Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումները Հայաստանի հասարակությունում գլոբալ գործընթացների և լոկալ իրադարձությունների համատեքստում

0
437

ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու,

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

 

Զեկուցում «ՀայաստանՌուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ

7 հուլիսի 2018 թ., ք.Երևան, Հայաստան,

«Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների դահլիճ

 

Հայաստանի հասարակությունում Ռուսաստանի նկատ­մամբ դիրքորոշումների հարցն իր ադեկվատ նշանակությունն է ստանում երկու պայմանով։ Նախ, եթե հայերի ինքնանույնականացման պահպա­նումը սահմանվի որպես բարձրագույն արժեք։ Եվ, երկրորդը, երբ առաջանում է ինքնանույնականացման պահպանման ադեկվատ ուղիների մշակման խնդիրը։

Այդ խնդրի լուծման առավել արդյունավետ տեսական հիմքը աշխարհ-համակար­գա­յին վերլուծությունն է։ Աշխարհ-համակարգային վերլուծությունը, որի հիմնադիրներն են Ֆերնան Բրոդելը, Իմանուիլ Վալլերստայնը և այլ ականավոր սոցիոլոգներ և տնտե­սագետներ, դեռևս 40 տարի առաջ կանխատեսել է արդի իրողությունները։ Տե­սու­թյունը պնդում է, որ աշխարհ-համակարգի հեգեմոնի փոփոխությունը միշտ ուղե­կցվում է աշխարհակարգի և գլոբալ տնտեսական համակարգի կազմալուծմամբ, ինչ­պես նաև պատերազմների քանակի և ինտենսիվության աճով, որոնք վերաճում են համաշխարհային պատերազմի։ Համաձայն այդ տեսության, աշխարհամակարգում հեգեմոնի վերջին փոփոխությունը սկսվել է դեռևս 1990-ականներին, երբ, թվում էր, թե եկել է ԱՄՆ անժխտելի հեգեմոնիայի ժամանակաշրջանը։ Հետևաբար, պատե­րազմ­ների քանակի և ինտենսիվության աճը արդի ժամանակաշրջանին ներհատուկ բնութագիր է։

Աշխարհ-համակարգային տեսությունը հեգեմոնի փոփոխության մեխանիզմը նկարագրում է ոչ գծային դինամիկ համակար­գե­րի տեսության շրջանակում, որը հասարակագիտական շրջանակներում առավել հայտնի է «քաոսի տեսություն» անվամբ։ Տեսության ակունքներում են  ռուսաստանյան ծագումով բելգիացի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Իլյա Պրիգոժինի աշխատանքները։ Տեսությունը խորհրդային գիտնականներին հայտնի է դեռ 1986 թ.-ից, երբ լույս տեսավ նրա և գիտության փիլիսոփայության հայտնի ներկայացուցիչ Իզաբելլա Ստենգերսի «Порядок из хаоса. Новый диалог человека и природы» մենագրությունը։ Տեսության նոր, ոչ տրիվիալ և արդյունավետ գաղափարները արագորեն փոխառվեցին և զար­գացվեցին սոցիալական գիտություններում։ Իսկ այնպիսի հասկացությունները, ինչ­պիսիք են ոչ գծային դինամիկ պրոցեսներ, դիսիպատիվ պրոցեսներ, բիֆուրկա­ցիա, ատրակտորներ, սոցիալական գիտություններում ստացան իրենց յուրահատուկ բո­վանդակությունը և արդեն ավելի քան երկու տասնամյակ է լայնորեն կիրառվում են։

Մյուս կողմից, քաոսի տեսությունը որպես ընդհանուր, իսկ սոցիալական կոնստրուկ­ցիոնիզմը՝ որպես հատուկ տեսություն, կիրառվում են արդի հիբրիդային պատերազմ­ներում անհատի, հասարակության և ազգային գիտակցության փոխակերպման նպա­տա­կով, քանի որ հակառակորդի գիտակցության համապատասխան փոխակերպումը նշանակալիորեն նվազեցնում է պատերազմի նպատակներին հասնելու ծախսերը։

Ազգային գիտակցության միջուկն է՝ «Աշխարհի կերպարը», որն ունի մի քանի, այդ թվում նաև՝ պաշտպանողական ֆունկցիա։ Ազգի «Աշխարհի կերպարի» բովանդակության փոխա­կերպումը իրականությանը ոչ ադեկվատ բովանդակությամբ նվազեցնում է ազգի դիմադրողականությունը, ինչի հետևանքով ազգը կարող է աղետի ենթարկվել։ Տվյալ ազգի «Աշխարհի կերպարում» առանձնահատուկ դեր ունի «Հովանավորի» կերպարը, որը, ազգի՝ իր իսկ մասին պատ­­կերացման հետ, կազմավորում է աշխարհում «Բարու աղբյուրը»։

