Հայաստանը եզրափակել է 2023թ. Ռուսաստանին բարեկամ ետխորհրդային երկրների վարկանիշային աղյուսակը

0
159

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Ինչպես տեղեկացրել ենք «Ազգ»-ի նախորդ համարում, փետվարի 22-ին Մոսկվայում ամփոփվել է 2023թ. ետխորհրդային երկրների Ռուսաստանի հետ բարեկամության վարկանիշին վերաբերող հետազոտությունը: Այն իրականացրել է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը ետխորհրդային տարածքի 51 փորձագետների մասնակցությամբ: 12 խումբ ցուցիչների հիման վրա որոշվել են անցյալ տարվա Ռուսաստանին բարեկամ, հարաբերականորեն բարեկամ (հարաբերականորեն ոչ բարեկամ) եւ ոչ բարեկամ երկրները: Առաջին եռյակում են Հարավային Օսիան, Բելառուսը եւ Աբխազիան: Նրանց հաջորդում են Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը: Ադրբեջանը 7-րդ տեղում է: Նրան հաջորդել են Ղազախստանը եւ Թուրքմենստանը: Բարեկամ երկրների տասնյակը եզրափակել է Հայաստանը: 11-րդ տեղում Վրաստանն է, որը ստացել է հարաբերականորեն բարեկամ/հարաբերականորեն ոչ բարեկամի կարգավիճակը: Աղյուսակը եզրափակում են Մոլդովան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Ուկրաինան, որոնք համարվել են ոչ բարեկամ երկրներ:

2021թ. բարեկամության վարկանիշում Հայաստանը զբաղեցրել էր 3-րդ տեղը, իսկ 2022թ. վարկանիշում՝ 5-րդ տեղը: Ակնհայտ է, որ հետազոտության երեք տարվա արդյունքներով Հայաստանը էական նահանջ է արձանագրել:

Ստորեւ արժե վերլուծել այն դատողությունները, որոնց հիման վրա Հայաստանը հայտնվել է բարեկամների 10-րդ՝ վերջին հորիզոնականում:

Քաղաքական, ռազմական եւ տնտեսական հաղորդակցություն

Փորձագետների համար անկասկած է, որ 2023թ. ընթացքում հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների մակարդակում ետընթաց է արձանագրվել: Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ամրապնդել են համագործակցությունը հավաքական Արեւմուտքի հետ: Դրա գաղափարախոսական հիմքը կազմել է այն դատողությունը, որ Հայաստանը ազգերի եվրոպական ընտանիքի անդամ է եւ պետք է ամրապնդի իր այդ կարգավիճակը: Հայաստանը էական ջանքեր է գործադրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Եվրոպական Միության մյուս երկրների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները պնդել են, որ դա արվում է ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիա իրականացնելու նպատակով: Հայաստանի ղեկավարը չի մասնակցել ԱՊՀ եւ ՀԱՊԿ գագաթաժողովներին: Շրջանառության մեջ է դրվել ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի անդամությունը «սառեցնելու» մասին դատողությունը: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնագաղթից եւ Հայաստանում նրանց վերահաստատվելուց հետո մեր երկրում բարձրացել է Ռուսաստանից դժգոհության մեծ ալիք: Տեղի չեն ունեցել մի շարք քաղաքական հանդիպումներ եւ այլ միջոցառումներ, որոնք ծրագրված էին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Դեկտեմբերի 23-ին Հայաստանի վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ բարձրագուն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, եւ դա դրական է ազդել հայ-ռուսական հարաբերությունները բարելավելու հարցում: Ռուս քաղաքական գործիչներն ու դիվանագետները պնդել են, որ 2023թ. երկրորդ կիսամյակում քաղաքական եւ դիվանագիտական կապեր գործնականում համարյա չեն եղել:

Ռազմական համագործակցության ոլորտում տարվա վերջում արձանագրվել են որոշ քայլեր, որոնք թույլ են տվել արձանագրել, որ այդ կապերը գործնականում շարունակվում են:

