Հայաստանի և Ռուսաստանի գիտական-մշակութային համագործակցությունը և միասնական հումանիտար տարածքի ձևավորման հիմնահարցը

0
386

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՅԱՆ

Պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի

թյուրքագիտության ամբիոնի վարիչ,

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

 

Զեկուցում «ՀայաստանՌուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ

7 հուլիսի 2018 թ., ք.Երևան, Հայաստան,

«Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների դահլիճ

 

Հայաստանի և Ռուսաստանի մշակութային ու գիտական համագործակցությունը, որը բազում դարերի պատմություն ու բացառիկ հարուստ ավանդույթներ ունի, զարգացում է ապրել նաև վերջին տարիներին, թեև ակնհայտ է չօգտագործված ահռելի ներուժը:

Սույն զեկուցման սեղմ ծավալի շրջանակներում թույլ տվեք ներկայացնել հայ-ռուսական գիտական-մշակութային համագործակցության ուղղություններին առնչվող մի քանի կոնկրետ առաջարկներ: Կարծում եմ, ակնհայտ է, որ մշակույթի, գիտության ու կրթության ոլորտների պատասխանատու գերատեսչությունների, ստեղծագործական միությունների կողմից ավանդաբար տարվող աշխատանքներին զուգընթաց այսօր առաջնային պլան է մղվում հասարակական կազմակերպությունների և, հատկապես, համալսարանների դերը: Հայտնի է, որ  Ռուսաստանի առաջատար՝ Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի և Կազանի համալսարանները բացառիկ պատմական դեր են խաղացել ընդհանրապես հայաստանյան գիտության ու կրթության, մասնավորապես արևելագիտության և հայագիտության հարուստ ավանդույթների ձևավորման գործում: Հիշենք, որ դեռևս 1840-ական թթ. Կազանի համալսարանում է ստեղծվել Ռուսաստանի կայսրությունում առաջին հայագիտության ամբիոնը, որի հիմնադիրն էր հայ մշակույթի նշանավոր գործիչներից մեկը՝ Ստեփանոս Նազարյանցը:

Կոնկրետ թյուրքագիտության ոլորտում ռուսաստանյան ու նախկին խորհրդային այլ հանրապետությունների բուհերն ու ակադեմիական ինստիտուտները ունեցել են և, անշուշտ, այսօր էլ ունեն անվիճելի գերակայություն համաշխարհային մասշտաբով, իսկ ռուսերեն լեզվով ստեղծվել է և շարունակում է ստեղծվել ավելի մեծածավալ գիտական գրականություն, քան աշխարհի որևէ այլ լեզվով: Բազմիցս տարբեր միջազգային գիտաժողովներում ու տարբեր երկրների համալսարաններում կարդացած դասախոսություններիս ժամանակ սրտանց բարեմաղթել եմ ուսանողներին և ասպիրանտներին կատարելապես տիրապետել ռուսերենին, ինչը հնարավորություն կտա նրանց ոչ միայն բնագրով կարդալ Պուշկինի, Դոստոևսկու, Տոլստոյի, Չեխովի, Բունինի, Շոլոխովի, Պաստերնակի, Բուլգակովի և այլ մեծ Վարպետների՝ համաշխարհային գրականության գանձարան մտած գլուխգործոցները, այլև «զինվել» կոնկրետ-պրագմատիկ գիտելիքներով ու հմտություններով, որոնք միջազգային գիտակրթական և աշխատանքային շուկայում հիրավի մրցունակ են դարձնում երիտասարդ արևելագետներին: Ցավոք, վերջին ժամանականերս մեր որոշ գործընկերներ այնքան են տարվել ռուսերենը մոռանալու մոլուցքով, որ այլևս հնար էլ չունեն անգլերեն սովորելու…