Մի քանի հարյուրամյակ, երբ Հայաստանը գտնվում էր իսլամական կայսր­ու­թյուն­նե­րի կազմում, «հովանավորի կերպարի» բովանդակությունն էր՝ «Բարձրյալը»։ Սակայն, XVIII դարից, երբ  հայկական վերնախավերը, ազատ­­վելու համար իսլամական տիրապետությունից, սկսեցին փնտրել հզոր քրիս­տոնյա հովանավոր՝ իրավիճակը սկսեց փոխվել։ Ընտրությունը սահ­մա­նափակ էր, հովանավոր կարող էր դառնալ կամ` որևէ Եվրոպական պետություն, կամ` Ռուսաստանը։ Ստացվեց այն­պես, որ իսլամական լծից հայերին և Հա­յաստանի մի մասը ազատագրեց Ռուսաս­տանը։ Այդ փաստը և Արևմտյան Հայաս­տանի հայերի վիճակը Օսմանյան կայսրու­թյու­նում, նպաստեցին, որպեսզի հայերի «Աշխարհի կերպարում» Ռուսաստանը աստիճանաբար ձևավորի «Հո­վանավորի» կերպարի բովանդակությունը։ Հետագայում, երբ ազգի համար կրիտիկական ժամա­նակ­ներում հայկական վերնախավերը հաշվի չեն առել այդ հանգամանքը, ապա ազգը տա­րել են աղետի, ինչն էլ ավելի է ամրապնդել է հայերի շրջանում Ռուսաստանի, որպես «Հովա­նա­վորի» ընկալումը։ Այս կոնտեքստում հարկ է ընդգծել, որ արդի հայկական պետու­թյուն­ները Պատմական Հայաստանի այն հատվածում են, որը գտնվել է ռու­սա­կան հովանու ներքո։

Այժմ արդի ժամանակի մասին։ Գլոբալ մրցակցության կոնտեքստում ԱՄՆ-ը ձգտում է Հարավային Կովկասից արտամղել Ռուսաստանին և, այդ տեսակետից, հասել է անժխտելի հաջո­ղու­թյունների։ Ռուսաստանի վերջին հենակետը Հայաստանն է, իսկ Հայաստանում՝ Ռու­սաստանի ռազմական բազաները։ Հաշվի առնելով վերը նշվածը, ստացվում է, որ ԱՄՆ-ի կողմից  Հարավային Կովկասի նվաճման վեր­ջին խոչընդոտն այն, որ հայերի աշխարհի կերպարում Ռուսաս­տանը «Հովանավորի» կարգավիճակում է։ Այդ պատճառով է, որ այդ բովանդակության խարխլումը և փոխակերպումը դար­ձել է այն հանգուցային խնդիրը, որի լուծմանն են ուղղված ԱՄՆ փափուկ ուժի բո­լոր միջոցները։

Սոցիոլոգիական ձևակերպմամբ հայերի աշխարհի կերպարում Ռուսաստանի փաստացի դերը և դրա դինամիկան գնահատվում է հասարակական գիտակցությունում Ռուսաստանի, այլ երկրների և քաղաքակրթական տա­րածքների նկատմամբ դիրքորոշումների չափման միջոցով։ Դիրքորոշումները չափ­վում են տարբեր ասպեկտներով և մեթոդիկաներով։ Սակայն հարկ է հիշել, որ, հոգեբանական պատերազմի շրջանակներում, պարբերաբար հայտնվում են մի­տում­նավոր շեղումներ պարունակող տվյալներ, որոնք ինտենսիվորեն տարածվում են զանգ­վածային կոմունիկացիայի միջոցներով։ Այդ պատճառով, նախքան դրանց հիման վրա հետևություններ կատարելը, կարևոր է սոցիոլոգիական տվյալների սկզբն­աղ­բյուրների նույնականացման և տվյալների ստացման մեթոդիկաների պրոֆեսիոնալ գնահա­տա­կանը։

