Ա. Սաֆարյան. ԵԱՏՄ կազմում Հայաստանը կարող է էական տնտեսական աճ ապահովել

0
294

— Ի՞նչ անելիքներ ունի Հայաստանը նոր տնտեսական միությունում՝ իր մասնակցությունից առավելագույն օգուտներ քաղելու և միաժամանակ իր մասնակցությունն այս միությանն առավել արդյունավետ դարձնելու համար։  — ԵԱՏՄ-ն սկսեց գործել բավական բարդ ժամանակաշրջանում՝ ճգնաժամի, ուժային կենտրոնների պայքարի պայմաննրում, սակայն նույնիսկ այս շրջանում մեզ համար ստեղծվում են մեր տնտեսական վիճակը բարելավելու հնարավորություններ:  Հայաստանը, որպես չօգտագործված, բայց եզակի ռեսուրսներ ունեցող երկիր, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում եւ վերամշակվող ապրանքների արտադրության ասպարեզում, կարող է տնտեսության էական աճ արձանագրել:  Եթե հասնենք նրան, որ մոտակա մեկ տարում մեր համապատասխան ենթակառուցվածքներն աշխատեն այն ուղղությամբ, որ Ռուսաստանում, մասամբ նաև Բելառուսում և Ղազախստանում, կարողանանք ստեղծել ընկալում, որ Հայաստանն ունի այդ ռեսուրսը և պատրաստ է այն դնել ի նպաստ Ռուսաստանի տնտեսության զարգացման, կարծում եմ, այստեղ մենք դիվիդենտներ կունենանք:  Երկրորդ, մոտ օրերս Ռուսաստանի պետական գնումների շուկան կբացվի Հայաստանի համար: Ընդհանրապես, այն մինչև ճգնաժամը գնահատվել է 200 մլրդ ԱՄՆ դոլար: Բացելով այդ շուկան ԵԱՏՄ անդամների համար, դրանց ընկերություններին տալով հավասար հնարավորություն ռուսական ընկերությունների հետ միասին մասնակցելու պետական գնումների համակարգին՝ Ռուսաստանը ստեղծում է եզակի հնարավորություն Հայաստանում բիզնես գրանցելու, պահելու և զարգացնելու համար: Եթե հայ գործարարները լինեն այնքան ճկուն, որ կարողանան արագ Ռուսաստանի և′ կենտրոնում, և′ բոլոր մարզերում կապեր հաստատել պետությանը սպասարկող գործարար կառույցների հետ, ապա պետք է սպասել, որ մենք մոտակա 1-2 տարվա ընթացքում կունենանք հսկայական թվով ընկերություններ, որոնք մասնագիտացված կլինեն այդ ծառայությունների մատուցման ոլորտում և կստանան մեծ եկամուտներ:  Երրորդը, չնայած նրան, որ Ռուսաստանում սպասվում է տնտեսության անկում, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությունն ապահովող տնտեսության ճյուղերին, տնտեսական անկման ցուցանիշներն էլ ի՞նչ նշանակություն ունեն: Օրինակ, եթե Ռուսաստանը զարգացնում է ռազմարդյունաբերական համալիրին առնչվող ուղղությունները և դրանք արտադրում է իր երկրում, ուղղակի իմաստ ունի մասնակցել այդ գործընթացներին և նպաստել Հայաստնում արդյունաբերական որոշ ճյուղերի վերակենդանացմանը: Գուլպայից, կոշիկից սանրից մինչև բարձր տեխնոլոգիաներ, բոլորը ծառայում են ռազմարդյունաբերական համալիրի հարստացմանը: Հիշենք, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանը եղել է հզորագույն միջին մեքենաշինության երկիր: Հայաստանում 2000-ից ավելի այդպիսի ձեռնարկություն է փակվել: Իսկական ժամանակն է հիշել, որ այդ ձեռնարկությունները եղել են, և