Հայաստան-ԵԱՏՄ-Իրան. համագործակցության նոր մակարդակ

0
380

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու,

էներգետիկ աշխարհաքաղաքականության

և միջազգային անվտանգության հարցերի փորձագետ,

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ,

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

 

Զեկուցում «ՀայաստանՌուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ

7 հուլիսի 2018 թ., ք.Երևան, Հայաստան,

«Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների դահլիճ

 

Նախաբան

 

Հայաստանի անդամակացությունը Եվրասիական տնտեսական Միությանը (ԵԱՏՄ) տնտեսական նոր հնարավորություններ է բացել պայմանավորված մեկ միասնական՝ սպառման ու արտադրության շուկա ստեղծելու այդ միության ձգտմանը։ ԵԱՏՄ-ի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն նաև ոչ անդամ պետությունների մոտ, որոնք ձգտում են համագործակցության պայմանագիր կնքել այդ միության հետ, վերջինիս շուկա մուտք ունենալու և ներմուծման նոր երկրներ բացահայտելու համար։

Համագործակցության առաջին պայմանագիրը կնքվեց Վիետնամի հետ, իսկ այս տարվա մայիսի 17-ին համաձայնագրեր կնքվեցին Իրանի և Չինաստանի հետ։ Ներկայումս բանակցություններ են ընթանում աշխարհի մեկ տասնյակից ավելի պետությունների հետ, որոնք ցանկանում են խորացված համագործակցություն ձևաչափ ստեղծել ԵԱՏՄ կառույցի հետ։

Այս պայմանագրերից հայկական կողմի համար հատկապես հետաքրքիր է Իրանի Իսլամական հանրապետության հետ կնքվածը, քանի որ, լինելով Հայաստանի անմիջական հարևան, ունենալով նրա հետ ցամաքային սահման՝ միակը ԵԱՏՄ անդամ պետությունների մեջ, պաշտոնական Երևանը միշտ էլ շահագրգռված է եղել խորացնելու տնտեսական հարաբերությունները Թեհրանի հետ։ ԵԱՏՄ-ին անդամակցումը Հայաստանին հնարավորություն է տվել մեծացնելու միջպետական առևտրային շրջանառությունը, քանի որ այսուհետ ՀՀ-ն ներկայացնում է նաև Միության 150 միլիոնանոց միասնական շուկան։

Խոսելով Հայաստան-ԵԱՏՄ-Իրան միջտնտեսական հարաբերությունների մասին պետք է նկատենք, որ այս համագործակցությունը մեր պետության համար բացում է տնտեսական մի շարք հնարավորություններից, որոնցից թերևս կարելի է առանձնացնել երկուսը։ Առաջինը դա ԵԱՏՄ-Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության նոր հնարավորություններն են, որոնք գրագետ օգտագործման դեպքում զարգացման հսկայական պաշար ունեն և երկրորդը դա արդեն նշված Ազատ տնտեսական գոտում մասին՝ ԵԱՏՄ-Իրան եռամյա պայմանագիրն է, որը նոր հնարավորություններ է բացում ՀՀ-ի համար և դեպի Իսլամական պետություն և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման, ներմուծման և փոխադրման համար։

Համագործակցության նշված ձևաչափերի գրագետ օգտագործման դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա մի քանի անգամ ավելացնել դեպի Իրան արտահանումը, կկարողանա դառնալ տրանզիտ պետություն այլ երկրերից դեպի Իրան և հակառակ ուղղությամբ ապրաքների փոխադրման համար և այլն։ Էներգետիկ համագործակցության շրջանակում կկարևորվի նաև դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավումը, էերգետիկ հզորությունների շահագործումը և էլեկտրաէներգիայի արտահանումը թե դեպի ԵԱՏՄ անդամ պետությունների և թե դեպի Իրան։

Այսպիսով, ԵԱՏՄ մեկ միասնական շուկայի ձևավորումը՝ տնտեսության տարբեր բնագավառներում, հանգեցնում է այդ շուկայի նկատմամբ հետաքրքրության աճի ու նոր նեդրումների իրականացմանը Միության անդամ պետություններում, իսկ Իրանի հետ համագործակցության նոր ձևավաչափը լրացուցիչ գրավչություն է հաղորդում այդ Միությանը, որից առաջին հերթին կարող է օգտվել Հայաստանը համագործակցության, ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ ձևաչափով։