Ներկայումս կարևորվում է բարձր վարկանիշ ունեցող միջազգային թյուրքագիտական ռուսերեն հանդեսի վերստեղծումը, ինչի մասին բազմիցս առիթներ ենք ունեցել խորհրդակցելու Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Սանկտ Պետերբուրգի և Կազանի (Մերձվոլգյան) դաշնային համալսարաններում, ՌԴ ԳԱ տարբեր ինստիտուտներում, ինչպես նաև Աստանայի Լ. Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում (Ղազախստան), Մահթումկուլիի անվան թուրքմենական պետական համալսարանում, Վարշավայի և այլ համալսարաններում  աշխատող մեր գործընկերների հետ:  Միջազգային թյուրքագիտական ռուսերեն հանդեսի հրատարակման առաջարկով բազմիցս հանդես ենք եկել նաև Ղազախստանի ԱԳՆ Հատուկ հանձնարարություններով դեսպան Ժ. Ժ. Ադիլբաևի համահեղինակությամբ տարբեր երկրներում արդեն իսկ տպագրված մեր մի քանի  հոդվածներում ու գիտական զեկուցումներում՝ մշտապես ստանալով դրական արձագանքներ: Համոզված ենք, որ նման հանդեսը կդառնա  ոչ միայն «միասնական մետալեզվի տիրապետող» ԱՊՀ երկրների, այլև Արևմուտքի ու Չինաստանի արևելագետների շփման եզակի հարթակ: Կցանկանայի նաև ներկայացնել մի հետաքրքիր դիպված. տարիներ առաջ ժամանակակից Թուրքիայի թերևս ամենանշանավոր պատմաբանի և միջնադարագետի՝ պրոֆեսոր Իլբեր Օրթայլիի, Անկարայի համալսարանի հայ բանասիրության բաժանմունքի ղեկավար, դոկտոր Բիրսեն Քարաջայի, արևմտաեվրոպական թյուրքագետների և օսմանագետների և երջանկահիշատակ սիրելի ընկերոջս՝ պոլսահայ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հետ քննարկում էինք, թե ինչ լեզվով անցկացնենք Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվող կոնֆերանսը: Ակնհայտ էր, որ բանախոսներին «միավորում էր» ռուսերենի հիմնարար տիրապետումը, որոշվեց հետագա անցանկալի «տարընթերցումներից» խուսափելու համար կոնֆերանսն անցկացնել ռուսերեն, իսկ տեղեկատվությունը ներկայացնել թարգմանաբար՝ թուրքերեն, հայերեն, ֆրանսերեն, անգլերեն…

