Ե՞ՐԲ ԿԲԱՑՎԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԵԾ ՇՈՒԿԱՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ

0
323

Արամ Սաֆարյան Մեկ ամսից մի փոքր ավելի է անցել սեպտեմբերի 3-ից, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը Մոսկվայում հայտարարեց, որ մեր երկիրը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը: Անցան առաջին թեժ բանավեճերը եվրասիական ու եվրոպական ինտեգրացիաների կողմնակիցների միջեւ, թերթ կարդացող եւ հեռուստադիտող հանրությունը փորձեց խորանալ խնդրի մանրամասների մեջ: Հրապարակվեցին տնտեսագիտական բավական խոր եւ հիմնավոր հաշվարկների վրա կատարված հետազոտություններ, որոնցից մեր տեղյակ հասարակությունը պետք է որ եզրակացություններ աներ Հայաստանի տնտեսության համար ավելի նպաստավոր հեռանկարների մասին: Այդ հեռանկարներն էլ գնահատվում են ընդհանուր առմամբ նպաստավոր եւ դրական, եթե դրանց ուղեկցող քաղաքական շատ կոնկրետ գործընթացները նույնքան դրական հունով զարգանան: Իրականում այս մեկ ամսվա քննարկումներով մենք սկսել ենք հասկանալ, որ տնտեսական կյանքում այսքան սպասված դրական տեղաշարժերը որեւէ ինտեգրացիոն գործընթացի արդյունքում այդպես էլ չեն լինելու, եթե տարածաշրջանային քաղաքականության մեջ շոշափելի տեղաշարժեր չլինեն: Օրինակՙ եվրոպական ինտեգրացիայի պարագայում 2,3 տոկոս լրացուցիչ ինտեգրացիոն էֆեկտ խոստացողները անհապաղ նշում էին ռիսկերի մասին, որոնցից ամենաէականը հայ-թուրքական սահմանի փակ լինելն էր եւ հարաբերությունների չկարգավորվածությունը: Եվրասիական ինտեգրացիայի ասպարեզում միջին հաշվով 4 % լրացուցիչ տարեկան ինտեգրային էֆեկտը համարվում էր հնարավոր, եթե, օրինակ, վերագործարկվի աբխազական երկաթուղին եւ լիարժեքորեն գործի հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը: Բոլորին հասկանալի է, որ այս քաղաքական խոչընդոտների վերացման համար քաղաքական կամք եւ լուրջ ջանքեր են պետք, այն էլ տարբեր կողմերից: Ի՞նչ տվեց մեզ մեկամսյա քննարկումների շարքը եւ ի՞նչ կտա մեր հասարակությանը ավելի շատ տեղեկատվությունը տարածաշրջանային մեծ շուկաներում ընդգրկվելու հեռանկարի վերաբերյալ: Հայաստանի ավանդական կողմնորոշումները չեն փոխվել Վերջին մեկ ամսում հասարակական կարծիքի միանգամից մի քանի ուսումնասիրություններ են արվել, որոնց արդյունքները գալիս են հաստատելու, որ հայաստանյան հասարակության ավանդական կողմնորոշումները չեն փոխվել, եւ մենք շատ կայուն ու տարիների հետ չփոխվող ընկալումներ ունենք մեր բարեկամների ու թշնամիների, մեր քաղաքական առաջնահերթ խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհին համագործակցության եւ առճակատումների հնարավորությունների մասին: Վերջին տարիների ընթացքում արված հասարակական կարծիքի բոլուր ուսումնասիրությունները վկայում են, որ հայաստանցիներն իրենց ճնշող մեծամասնությամբ ռուսամետ են եւ հենց Ռուսաստանն են համարում իրենց գլխավոր դաշնակիցը: Այսօր հրապարակվելու են մի նոր հետազոտության արդունքներ, որոնք մտորելու, մեր հանրային տրամադրությունները հասկանալու եւ քաղաքական մոտեցումները հղկելու հետաքրքրական հնարավորություն են տալու: Օրինակՙ Ռուսաստանի նկատմամբ ավանդական դրական մոտեցման հետ մեկտեղ շատ հետաքրքրական է, որ Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարին դրական է վերաբերվում մեր հասարակության 86 %-ը: Ընդ որում, հարցվածների միայն 6 %-ը վճռականապես դեմ է այս ինտեգրացիոն գործընթացին: Հարցվածների ճնշող մեծամասնությունը Հայաստանում