Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի գիտխորհրդի պատասխանատու քարտուղար, ուղղության ղեկավար, ք. գ. թ. Վլադիմիր Սերգեյի Պերեբոևի զեկուցումը«Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսում

0
287

Երևան, 16 մարտի 2013թ. Մաքսային միությունը և Հայաստանը. փոխշահավետ գործընկերության մոդելները և գործիքները Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը, Ե.Թ. Գայդարի անվ. տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ, անցկացրել է տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների համաշխարհային փորձը Մաքսային միության (ՄՄ), Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ), ապագա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և գործընկեր երկրների (այդ թվում և նրա հետ ընդհանուր սահման չունեցող) խոր տնտեսական համագործակցության զարգացման հանդեպ կիրառելու հնարավորության հետազոտություն1 [ #1_b ] ։ Այս հոդվածում կոնկրետ դիտարկված է Հայաստանը, որի համար առաջարկված են ՄՄ-ՄՏՏ-ի հետ փոխշահավետ համագործակցության գործիքներ ինտեգրացիոն տարբեր ասպեկտների գծով։ Այս վերլուծությունը հետագայում կարող էր կիրառվել նաև ԱՊՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ՄՄ-ՄՏՏ այլ գործընկերների հետ հարաբերությունների կառուցման պարագայում։ Յուրաքանչյուր կոնկրետ գործընկերոջ առանձնահատկությունը հաշվի առնող երկկողմանի և բազմակողմանի համագործակցության կառուցման պլատֆորմ կարող էր դառնալ ՄՏՏ/ԵՏՄ հետազոտության առաջարկած «Եվրասիական գործընկերություն» ծրագիրը, որը ՄՄ-ՄՏՏ/ապագա ԵՏՄ և գործընկեր երկրների միջև տարբեր ինտեգրացիոն ասպեկտներով փոխշահավետ համագործակցության նոր գործիքների համալիր է։ Մաքսային միության հետ Հայաստանի հնարավոր ինտեգրացիոն փոխգործակցության ձևերի գործնական վերլուծությունը նկատի է առնում հետևյալ բովանդակային ասպեկտները. հարևան տնտեսությունների հետ խոշոր ինտեգրացիոն միավորումների փոխգործակցության տարբեր ձևաչափերի համաշխարհային փորձը հաշվի առնելը, Հայաստանի ունեցած առավելությունների բացահայտումը, ՀՀ և ՄՄ երկրների ճյուղային հետաքրքրությունների և հնարավորությունների սահմանումը, փոխգործակցության զանազան տարբերակների ձևակերպումը՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը և կողմերի տնտեսական շահերը։ Ներկայում, ինտեգրացիոն գործընթացների աճին զուգընթաց, ողջ աշխարհում ավելի հրատապ է դառնում դրանցում հեռավոր տնտեսությունների մասնակցության հարցը։ Կարևոր է, թե ինչպես կարող է դիտարկվող երկիրը համագործակցել խոշոր ինտեգրացիոն միավորումների հետ՝ իր մրցունակությունը բարձրացնելու համար։ Սույն հոդվածով ներկայացվող զեկուցման մեջ կոնկրետ օրինակներով դիտարկված են հեռավոր տնտեսությունների և խոշոր ինտեգրացիոն միավորումների (ինչպիսիք են Եվրոպական միությունը, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկան՝ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը, Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտին՝ ՆԱՖՏԱ-ն, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը՝ ԱԽՏՀ-ն և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան՝ ԱՍԵԱՆ-ը) միջև առանց լիակատար անդամակցությամբ համագործակցության տարբեր ձևերը։ Գոյություն ունեն խոշոր տարածաշրջանային միավորումների հետ երկրների համագործակցության տարբեր օրինակներ՝ առանց դրանցում պաշտոնական անդամակցության, տարբեր համաձայնագրերի ստորագրման միջոցով։ Անդամակցության բացակայությունը բացատրվում է այս կամ այն ոլորտի հանդեպ երկրների հատուկ հետաքրքրությունների առկայությամբ։ Հետազոտության իրականացման արդյունքում հեղինակներն առանձնացրել են հարևան երկրների հետ խոշոր ինտեգրացիոն միավորումների փոխգործակցության վեց հիմնական մոդել. — Եվրոպական տնտեսական գոտու (ԵՏԳ) շրջանակներում ԵՄ-ի հետ Նորվեգիայի և Իսլանդիայի համագործակցության մոդելը, — Շվեյցարիայի հետ ԵՄ համագործակցության մոդելը (նման մոդել կիրառվել է Չիլիի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի փոխգործակցության մեջ), — Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ համագործակցության մոդելը, — Միջերկրածովյան երկրների հետ ԵՄ համագործակցության մոդելը, — Բալկանյան երկրների հետ ԵՄ համագործակցության մոդելը, — Աֆրիկայի, Կարիբյան ավազանի և Խաղաղօվկիանոսյան (ԱԿԽ) տարածաշրջանի երկրների հետ ԵՄ համագործակցության մոդելը։ Համագործակցության հիմնական մոդելները [ /photo/2013-04-09_152816.JPG ] Ինչ վերաբերում է հեռավոր տնտեսությունների հետ նշվածներից բացի ինտեգրացիոն այլ միավորումների փոխգործակցության գործիքներին, ապա արժե նշել, որ դրանք նման են իր հարևանների հետ ԵՄ համագործակցության մոդելների տարբեր տարրերին՝ աննշան չափով դրանցից տարբերվելով որոշ մանրամասների մեջ։ Օրինակ է հանդիսանում Չիլիի համագործակցությունը ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ, որը չափով և պոտենցիալով աշխարհում երկրորդ մաքսային միությունն է ԵՄ-ից հետո։ Չիլին ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի ասոցիացված անդամի կարգավիճակ ունի 1996 թվականից։ Նույն թվականին Չիլին համաձայնագիր է ստորագրել ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ ազատ առևտրի մասին։ Չիլին շահագրգռված չէր մտնել ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի մաքսային միության մեջ, որտեղ միասնական արտաքին մաքսային սակագնի մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր Չիլիի ազգային սակագներից և չէր համապատասխանում նրա արտաքին առևտրային ռազմավարությանը։ ԱԱԳ-ի մասին համաձայնագրով Չիլին և ՄԵՐԿՈՍՈՒՐ–ի մաքսային միության գծով նրա գործընկերները չեղյալացնում են սակագները և վերացնում արտահանման հարկերը կամ սուբսիդիաները միմյանց հետ առևտրում, բայց թողնում են առանձին արտաքին առևտրային սակագին երրորդ երկրների հանդեպ։ Համաձայնագիրը Չիլիին թույլ է տալիս ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի մյուս անդամներից որոշակի անկախություն պահպանել իր տնտեսական քաղաքականության մեջ։ Այսպիսով, ելնելով այն բանից, որ Չիլին ցանկություն չի դրսևորում դառնալ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի լիիրավ անդամ, կարելի է անել եզրահանգում այն մասին, որ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ Չիլիի համագործակցության մոդելը, մի կողմից, նման է Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի երկրների հետ համագործակցության մոդելին, և պահպանվում են որոշ էական բացառություններ։ Մյուս կողմից, չիլիական մոդելը նման է միջերկրածովյան երկրների հետ ԵՄ համագործակցության մոդելին, քանի որ կա ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ ինտեգրացիայի որոշակի սահման, որից այն կողմ Չիլին մտադիր չէ գնալ։ Համաշխարհային փորձի կիրառումը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի գործընթացներում և դրանցում Հայաստանի մասնակցության պարագայում 2010թ. Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը կազմավորեցին Մաքսային միությունը (ՄՄ), որի հիման վրա 2012-ից զարգանում է Միասնական տնտեսական տարածքը (ՄՏՏ), որը 2015-ին պետք է վերափոխվի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ)։ ՄՄ և ՄՏՏ հետագա զարգացման համար առավել հրատապ է դառնում աշխարհամասում գործընկեր երկրների հետ փոխշահավետ ինտեգրացիոն փոխգործակցության ինչպես լրացուցիչ, այնպես էլ սկզբունքորեն նոր ձևերի մշակումը։ Սա առանձնապես հրատապ է թվում ապագա Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի զարգացման համար։ Օրակարգում է Վիետնամի, Նոր Զելանդիայի, Սերբիայի, Մոնղոլիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի և այլ գործընկերների հետ ՄՄ համագործակցությունը։ Ուշադրության առնելով այս գործոնները, ինչպես նաև համաշխարհային փորձը՝ Մաքսային միության, ՄՏՏ-ի և ապագա ԵՏՄ-ի համար նպատակահարմար կլինի գործընկեր երկրներին առաջարկել ճկուն և պրագմատիկ ինտեգրացիոն փոխգործակցություն ստեղծելու գործիքների համալիր՝ ՄՄ-ՄՏՏ-ին անդամակցության կոշտ պարադիգմից դուրս։ Հարկ է նշել, որ այս համատեքստում կարող է դիտարկվել նաև Մաքսային միությանը և ՄՏՏ-ին, իսկ հետո՝ ԵՏՄ-ին Հայաստանի լիարժեք անդամակցության տարբերակը։ Սակայն այս հարցը պահանջում է մանրամասն տնտեսական հիմնավորում։ Բացի այդ, ՄՄ-ում Հայաստանի մասնակցության էֆեկտների նվազեցումը նկատի ունենալով (ընդհանուր սահմանների և ՄՄ-ում ու ՄՏՏ-ում Հայաստանի ներգրավման բուռն ձգտման բացակայության պատճառով)՝ նրա համար ժամանակից շուտ է թվում Բալկանյան երկրների հետ ԵՄ համագործակցության մոդելի տարրերն առաջարկելը, որոնք նախատեսում են շարժում դեպի լիակատար անդամակցություն Միությանը։ Ուստի, Հայաստանի համար կարելի է առաջարկել Միջերկրածովյան երկրների հետ ԵՄ համագործակցության մոդելի տարրերը։ Փոխգործակցության այս ձևի դեպքում տնտեսությունները շարժվում են երկու կողմից էլ միմյանց հետ ինտեգրվելու առավելագույն կարճ, որոշակի ճանապարհով։ Այս համատեքստում իմաստ ունի զարգացնել ԱՊՀ շրջանակում արդեն գոյություն ունեցող ԱԱԳ համաձայնագիրը։ Արժե նշել, որ ԱԱԳ համաձայնագրում ԱՊՀ շրջանակում Հայաստանն ընդամենը աննշան բացառումներ ունի այլ մասնակիցների համեմատությամբ։ Հետևաբար, Հայաստանին կարելի է առաջարկել բացառումների աստիճանական պակասեցում մյուս մասնակիցների կողմից։ Հնարավոր է նաև ԱԱԳ այս համաձայնագրի զարգացում ինտեգրացիայի խորացման, այսինքն՝ դիտարկվող հարցերի (հավելել գլուխներ ծառայությունների, ներդրումների, ինտելեկտուալ սեփականության իրավունքների, մրցակցային քաղաքականության և այլնի վերաբերյալ) ընդգրկումը մեծացնելու ճանապարհով։ Ինչ վերաբերում է ՄՄ-ին և ՄՏՏ-ին, Հայաստանին կարելի է առաջարկել հնարավոր մասնակցություն Միասնական տնտեսական տարածքում՝ չորս ազատությունների (ապրանքների և ծառայությունների շարժի և կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի ազատություններ) գործադրմամբ։ Որպես տարբերակ, չորս հիմնական առևտրատնտեսական ազատություններից ՄՄ և ՄՏՏ երկրները կարող էին Հայաստանի հետ փոխանակել կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը։ Քանի որ ԱԱԳ-ն ԱՊՀ շրջանակում ծառայություններ չի ընդգրկում, ապա