 

Էներգետիկ համագործակցության առանձնահատկությունների մասին

 

ԵԱՏՄ-ին ադամակցությունը Հայաստանին համար հնարավորություն է բացում մաս կազմել այդ միության էլեկտրաէներգիայի միասնական շուկային։ ԵԱՏՄ-ի ստեղծման մասին կնքված պայմանագրով արդեն 2019թ.-ին պետք է սկսի գործել էլեկտրաէներգիայի վաճառքի միասնական համակարգ՝ հարթակ, որտեղ հնարավոր կլինի վաճառել էլեկտրաէներգիայի ավելցուկը։

Հայաստանը, որը դեռ ԽՍՀՄ-ի տարիներին եղել է էլեկտրաէներգիայի արտադրության ու արտահանման տարածաշրջանային հարթակ, նորից կարող է վերականգնել իր այդ կարգավիճակը եթե համագործակցության եռակողմ համակարգ ստեղծի ԵԱՏՄ-Հայաստան-Իրան ձևաչափով։ Խնդիրը այն է, որ թե՛ Ռուսաստանը և ԵԱՏՄ երկրները, թե՛ Իրանը էլեկտրաէներգիայի արտադրության սեզոնային դիֆիցիտի հետ են բախվում և եթե ԵԱՏՄ անդամ երկրներում դա հիմականուն տեղի է ունենում ձմռանը, ապա Իրանում ամառային սեզոններին։ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով, գտնվելով այս պետությունները իրար հետ կապող խաչմերուկում, կարող է օգտվել այս իրավիճակից էլեկտրաէներգիայի արտադրության, արտահաման և տրանզիտի կազմակերպման համար:

Այս գործընթացին կարող է օգնել Իրան-Հայաստան՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը, որը այսօր աշխատում է իր հզորության միայն 15%-ի չափով և կարող է դուրս գալ իր հնարավորության 50%-ին, եթե շահագործման հանձնվի 3-րդ բարձրավոլտ էլեկտրական գիծը։ Սակայն արդեն այսօր իսկ հարկավոր է սկսել բանակցություններ 4-րդ բարձրավոլտ գծի կառուցման մասին, ինչը հնարավորություն կտա Հայաստան-Իրան գազամուղը աշխատեցնել իր հնարավորության մինչև 80% հզորությամբ։

Իրանից գազի ներմուծման հեռանկարը (հիշեցնենք, որ Իրան-Հայաստան այդ գազամուղի ընդհանուր հզորությունը 2.3 մլրդ խ/մ է) բացառիկ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար գեներացնել նոր հզորություններ՝ կառուցել ջերմակայաններ և սկսել սեզոնային արտահանում թե՛ դեպի Իրան, թե՛ դեպի ԵԱՏՄ։ Դեռ 2016թ. Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան՝ էլեկտրաէներգիայի տարանցման Հյուսիս-Հարավ ծրագրի շուրջ այդ պետությունների էներգետիկայի նախարարերի կնքած համաձայնագիրը կարող է իրավական լավ հիմք լինել այս նախագծի իրականացման համար։

Այսինքն, դեպի Վրաստան և դեպի Իրան Հայաստանից նոր բարձրավոլտ գծերի կառուցումը հնարավորություն է տալու մեծացնել գազի ներմուծումը Իրանից, ստեղծել էլեկրտրաէներգիայի արտադրության նոր հզորություներ և սկսել Հայաստանից այդ «ապրանքի» արտահանումը։ ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի վաճառքի ընդհանուր հարթակի ստեղծումը հնարավորություն կտա այդ ապրանքի անսպառ արտահաման  ու վաճառքի գործընթաց կազմակերպել։

 

ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու պայմանագիրը և Հայաստանի հնարավորությունները

 

Մայիս 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու մասին պայմանագրի կնքումը նոր հեռանկարներ է բացում կողմերի համար առևտրական շրջանառության ընդլայնման և փոխշահավետ համագործակցության համար։ Նկատենք, որ եթե այս պայմանգիրը ԵԱՏՄ պետությունների համար երկրորդն է իր ձևի մեջ Վիետնամի հետ կնքած պայամանգրից հետո, ապա Իրանի համար այն բացառիկ է և կարևոր նշանակություն ունի ոչ միայն տնտեսական այլև քաղաքական առումով, հատկապես Իսլամական պետության դեմ ամերիկյան պատժամիջոցների ֆոնին։