արդունաբերության զարգացման իրական հեռանկարը կապում է գլխավորապես Ռուսաստանի հետ, իսկ, օրինակ, գիտության զարգացման հեռանկարըՙ Եվրոպական միության հետ: Հարցվածների ճնշող մեծամասնությունը մատակարարվող գազի գինը համարում է շատ կարեւոր գործոն եւ պաշտպանում է այդ գնի չբարձրանալուն ուղղված բանակցությունների գործընթացը: Եվս մեկ շատ հետաքրքրական մանրամասն: Մեր հասարակությունը պատրաստ է ինտեգրվելու Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ մեկ միասնական տնտեսական տարածքում, սակայն շատ աղոտ է պատկերացնում, թե ինչպիսին է լինելու այդ տարածքը: Եվ սա այն դեպքում, երբ եվրասիական ինտեգրացիան տարբեր ուժգնությամբ ծավալվում է արդեն 6-7 տարի, իսկ քաղաքական քննարկումները հետխորհրդային պետությունների քաղաքական էլիտաների շրջանում ընթանում են արդեն երրորդ տարին: Հետաքրքրական է նաեւ, որ եվրոպական արժեքների Հայաստանում ներարկման կողմնակիցները որոշակի ոլորտներում շատ շոշափելի թիվ են կազմում, սակայն հայտնի աղմկահարույց խնդիրների նկատմամբ մեր հասարակության մոտեցումները շարունակում են մնալ առավելագույնս ավանդական եւ պահպանողական: Կրկնեմ նորից, որ այս սոցիոլոգիական հետազոտությունները արժանի են ոչ թե ճղճղան քարոզչության, այլ լուրջ ուսումնասիրության, որը կարող է փոխել հասարակական հոռետեսական տրամադրությունները եւ ավելի մեծ վստահություն ու լավատեսության հիմքեր ստեղծել: ԱՊՀ երկրների տարբեր քաղաքագետներ նշել են, որ եվրասիական ինտեգրացիայի կարեւոր ուղղություններից մեկը կարող է լինել միասնական արդյունաբերական քաղաքականության հիմունքների մշակումը: Սա ասում եմ, որովհետեւ Հայաստանում արդյունաբերության զարգացման հույսը վերջին քսան տարիների դեինդուստրիալիզացիայի համապատկերում շարունակում է գրավիչ մնալ: Մեր հասարակական բանավեճերից մեկի ժամանակ իմ քաղաքագետ ընկերներից մեկը մի նուրբ, բայց անվիճելի նկատառում հայտնեց: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը նույնիսկ զարգացած երկրներում ապահովում է մասնագետների համեմատաբար ոչ մեծ խավի կենսամակարդակը, բայց սոցիալական ազդեցության առումով շատ սահմանափակ ներդրում ունի հասարակության կենսամակարդակի վրա: Սոցիալական ազդեցության առումով հասարակության բարգավաճմանը տանող ոլորտներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ սպասարկումները: Այս ոլորտներն են ամենաշատ ներդրումների կարոտ եւ այս ոլորտների ներդրումներն էլ ուշ փոխհատուցվող են, իսկ առաջին երկուսըՙ նաեւ ռիսկային: Եվ այսուհանդերձ, խորհրդային տնտեսության փլուզման ժամանակներից սկսած միայն հետխորհրդային պետությունների մասնագիտական կենտրոններում են խոսում արդյունաբերական կոոպերացիայի վերականգնման, ագրոարդյունաբերության զարգացման, տրանսպորտային կոմունիկացիաների մոդեռնիզացման խնդիրների մասին: Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի վերոհիշյալ ոլորտները ցույց են տալիս ռեսուրսների համախմբման արդյունքում զարգացման ավելի մեծ տեմպերի հաջողված օրինակներ: Զգո՞ւմ եք արդյոք, հարգելի ընթերցող, որ նման կատեգորիաներով դատողություններ մեր ԶԼՄ-ներից շատ ու շատ վաղուց չեք լսել: Մոտավորապես այն ժամանակներից, երբ ազգամիջյան մի քանի հակամարտությունների հետեւանքով մենք հայտնվեցինք մասնակի շրջափակման մեջ: Հիշո՞ւմ եք արդյոք մի դեպք, երբ ժամանակակից աշխարհի արդյունաբերության հսկաները հետաքրքրված լինեն Հայաստանում նոր ձեռնարկություններ ստեղծելու խնդիրներով: Բացառությամբ մեկ-երկու դեպքերի, որ եղել են միայն