Այժմ՝ Ռուսաստանի նկատմամբ հայերի դիրքորոշում­նե­րի վիճակի, դինամիկայի և կառուցվածքի մասին։ 2011-2017 թթ. ընթացքում համա­հայ­կական «Կյանքի որակը Հա­յաստանում» սոցիոլոգիական հետազոտություններում հարց է տրվել. «Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք հետևյալ դրույթի հետ. գերա­դա­սելի է, որ Հայաստանը իր հարաբերությունները զարգացնի ավելի շուտ Ռուսաս­տանի, քան Եվրոպայի հետ:» 2011 թ.-ին դրույթի հետ համաձայն էր հարցվածների 74.3%-ը, իսկ 2017 թ. հունվարին՝ 69.3%-ը։ Վեց տարվա ընթացքում պրոռուսական դիրքորոշումը նվազել է 5.0%-ով։

Հայտնի է, որ պրոեվրոպական դիրքորոշման մակարդակը համեմատաբար ավելի բարձր է երիտասարդների շրջանում և Երևանում։ Մասնավորապես, Երևանում՝ գյու­ղերի համեմատ՝ 17%-ով, 18-29 տարեկանների շրջանում՝ 60 և ավելի տարեկանների համեմատ՝ 14%-ով։ Սակայն, նվազ հայտնի է, այն, որ վերջին հինգ տարիների ընթացքում պրոեվրո­պա­կան դիրքորոշումների մակարդակն աճել է համարյա բոլոր սոցիալ-ժողովրդագրա­կան խմբերում։ Ինչը նշանակում է, որ նվազումը կրել է համակարգային բնույթ։ Ամենանշանակալի աճը տեղի է ունեցել մարզային քաղաքներում, որ­տեղ առավել ինտենսիվ են գործում միջազգային կազմակերպությունների աջա­կցու­թյուն ստացող հասարակական կազմակերպությունները, և 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ ովքեր առավել ինտենսիվ են հեռուստացույց դիտում։

Պրոեվրոպական դիրքորոշումներ ունեցող հասարակական շերտը բնութագրվում է համեմատաբար ավելի բարձր սոցիալական ակտիվությամբ և կազմակերպվածու­թյամբ։ Ընդ որում, եթե հասարակական կազմակերպությունների անդամների շրջա­նում պրոեվրոպական դիրքորոշումները 5%-ով են ավելի բարձր, քան հասարա­կա­կան կազմակերպություններին չանդամակց անձանց շրջանում,  ապա քա­ղա­քացիական շարժումների մասնա­կից­ների շրջանում՝ պրո­եվրոպական դիրքորոշումն ավելի բարձր է 20%-ով, այսինքն՝ չորս անգամ ավելի։ Ավե­լացնենք, որ 2017 թ.-ին հասարակական կազմակերպությունների անդամ էր Հա­յաստանի չափահաս բնակչության 3.5%-ը, իսկ մասնակցել էր որևէ քաղաքացիական շարժման՝ 10.5%-ը կամ՝ շուրջ 220,000 մարդ։

Այժմ մի քանի նկատառում քաղաքացիական լոյալության, քաղաքացիական շար­ժում­ների, կոռուպցիայի նկատմամբ դիրքորոշումների, պրոռուսական դիրքորո­շում­ների և Հայաստանում թավշյա հեղափոխության միջև կապերի մասին։

Հայաստանում սկսած 1992 թ.-ից, բացի 1998-1999 թվականները, իշխանությունների նկատմամբ հասարակու­թյան լոյալությունը եղել է շատ ցածր։ 2017 թ. հունվարին Հայաստանում իշխա­նու­թյունների նկատմամբ ոչ լոյալ բնակչության թվա­քա­նակը, այսինքն նրանց, ովքեր համարում են, որ Հայաստանն ընթանում է սխալ ուղղությամբ,  կազմել է Հա­յաստանի չափահաս բնակչության 69%-ը։ Լոյալ էր, այսինքն համարում էր, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ՝ ընդամենը 18%-ը։ Իսկ 13%-ը դժվա­րացել էր պատաս­խա­նել։ Սակայն, այդ 69% ոչ լոյալ բնակչությունից ընդամենը 16%-ն էր համարում, որ Հայաստանը պետք է առաջին հերթին իր հարաբերությունները զար­գացնի Եվրոպայի հետ, իսկ 48%ը, այս­ինքն՝ 3 անգամ ավելին, համարում էր, որ Հա­յաս­տանն առաջին հերթին հարաբե­րու­թյունները պետք է զարգացնի Ռուսաստանի հետ։

