյոք մեր երկիրը Ադրբեջանից կտրել եւ մեզանով անել այդ բեռնափոխադրումների ինչ-որ մասը:

Երրորդ. շատ կարեւոր է հասկանալ, թե տնտեսական առումով ի՞նչ է իրենից ներկայացնում Մեծ Թուրանի զարգացման ծրագիրը: Ի՞նչ բեռների փոխադրության եւ մարդկային հոսքերի տեղաշարժի մասին է խոսքը: Ունի՞ արդյոք Հայաստանը ներուժ դիմակայելու թուրք-ադրբեջանական լայնածավալ ինտեգրման բնական հետեւանքները: Ի՞նչ կարող են անել Հայաստանը եւ Վրաստանը միասին սեփական տնտեսական ինքնիշխանությունը նոր պայմաններում պաշտպանելու համար: Կա՞ արդյոք այնպիսի ներուժ հայ-ռուսական փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության մեջ, որը կարողանար էական գործոն դառնալ ամբողջ Հարավային Կովկասում տնտեսաքաղաքական հավասարակշռությունները հաստատելու եւ ամրապնդելու համար:

Եվ չորրորդ. ի՞նչ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը, որպեսզի իր անվտանգությունը եւ կայունությունը ամրապնդելու համար հավասարակշռի հարաբերությունները Ռուսաստանի, Եվրոպական միության, ԱՄՆ-ի, ոչ հեռու ապագայում նաեւ Չինաստանի հետ: Համաձա՞յն է արդյոք վերլուծական հանրությունը այն մտքի հետ, որ վերջին 25 տարիների ընթացքում վարած բազմավեկտոր եւ կոմպլիմենտար քաղաքականությունը ամբողջովին ձախողված է եղել, թեկուզ այն պարզ պատճառով, որ մեր կենսական հարցերում մենք աշխարհում ոչ բարեկամ ունենք, ոչ էլ կայուն գործընկեր: Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, եթե մենք չենք ուզում կորցնել հին ռազմավարական դաշնակցին եւ միաժամանակ հասկանում ենք, որ պետք է խորը եւ վստահելի հարաբերություններ ձեւավորել Հարավային Կովկասում ակտիվ դերակատարություն ունեցող բոլոր ուժերի հետ:

Ինչո՞վ կարող են վերլուծաբանները օգտակար լինել քաղաքականություն կերտողներին

Հայաստանը շատ հարցերում ուղղակի ստիպված է կենսագործել արտաքին ուժերի երաշխավորությունները: Աշխարհի երկրների մեծ մասը այդ ռեժիմներով է կազմակերպում իր աշխատանքը: Երեւի սա նորմալ է: Վերջին տարիներին համարյա բոլոր ոլորտներում զգացվում է արեւմտյան խորհուրդների եւ խորհրդատվության ազդեցությունը: Սա դժգոհություն է առաջացնում Ռուսաստանում եւ Իրանում: Բոլորովին վատ չէր լինի, որ հասարակության ակտիվ մասը (որը նաեւ ավելի գրագետ ու պատասխանատու մասն է) զինված լիներ սեփական վերլուծական նյութերով ու ավելի ինքնուրույն մոտեցումների երաշխավորություններով: Չէ՞ որ սա ուժեղներին վայել բան է: Թույլերը առաջնորդվում են ուժեղների խորհուրդներով: Ուժեղները փորձում են սեփական մոտեցումներ մշակել եւ դրանք կենսագործել աշխարհում: Պարզ երեւում է, որ մեր տարածաշրջանի աննախադեպ նոր իրողությունների պայմաններում մենք դեռ չենք հասկացել դրանց հարմարվելու եւ նոր մոտեցումներ մշակելու պատվիրանները:

Լեռնային Ղարաբաղի գերբարդ խնդիրը լուծելու ճանապարհին մենք կանգնած ենք հետեւյալ հրամայականի առջեւ: Վերադառնալ 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան համաձայնագրի կենսագործմանը եւ հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը: Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման սրբազան իրավունքից բխող նրա կարգավիճակի հարցը պետք է չխառնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հետ եւ թողնել այն մինչեւ որ հետագայում, ավելի նպաստավոր պայմաններում, ավելի բանական ու բարյացակամ մոտեցումների արդյունքում, ժամանակակից աշխարհի գլխավոր ուժային կենտրոնների (Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ) կստեղծվի նպաստավոր միջավայր այդ կարգավիճակը ձեւավորելու համար: Եթե գիտականորեն, պատշաճ վերլուծության արդյունքում ձեւավորվի այն գնահատականը, թե մեզ օդի-ջրի պես ոչ միայն խաղաղություն ու կայունություն է անհրաժեշտ, ալեւ հնարավորություն է ընձեռնվել ինքնիշխանությունը պահպանելու, տնտեսությունը զարգացնելու, ընդհանուր միջավայրի անվտանգությունը ամրապնդելու համար, մենք պետք է շարժվենք գլխավորապես այդ երաշխավորություններով: Մեզ աշխարհում կհարգեն, եթե հասկանան, որ մենք հասկանալով ենք կառուցում մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը: Ու քանի որ մենք փոքր պետություն ենք, մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը պետք է լինի թափանցիկ, հասկանալի, կանխատեսելի, հիմնված համահայկական ռեսուրսի վրա:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here