ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

0
324

Սեպտեմբերի 25–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպվել է Երևան–Մոսկվա տեսակամուրջ` «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար.տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը» թեմայով։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ երկիրը պատրաստ է միանալ Մաքսային միությանը, ակտիվ բանավեճի թեմա դարձավ ռուս և հայ փորձագետների համար։ Հայաստանի ղեկավարությունը պարտա՞ստ է հետևողականորեն առաջ ընթանալ եվրասիական ինտեգրման ճանապարհով։ ՄՄ շրջանակում ինչպե՞ս կկառուցվեն հարաբերություններն այն պետության հետ, որն ընդհանուր սահմաններ չունի Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ։ Ի՞նչ տնտեսական առավելություններ կստանա Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն նախագծի մասնակցությունից։ Ի՞նչ կտա Հայաստանի հասարակ բնակչությանը Մաքսային միությանը միանալը։ Այս և այլ հարցեր քննարկեցին մասնակիցները` Մոսկվայում` –Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին; –Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը; –Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիրնովը; –ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը; –ՌԳԱ շուկայի խնդիրների ինստիտուտի միջտարածաշրջանային զարգացման խնդիրների լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Ազա Միհրանյանը։ Երևանում` –«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը; –Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը; –«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը; –«Республика Армения» թերթի գլխավոր խմբագիր Ելենա Կուրդիյանը։ Միջոցառման համակարգողն է «Հյուսիս–Հարավ» քաղաքական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասով։ http://ar.newsarmenia.ru [ http://ar.newsarmenia.ru/Press1/20130924/42943286.html ] ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին կարող է էական խթան հանդիսանալ նրա տնտեսության համար, իջեցնել երկիր մատակարարվող ռուսական գազի, ալմաստների և այլ ապրանքների գները՝ ի հաշիվ արտահանման մաքսատուրքերի վերացման։ Սեպտեմբերի 25-ին կայացած Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ այս կարծիքն են հայտնել հայ և ռուս փորձագետները, տեղեկացնում է ИА REGNUM-ի թղթակիցը։ Մաքսային միությանը Հայաստանի միանալու շրջանակներում քննարկվում է երեք հիմնական խնդիր՝ մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի հարցը, ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Վիկտոր Սպասկին։ Նրա կարծիքով՝ ՄՄ-ին և հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացն ամրապնդվում է «համոզիչ» տնտեսական ցուցանիշներով։ «Ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև անցած տարի ավելացել է 20%-ով, Հայաստանի տնտեսությանը տրվող ուղղակի ներդրումների գրեթե 45%-ը Ռուսաստանինն է։ Վերջապես, Ռուսաստանից Հայաստան տարեկան տրանսֆերտների ծավալը կազմում է գրեթե $1,45 մլրդ։ Մոտավորապես այդքան էլ մարդիկ երկիր են բերում իրենց գրպաններում» (փորձագիտական տվյալներով՝ հայկական սփյուռքի թվաքանակը Ռուսաստանում կազմում է մոտ 2,5 մլն մարդ- խմբ.),- ընդգծել է Վ.Սպասկին։ Հայաստանի տնտեսությունը, փորձագետների մեծ մասի կարծիքով, տարողունակ նախագծերի կարիք ունի, քանի որ երկրում զգացվում է «ներդրումային քաղց»։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսությունում ընդհանուր ներդրումների ծավալը կրճատվել է 12%-ով ($131 մլն)։ Փորձագետները հույս ունեն, որ հայկական տնտեսությունը ներկա վիճակից կարող են հանել ռուսաստանյան նոր ներդրումները և գազի գնի 30% իջեցումը (գազը կարժենա՝ 1000 մ3-ն $189, ներկայիս $270-ի փոխարեն)՝ արտահանման մաքսատուրքերի հանման արդյունքում։ Մաքսային միություն մտնելուց Հայաստանի տնտեսական էֆեկտը տարեկան կտրվածքով կկազմի մոտ 5%, ասել է Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։ «Բացի գազի գնի 30% իջեցումից, մեկ այլ կարևոր հանգամանք է ալմաստների արտահանման մաքսատուրքի (մոտ 6,5%) հանումը։ Աշխատանքային միգրացիայի ոլորտում տեղի կունենա ընթացակարգերի էական կրճատում, քանի որ Մաքսային միության երկրների աշխատանքային միգրանտների վրա կտարածվի ռուսաստանյան ազգային օրենսդրական ռեժիմը։ Այս ամբողջ գործընթացը պետք է շահեկան լինի երկու կողմերին էլ, քանի որ խաղադրույքը զրոյական չէ»,- ընդգծել է Ե.