Հայաստանի հետ կարելի կլիներ փոխանակել նաև ծառայությունների շարժի ազատությունը։ Ինչ վերաբերում է Շվեյցարիայի հետ ԵՄ փոխգործակցության փորձի կիրառմանը, ապա Հայաստանը կարող էր, բացի ԱՊՀ շրջանակում գոյություն ունեցող ԱԱԳ համաձայնագրից, կնքել որոշ քանակությամբ սեկտորալ համաձայնագրեր ՄՄ և ՄՏՏ երկրների հետ առանցքային մի շարք հարցերի վերաբերյալ, օրինակ՝ էներգետիկայի, մետալուրգիայի, ներդրումների, գյուղատնտեսության, մաքսային հարցերի, ծառայությունների (գերազանցապես հեռահաղորդակցային և տրանսպորտային), առևտրում տեխնիկական պատնեշների և այլն։ Հնարավոր է՝ Հայաստանի և ՄՄ-ի ու ՄՏՏ-ի միջև փոխգործակցության համար կիրառվեն Նորվեգիայի հետ ԵՄ համագործակցության մոդելի տարրեր, ինչը ենթադրում է ՄՏՏ-ին մասնակցության համաձայնագրի կնքում, առանց ՄՄ-ին մասնակցության։ Այսպիսով, կողմերի միջև ստորագրվում է ընդհանուր համաձայնագիր որոշ ոլորտներում (օրինակ՝ էներգետիկայում և մետալուրգիայում) Հայաստանի հատուկ հետաքրքրության հաշվառմամբ։ Վերջին ժամանակներս նկատվում է Հայաստանի տնտեսությունում կատարվող ներդրումների աճ ՄՄ երկրներից, հատկապես Ռուսաստանից։ Կարևոր է նշել, որ օտարերկրյա ներդրումների մեծ մասն այլ երկրներից, օրինակ՝ Եվրոպայից և ԱՄՆ-ից, պորտֆելային է, այնինչ Ռուսաստանից արվող ներդրումները հիմնականում ուղղակի են։ Այսպես, 2012թ. վերջի տվյալներով՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանում ներդրումների ընդհանուր ծավալի բաժնով (44.1%) և օտարերկրյա ուղղակի ներդրումների բաժնով (57.2%)։ Արժե նշել, որ ՄՄ և ՄՏՏ անդամ երկրների հետ ինտեգրացիոն համագործակցության խորացումը կարող է նպաստավոր ազդեցություն ունենալ Հայաստանի ազգային տնտեսության և գործարարության վրա, քանի որ կնպաստի դեպի երկիր կապիտալի հոսքի ավելացմանը։ Մոսկվայում Միջազգային ֆինանսական կենտրոնի ստեղծման շրջանակներում դիտարկվող երկրների ընկերությունները կկարողանան ներգրավել անհրաժեշտ կապիտալը։ Ընկերությունների գրանցման պարզեցումը ՄՄ և ՄՏՏ երկրների հետ մերձեցման շրջանակում այդ ուղղությամբ արված առաջին քայլը կլինի։ ՄՄ և ՄՏՏ երկրների ներդրողների համար դյուրինացված պայմանները և նրանց աջակցությունը տեղի կառավարության կողմից փոխշահավետ է։ Հաշվի առնելով քրոնիկական բյուջետային դեֆիցիտները՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը, դրական ազդեցություն գործելով աշխատավարձերի աճի, գործազրկության կրճատման և հարկային հատկացումների աճի վրա, կբարելավի տեղի բնակչության բարեկեցությունը։ Եվրասիական գործընկերության ծրագիրը Բազմակողմ համագործակցության համար կարելի է ստեղծել ՄՏՏ և ապագա Եվրասիական տնտեսական միության ծրագրեր՝ «Եվրասիական գործընկերություն» պայմանական անվամբ, հարևան երկրների հետ խոր ինտեգրման տարբեր ձևերի զարգացման նպատակով։ «Եվրասիական գործընկերության» շրջանակներում հնարավոր է ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի համագործակցություն։ Շեշտը, սակայն, պետք է դրվի երկկողմանի պայմանավորվածությունների վրա, որոնք հաշվի են առնում յուրաքանչյուր կոնկրետ գործընկերոջ առանձնահատկությունը։ Համագործակցությունը կարող է կառուցվել ոչ միայն պայմանագրերի, այլ նաև գործողությունների համատեղ պլանների (ինչպես Հարևանության եվրոպական քաղաքականությունում) և համատեղ ծրագրերում մասնակցության միջոցով։ Առաջարկվող «Եվրասիական գործընկերություն» ծրագիրը