ԱՊՀ երկրների համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմին, մեր գիտական և արվեստասեր հասարակայնությանը հասցեագրված մյուս առաջարկս վերաբերում է գրական և մշակութային կապերին: Ժամանակակից աշխարհում հենց համալսարաններն են հանդիսանում գրականության, արվեստի պրոպագանդման և ակադեմիական արժևորման կենտրոններ: Այսօր էլ մենք, համագործակցելով «Ինտեգրացիա և զարգացում» կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի հետ, պատիվ ունենք Երևանի պետական համալսարանում կազմակերպել հանդիպումներ ռուսաստանյան և Եվրասիական Միության մյուս երկրների առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների, մշակույթի ճանաչված գործիչների հետ: Կրկին պիտի ընդգծեմ ռուսերենի միավորող դերը հետխորհրդային երկրների մշակութային գործիչների կապերի ամրապնդման գործընթացում: Անցյալ տարի ինձ բախտ էր վիճակվել մասնակցել «Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Ալմաթիում անցկացված միջազգային գրական բիենալեին: Թյուրքագետիս համար անշուշտ ուսանելի էին «կենդանի շփումները» ժամանակակից թյուրքալեզու գրականությունների «կենդանի դասականների», ռուս ականավոր հրապարակախոս, “Литературная Россия” պարբերականի գլխավոր խմբագիր Վ. Վ. Օգրիզկոյի, անվանի հնդիկ գրող և հրատարակիչ Դ. Բհարաթի, Ֆինլանդիան, Կորեան, Եգիպտոսը, Իրանը և տասնյակ այլ երկրներ ներկայացնող ճանաչված գրողների, թարգմանիչների, հրատարակիչների, գրականագետների հետ: Բնականաբար միջոցառումների և ոչ պաշտոնական հանդիպումների ճնշող մեծամասնությունը անցկացվեցին ռուսերեն: Ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ թարգմանությունների հրատարակման ու ժամանակակից գրական գործընթացները համալսարանական հարթակներում ներկայացնելու հնարավորությունների մասին: Երբևէ չեմ մոռանա Վ. Վ. Օգրիզկոյի ջերմ խոսքերը երջանկահիշատակ Ուսուցչիս և Ավագ Ընկերոջս՝ ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի մասին, ով բացառիկ վաստակ է ունեցել հայ գրականությունը Ռուսաստանում  և անծայրածիր ռուսալեզու աշխարհում պրոպագանդելու, հայ-ռուսական գիտական ու մշակութային կապերի ամրապնդման, Երևանում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հիմնադրման գործում: Չեմ մոռանա, թե ինչպես էին բիենալեի ամենատարբեր երկրներից մասնակիցներ անգիր արտասանում Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի  բանաստեղծությունները, որոնք վարպետորեն ռուսերեն էին թարգմանել 20-րդ դարի ռուսական խորհրդային պոեզիայի դասականները… Բիենալեի մասնակիցները հետևողականորեն ընդգծում էին, որ, շնորհիվ ռուսական թարգմանչական դպրոցի՝ Կ. Ի. Չուկովսկու հանճարեղ բնութագրմամբ «բարձր արվեստի» և ռուսերեն թարգմանությունների նախկին ԽՍՀՄ  և Արևելյան Եվրոպայի երկրների ժողովուրդները տասնամյակներ շարունակ ծանոթացել են մեկմեկու դասական գրականությանը և անգամ ժամանակակից գրական գործընթացին, ինչը փոխադարձաբար անտարակույս հարստացրել է մեզ բոլորիս: Համոզված եմ, որ մենք չենք կորցնելու «իրար լսելու սուրբ գիտությունը», բայց դրա համար էլ ահռելի ջանքեր է պետք գործադրել: Ռուսաստանյան առաջատար համալսարանների մեր թանկագին գործընկերների, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ու Կազանի մեր գրչեղբայրների հետ մեր շփումների ժամանակ մշտապես հառնում է այն հարցը, որ համապատասխան բանաստեղծական անթոլոգիաների հրատարակման, ստեղծագործական երեկոների կազմակերպման, ոչ միայն դասական գրականության պատմությանը, այլև Հայաստանում և Ռուսաստանում ընթացող ժամանակակից գրական գործընթացներին ծանոթացնելու գործում բացառիկ առաքելություն է վերապահված հենց համալսարաններին:

Մեր գիտության ու մշակույթի գործիչների ավագ սերնդի համար նվիրական են եղել իրենց կենսագրությամբ ու ստեղծագործությամբ Հայաստանին անքակտելիորեն կապված Ա. Բլոկի, Վ. Բրյուսովի, Ի. Մանդելշտամի, Մ. Դուդինի, Ե. Եվտուշենկոյի, Վ. Վիսոցկու, Ա. Բիտովի անունները: Անշուշտ, լինելու են նորանոր լուսավոր անուններ… Բայց ընդհանուր հոգևոր արժեքներն էլ հաստատապես հարատև, իսկ երբեմն էլ պաշտպանության ջանքեր են պահանջում: Հայ-ռուսական համակողմանի (մասնավորապես գիտական ու մշակութային) համագործակցության ամրապնդումը ու խորացումը մեր մտավորականության և ավանդական դաշնակցային հարաբերություններին իր հավատարմությունը վերահաստատած մեր նոր կառավարության՝ նոր մարտահրավերներին պատասխանելու պատրաստա­կամության առհավատչյան կլինի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here