Վինոկուրովը։ Նա նշել է նաև, որ տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում ջանքեր են գործադրվում վրացական միջանցքը (երկաթուղու վրաց-աբխազական տեղամասը, որը Հայաստանը կապում է Ռուսաստանին- խմբ.) բացելու համար։ «Այստեղ նպաստավոր հանգամանք է նաև այն, որ համաձայն մեր հետազոտությունների՝ Վրաստանի քաղաքացիների մոտ 59%-ը բարյացակամորեն է վերաբերվում Ռուսաստանին և ընդհանրապես Մաքսային միությանը»,- ընդգծել է կոնֆերանսի հյուրը։ Հայաստանի տնտեսության զարգացումը, ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի կարծիքով, կարևոր է նաև չկարգավորված ղարաբաղյան հակամարտության և ադրբեջանական տնտեսության զարգացման դինամիկ տեմպերի տեսանկյունից։ «Հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունը՝ հայկական տնտեսության զարգացման դանդաղ տեմպերը, Ադրբեջանի տնտեսության դրական դինամիկայի համապատկերում, կարող են հանգեցնել տարածաշրջանի ապակայունացմանը։ Հենց դրա համար էլ երկիրը որքան հնարավոր է շուտ պետք է դուրս գա ՀՆԱ աճի տարեկան 7% մակարդակ»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ Երևանը կարող է հասնել այդ նպատակին ներդրումներ ներգրավելու և ՄՄ շրջանակում արտոնությունների հմուտ կիրառման պարագայում։ Հայաստանի պետբյուջեի եկամտի մեկ այլ աղբյուր է ռուսական կողմի՝ մոտ $500 մլն հատկացնելու խոստումը հայկական երկաթուղու (որը կառավարում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն- խմբ.) արդիականացման համար, ասում է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը։ «Գազի, ալմաստների արժեքի իջեցումը և երկաթուղու արդիականացումը կփակեն Հայաստանի և Մաքսային միության միջև ընդհանուր սահմանի բացակայության բոլոր բացասական կողմերը»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ Ռուսաստանը նաև ռեսուրսներ է մատակարարում Հայաստանին։ «Մենք պետք է զարգացնենք մեր արտադրությունն ի հաշիվ Ռուսաստանից ստացվող ռեսուրսների, որպեսզի շտկենք ահավոր վիճակում գտնվող առևտրային հավասարակշռությունը»,- ամփոփել է տնտեսագետը։ «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության տնօրեն Արամ Սաֆարյանը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը բարձրացրին Ռուսաստանի և Իրանի միջև Հայաստանի տարածքով երկաթուղային կապի հաստատման անհրաժեշտության հարցը։ «Երկաթուղու աբխազական տեղամասի վերագործարկումը և դեպի Իրան տանող երկաթուղային ճյուղի շինարարությունը որակապես կփոխեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ ստեղծվող մթնոլորտը։ Իհարկե, հայ-իրանական երկաթուղին կարող է բավական դանդաղ ծածկել կատարված ծախսերը, բայց չպետք է մոռանալ, որ դա շատ կարևոր քաղաքական հարց է»,- ընդգծել է Արամ Սաֆարյանը։ Երկաթուղու աբխազական տեղամասի վերագործարկումը և Հայաստան-Իրան երկաթուղային ճյուղի կառուցումը, Սևակ Սարուխանյանի կարծիքով, կլուծեն Մաքսային միությունից Հայաստանի տարածքային կտրվածության հարցը և թույլ կտան ՄՄ-ին դուրս գալ Պարսից ծոց և Հարավային Ասիա։ «Հայաստանը կարող է վերածվել Մաքսային միության հարավային դարպասների։ Իսկ երկաթուղու աբխազական հատվածի գործարկման և Հայաստանին Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ տալու դեպքում դա թույլ կտա բավական սերտորեն կոոպերացվել Չինաստանի հետ և նրա համար ելք ապահովել դեպի սևծովյան ավազան»։ «Ընդհանուր առմամբ, ներկա պահին Հայաստանը տնտեսության իրական հատվածում ներդրումների կարիք ունի, որպեսզի թուլացնի միգրացիայի տեմպերը և կանխի բնակչության թվաքանակի անկումը»,- եզրափակել է նա։ http://www.regnum.ru [ http://www.regnum.ru/news/armenia/1712085.html ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here