Տնտեսական ոլորտում առկա են էական ձեռքբերումներ: ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացին մասնակցելուց Հայաստանը էական օգուտներ է ունեցել: Մեր երկիրն արձանագրել է ԵԱՏՄ շրջանականերում ամենաբարձր տնտեսական ակտիվության աճի եւ համախառն ներքին արդյունքի ցուցանիշները: Ռուսաստանը շարունակել է լինել Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Դեպի Ռուսաստան է ուղղված եղել Հայաստանի արդյունաբերության պատրաստի արտադրանքի առյուծի բաժինը: Ռուսաստանից է Հայաստան եկել բանկային փոխանցումների 67%-ը: Ռուսաստանի քաղաքացիները կազմել են Հայաստան ժամանած 2 մլն. 300 հազար արտասահմանյան զբոսաշրջիկների 50%-ից ավելին: Ռուսաստանը Հայաստանի համար երկրորդ ներդրողն է Արաբական Միացյալ Էմիրություններից հետո: Հայկական բիզնեսի ամենախոշոր գործառույթը եղել է սարքավորումների եւ մեքենաների վերաարտահանումը դեպի Ռուսաստան: Փորձագետները միակարծիք են, որ ԵԱՏՄ շրջանակներում հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը այսօր գլխավոր փաստարկն է հայ-ռուսական ընդհանուր առմամբ համագործակցության եւ փոխգործակցության շարունակման օգտին:

Գիտակրթական եւ մշակութային հաղորդակցություն

Քաղաքական հարաբերությունների ընդհանուր վատթարացումը մասամբ է ազդել գիտակրթական եւ մշակութային համագործակցության վրա: Հայաստանում հաստատված ռուսաստանցի ռելոկանտների (վերաբնակների) հանգամանքով պայմանավորված ակտիվորեն շարունակվել եւ նույնիսկ մեծացել է համագործակցությունը մշակույթի եւ արվեստի ոլորտում: Ռուսաց լեզվի պահպանման եւ զարգացման առումով ետխորհրդային երկրների շարքում Հայաստանը լավ տեղ ունի: Մեծացել է հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ, որի հիմքում տնտեսական շահերն են: Հայաստանում բացվել են ռուսական դպրոցներ մեր երկրում հաստատված ՌԴ քաղաքացիների երեխաների համար: Ակտիվ համագործակցել են երկու երկրների առաջատար համալսարանները եւ գիտական ու ակադեմիական կենտրոնները: Նրանք փնտրում են համագործակցության ավելի խորը ու ժամանակակից հնարավորություններ: Տարվա վերջում քաղաքական լարվածության որոշ չափով թուլացումը թույլ է տվել երկրում անցկացնել հայ-ռուսական տարբեր մակարդակի համատեղ միջոցառումներ:  Դրանք ընդգրկել են երիտասարդության հետ աշխատանքի, մշակութային երկխոսության եւ այլ արդիական ոլորտներ:

Հայաստանի տեղը Հարավային Կովկասում ռուս փորձագետների ընկալմամբ

Հետազոտության հեղինակները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը եւ թե՛ Վրաստանը գտնվում են տատանվող վիճակում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Ադրբեջանի մասին ասվել է, որ չնայած նա սիրաշահում է Ռուսաստանին, սակայն հետեւողականորեն խորացնում է Թուրքիայի հետ ինտեգրման գործընթացը եւ Թուրքիայի միջոցով ձգտում է շարժվել դեպի Արեւմուտք: Հայաստանը նույնպես գտնվում է Ռուսաստանի եւ  հավաքական Արեւմուտքի միջեւ տատանվող դերում եւ մեր երկրում միմյանց հետ կոշտ մրցակցում են ազդեցության երկու վեկտորներն էլ: Եթե վերջին երեք տարիներին արձանագրված հետեւողական նահանջը շարունակվի, ապա չի բացառվում, որ 2024թ. Հայաստանը հայտվի հարաբերականորեն բարեկամ/հարաբերականորեն ոչ բարեկամ երկրի կարգավիճակում: Սրանից կարող են բխել տհաճ հետեւություններ, որոնց համաձայն Ռուսաստանը կարող է փոխել վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Այս ոչ հաճելի նախազգուշացումը կարեւոր է այնքանով, որ հրավիրում է Հայաստանի արեւմտամետ նոր վերնախավին լրջորեն մտածել արտաքին քաղաքականությունը ավելի բալանսավորված եւ զգուշորեն իրականացնելու մասին: Այժմ ամբողջ մեծ եվրասիական տարածաշրջանը գտնվում է նշանակալից փոխակերպումների փուլում: Փոխվում են տնտեսական համագործակցության հրամայականները: Տնտեսական զարգացման կենտրոնը համաշխարհային մասշտաբով տեղափոխվում է Արեւելքից դեպի Արեւմուտք: Այս պայմաններում Հարավային Կովկասը կարող է դառնալ Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային գլոբալ միջանցքների խաչմերուկ: Միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Արեւմուտք-Ռուսաստան խորացող առճակատումը կարող է Հարավային Կովկասում նոր լարվածության, ընդհուպ՝ նոր պատերազմների պատճառ դառնալ: Ռազմական բախումների վտանգը թելադրում է փնտրել համագործակցության այնպիսի ձեւեր, որոնց կիրարկումով փորձ է արվելու խուսափել պատերազմից:

