Մոտակա ամիսները լուրջ փնտրտուքի ժամանակ է լինելու՝ ինչ-որ նոր ձեւաչափերով, նոր հարթակներ ստեղծելով՝ մեր արտաքին քաղաքականությունը ուժեղացնելու եւ Հայաստանի իմիջը բարձրացնելու համար, ինչը կարող է նպաստել հայկական տնտեսության մեջ ներդրումների ծավալի զգալի աճին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ եւ մի քանի առաջարկով հանդես եկավ՝ մասնավորապես՝ շեշտելով. «Ուզում եմ, որ մինչեւ նոր քաղաքական սեզոնի սկիզբը` սեպտեմբեր ամիսը, այս առաջարկները հղկվեն եւ քննարկվեն քաղաքական գործիչների կողմից: Եթե կընդունվեն, շատ լավ, մենք էլ կօգնենք իրենց, իսկ եթե չեն ընդունվի, ապա, միեւնույն է, դրանք օգտակար են՝ որպես առաջարկություն, որովհետեւ նպատակը ազնիվ է` ուժեղացնել Հայաստանը»:
ԱՌԱՋԻՆ առաջարկը վերաբերում էր հայ—ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովին կից փորձագիտական խորհուրդ ստեղծելուն, որին անդրադառնալով՝ բանախոսն ասաց. «Այդպիսի խորհուրդ եղել է 2008-2009 թվականների ընթացքում, հետո այն շատ կարեւոր չի համարվել եւ աշխատանքն ընդհատվել է: Բայց կարծում եմ՝ այսօր որակյալ փորձագետներից, լուրջ գիտնականներից, հասարակական դաշտում ճանաչված ու սիրված մարդկանցից բաղկացած այդ փորձագիտական խորհուրդը կարող է էապես ուժեղացնել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը, նպաստել նրա սոցիալական հենարանի ձեւավորմանը եւ ընդունվող որոշումների ու առաջարկությունների որակի բարձրացմանը»: Ընդ որում՝ Ա. Սաֆարյանի կարծիքով՝ նպատակահարմար կլիներ, որ Ռուսաստանում էլ ստեղծվեր այդպիսի խորհուրդ. «Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներում գործող ռուս-հայկական բարեկամության խմբերին կից կարելի մեկ ծածկի տակ հավաքել նշանավոր փորձագետների, վերլուծաբանների, հասարակական գործիչների, որոնք մասնագիտորեն գիտեն Հայաստանը եւ Հարավային Կովկասը ու պատրաստ են տարին երկու անգամ (մի անգամ Մոսկվայում, մի անգամ Երեւանում) հայ գործընկերների հետ կառուցողական երկխոսություն ունենալ՝ առանց քաղցրացնելու, սիրունացնելու իրականությունը: Ինչպես սազական է սերտ դաշնակիցներին, գաղափարակիցներին, համախոհներին, կարելի է հավաքվել եւ մեկ հարթակում միասին քննարկել վեր հառնող խնդիրները, փորձել գտնել լուծումներ եւ դրանք առաջարկել խորհրդրարանական դիվանագիտությանը, որպեսզի իրականացնեն»:
ԵՐԿՐՈՐԴ կարեւոր առաջարկը, որն առանձնացրեց Ա. Սաֆարյանը, վերաբերում էր ՀՀ եւ ՌԴ խորհրդրարանների տնտեսական հանձնաժողովների սերտ համագործակցությանը. «Կարծում ենք, որ Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կարող է օգտագործել նախորդ գումարման հաջող փորձը եւ տարին մեկ անգամ՝ հերթականությամբ Երեւանում եւ Մոսկվայում, անցկացնել ՀՀ եւ ՌԴ խորհրդարանների տնտեսական հանձնաժողովների համատեղ նիստ: Ի դեպ, ասեմ, որ այս փորձը վերցված է Սերբիայից: Վերջին տարիներին Սերբիայում շատ լուրջ քննարկումներ են ընթանում Ռուսաստանի հետ նոր մակարդակի վրա դրվող բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները ծառայեցնելու սերբական տնտեսության մեջ ռուսական ներդրումների աճին: Եվ ահա Սերբիայում հարմար գտան, որ սերբական խորհրդրարանում տարին մեկ անգամ գումարվի սերբական եւ ռուսական խորհրդարանականների համատեղ նիստ, որին կմասնակցեն նաեւ ներդրումային, վարկային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ»: «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահը հիշեցրեց, որ մեր երկրին այսօր օդ ու ջրի պես պետք են լուրջ ներդրողներ, եւ Հայաստանն իրավունք ունի իր հայացքը նախեւառաջ ուղղելու իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի ուղղությամբ. «Ռուսաստանի պետական եւ ոչ պետական սեկտորից ներդրումներ ստանալու ճանապարհին շատ կարեւոր քայլ է մեր առաջարկած ձեւաչափով երկու խորհրդարանների տնտեսական հարցերի հանձնաժողովների ամենամյա նիստերը, որոնք կկարողանան դառնալ լուրջ իրադարձություն Հայաստանի, հետո էլ Ռուսաստանի հասարակական, քաղաքական կյանքում»:
Եվ ԵՐՐՈՐԴԸ, ըստ Ա. Սաֆարյանի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում ժամանակն է, որպեսզի ստեղծվի եվրասիական ինտեգրացիոն հարցերին նվիրված խորհուրդ, որը կհամակարգի համալսարանական, ակադեմիական գիտության ներուժը՝ ինտեգրացիոն խնդիրները լուծելու, նոր պոտենցիալ հայտնաբարելու եւ մեր երկրի ուժեղացմանը ծառայեցնելու համար. «ՌԴ-ում դեռ 2010-ական թվականների սկզբին ռուսաստնյան գիտությունների ակադեմիայի համակարգում ստեղծվեց եվրասիական ինտեգրման հարցերով բյուրո, որի նպատակն էր համակարգել գիտական հետազոտություններն ու ակադեմիական պոտենցիալը՝ ծառայեցնելով այն եվրասիական ինտեգրման խնդիրներին: Նույնիսկ մտածում ենք, որ ԳԱԱ նախագահությունը կարող է ցանկացած իր հարգված գիտնականին նշանակել այդ խորհրդի նախագահ: Միեւնույն ժամանակ, ասեմ, որ մենք, օրինակ, այդ խորհրդի համար ունենք պատրաստի քարտուղար՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, որը կկարողանար նոր նշանակվելիք նախագահի հետ միասին համագործակցել ռուսաստանյան ԳԱԱ-յի եւ եվրասիական տարածքի մյուս ակադեմիական կենտրոնների, եվրասիական ինտեգրացիայի խորհրդի հետ եւ մեկտեղելով ջանքները՝ նպաստել դրական լուծումներին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