«Կարևոր է, որ Հայաստանը չմերժի Հյուսիս-Հարավ առանցքի զարգացմանն ըստ ամենայնի մասնակցելու հնարավորությունը». Արամ Սաֆարյան

0
72

«Հայաստանը հայտարարել է «Խաղաղության խաչմերուկ» դառնալու իր պատրաստակամության մասին: Անվիճելի է, որ մեր տարածաշրջանի գործընթացները իրականում տանում են դեպի Արևմուտք-Արևելք ռազմավարական տրանսպորտային առանցքի զարգացում: Շատ կարևոր է, որ այս պայմաններում Հայաստանը չմերժի նաև Հյուսիս-Հարավ առանցքի զարգացմանն ըստ ամենայնի մասնակցելու հնարավորությունը, դրանով հավասարակշռելով մեր ազգային տնտեսության վրա տարածաշրջանի տարբեր կողմերից եկող ուժեղացող ազդակները»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» թեմայով ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

2024 թվականին Հայաստանը ստանձնում է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը. այս համատեքստում Արամ Սաֆարյանը կարեւոր է համարում ընդգծումը, որ 2023 թվականի ԵԱՏՄ-ում նախագահող Ռուսաստանը բավականին նկատելի միջոցառումներ իրականացրեց խթանելու շահագրգռված հետաքրքրությունը ինտեգրացիոն թեմատիկայի վերաբերյալ. «2024թ.-ին Հայաստանը կարող է նկատելի մասնակցություն ունենալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացի նկատմամբ միջազգային հետաքրքրության էլ ավելի մեծացման գործում, իր նախագահության ընթացքում նախաձեռնելով մի քանի խոշոր միջոցառումներ տարբեր երկրների բարձրակարգ և հարգված մասնագետների մասնակցությամբ: Կարևոր է ընդունել և բարձրաձայնել այն անառարկելի ճշմարտությունը, որ մենք էական շահ և օգուտներ ունենք այս գործընթացին մասնակցելուց: Հայաստանի տնտեսական զարգացման առանցքը վերջին տարիներին գլխավորապես կազմել է մեր առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի և միության մյուս երկրների հետ: Շատ կարևոր է, որ վերջին երկու տարիներին ձեռք բերված դինամիկան հնարավոր լինի պահպանել տեսանելի հեռանկարում: ԵԱՏՄ-ն Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է և նրան է բաժին ընկնում մեր արտաքին առևտրատնտեսական գործունեության կեսից ավելին: Նախորդ տարվա համեմատ, այս տարի այդ ուղղությամբ մեր ապրանքաշրջանառության աճը կազմել է ավելի քան 40%: Արդարացել են մեր կանխատեսումներն այն մասին, որ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման պայմաններում մեր արտաքին տնտեսական քաղաքականության այս կարևորագույն վեկտորի դերը աճելու է: Հետաքրքիր է, որ եվրասիական տարածքի խոշոր գիտափորձագիտական և ֆինանսական կենտրոնները կանխատեսում են, որ բոլոր հիմքերը կան սպասելու առևտրատնտեսական համագործակցության հետագա ծավալների աճ նաև 2024թ.-ին և 2025թ. առաջին կեսին: Մենք հիմքեր ունենք պնդելու, որ նույնիսկ այս աննախադեպ հաջողությունների պայմաններում Հայաստանի տնտեսական ներուժը բոլորովին էլ սպառված չէ: Էական ներդրումների և տնտեսական շարունակական բարեփոխումների պայմաններում հարկ է ակնկալել, որ առևտրատնտեսական համագործակցության ծավալները Ռուսաստանի հետ գնալով կարող են աճել, իսկ Հայաստանում նշանակալից չափերով կշարունակի ավելանալ համախառն ներքին արդյունքը»:

Վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի տպավորիչ տեմպն, ըստ բանախոսի, ունի երկու բաղադրիչ. «Դա սեփական արտադրության ապրանքների առևտուրն է, ինչպես նաև վերաարտահանումը: Հասկանալի է, որ արդեն այժմ պետք է մտածել տնտեսական այնպիսի քաղաքականություն որդեգրելու մասին, որը հնարավորություն կտա տնտեսական աճ ապահովել նույնիսկ այն դեպքում, երբ վերարտահանման տեմպերը նվազեն կամ զրոյանան: Առայժմ սա մի լավ հնարավորություն է փորձարկելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային լոգիստիկ առանցքի լիարժեք գործարկման հնարավորությունը և դրա կարևորությունը Հայաստանի համար»:

Բանախոսի համոզմամբ, Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի հաջող մասնակցությունը, հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացումը և խորացումը, եվրասիական ֆինանսական կառույցների կողմից ցուցաբերվելիք աջակցությունը կարևորագույն և ծանրակշիռ փաստարկներ են հայ-ռուսական բազմակողմանի կապերը պահպանելու, զարգացնելու և ամրապնդելու համար:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here