Ինչպե՞ս հավասարակշռել արտաքին քաղաքական ազդեցությունները Հայաստանի վրա

Պարզ է, որ մենք ապրում ենք մի ժամանակ, երբ սա է մեր անվտանգության գլխավոր պահանջը: Ռուսաստանը Ուկրաինական ճգնաժամի ստեղծած միջազգային գերլարված հարաբերությունների բերումով խստորեն հետեւելու է ետխորհրդային տարածքի իր գործընկերների բոլոր քայլերին: Մեր արտաքին քաղաքականության կուրսը սկզբունքորեն հասկանալի է: Հայաստանի արեւմտամետ իշանությունը փորձում է խուսափել Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի վատթարացնելու հեռանկարից, բայց մյուս կողմից, հետեւողականորեն քայլեր է անում ԱՄՆ եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ: Հայաստանում տրամադրություններ կան, որոնց համաձայն ԵԱՏՄ-ին մասնակցելը օգտակար է եւ ձեռնտու, իսկ ՀԱՊԿ-ին մասնակցելը՝ ոչ: Հնարավոր է, որ ետխորհրդային տարածքի այլ երկրների օրինակով ՀԱՊԿ-ում ներկայությունից խուսափելը դաշնակիցների կողմից մարսվի: Բայց հնարավոր է նաեւ, որ ՀԱՊԿ-ի պատճառով էլ ավելի վատթարանան հարաբերությունները Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների հետ: Ճիշտ է, որ ե՛ւ Բելառուսը, ե՛ւ Ղազախսստանը, ե՛ւ Ղրղզստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունեն շատ ավելի խորը եւ փոխշահավետ հարաբերություններ, քան Հայաստանի հետ: Բայց այս պարզունակ համեմատությունից պետք է փորձել վեր բարձրանալ եւ հասկանալ, թե ի՞նչ կտա Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալը: Հետաքրքրական է, որ վարկանիշային հետազոտության հեղինակները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հետընթաց են արձանագրել նաեւ Ղազախստանը եւ Տաջիկստանը: Սա նշանակում է, որ բացվել է թեմա ետխորհրդային տարածքի բարեկամ երկրների հետ հարաբերությունների ողջ համալիրը վերալիցքավորելու ուղղությամբ:

Հայ-ռուսական հարաբերությունները վերալիցքավորելը դառնում է շատ անհրաժեշտ: Դրա համար պետք է ձեւակերպել նոր, փոխադարձաբար ընդունելի օրակարգեր: Ճիշտ է, մի կողմից բարեկամների տասնյակում հայտնվելը վերացնում է անհանգստությունը, թե արդեն այսօր Ռուսաստանի կողմից կոշտ քայլեր կարող են արվել: Բայց մյուս կողմից ակնհայտ է դառնում, որ եթե վերոհիշյալ հետազոտության հեղինակները ցանկանային, ապա բարեկամ երկրների տասնյակի փոխարեն կգրեին իննյակ, եւ Հայաստանը Վրաստանի հետ միասին կդասեին հարաբերականորեն բարեկամ/հարաբերականորեն ոչ բարեկամ երկրների շարքում: Բայց հասկանալի է, որ այդ քայլին Մոսկվայում չեն գնացել: Դա էլ նշանակում է, որ Մոսկվայի համար Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելն ու խորացնելը կարեւոր արդիական հարց է:

Այսպիսով, բարեկամության վարկանիշը մի հնարավորություն է երկու երկրների գիտափորձագիտական շրջանակների համար աշխատելու հանուն երկկողմ հարաբերությունների բարելավման եւ խորացման, միեւնույն ժամանակ ճիշտ գնահատելու Հարավային Կովկասում նոր ձեւավորվող իրողությունները՝ դրանից բխող օգուտներով եւ մարտահրավերներով:

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here