կարող է ապահովել ՄՄ-ՄՏՏ/ԵՏՄ և ԱՊՀ տարածաշրջանի երկրների, իսկ հետագայում աշխարհամասում ռազմավարական այլ գործընկերների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացումը, այդ թվում՝ պարտադիր չէ ՄՄ-ՄՏՏ-ին անդամակցելը։ Ընդ որում՝ ՄՏՏ/ԵՏՄ-ն կարող է փոխգործակցել ԱՊՀ և աշխարհամասի ցանկացած երկրի հետ ինչպես դեպի ՄՏՏ/ԵՏՄ անդամություն տանող շարժման, այնպես էլ համագործակցության առավելագույնս կարճ հեռավորության ճանապարհին։ Եվրասիական գործընկերության աշխատանքը հնարավոր է կառուցել նաև ԵՄ «Արևելյան գործընկերության» նմանությամբ՝ օգտագործելով նրա փորձը։ «Եվրասիական գործընկերությունը» կարող էր հանդես գալ ՄՏՏ երկրների հետ տարբեր երկրների առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիայի հիմքի դերում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերն ու առանձնահատկությունները։ Ընդ որում՝ Եվրասիական գործընկերության գծով ՄՏՏ հնարավոր գործընկերների շրջանակը չի սպառվում ԱՊՀ տարածաշրջանի երկրներով։ Միանգամայն հնարավոր է, որ մեր այս զեկույցում դիտարկված տարբեր գործիքներ կիրառվեն այլ երկրների հետ ավելի սերտ, փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար։ ՄՏՏ տեսակետից որպես չափանիշ են ծառայում տնտեսական էֆեկտի պրագմատիկ ակնկալիքները՝ կապված ապրանքային շուկաների հասանելիության, ներդրումային հնարավորությունների ընդլայնման, տեխնիկական կարգավորման միասնականացման, ծառայությունների, կապիտալի շարժի ազատության, ֆոնդային շուկայի հնարավորությունների օգտագործման և ռուբլին որպես պահուստային արժույթներից մեկն օգտագործելու հետ։ 1 [ #1_t ] Նյութը կառուցված է Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի «Մաքսային միությունը և հարևան երկրները. փոխշահավետ գործընկերության մոդելները և գործիքները» զեկուցման հիման վրա։ Զեկուցման ամբողջական տարբերակը և հետազոտության վերաբերյալ լրացուցիչ նյութերը զետեղված են Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի կայքում. հղումը՝ http://www.eabr.org/r/research/centre/projectsCII/cu_and_neighbors/ [ http://www.eabr.org/r/research/centre/projectsCII/cu_and_neighbors/ ] . Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ հիմնված Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ. հունվարին, մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին ու փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԲ հիմնադիր կապիտալը գերազանցում է $1,5 մլրդ-ն։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։ ԶԵԲ-ի մասին ավելի մանրամասն տե՛ս http://www.eabr.org [ http://www.eabr.org ] . ԶԵԲ ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոն (ԻՀԿ) – մասնագիտացված վերլուծական կենտրոն՝ ստեղծված 2011թ. ԶԵԲ-ի կողմից։ Կենտրոնի վրա են դրված հետազոտական աշխատանքի կազմակերպումը, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման խնդիրների վերաբերյալ զեկուցումների և հանձնարարականների պատրաստումը։ Ավելի մանրամասն տեղեկություն ԻՀԿ նախագծերի և հրապարակումների մասին տե՛ս http://www.eabr.org/r/research/centre/aboutCII/ [ http://www.eabr.org/r/research/centre/aboutCII/ ] . «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ» [ http://www.sojuzinfo.am/arm/news/detail.php?ELEMENT_ID=185 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here