ռուսական բիզնեսի հսկաները: Սեփականաշնորհման, մեր տնտեսության վերակազմավորման, առանձին ձեռնարկություններ ամբողջական ավերումից փրկելու գործընթացներն ընթացել են մեր ժողովրդի աչքի առաջ եւ բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են: Ահա թե ինչու է բարեկեցության հույսը դեռ չկորցրած հայաստանյան հասարակությունը հայացքն ուղղում դեպի եվրասիական ինտեգրացիա: Օազիսներ, որոնք կփոխեն երկրի դիմագիծը Իմ լրագրողական անցյալի ամենավառ հիշողություններից մեկը լուսահոգի նշանավոր պատմաբան, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի երկու հեռուստատեսային հարցազրույցների շարքն էր, որտեղ նա ոգեւորված խոսում էր Հայաստանում նոր արագացուցիչ կառուցելու անհրաժեշտության մասին: Մոտ մեկ տարի առաջ ես հանդիպեցի գիտության պետական կոմիտեի ղեկավար, ճանաչված ֆիզիկոս, պրոֆեսոր Սամվել Հարությունյանին, որն անցած տարիների ընթացքում նախանձելի հետեւողականությամբ եւ համառությամբ մի խումբ գաղափարակիրների հետ առաջ է մղում հայկական նոր արագացուցիչի ստեղծման ծրագիրը: Մեր տաղանդավոր ֆիզիկոսներն ինձ ոգեւորված, մեծ հավատով պատմում էին այն հարգալից ու շահագրգիռ վերաբերմունքի մասին, որին հանդիպել էին թե՛ եվրոպացի (ֆրանսիացի ու շվեյցարացի), թե՛ ռուսաստանցի մասնագետների կողմից: Գործն անգամ հասել էր Աբովյանի մոտերքում հողահատկացմանը: Ինչպես ժամանակին ասում էր պատմաբան Բաբկեն Հարությունյանը, այսօր մենք շատ ավելի մոտ ենք այնպիսի արագացուցիչի կերտմանը, որի շնորհիվ 2000 ամենատարբեր ոլորտների գիտնականներ միջազգային եւ տեղական պատվերներով կզբաղվեն լուրջ գիտահետազոտական աշխատանքով: Առանց չափազանցելու, հատկապես մեր օրերի գիտական աշխարհի կրած դժվարությունների ֆոնին, այս ամենը աննախադեպ գիտական աշխուժության եւ մեծ թվով գիտնականների բարեկեցիկ կյանքի ու ստեղծագործ աշխատանքի հնարավորություններ է ուրվագծում: Եվս մի հանգամանք: Անցյալ տարի իմ այս թեմայով գրած հոդվածի նկատմամբ ռուսական ԶԼՄ-ներում առանձնապես հետաքրքրություն չառաջացավ: Հիմա, երբ մեկ միասնական տնտեսական տարածք ու ընդհանուր շուկա ենք փորձելու կառուցել եվրասիական տարածքում, այս եւ նման գիտական ծրագրերը կարող են վերականգնել ու էլ ավելի առաջ տանել ժամանակին արտակարգ արդյունավետ, իսկ վերջերս խաթարվել սկսող գիտական կապերն ու կոոպերացիան հետխորհրդային տարածքում: Պատկերացնում եմ այս տողերը կարդացող իմ ընդդիմախոսների կեցվածքը: «Ի՞նչ կապ ունի այս ամենը մեր կողմնորոշումների հեռանկարի հետ», կասեն նրանք: Այն կապն ունի, որ իրարից անջատելու, ամեն գնով մեզ իրարից հեռու պահելու հետեւանքով մեր հասարակությունը քսան տարում բարդ աշխատանք կատարողից դարձել է պարզ աշխատանք կատարող: Ասել է թեՙ ավելի պրիմիտիվ: Մեր հասարակության ինտելեկտուալ մասը երբեք չի հաշտվելու այս վիճակի հետ, եւ անընդհատ մեջտեղ են գալու իրականանալի, դժվար իրականանալի եւ նույնիսկ անիրականանալի ծրագրեր: Խնդիրն այն է, որ դրանց նկատմամբ պետական ըմբռնում, աջակցություն եւ ֆինանսավորում գտնվի: Ահա թե ինչու մեր հասարակության մտածող մասը չի կորցնում հույսը, որ եվրասիական ինտեգրացիայի ծավալման դեպքում մենք կներգրավենք նաեւ ինտելեկտ պահանջող միջազգային ծրագրերում: Հասարակական քննարկումները ինտեգրացիոն հեռանկարների վերաբերյալ իրականում նոր-նոր են սկսվում: Դրանք շատ հետաքրքրական եւ լավատեսություն ներշնչող են լինելու: http://azg.am [ http://azg.am/AM/2013101810 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here