որ նոր մակարդակի վրա դրանք կամ դրանց մի մասը կարող են աշխատել և պետք լինել Ռուսաստանին: Պետք է համոզել Ռուսաստանին, որ մենք կարող ենք մեզ վրա վերցնել այդ բեռի մի մասը:  Այս ցանկը կարելի է շարունակել:  Բացի այդ, Եվրասիական փորձագիտական ակումբի մեր ընկերների հետ միասին մենք առաջարկելու ենք ՀՀ վարչապետին իրեն կից ստեծել եվրասիական ինտեգրացիայի հարցերով գիտա-փորձագիտական խորհուրդ: Այն կարող է ունենալ երեք գործառույթ՝ 1. կառավարության համար անկախ փորձագիտական, քաղաքագիտական հետազոտությունների պատրաստում, որոնք պետք է օգնեն առավել լավ կողմնորոշվել եվրասիական դաշտում, 2. Հայաստանի հասարակության շրջանում բացատրական աշխատանքի կատարում, քանի որ այսօր հարցերն ավելի շատ են, քան դրանց պատասխանները, 3. ԵԱՏՄ մյուս գործընկեր երկրների գիտա-փորձագիտական ընկերակցությունների հետ ակտիվ համագործակցություն և ակտիվ մասնակցություն քննարկումներին:  Որպեսզի մեր ապրանքները լինեն ընդունված, դրանց համար պետք է լայն լոբբինգ, և կարևոր է այն ապահովել տարբեր մակարդակներով:  — Եթե նայենք Հայաստանին ԵԱՏՄ մյուս գործընկերների աչքերով, որո՞նք են մեր յուրահատկությունները և ի՞նչ քայլերով կարող ենք առավել մեծ կշիռ հաղորդել մեր ներկայությանը միությունում:  Այս հարցի պատասխանն ինձ համար շատ ակնհայտ է: Տնտեսական առումով մեր պոտենցիալը ԵԱՏՄ ընդհանուր պոտենցիալի մեջ այնքան էլ մեծ չէ, 1%-ի չի հասնում, բայց եթե գնահատում ենք մեր ինտելեկտուալ ներուժը, այստեղ մենք բավական ուժեղ ենք: 2014թ. ՀՀ-ի ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումների ժամանակ մեր քաղաքագետները, տնտեսագետներն ու սոցիոլոգներն իրենց ամենաբարձր մակարդակով դրսևորեցին և արժանացան շատ մեծ հարգանքի ռուս, ղազախ, բելառուս գործընկերների կողմից: Հայաստանի ինտելեկտուալ պոտենցիալն ի վիճակի է ոչ միայն ներհանրապետական փոքրիկ հարցեր լուծել, այլ գործուն, էական մասնակցություն ունենալ գլոբալ, ողջ միությանը վերաբերող հարցերի լուծմանը:  Երկրորդը, մեր կարևորագույն աշխարհաքաղաքական դիրքն է: Մենք, լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, այս տարածաշրջանում խաղում ենք բացառիկ դեր, մասնավորապես, Ռուսաստանի համար: Այդ դերն իրավամբ գնահատված է և արժևորված: Համոզված եմ, եթե մենք ակտիվ և նախաձեռնող լինենք, մեր դերակատարությունը լինելու է շատ ավել մեծ: Իսկ եթե կաղապարվենք և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին ընկալենք որպես “նվազագույն չարիք”՝ սպասելով, թե գործընթացներն ինչպես ինքնաբերաբար կզարգանան, բավական տհաճ հետևանքների ականատես կլինենք: http://www.armedia.am/arm/news/13412/a-safaryan-eatm-kazmum-hayastany-karox-e-eakan-tntesakan-atch-apahovel.html [ http://www.armedia.am/arm/news/13412/a-safaryan-eatm-kazmum-hayastany-karox-e-eakan-tntesakan-atch-apahovel.html ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here