Դիտենք հասարակության առավել ակտիվ՝ 18-45 տարեկանների շերտը։ 2017 թ.-ին Հայաստանում 18-45 տարեկանների փաստացի քանակը՝ հեղինակային գնահատմամբ, կազմել է շուրջ 827,000 մարդ, որոնցից շուրջ 540,000-ն ունեցել է պրոռուսական, իսկ շուրջ 220,000-ը՝ պրոեվրոպական դիրքորոշում։ Ընդ որում, իշխանություններին ոչ լոյալ 18-45 տարեկան բնակչության կազմում, քաղաքացիական անհնազանդության փորձ ունե­ցողները կազմել են շուրջ 161,000, որոնցից 80,000-ը պրոռուսական, իսկ 67,000-ը՝ պրոեվրոպական դիրքորոշմամբ։ Տարիքային ավելի փոքր միջակայքերում այդ հարա­բե­րակցությունն ուներ նույնպիսի բնույթ։ 18-24 տարեկանների շրջանում պրոռուսական դիրք­որո­շում ուներ 22,000, իսկ պրոեվրոպական՝ 18,000 մարդ; 25-29 տարեկանների շրջա­նում՝ պրոռուսական՝ 24,000, պրոեվրոպական՝ 23,000 մարդ; 30-45 տարեկանների շրջա­նում՝ պրոռուսական 33,000, պրոեվրոպական՝ 26,000 մարդ։

Բացի դրանից, քաղաքացիական անհնազանդության տարբեր ձևերն ընդունելի հա­մա­րող 18-45 տարեկան անձանց շրջանում, պրոռուսական դիրքորոշմամբ անձինք կրկնակի շատ էին։ Օրինակ, 18-45 տա­րեկան ոչ լոյալ պրոռուսական կողմնորոշմամբ անձանց շրջանում ուժային կա­ռույց­ներին դիմադրելը ընդունելի էին համարում շուրջ 430,000 մարդ, իսկ նույն, սա­կայն պրոեվրոպական դիրքորոշմամբ շերտում՝ շուրջ 205,000։

Նկարագրված կառուցվածքը ցույց է տալիս, որ 2018 թ. ապրիլի թավշյա հեղափո­խու­թյան ընթացքում, Հայաստանի պրոռուսական և պրոեվրոպական կողմնորոշման հար­­ցի ակտուալացումը ոչ միայն ներքին կոնֆլիկտ կառաջացներ մասնակիցների շրջա­նում, այլև կարող էր գաղափարապես մասնատել շարժումը երկու անհավասար հատվածի և, համապատասխան պայմանների դեպքում, առաջացնել անկանխա­տե­սելի կոնֆլիկտային սցենարներ։

Իսկ կոռուպցիայի խնդրի ակտուալացումն ուներ հասարակական դժգոհությանը կոնկրետ բովանդակություն տալու, այն կոնսոլիդացնելու ն էներգետիզացնելու հզոր պո­տեն­ցիալ, սակայն չուներ շարժմանը ներքին կոնֆլիկտ հաղորդելու պոտենցիալ։ Այսպես, 18-45 տա­րե­կան ոչ լոյալ բնակչության 48%-ը կամ շուրջ 565,000 մարդ, անհանդուրժող էր կո­ռուպ­­ցիայի նկատմամբ՝ նրանք համարում էին, որ. «Կաշառակերությունը չարիք է և այն պետք է վերացնել»։ Նույն շերտում շուրջ 100,000 մարդ կոռուպցիային վերա­բեր­վում էր որպես գործիք՝ նպատակներին հասնելու համար, երբ չկան այլ մեթոդներ, իսկ շուրջ 157,000 մարդ համարում էր, որ մեր հասարակությու­նում կոռուպ­ցիան նորմա է։ այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ այս երկու խմբում կարող էր առա­ջանալ շար­ժում՝ «Հանուն կոռուպցիայի պաշտպանության»։

Այսպիսով, ակնհայտ է, որ կոռուպցիայի նկատմամբ դիրքորոշումները և աշխար­հա­քա­­ղաքական կողմնորոշումները հակադիր կերպով էին ստրուկտուրավորում հասա­րա­կական դժգոհությունը։

Ընդհանրացնենք ներկայացվածը՝ հետագա համապատասխան վերլուծություններում և կանխատեսումներում անհրաժեշտ է նկատի ունե­նալ, որ էթնիկ կոնս­տանտ­­ների բովան­դակությունը փոխվում է շատ դանդաղ, շատ ավելի դանդաղ, քան քաղաքական պրո­ցեսների պարբերություններ են։ Հետևաբար, Հայաստանի հասա­րա­­կությունում պրո­ռու­սական կողմնորոշումը դեռևս շատ երկար ժամանակ հասարակական և քաղաքական պրոցեսների վրա կունենա բա­ցա­հայտ և լատենտ հզոր ազդեցություն։ Անզգուշությունն այս հարցում հղի է հզոր ցնցումներով։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here