«Հայաստանը փոքր, բայց արժանավոր օղակն է այս մեծ տնտեսական գործընթացի». Ա. Սաֆարյան

0
306

Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա ժողովի շրջանակում տեղի ունեցավ «ԵԱՏՄ երեք տարին. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով համաժողովը՝ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա եւ զարգացում» հկ նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ գլխավորությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, Ղազախստանի դեսպան ՏԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԸ, ՌԴ դեսպանության խորհրդական ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՍԻԼՅԵՎԸ, ԱԺ պատգամավորներ ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ եւ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Եվրասիական տնտեսական գործընթացի տարեկան արդյունքների, առկա մտահոգությունների եւ առաջիկա տեսլականի մասին հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ,  «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եւ Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆԸ:

Ամփոփելով Եվրասիական փորձագիտական ակումբի այս տարվա կատարած աշխատանքը՝ մեզ հետ զրույցում Ա. Սաֆարյանն ընդգծեց. «Տարվա ընթացքում բավական մեծ աշխատանք են կատարել մեր գիտնականները, որոնք նշանավոր տնտեսագետներ են, սոցիոլոգներ, հասարակայնագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտի փորձագետներ, վետերաններ: Աշխատել ենք՝ բացահայտելով, իմաստավորելով եւ արժեվորելով Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը  եւ հետխորհրդային տարածքում ընթացող քաղաքական, տնտեսական, սոցիալական գործընթացների բովանդակությունների իմաստը»:

Որպես Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող՝ Ա. Սաֆարյանը հպարտությամբ շեշտեց, որ իրենց փորձագիտական որոշ կանխատեսումներ հաջողություն են ունեցել եւ իրականություն դարձել. «Եվրասիական փորձագիտական ակումբն էր, որ դեռեւս սեպտեմբեր ամսին իր հետազոտությունների հիման վրա հայտարարեց՝ բոլոր հիմքերը կան սպասելու, որ Հայաստանի ներքին համախառն արդյունքի աճը այս տարի կարող է գերազանցել 4 տոկոսը, ավելին՝ մոտենալ 5 տոկոսի եւ դրանով երրորդ անգամ վերանայել տալ միջազգային վարկանիշային կառույցների Հայաստանի հանդեպ արվող կանխատեսումներին»:

«Ինտեգրացիա եւ զարգացում» հկ նախագահը նաեւ վստահեցրեց, որ եկող տարի նույնպես Եվրասիական փորձագիտական ակումբին շատ լարված եւ բովանդակ աշխատանք է սպասվում. «Ինչպես գիտեք, Երեւանում ընթանալու են եվրասիական օրեր եւ այդ որոշումն արդեն բարձր մակարդակներով կայացված է: Ուստի՝ մենք հույս ունենք, որ մեր ինտելեկտուալ հանրությունը՝ գիտնականները, փորձագետները, ուսանողները, ասպիրանտները կկարողանան իրենց մեջից ընտրել այն լավագույն մարդկանց, ովքեր այդ միջոցառման ժամանակ կներկայացնեն Հայաստանի ինտելեկտուալ միտքը»:

Եզրափակալով խոսքը մեր զրուցակիցը հավելեց, որ մեր կառուցողական մասնակցությունը Եվրասիական տնտեսական գործընթացներին շատ կարեւոր է. «Հայաստանը փոքր, բայց արժանավոր օղակն է այս մեծ տնտեսական գործընթացի եւ կարող է ունենալ իր պատվավոր տեղը ինտելեկտուալ իմաստավորման եւ ինտելեկտուալ գծագրման համար այն ճանապարհի, որը մենք անցնում ենք»:

Ի դեպ, հավելենք, որ համաժողովի ժամանակ հայկական առաջատար տասը լրատվամիջոցների հանձնվեցին շնորհակալագրեր՝ Եվրասիական տնտեսական գործընթացի առարկայական, անկողմնակալ եւ բարձրորակ լուսաբանման համար:  Իսկ հինգ հայտնի գործիչներ ստացան Եվրասիական փորձագիտական ակումբի անդամի հավաստագրեր:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Iravunk.com

 

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here