«ԵՏՄ-ն ոչ միայն տնտեսական, այլեւ գաղափարական միություն է»

0
302

Կայացավ «Հայաստանի փորձագիտական եւ կրթական հանրության դերը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման մեջ» խորագրով կլոր-սեղան քննարկումը, որը նախաձեռնել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը` Եվրասիական փորձագիտական ակումբի, «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ի, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի մասնակցությամբ եւ ջանքերով: ԵՏՄ անդամ պետությունների փորձագետներն անդրադարձան ե՛ւ միության ձեռքբերումներին, ե՛ւ առկա խնդիրներին` խոսելով բաց եւ հասցեական:

«ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ, ՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԵՆ ՄԵՐ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ»

Ըստ «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ` ժամանակն է նաեւ հայրենասիրական մղումներով  մոտենալ Եվրասիական տնտեսական տիրույթին.  «Ժամանակին ես Բրյուսելում տեսել եմ, թե ինչպես են աշխատում Եվրամիության անդամ երկրների երիտասարդության հետ՝ լինեն ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, թե աշակերտներ: Այնտեղ նրանց կերակրում էին, նրանց համար էքսկուրսիաներ էին անցկացնում՝ ասելով, թե Եվրամիությունը մեր ընդհանուր տունն է: Այս առումով՝ այո՛, հասկանում եմ , որ ԵՏՄ-ն առաջին հերթին տնտեսական միություն է, բայց նաեւ պետք է մտածենք այսպիսի մոտեցման մասին: Այս քննարկմանը մասնակցում են մարդիկ, ովքեր ապրում են Եվրասիական տնտեսական միության հոգսերով եւ սատարում  զարգացումներին ու դրական միտումներին: Ընդ որում՝ նրանք այն մարդիկ են, ովքեր 2013-2014 թթ.-ին էլ այդ նույն գաղափարին էին: Հետեւաբար, շատ կարեւոր է, որպեսզի  մեր այս փորձագիտական շրջանակն առաջնորդվի ոչ միայն մեր պետությունների տնտեսական շահերով, այլեւ միացյալ գաղափարներով:  Այնպես պետք է անենք, որ մեր ձայնն ավելի հնչեղ լինի, որպեսզի թույլ չտանք, եթե չասենք թշնամիները, ապա թաքնված եւ բացահայտ հակառակորդները խոչընդոտեն մեր առաջընթացին»:

«ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՆՔ ՀԱՍԿԱՆԱ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ»

Տնտեսագիտության թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ եւս գտնում է, որ Եվրասիական ինտեգրացիան պետք է հիմնված լինի, բացի տնտեսականից, նաեւ բարոյահոգեբանական արժեքների հիման վրա. «Մենք, իհարկե, գիտենք, որ ԵՏՄ-ում հետխորհրդային երկրներիս միայն տնտեսական հարաբերությունները չեն միավորում: Միեւնույն ժամանակ, գիտենք, որ Եվրամիության պետություններից տարբերվում ենք: Այնտեղ կան այնպիսի բարոյական արժեքներ՝  յուվենալ արդարադատության, գենդերային հավասարություն, նման շատ այլ երեւույթներ, որոնք մեզ համար անընդունելի են: Ընդ որում՝ դրանք անընդունելի են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի համար: Այնպես որ, կարծում եմ՝ մենք էլ պետք է ակտիվ գործունեություն ծավալենք մեր գաղափարական, բարոյական, քաղաքակրթական արժեքները պահպանելու ուղղությամբ, ինչը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացում, շատ քիչ է գործածվում»:
Ս. Վարդումյանը նաեւ նշեց, որ հետխորհրդային երկրներն ունեն շատ արժեհամակարգային նմանություններ, իսկ որպես դրան հակադրություն` նշեց. «Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկել է փոփոխություններ մտցնել ՄԱԿ-ի փաստաթղթերում՝ փոխարինելով «հղի կանայք» ձեւակերպումը «հղի մարդիկ»-ով՝ տրանսգենդեր մարդկանց չբացառելու համար:  Պատկերացրեք, թե ինչ աստիճանի աբսուրդի են հասել:  Մենք, բարեբախտաբար, այդպես էլ չենք հասկանա, թե ինչ է կատարվում Եվրոպայում: Դրա համար էլ ասում եմ, որ պետք է շեշտադրում անենք ոչ միայն տնտեսական զարգացման, այլեւ արժեհամակարգային գաղափարների վրա»:

ԻՆՉՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԳՐԱՎԻՉ ԴԱՐՁՆԵԼ ԵՏՄՆ

Ռուս գործընկերները եւս համամիտ էին հայ փորձագետների հնչեցրած տեսակետների հետ: Նրանցից ռուսական RPI հայտնի կազմակերպության գլխավոր տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ԲՈԲԻԼԵՎԸ մասնավորապես ընդգծեց, որ ինտեգրացիոն գործընթացում գաղափարական շեշտադրումն, այսօր ցավոտ հարց է, եւ պետք է զբաղվել դրանով. «ԵՏՄ-ն տնտեսական իր հիմնական առաջադրանքը կատարում է: Բայց պետք է նայենք, թե ինչպես են հենց գաղափարական շեշտադրմամբ՝ իրենց միություններն ավելի գրավիչ դարձնում Արեւմուտքում՝ լինի Եվրամիությունը, թե Լատինամերիկյան տնտեսական միությունը: Կարծում եմ՝ հենց այս փորձագիտական շրջանակն է, որ պետք է ձեւավորի հարթակ՝ այս ուղղությամբ միությունը զարգացնելու համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here