ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱՅԻ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԵՐԸ

0
326

Աշոտ Աղասու Թավադյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Դաս 1. Եվրամիությանն անդամագրվելը շատ մեծ հույսեր էր ներշնչում Մերձբալթիկայի անգամ ընդհանուր առմամբ լրջմիտ ժողովուրդներին։ Դրականն ակնհայտ էր թվում. ներդրումների լայն հասանելիություն, նոր տեխնոլոգիաների օգտագործման մեծ հնարավորություն, ազդեցություն եվրաքաղաքականության վրա և, իհարկե, մարդկանց ազատ տեղաշարժ, ինչը խիստ արժեքավոր էր թվում Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում առկա տեղաշարժի սահմանափակումներից հետո։ Չէ՞ որ Եվրոպական միությունն ապրանքների, ծառայությունների, կապիտալի միասնական շուկա է և մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորություն։ Սակայն Եվրամիությունում, ի տարբերություն նոր միությունների, արդեն ձևավորված էին որոշակի պահանջներ, որոնք այդ կառույցի նոր անդամները խստորեն պետք է կատարեն։ Իսկ պահանջները ապրանքների և ծառայությունների շուկայի նկատմամբ, փաստորեն, կազմել են Եվրամիության առաջին անդամները, որոնք հիմնականում բավարարում են նրանց չափորոշիչները։ Արդյունքում՝ փաստորեն, շուկան Եվրոպայում, հատկապես պատրաստի արտադրանքի շուկան, վաղուց զբաղեցված և բաժանված է, և դրա հասանելիությունը Եվրամիության անգամ նոր անդամների համար չափազանց դժվար է։ Ընդ որում՝ նշենք, որ, ինչպես ցույց տվեցին Հունաստանի իրադարձությունները, Եվրամիության պայմանների կատարման վերահսկողության մեխանիզմը թույլ է. ի դեպ, Մերձբալթյան երկրներից պահանջվում էր հստակ կատարել այդ պայմանները։ Ասենք՝ ռեցեսիայից դուրս գալու համար Լատվիան ստիպված էր 2010թ. մոտ 10%-ով կրճատել թոշակները, 10-20%-ով նվազեցնել աշխատավարձերը, առողջապահական ծախսերը կտրուկ իջեցնել գրեթե 40%-ով։ Իմիջիայլոց, Հայաստանում նման բան տեղի չունեցավ։ Էստոնիայում գործազրկությունը 2007-2010թթ. 4.7%-ից աճեց մինչև 14.7%-ի, Լիտվայում՝ 4.3%-ից 17.3%-ի, իսկ Լատվիայում՝ 6%-ից 17%-ի1 [ #1_b ] , ընդ որում՝ հաշվի չէր առնվում բնակչության միգրացիան։ Իզուր չէ, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը զարմանում է Մերձբալթիկայի մարդկանց տոկունության վրա, որոնք փաստորեն «գոտիները ձգելու» չեմպիոններ են, բայց միություններն այս կամ այն երկրի բնակչության տոկունության որոշման մրցույթներ չեն։ Ներդրումները, նոր տեխնոլոգիաները և վարկերը տրամադրվում էին ներքին շուկայի զարգացմանը. հիմնականում սկսեցին ակտիվորեն զարգանալ շինարարությունը, անշարժ գույքի շուկան, մանրածախ առևտուրը՝ գրանցելով ՀՆԱ բավական բարձր աճ։ Ընդ որում՝ չէր հիշատակվում, որ զարգացումն ընթանում է հետխորհրդային կտրուկ անկման ֆոնին։ «Մերձբալթյան վագրեր» անվանումը սկսեց կիրառվել այդ երկրների տնտեսությունները նկարագրելիս։ Ինչպես այստեղ չհիշենք «կովկասյան վագր» մակդիրը, որը (իհարկե, ավելի պակաս ակտիվությամբ) երբեմն կիրառվում էր մինչճգնաժամային շրջանի Հայաստանի համար։ Եվրաքաղաքականության վրա ազդեցությունը նույնպես վաղանցիկ էր, քանի որ գործնականում, ասենք, Եվրախորհրդարանի որոշումների վրա ազդում են Եվրոպայի խոշոր երկրները՝ զարգացմամբ նրանց մոտ պետությունների հետ միասին։ Մարդկանց ազատ տեղաշարժը, պարզվեց, կարող է հանգեցնել բնակչության, ընդ որում՝ հիմնականում նրա ակտիվ և ուսյալ մասի շոշափելի արտահոսքի։ Էստոնիան կորցրեց բնակչության 14%-ը, Լիտվան՝ 17%-ը, Լատվիան՝ նույնիսկ 33%-ը, ընդ որում՝ ի տարբերություն Հայաստանից արտագաղթածների, ձուլումը նրանց պարագայում ավելի արագ է ընթանում։ Այստեղ իր դերն ունի նաև հայկական սփյուռքը։ Հետևություն 1. ինտեգրացիայի պարագայում հարկ է գնահատել, ընդ որում՝ համալիր կերպով, ինտեգրացիայի ոչ միայն դրական, այլ նաև բացասական կողմերը և, իհարկե, ունենալ ինտեգրացիայի կանոնների վրա ազդելու իրական հնարավորություն և դրանց կատարման վերահսկողության լծակներ։ Սակայն իրենց շահերը լիարժեք պաշտպանելու ավելի մեծ հնարավորություն կա նոր ստեղծվող միություններում։ Իզուր չէ, որ Էստոնիայում տարածված է «լավ է լինել Եվրամիության անդամ, բայց ոչ թե այսօրվա, այլ երեկ չէ առաջին օրվա» տեսակետը։ Դաս 2. այս կամ այն միություն մտնելը, իհարկե, պետք է ուժեղացնի երկրի տնտեսական անվտանգությունը, այսպես կոչված տնտեսական հոմեոսթազը։ Սակայն 2008թ. տնտեսական ճգնաժամի հետևանքները Եվրոպայում ամենից շատ զգալի եղան Մերձբալթյան երկրների համար։ Եվրամիությունում 2009թ. ՀՆԱ 4.3% նվազման պարագայում ՀՆԱ-ն Էստոնիայում կրճատվեց 14.1%-ով, Լիտվայում՝ 14.7%-ով, իսկ Լատվիայում՝ 17.8%-ով։ ՀՆԱ նման անկումը Լատվիայում 2009թ. ամենավատ արդյունքն էր բոլոր երկրների մեջ։ Ի դեպ, Հայաստանում ՀՆԱ 14.1% նվազման պարագայում Forbes ամսագիրը մեր երկիրը ներառել էր տնտեսական առումով ամենախոցելի երկրների եռյակի մեջ. հավանաբար, Լատվիայի մասին այնտեղ պարզապես «մոռացել» էին։ Ընդ որում՝ ճգնաժամից դուրս գալու համար Լատվիան 7.5 մլրդ եվրոյի վարկ ստացավ՝ կտրուկ ավելացնելով պետական պարտքը։ Իսկ Հայաստանում հաջողվեց ճգնաժամային իրավիճակից դուրս գալ 1 մլրդ եվրո վարկով։ Տնտեսության անկումը նշված երկրներում (ի դեպ, այդ թվում և Հայաստանում) տնտեսության թույլ դիվերսիֆիկացիայի արդյունք է, երբ զարգանում է ներքին պահանջարկը և արդյունքում՝ ճգնաժամային իրավիճակում կարող է կտրուկ կրճատվել շինարարությունը, անշարժ գույքը, մանրածախ առևտուրը։ Իսկ վարկերը շատ հաճախ ուղղվում են հին վարկերը մարելուն և բյուջեի պակասուրդը լրացնելուն՝ ձևավորելով այսպես կոչված «պարտքային օղակի» երևույթը։ Հանուն արդարության նշենք, որ ստացված վարկերը և դոտացիաները որոշակի տնտեսական աճի հնարավորություն են ստեղծել։ ՀՆԱ աճը Լատվիայում 2012թ. կազմել է 4.5%, Լիտվայում՝ 3.5%, Էստոնիայում՝ 2.4%։ Սակայն, ինչպես դիպուկ նկատել է Նոբելյան մրցանակակիր (ի դեպ, ճգնաժամային 2008 թվականի), արմատներով Բրեստ-Լիտովսկից Փոլ Կրուգմանը, «Կտրուկ անկումից հետո ոչ մեծ ետցատկը հազիվ թե կարելի լինի տնտեսական հաղթանակ համարել»2 [ #2_b ] ։ Լատվիայում կտրուկ նվազեցին շաքարի արտադրությունը, ձկնարդյունաբերությունը, փաստացի փակվեցին ՎԷՖ, ՌԱՖ, «Ալֆա» ձեռնարկությունները։ Լիտվայում փակվեց Իգնալինսկի ատոմակայանը, որը համեմատաբար էժան էներգիա էր արտադրում և մրցակից էր հանդիսանում ֆրանսիական և բելգիական ատոմակայանների համար։ Արտադրության այս բոլոր ոլորտները, իհարկե, պետական բյուջեի համալրման, զբաղվածության և սոցիալական խնդիրների լուծման աղբյուրներ էին։ Կարելի է եզրակացնել, որ Հայաստանում ատոմակայանի փակումը