Պայմանագիրը կողմերի միջև կնքվել է 3 տարով և այդ ընթացքում պետք է քնարկվի և վերջնականորեն համաձայնվեցվի երկարատև համաձայնագրի կնքման հարցը։ Մինչ այդ այդ պայմանագրով Միության անդամ երկրները և Իրանը նվազեցնում են մաքսատուրքերը մի շարք ապրանքների համար, որոնց ներկրումը կողմերը համարում են շահավետ։ Ըստ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի մասնագետների այս համաձայնագիրը հնարավորություն կտա կողմերին առաջին էտապում փոխադարձ առևտրաշրջանառությունը ավելացնել մեկու կես անգամ։

Այս համաձայնագրի կնքումը կողմերին տալիս է երկակի առավելություն նախ փոխադարձ կերպով նվազեցվում է մաքսատուրքերը ներմուծվող մի շարք ապրանքների վրա և որ ամենակարևորն է ստեղծվում է համատեղ առևտրի, կարելի է ասել, բաց, հասկանալի համակարգ, ինչը հնարավորություն է տալիս մասնավոր ընկերություններին գործելու ավելի վստահ, թափանցիկ համակարգում, ընդլայնել իրենց ապրանքաշրջանառությունը և մեծացնել ապրանքատեսականին։

Ըստ կնքված եռամյա համաձայնագրի ԵԱՏՄ անդամ պետություններին կտրվի մաքսային առավելություններ հետևյալ ապրանքների համար՝ մսեղեն և ճարպայուղային ապրանքատեսակներ, հրուշակեղենի և շոկոլադի որոշ տեսակներ, ինչպես նաև մետաղներ, կոսմետիկա, էլեկտրոնայի եւ մեխանիկական սարքավորումների որոշ տեսակների համար և այլն:

Իրանական կողմին կտրվի սակագնային որոշակի արտոնություններ է սննդամթերքի լայն ցանկի համարը, որն իր մեջ կներառի հիմնականում բանջարեղեն, մրգեր, չրեղեն և այլն։ Մաքսատուրքերը կիջեցվեն նաև շինարարական որոշ նյութերի, գորգերի, նաև գունավոր մետաղների որոշ տեսակների համար։

Արդյունաբերական ապրանքների համար, ներմուծման սակագները Իրանը կնվազեցնի միջինը 22.4% -ից մինչեւ 15.4%, այսինքն` 7 կետով, ԵԱՏՄ-ն` 8% -ից մինչեւ 4.7%, կամ 3.3 կետով։ Գյուղատնտեսական ապրանքների համար Իրանը ներմուծման սակագները կկրճատի միջին 32.2% -ից մինչեւ 13.2%, այսինքն` 19 կետով, ԵԱՏՄ-ն 9.6% -ից մինչեւ 4.6%, 5 կետով։

 

Հետևություններ

 

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, հարևանությունը Իրանի հետ և վերջապես կնքված ԵԱՏՄ-Իրան եռամյա համաձյնագիրը մեր պետությանը հնարավորություն է տալիս ակտիվ կերպով օգտագործել ստեղծված բարենպաստ պայմաները եռակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար դառնալով՝

 

  1. էլեկտրաէներգիայի արտադրող և արտահանող պետությունը, ինչպես Ռուսաստան, այնպես էլ դեպի Իրանը սեզոնային պահաջարկով պայմանավորված։ Հայաստանը նաև կարող է դառնալ տրանզիտային պետությունը Հյուսիս-հարավ բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցման և շահագործման պայմաններում։
  2. Կնքված պայմանագիրը կնպաստի ոչ միայն հայկական ապրանքների արտահանմանը դեպի Իրան, այլև կօգնի, որ ՀՀ-ն դառնա ԵԱՏՄ-ից և Իրանից հումքի ներմուծման և Մեղրիի ազատ տնտեսական գոտում վերամշակման և արտահանման համար։
  3. Նշված զարգացումները կնպաստեն ներդրումերի ավելացմանը ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության, ինչպես նաև վերամշակող տնտեսության զարգացման համար։

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here