«ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՎ ՇԱՏ ԽՈՇՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ` ՉՈՒՆԻ ԻՐ ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ»

0
311

Եվրասիական տնտեսական միություն ու Եվրամիություն գնացող երկրների ճանապարհին, մեղմ ասած, ոտքի տակ են ընկնում ինչ-որ աղանդներ, համասեռամոլների լոբբիստներ, գրանտակեր ՀԿ-ներ, ամերիկյան կասկածելի կառույցներ ու փորձում միջազգային քաղաքականության մեջ էլ ավելի լարվածություն ստեղծել: Թե ինչի կբերի այս մանր ու մեծ խոչընդոտների ամառային ակտիվությունը, ինչ է սպասվում քաղաքականության մեջ աշնանը, եւ ինչու՞ «մարդու իրավունքներն» ու«դեմոկրատիա» բառերը Եվրոպայում օր օրի` բովանդակային առումով կորցնում են իրենց նշանակությունը, «Իրավունքը» պարզեց` զրուցելով «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, աշխարհաքաղաքականության գծով փորձագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ: «ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՐԵՎԻ ԹԵ ԲՆԱԿԱՆՈՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ» — Պարոն Հարությունյան, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցմանն ընդառաջ ինչ-որ խոչընդոտներ են անընդհատ ծառանում` սկսած, օրինակ, հայ-վրացական միջադեպերից` վերջացրած համակարգային հարձակումներով: Ինչի՞ կբերի այս ամենը: — Դժվարանում եմ Եվրասիական տնտեսական միության ինտեգրումը կապել հայ-վրացական բախումների հետ, որովհետեւ դրանք կենցաղային բնույթ էին կրում: Իհարկե, ըստ իս, դրանք տարբեր բաներ են, բայց եւ այնպես այսօր միջազգային շատ ծանր վիճակ է: Բայց կոնկրետ Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն խնդիրները, երեւի թե, բնականոն ճանապարհով են ընթանում, եւ այս առումով խոչընդոտներ չեմ տեսնում: «ԻՐԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԵՆՑ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՅՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՀԵՆՑ ԻՐԵՆՑ, ԲԱՅՑ ՈՉ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ» — «Քաղաքագետ»-«վերլուծաբան» Իգոր Մուրադյանը վերջերս մի ուշագրավ հայտարարություն է արել, թե աշնանը սպասվում են լուրջ հարձակումներ` ռուսական կողմնորոշում ունեցողների դեմ: Դեռ մի բան էլ վստահեցրել է, որ դրանք կուղեկցվեն սպանություններով: Այսօր հայաստանյան Մայդանի վտանգ կա՞: — Մայդանի վտանգ չեմ տեսնում Հայաստանի համար, որովհետեւ մեր ռազմավարությունը խելամիտ է: Մի փոքր հոգեկան խնդիրներ ունեցող որոշ քաղաքագետներ այդպես չեն կարող կանխատեսումներ, առավել եւս գործողություններ կազմակերպել: Դա, ուղղակի, զավեշտալի է, ցավում եմ, որ Ձեր հիշատակած անձնավորությունը մի փոքր հոգեկան խնդիրներ ունի: — Ամեն դեպքում, անհերքելի է, որ ԵՏՄ-ի կողմնակիցների դեմ սկզբունքորեն հարձակում է նկատվում, այդ թվում նաեւ ՙԻրավունքի՚ դեմ ինչ-որ համասեռամոլների լոբիստների, ֆեմինիստների, տարբեր աղանդների կողմից: Վերջիններիս խիստ ակտիվացումը մի՞թե քաղաքական գործընթացներով չէ պայմանավորված: — Կարծում եմ, որ իրենք մի փոքր ակտիվ են ամբողջ աշխարհում, իհարկե, մի քիչ անհասկանալի ակտիվություն է, եւ կոնկրետ ինչ-որ բաների հետ չեմ կապում, որովհետեւ իրենք կարող են իրենց ակտիվությամբ միայն վարկաբեկել հենց իրենց, բայց ոչ ուրիշներին: «ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՀԵՏ» -Կրկին անդրադառնալով Եվրոպային` ինչ կասեք այն մասին, որ նույն ԵՄ-ն ամեն օր մարդու իրավունքների մասին է խոսում, բայց համառորեն լռում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը սպառնում է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանից թռչող ամեն մի ինքնաթիռ: — Երեւի, այդ խնդիրները արդեն մի փոքր այլ հարթության վրա են, որովհետեւ մենք տեսնում ենք փաստացի ուկրաինական դեպքերը, որն այսօր էլ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը ու ուժային մեթոդով հեղաշրջումներ է կատարում, բայց ասոցացվում է Եվրամիության հետ: Ցավոք սրտի, Եվրամիությունը լինելով շատ խոշոր տնտեսական միավոր` չունի իր հստակ քաղաքական ուղեգիծը եւ մեծ մասամբ իր գործընկերների խորհուրդներով է շարժվում: Բայց այնպիսի տպավորություն է, որ Եվրոպայում գնում են շատ հետաքրքիր գործընթացներ, մասնավորապես` Գերմանիայում եւ Ֆրանսիայում նկատվում են տարաձայնություններ այս երկու խոշոր երկրների եւ, օրինակ, Մեծ Բրիտանիայի միջեւ: — Ի դեպ, երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ` արգելվեց այդ երկրում կոմունիստական կուսակցության գործունեությունը: Փաստորեն, ստացվում է, որ Ուկրաինայում մեռա՞վ «դեմոկրատիա» ասվածը: — «Դեմոկրատիա» եւ «Ուկրաինա» հասկացողություններն այսօր բավական հակասական են: Ինչ վերաբերում է կոմունիստական կուսակցությանը, այստեղ կա կետ, թե քանի հոգի պետք է լինեն ֆրակցիայում, եւ եթե այդ թիվը պակասում է, ընդամենն այդ ժամանակ կարող է լուծարվել այն որպես ֆրակցիա: Այնպես որ, կարծում եմ` իրոք, այնտեղ լուրջ խնդիրներ կան դեմոկրատիայի հետ: «ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՓԱՓՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ» -Ամփոփելով զրույցը` ըստ Ձեզ, թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ որքանով է հավանական, որ կլինի թեժ աշուն: — Ամեն աշնանը միշտ էլ սպասվում է մի փոքր ավելի ակտիվություն, քան շատ շոգ օգոստոսն է, քանի որ սկսվում է քաղաքական սեզոնը: Գուցեեւ հետաքրքիր քաղաքական սեզոն լինի, որովհետեւ սպասվում են հետաքրքրիր իրադարձություններ, որոշումներ: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում շատ թեժ վիճակ է, եւ Հայաստանը չի կարող բացառություն կազմել: Համենայնդեպս, նշված խնդիրների ավելի փափուկ լուծումները գտնվում են ինտեգրացիոն գործընթացներում: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ http://iravunk.com [ http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18450:2012-04-04-19-36-17&catid=48:handipum&Itemid=114 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here