կլինի հիմնական պահանջը Եվրամիությանն անդամագրվելու անգամ հիփոթետիկ հնարավորության դեպքում։ Այդ դեպքում ինչպե՞ս է լիարժեքորեն ապահովվելու երկրի համար կարևորագույն էներգետիկ անվտանգությունը։ Արդյո՞ք օժանդակություն կցուցաբերվի նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով, կբացվե՞ն արդյոք արևային էլեկտրակայաններ։ Ֆինանսական և տեխնիկական օգնություն կցուցաբերվի՞ արդյոք (ինչը, հավանաբար, էլ ավելի լավ է) նոր ատոմակայանի կառուցման պարագայում։ Ինչպես ասում են՝ «քանդելն ավելի հեշտ է», ուրեմն, ինտեգրվելիս, եթե ստիպված ես ինչ-որ բան կորցնել, այն էլ՝ էական, հարկավոր է հստակ գնահատել արդյունքը։ Բավարա՞ր են արդյոք այդ դեպքում նոր վարկեր ստանալու հնարավորությունները և անգամ առաջընթացը մարդկանց տեղաշարժի հնարավորության մեջ։ Հետևություն 2. Եվրամիությունն ապահովել է մարդկանց ազատ տեղաշարժը, էժան վարկեր և նույնիսկ դոտացիաներ ստանալու հնարավորություն ստեղծել, իհարկե, կոշտ պահանջների կատարման պայմանով։ Պետք է հիշել, որ դա կարող է հանգեցնել հետևյալ բավական վտանգավոր պատճառահետևանքային շղթային. պահանջների կատարում → արտադրության կրճատում → եկամուտների կորուստ (այդ թվում և բյուջետային) → վարկերի և դոտացիաների անհրաժեշտություն, որոնք այս շղթան ծնած պահանջների կատարման դեպքում համեմատաբար հեշտ են տրվում։ Հարկ է հստակ գնահատել այս շղթայի հնարավորությունն ու հետևանքները։ Դաս 3. փոքր երկրներում, այդ թվում և Հայաստանում, տնտեսությունում վճռական դեր է խաղում արտահանումը։ 2010թ. արտահանումը Լատվիայում կազմել է $7.9 մլրդ, ներմուծումը՝ $9.1 մլրդ, Լիտվայում՝ $19.3 և $20.3, Էստոնիայում՝ $11.5 և $11.5 մլրդ համապատասխանաբար։ Ինչպես տեսնում ենք, արտահանման ծավալները բոլոր երեք երկրներում էլ մեծ չեն Արևմտյան Եվրոպայի՝ մոտավորապես նույն բնակչությունն ունեցող երկրների համեմատ։ Իսկ Լատվիայում և Լիտվայում առևտրային հաշվեկշիռն առհասարակ բացասական է։ Դա, իհարկե, արևելյան շուկան կորցնելու արդյունքն է, այն դեպքում, երբ արտադրությունն այդ երկրներում կողմնորոշված էր դեպի Արևելք։ Ապշեցուցիչ է Բուլղարիայի օրինակը. Եվրամիություն մտնելուց հետո այդ երկիրն առաջարկվող 38 դիրքերից պահպանեց ընդամենը երկուսը։ Հատկապես զգալի է դիրքերի զիջումը Լատվիայում։ Հետևություն 3. քաղաքականությունը և տնտեսությունը սերտորեն միահյուսված են, և իհարկե, թեև մոտ, բայց տարբեր նպատակներ և օգուտներ ունեն։ Էական օգուտի դեպքում հարկավոր է խելամտորեն տարանջատել քաղաքականությունը տնտեսությունից։ Միևնույն ժամանակ, տնտեսական հարաբերությունների զարգացումը կարող է նպաստել նաև քաղաքական խնդիրների լուծմանը։ Թույլ տամ ինձ խորհուրդ տալ, մասնավորապես, մեր վրացի և ուկրաինացի բարեկամներին։ Հայաստանը, ինչպեսև Վրաստանը, ոչ մի դեպքում չպետք է կորցնի ԱՊՀ, բնականաբար և ռուսաստանյան շուկան։ Հարկավոր է միայն զարգացնել այդ ուղղությունը՝ մշակելով համապատասխան ռազմավարություններ, չափորոշիչներ, համաձայնեցված տնտեսական քաղաքականություն իրականացնելու մեթոդներ։ Չլուծված մի շարք քաղաքական հարցեր չպետք է վնասեն մնացած բոլոր ասպարեզներում։ Առանց արտահանման էական աճի մենք չենք լուծի ՀՆԱ շոշափելի աճի, նրա կառուցվածքի բարելավման, զբաղվածության գերկարևոր խնդիրները։ Իսկ առանց Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուկրաինայի շուկաների այս խնդիրը, համոզված եմ, գրեթե անհնար է լուծել։ Հարկավոր է նաև պահպանել, ինչպեսև համակարգել ու զարգացնել հարաբերությունները, այդ թվում, իհարկե, Եվրամիության հետ։ Դաս 4. Մաասթրիխթյան չափանիշները ենթադրում են կոշտ պայմաններ Եվրամիությանն անդամագրվելու համար. գնաճը փաստացի պետք է փոքր լինի, քան 3%-ը, ազգային արժույթը չի կարող շեղվել եվրոյից, բյուջեի պակասուրդը պետք է լինի 3%-ից ոչ ավելի։ Ի դեպ, նման կոշտ պահանջների պարագայում բավական լիբերալ է պահանջը պետական պարտքի նկատմամբ, որը կարող է կազմել ՀՆԱ 60%-ը։ Ինչպես տեսնում ենք, պահանջները մշակված են, ավելի շուտ, Արևմտյան Եվրոպայի երկրների տնտեսությունների իրականությունից, այլ ոչ թե ելնելով Եվրամիություն մտնող երկրների տնտեսական իրավիճակից։ Գնաճի և ազգային արժույթի փոխարժեքի հանդեպ կոշտ պահանջը, դրա փաստացի գերագնահատումը հանգեցնում են երկրի տնտեսական հոմեոսթազի թուլացմանը։ Ի դեպ, այս պայմանների կատարումը դրվում է նաև Հայաստանի առջև։ Արդյունքում՝ ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում ծագած ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ՀՆԱ անկումը զգալիորեն ավելի ցածր է, քան Մերձբալթյան երկրներում։ Ո՞րն է ավելի լավ՝ ունենալ 5-6% գնաճ և կայուն տնտեսական ա՞ճ, թե՞ գնաճ մինչև 3%՝ անկայուն իրավիճակում դրա աճի լուրջ վտանգով։ Լատվիայում գնաճը 2009թ. կազմել է 13.7%, Հայաստանում՝ 9.6%, ընդ որում՝ սննդամթերքի գների աճը զգալիորեն ավելի բարձր էր։ Իսկ ինչո՞ւ Գերմանիայում գնաճը 1970-ականների սկզբին, տնտեսության էական աճի դեպքում, հասել էր մինչև անգամ 8%-ի (1973թ.)3 [ #3_b ] ։ Այս առումով շատ ավելի խելամիտ է վերաբերմունքը գնաճին ՌԴ-ում։ Ռուսաստանի Պետդումայի կողմից ԿԲ նախագահ նշանակվելիս (09.04.2013թ.) Էլ.Նաբիուլինան միանգամայն արդարացիորեն ընդգծել է. «Ցածր գնաճը ներդրումների պահպանման պարտադիր պայման է երկարաժամկետ ծախսերի փոխհատուցման նախագծում, ուստի գնաճի աստիճանական նվազումը մինչև 3-4% դրամավարկային քաղաքականության կենտրոնական խնդիրը պետք է լինի, բայց այդ նվազման տեմպերը պետք է թելադրվեն տնտեսական իրավիճակով։ Գնաճն ավելի արագ նվազեցնելու փորձը նշանակում է՝ սպառնալիքի տակ դնել տնտեսական աճը»։ Հաշվի առնելով այս փաստը՝ ԱՊՀ ինտեգրվող երկրների հետ համաձայնեցված դրամավարկային քաղաքականությունը, համոզված եմ, արդյունավետ կլինի նաև Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքին, ապա եվրոյի հետ նրա կապակցումն ակնհայտորեն ժամանակավրեպ է։ Հայաստանի նախագահը միանգամայն արդարացիորեն նշել է, որ մեզ նպատակահարմար է դրամի փոխարժեքի սահուն նվազեցման քաղաքականություն, որը կնպաստի արտահանման աճին։ Դա լիովին հիմնավորված է, թեև կարող է հանգեցնել գնաճի որոշ ավելացման։ Բայց դա այն գինն է, որը մենք ստիպված ենք վճարել արտահանման, ՀՆԱ աճի և դրա կառուցվածքի բարելավման համար։ Հետևություն 4. ինտեգրացիայի այս կամ այն պայմանն ընդունելիս անհրաժեշտ է հստակ գնահատել դրանց հետևանքները տնտեսական աճի, առևտրային հաշվեկշռի և, իհարկե, զբաղվածության վրա։ Հատկապես որ Արևմտյան Եվրոպայի և հետխորհրդային երկրների խնդիրներն ամենևին էլ միշտ չէ, որ նույնն են, և այդ խնդիրների «բուժման» արդյունավետ մեթոդներն, իհարկե, կարող են տարբերվել, և միշտ չէ, որ կարող են հայտնի լինել միջազգային կազմակերպությունների խորհրդատուներին։ Իհարկե, մեթոդների տարբերությունները հետապնդում են լոկ տնտեսական խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակ։ Դաս 5. մենք պետք է իմանանք, որ կան ներքին խնդիրներ, որոնց լուծմանն ինտեգրացիան կարող է և նպաստել, բայց այդ խնդիրները պետք է լուծի երկիրն ինքը։ Դա, առաջին հերթին, կոռուպցիայի լրջագույն խնդիրն է։ Transparency International-ի4 [ #4_b ] դասակարգմամբ՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսն այս առումով բարձր է համեմատաբար բարեկեցիկ Էստոնիայում (69, զբաղեցնում է 32-րդ դիրքը)։ Լիտվայում այս ինդեքսը հավասար է 54-ի (48-րդ դիրք), իսկ Լատվիայում կոռուպցիայի ընկալման ինդեքսը հավասար է 49-ի (54-րդ դիրք)։ ԱՊՀ երկրների համեմատ այս ցուցանիշն ավելի բարձր է, սակայն զիջում է Արևմտյան Եվրոպայի երկրների բացարձակ մեծամասնության նույն ցուցանիշին։ Ընդ որում՝ Եվրամիություն մտնելուց հետո շոշափելի տեղաշարժեր այս առումով փաստորեն չկան։ Իսկ ստվերային տնտեսությունն այդ երկրներում գնահատվում է բավական բարձր՝ մոտ 30%։ Այս առումով հատկանշական է Վրաստանի օրինակը։ Փաստորեն չինտեգրված երկիրը կոռուպցիայի ընկալման ինդեքսի գծով (52) կարողացավ դուրս գալ Մերձբալթյան երկրների մակարդակին (51-րդ դիրք)։ Հայաստանում և ԱՊՀ մյուս երկրներում իրավիճակն ավելի վատ է, մենք բոլորս գտնվում ենք 100-րդ դիրքին մոտ և ավելի ցածր։ Հետևություն 5. իհարկե, կոռուպցիոն «հիվանդության» մոտ վիճակը թույլ է տալիս համատեղ մշակել դրա դեմ պայքարի արդյունավետ մեթոդներ։ Սակայն դա, առաջին հերթին, յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է, ընդ որում՝ կոռուպցիայի մակարդակի շոշափելի իջեցումը տնտեսության աճի և, իհարկե, պետական բյուջեի ավելացման լրջագույն ռեզերվ է։ Հետևաբար, կան խնդիրներ, որոնք պետք է լուծի երկիրն ինքը։ Չպետք է հույսը դնել այն բանի վրա, թե դրանք կլուծվեն դրսից, այս կամ այն ինտեգրացիոն գործընթացի միջոցով։ Ամփոփում. ինտեգրվելիս հարկ է հստակ չափանիշներ մշակել։ Այս կամ այն միությանն անդամագրվելիս կամ համագործակցելիս անհրաժեշտ է գնահատել այն, թե որքանով դա կամրապնդի երկրի անվտանգությունը, մասնավորապես՝ նրա տնտեսական անվտանգությունը՝ «տնտեսական հոմեոսթազը»։ Թե որքանով ինտեգրումը կնպաստի ՀՆԱ աճին, նրա կառուցվածքի բարելավմանը՝ ուղղված արտահանման աճին և առևտրային հաշվեկշռի պակասուրդի և, իհարկե, զբաղվածության գերկարևոր խնդրի լուծմանը, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի բոլոր մարզերում։ 1 [ #1_t ] Աշխատանքում օգտագործվել են Eurostat news release on the Internet, Statistical Yearbooks of Latvia, Lithuania and Estonia տվյալները։ 2 [ #2_t ] «Независимая газета», 19 июня, 2012г. 3 [ #3_t ] Historic inflation Germany – CPI inflation // http://www.inflation.eu/inflation-rates/germany/historic-inflation/cpi-inflation-germany.aspx [ http://www.inflation.eu/inflation-rates/germany/historic-inflation/cpi-inflation-germany.aspx ] 4 [ #4_t ] http://cpi.transparency.org/cpi2012/results/ [ http://cpi.transparency.org/cpi2012/results/ ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here